Երեկ, հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայացած բազմամարդ միտինգի ընթացքում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այլեւս նա վերադառնում է ակտիվ քաղաքականություն եւ ստանում նոր կարգավիճակ՝ հանդես գալով որպես 2008-ի փետրվարին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին ներկայացավ մոտ 1.5 ժամանանոց ելույթով, որի ընթացքում հանրահավաքի գրեթե 20-25, իսկ հանրահավաքի ավարտին՝ արդեն 30-35 հազար մասնակիցներին հանգամանալից կերպով ներկայացրեց (հիմնված բացառապես պաշտոնական վիճակագրության եւ մամուլում հրապարակված տվյալների վրա) Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական-սոցիալական իրավիճակի իր՝ որպես քաղաքագետի, գնահատական-վերլուծությունը, կանգ առնելով հետեւյալ առանցքային կետերի վրա.
• ո՞րն է ներկայիս իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը
• ինչպիսի՞ հանգուցային օղակների շնորհիվ է ապահովվում այս հանցավոր համակարգի գործունեությունը
• ներկայիս ռեժիմի ձեւավորման եւ զարգացման ընթացքը
• ներկայիս ռեժիմի գործունեության տնտեսական հետեւանքները
• ներկայիս ռեժիմի պատճառած բարոյա-հոգեբանական հետեւանքները
• ներկայիս ռեժիմի պատճառած իրավական եւ քաղաքական հետեւանքները
• հոկտեմբերի 27-ի խորհուրդը
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը
• առկա իրավիճակից դուրս գալու ելքը
Մինչեւ պարոն Տեր-Պետրոսյանի ելույթը, իրենց խոսքը ժողովրդին ուղղեցին նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրանք հավաստիացրին, որ որպես ՀՀ հաջորդ նախագահ տեսնում են միմիայն Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մնալու են նրա կողքին մինչեւ վերջ:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամբողջական տեքստը (աննշան կրճատումներով) կարող եք ընթերցել՝ տեղափոխվելով այս էջը: