Մեծարգո պարոն նախարար,
Ս.թ. հոկտեմբերի 1-ին Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրություն-ներին նվիրված խորհրդարանական լսումների ավարտին, նախապես տրված հարցերին Ձեր պատասխանների ժամանակ, Դուք հայտարարել եք հետևյալը. ՙՎիլսոնի որոշումն իրավական ուժ չունի, քանի որ այն չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից՚: (Նախապես ներողություն եմ խնդրում, եթե Ձեր բառերն ինձ փոխանցելիս որոշ նրբերանգային փոփոխություններ կրած լինեն: Սակայն, կարծում եմ, որ միտքը ճիշտ է փոխանցվել): Ցավում եմ, որ այդ պահին արդեն դահլիճում չէի: Ես չէի կարող կանխատեսել, որ Ձեր պատասխանները կարող են տեղափոխվել օրվա վերջը և նախնական պայմանավորվածության պատճառով ստիպված էի եղել հեռանալ:
Սակայն չկա չարիք առանց բարիքի: Հիմա ես ստիպված եմ բաց նամակով պատասխանել Ձեր պնդմանը: Վայել չէ նախարարի խոսքը թողնել անպատասխան: Դուք բառացիորեն կրկնել եք Ձեր համերկրացի Անդրանիկ Միհրանյանի երկու շաբաթ առաջ Երևանում արտասանած միտքը: Այդ առիթով ես պատիվ ունեցել եմ արդեն պարզաբանումներ տալու, ուստի կկրկնեմ իմ իսկ փաստարկները: