Հարգելի բարեկամներ,
Նախորդ երկու հոդվածներով մենք փորձեցինք խորհել ու մտածել, մտորել եւ գտնել այն գաղտնիքները, որոնց լուծմամբ մեզ կհաջողվեր ստեղծել քաղաքացիական հասարակություն (ՔՀ): Սակայն, ինչպես եւ նշել էինք, ՔՀ ստեղծելու համար անհրաժեշտ է հեռուստատեսային քարոզչություն: Սակայն ամենահեռու գյուղի բնակիչն անգամ տեղյակ է, թե ինչ վիճակում է գտնվում մեր հեռուստատեսությունը: Այն է. Միաբեւեռ, միակողմանի, երբեմն անցնելով կոռեկտության եւ պարկեշտության բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները: Հեռուստատեսությունը ղեկավարվում է իշխանությունների կողմից, իսկ որ Հեռուստաընկերությունը համարձակվում է այլախոհության նշաններ ցույց տալ` խոսել ճիշտ եւ արդար դատել, անմիջապես ենթարկվում է ռեպրեսիաների եւ ճնշումների: Ամենից վառ օրինակը կարելի է համարել Գյումրիի «ԳԱԼԱ »ՀԸԿ-ը, որը դիմադրեց, պայքարեց եւ հասավ հաջողության:
Ինչպես նշվել էր նախկինում, ՔՀ ստեղծելու համար անհրաժեշտ է պետական հովանավորչություն, պետական օգնություն: Սակայն, մեր պայմաններում պետությունը կանգնած է հակառակ կողմում: Շրջված, իր քաղաքացուն թիկունքով է կանգնած: Այնպես որ, ՔՀ ստեղծելը շատ բարդ է, քանի որ պետությունը կարծես ոչ միայն չի ցանկանում ՔՀ ստեղծել, այլեւ ամեն ինչ անում է ժողովրդին ոչխարացած եւ բթացած պահելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ պետությանը ձեռնտու է ոչ թե զարգացած բնակչություն, այլ մի զանգված, որին իշխելը եւ հարստահարելը կդիտվեր որպես բնության օրենք: Ուստի ՔՀ-ի թեման ոչ թե արժե փակել, այլ, ընդհակառակը, դա այժմեական է. ՔՀ-ի ստեղծումը, կարելի է ասել, դարձել է նաեւ պատմական անհրաժեշտություն:
Կցանկանամ խոսել եւ խորհել, մի՞թե մենք` որպես ազգ, այսքան վատն ենք, որ մեզ հետ հաշվի չեն նստում: Որ մեզ կոտորում են, ոչնչացնում, նվաստացնում եւ ստորացնում, բայց մենք էլի գնում ենք նրա` նվաստացնողի, հարստահարողի եւ ստորացնողի մոտ: Մենք սիրում ենք մեզ հարստահարողին, մեզ վիրավորողին, մեզ սպանողին եւ մեզ կեղեքողին: Այդ ամենը գալիս է նրանից, որ մենք չենք ազատվել զոհի բարդույթից: Որ մենք, դեռ ապրում ենք ոչ թե իրական կյանքում` հայրենիքում, այլ ապրում ենք պատմական, վիրտուալ մի աշխարհում: Վանոն գրել էր, որ անհրաժեշտ է ազատվել պատմական հայրենիքի բարդույթից: Մի՞թե չենք հասկանում, որ անհրաժեշտ է իրական հայրենիքը շենացնել, կառուցել, հզորացնել եւ նոր ձեռնմուխ լինել պատմական հայրենիքի ազատագրմանը: Մենք, որ չունենք ոչ մի ուժ, այժմ բարձրացել ենք եւ գոռում ենք.
Հասնինք Սասուն,
Մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան: