Ներկայությանս առաջին ասեղը… Սրսկվեք
Ճանաչեք զիմաստություն և զխրատ, իմացեք զբանս հանճարոյ:
*** Ով եմ ես, Աստված,
Երբ չլինելուս համար պետք էր լոկ
300 դրամ 20 տարի առաջ:
Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած
Վայելքի լկտի անզգուշությունը,
Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
Մեկի հարամած, խանգարված քունը:
Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց,
Տեսնելու համար արու եմ, թե էգ,
Իմ էս չընդհատված անգոյությունը
Տեսնես ում էր պետք:
Ու քանի մեկը հղի էր ինձնով,
Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
Սրտխառնոցը իմ:
Անխուսափելի կյանքի զգացում էր,
Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
Լացով են ծնում, լացելով ծնվում:
Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
Ինձ էլ երևի բաժին է հասել
Էս աբորտ չարած դժգոհությունը:
Ով եմ ես, Աստված,
Երբ իմ լինելու համար հերիք էր
19 գրամ 20 տարի առաջ…
*** Իմ շուրթերը վաղուց ցամաքած են
Ու կերածս միայն ցամաք հաց,
Երեկվա իմ անմեղ, կույս մտքերը
Դարձել են անխիղճ բախտի քացը:
Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
Ես պատրաստ եմ էլի բղավել,
Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:
Երեկվա հարվածածդ տեղերը,
Ձեռքդ դի՛ր, դու զգու՞մ ես, դեռ գոլ են,
Եթե դու էդքան առնական ես,
Ես, ուրեմն, կրքո՛տ արվամոլ եմ:
Ես դռան դեմի անտեր շունն եմ,
Դե զարկի՛ր, իմանամ, ո՜վ է տերը,
Ես սիրում եմ ծեծված էս վիճակը,
Երբ ներսիցս հորդում են տողերը: