Ազիան'-ի ավատարը

Ն ա ի ր ա Համբարձումյան
Գրաքննադատ-տեսաբան

image

CREMATORY
Consilium

Պատմություն չի ստեղծվում: Այն հորինում են գերտերությունները՝ ուծացման ճանապարհով տանելով փոքրերին: Ժամանակի տիրույթում իմպերիալիստական հզոր տեղաշարժեր են, որոնք ուղղվում են ու քսան, երեսուն, հիսուն տարի անց ուղղվելու են փոքրերի դեմ: Տարածությունը հաստատուն չէ դեռևս: Վկա՝ Քեսաբի դեպքերը: Բյուրոկրատիայի սպիտակ ուրվականը փռել է թևերը: Զուգադիր տիրույթը ՍՊԻՏԱԿ ՋԱՐԴՆ է: Ղարաբաղյան գորդյան հանգույցն ու Կիևի մասնատումը ըմբռնելի են Խորհրդային Միության փլուզման, փակ հասարակությունից բաց հասարակության մոդելի անցման, սոցռեալիստական ու հետխորհրդային մշակույթների տարբաժանման փաստերով: Բազմաթիվ ներ - ու արտա - քաղաքական, հասարակական, սոցիալ - տնտեսական, գիտակրթական, բարոյահոգեբանական տեղաշարժերը իրականանում են ոչ թե կարգով, այլ հատկապես՝ քաոսով: Արվեստը այս դեպքում դառնում է աքսորավայր հասարակությունից օտարված գրողի համար, ով մերժում է մեռյալներից ժառանգվող աշխարհ - իրականությունը, որի ամեն օրը հասանելի է սոսկ այն գնողներին: Օտարված գրողը չի պատկանում ո՛չ ազգին, ո՛չ առավել ևս կառավարությանը: Եվ սա իրողություն է: Ֆրանսիական սոցիումի նույնօրինակ միջավայրը Պրուստը տեսանելի դարձրեց կառնավալի միջոցով, ուր յուրաքանչյուր դիմակից ժպտում էր մահը: Այս մահը հասկացել ու այս մահին առնչվել են նաև մեր նախնիները, մեր նախնիների նախնիները ու նրանցից առաջ էլ, ու այժմ ճիշտ ժամանակն է՝ տեսականացնելու, թեպետ տեսությունը նույնքան անպատեհ է այստեղ, որքան սև ոսկին արևի փոխարեն: Համաձայն եմ, Խոսրովի ու Թեղուտի արգելոցների <գազաններին> օտար են բարոյականության սահմանները, սակայն նրանք նույնպես վախենում են մահից, վախենում են մահվան հոտից, որ արտադրվում է նույն անտառների ներսում, որտեղ ապրում են նրանք, քանզի մշտապես հարկատու են արգելոցների <աստվածներին>: Սա առավելապես օրինաչափ պատահականություն է, քան սոսկ պատահականություն, թեպետ դժվար է ասել, թե ժամանակակից անտառ-արգելոցում մահվան ելքով պատահարները օրինաչափության կամ պատահականության ո՞ր սահմանում են: Մարդ-ֆենոմենի ազատագրումը կենսականության ֆիլտրով ու փորձը՝ հաղթահարելու կենդանական սկիզբը (փորձելով ներկայանալ որպես գերմարդ), նույնպես չեն գործում, քանզի սոցիալական հակադիր երկու բևեռները սպանեցին մարդ - ֆենոմենին այնպես, որ նա հրաժարվեց սկզբունքներից ու սկսեց գործել կենդանական սկզբին հլու՝ օգտագործելով սոսկ փոքր մարդու իր խոհամտությունը ու հավակնելով լինելու ըմբռնելի: Կեցության յուրօրինակ կերպ, որում ժամանակը ավերում է ամեն ինչ, ու կեցվածքը մոռացնել է տալիս մահը, քանզի իրական թվացող ամեն արվեստ հնարավոր է դիտարկել նաև ձևականության ու կեցվածքի տեսանկյունից: Այս դեպքում՝ թվացյալ հեռավորությամբ, սակայն հաղթահարվում է արգելոցային մահը, ու կեցվածքը ընդունողը մի սահմանափակ տարածության մեջ զգում է իրեն հավերժության մասնիկ՝ լինելով պատահականություն, զգում է <աստված> լինելով հավելում: Հայտնաբերվում է մարդ - մեքենան, ում քաղաքացիական կերպարը վաղուց չի հետաքրքրում ոչ մեկին՝ նույնիսկ արգելոցի <աստվածներին>, ովքեր զարդարում են նրան դափնիներով՝ թողնելով պատահականության կամ դիպվածի սահմանում: <Աստվածները> տեսանելի են դարձնում առավելապես վերջինիս իրական ողբերգությունը, քան այդ պատկերը ավերող հակամարտությունները՝ ավանդույթին առնչվող ամեն ինչ վաճառելով զարգացող բյուրոկրատական մամլիչին, որի յուրացման համար անհրաժեշտ են նախ և առաջ մարդ - մեքենայի բոլոր հատկանիշները՝ հուզիչ անմեղությունից զվարճալիորեն խոնարհ իրավազուրկի կեցվածքը, քանզի նույն այդ ՙաստվածներին՚ հետաքրքրում է մարդ-դիպվածի կենդանական բնազդը միայն: Զգայական սույն տիպը՝ մարդ-մեքենան, նույնպես գիտակցում է բացարձակ բարոյականության անհնարինությունը՝ անընդմեջ փոխակերպումներով փորձելով հասնել իր երևակայած նիրվանային, քանզի վերջինիս բարոյականությունը վերածվում է սոսկ անկարողության՝ սիրո ու հավերժության մասին թախծելիս: Երևույթ, որ Օսիրիսին, Դիոնիսիոսին ու քրիստոնեական պատմականությանը հարություն տվող կրոնագետները չեն նկատառել: Ի տարբերություն այլ միֆերի՝ դրանք հաստատում են կյանքի ու մահվան հավերժական շրջապտույտը, թեպետ երևակայական նիրվանային ձգտող մարդ-մեքենան շարունակում է թափառել բացարձակ բարոյականության անհնարինության, դրանից ծնված թախիծի ու անկարողության բոլոր հնարավոր արտեֆակտներում, իսկ Քրիստոսից հետո մնացած թափուր տեղը ընկալվում է որպես ազատագրման նշան: Միտքը, թե միմյանց մշտապես քննադատող ու հակադրվող Հեգելի ու Նիցշեի հայացքները համընկնում են երբեմն Զոհաբերության տրամաբանության սահմանում՝ մարդ - մեքենային տանելով հեգելյան կազմալուծման (Aufheben) ճանապարհով, ծնում է մեկ այլ միտք, թե սա աշխարհը տիրող ուժերի փոխգործակցությունն է՝ հավատքի ու քաղաքականության կանոնակարգման ելքով, որ հաջորդ վայրկյանին կազմալուծում է թվացյալ այդ խաղաղության տրամաբանությունը՝ բռնության անվերջ ելքերով՝ ներառելով արգելոցի <աստվածներին>: Ուշագրավ պարադոքս: Ստացվում է՝ մեծ պետությունները փոքր պետությունների քրիստոնյաներին ենթարկեցնում են իրենց իսկ հորինած ժողովրդավարությանը այստե՛ղ ու ա՛յժմ, խաղաղեցնում երկնային արքայության անտրամաբանական տրամաբանությամբ ու թողնում պատահականության կամ դիպվածի սահմանում: Բայց չէ՞ որ ցանկացած օտարում մարդ - Աստված միջակայքում՝ մեղքը, չարությունը, մահը, հաղթահարվում է հատկապես մարդու մեջ՝ սիրո անվերջ փորձերով: Հետևաբար՝ պետք չէ տրվել մտքին, թե Արևմուտքը ամեն ինչի վերջին սահմանն է, քանզի եվրոպական ու ամերիկյան գլամուրը ենթադրում է այսօր միմիայն երրորդ համաշխարհայինի հնարավորությունը, ուստի հնարավոր է ուղղակի քնել մի օր ու արթնանալ Դանթեի Քավարանում:

Locus morbi
Կորուսյալ սերունդ:

image

Արտագա՞ղթը: Քաղաքականության բացակայություն ընդհանրապես:
Երկիրը կառավարողները չգիտեն հատկապե՛ս երկիրը, չգիտեն հատկապե՛ս քաղաքականությունը, հատկապե՛ս ժողովրդին: Օրինակնե՞ր: Վատ բեմադրված էժանագին քաղաքական ներկայացումներ, տնտեսության անկում, աղքատության աճ: Արտագաղթը գրոտեսկային արագությամբ առավել լայն շերտեր է ընդգրկում, քանզի մարդը դադարել է որոնել հանցագործության ու պատժի փոխկապվածությունը, քանզի օրենքից խուսափողների թիվը ամեն օր առավել լայն մասշտաբներ է ընդգրկում, ինչը ուղիղ համեմատական է օրենքը չիմացողների թվին, որում կարող ենք հաշվառել նաև ամեն պատահական անցորդի, ով հաստատապես չի գիտակցում սեփական իրավունքի սահմանը: Երկսայր հանգամանք, որ ստեղծում է վախը օրենքից խոսող ստահակի հանդեպ, ի դեմս որի երբեք չի թուլանում վախը օրվա հանդեպ լի խեղճ ու մեղկ հանդգնությամբ: Իսկ հասարակության ստորին շերտերում աննպատակ թափառող փոքր մարդու հանդգնությունը բացատրելի է սոսկ զգայությունների գերակայությամբ: Ներքին տարերային անօրինությունների հանդեպ նրա վախը աստիճանաբար զիջում է սարսափին, որ զգում է բնության տարերքից հանկարծակիի եկողը: Տարերքի այդ զգացումը ստիպում է վերջինիս թերահավատորեն նայել դարավոր ավանդույթին ու չտեսնել օրը, որի դատարկ - ապակե հայացքը վաղվա անունն է տալիս: Աֆազիային հավասար երևույթ: Նույն այդ զգացողությունն ունեին 1988 թվականի երկրաշարժից, Սումգայիթի ու Բաքվի ջարդերից փրկված մարդիկ: Նույն զգացողությունն ունեն նաև այսօր Հայաստանը լքող մարդիկ: Փոքր ու աղքատ մարդը չի կողմնորոշվում այլևս հասարակական - քաղաքական - սոցիալական պարտադրվող քաոսում: Հանգամանք, որ ընտանիքին ու հավատքին հավատարիմ սովորական հայի մտապատկերում ստեղծում է արտագաղթողի ֆենոմենը: Փաստը, որ հայը լքում է երկիրը, խոսում է սոսկ նրա ըմբռնումներում քայքայված արժեքավոր մի երևույթի՝ հայի ու նրա հայրենիքի ֆենոմենի մասին, ավանդույթը կրողի նրա կողմնորոշման ու գենետիկ գաղտնագրումները կառավարող մատրիցայի բնախախտման մասին: <Երբ հիվանդությունը ախտահարում է մարմինը, մարդու ուղեղում ծնվում է կայուն - պաթոլոգիկ վիճակի մատրիցան: Այն օգնում է համակերպվել ու ընդունել հիվանդությունը: Հակառակ բևեռին՝ առողջությանը հասնելու համար անհրաժեշտ է, որ մարդը ավերի այդ մատրիցան, անցնի ապակայունացման ճանապարհով>, - գրում է նեյրոֆիզիոլոգ Նատալյա Բեխտերևան <Ուղեղի մոգությունը> գրքի հինգերորդ հատորում: Սակայն օնկոլոգիական սուր հիվանդությամբ՝ արտագաղթով, տառապող Հայաստանը ինչպե՞ս ավերի կայուն - պաթոլոգիկ այս վիճակի մատրիցան ու հասնի առողջության հարցը առկախ է:
.
Իսկ հայրենիքը մեկն է, ուրիշը չի լինում:
.
Ուծացո՞ւմը:
Օտար աշխարհը արտագաղթի անպատրաստ հայից խլում է նեղ-հայկական ամեն ինչ: Ավերում հոգին: Ավերում էույթը: Հայը յուրացնում է օտարին հատուկ մշակույթն ու ավանդույթները՝ փորձելով պահպանել սոսկ նվազագույնը՝ իր՝ որպես մարդու, իրավունքները: Հայը նահանջում է: Երևույթ, որ հայկական հարցի սահմաններից էլ այն կողմ է: Ու քանի դեռ օտար երկրում հայը չունի կենսականության համապատասխան պայմանները, ուրեմն չի կարող ստեղծել հայեցի իր միջավայրը, հետևաբար և՝ ընդունում է տվյալ երկրի սահմանադրությամբ օրինականացված չնչին ողորմությունները՝ հատկացված սենյակի կամ նպաստի տեսքով: Ու սա տևական ընթացք է: Լավագույն օրինակը, որ կարող եմ նշել՝ Կաֆկայի <Դղյակ> - ն է՝ երկիմաստ ու տիպաբանական հատկանիշներով: Կաֆկայի հերոսին՝ Կ-ին այդպես էլ ասում են՝ <Դուք Դղյակից չեք, դուք գյուղից չեք: Դուք ոչինչ եք>, ու եթե Կ-ն ցանկանում է դառնալ յուրային, ուրեմն պետք է արմատապես հրաժարվի իր նմաններից, իր սովորույթներից, իր մշակույթից ու վերջապես՝ տեսակից՝ սպասելով Դղյակի ողորմությանը: Որոշ ժամանակ անց նույն այդ հերոսը սարսափով բացահայտում է, որ մարդկայնությունը ու մարդկային իրավունքները, որոնք համարում էր բնական ու օրինաչափ բոլորի, այդ թվում նաև իր համար, ուղղակի գոյություն չունեն, ու ինքը սովորական անիծյալ է, ինչպես մյուսները: Նույն անիծյալ բորոտը: Այն, ինչ <Դղյակ> - ում անվանվում է ի վերուստ տրվող ճակատագիր, ինչպես անեծքը կամ շնորհը, հայի դեպքում դիտարկելի է նաև ազգային պատկանելության բևեռից: Նման ալքիմիան տրամաբանության սահմանից անդին թափառող բացահայտման այն ուրվականն է, ներփակ այն իմացությունը, որի ողջ գաղտնիքը փոխառնչությունների տիրույթում է, քանզի ոգին է, որ ամփոփում է մարդեղենության հիմնավոր գաղափարը՝ մարդկային գոյության իրական ու իդեալական միասնականությունը: Հետևաբար՝ ամեն ճշմարտություն չէ, որ բացարձակ է: Սույնը պայմանական է նույնիսկ աքսորում, քանզի առանց կեղծ կանոնների, առանց արտաքին ազատության ու ներքին ճնշումից թելադրվող ստրկության կա՛մ գոյություն ունի կա՛մ չունի: Ուստի բացառելի չէ, որ մի ազգի ռեալիստական քաղաքականությունը իր ուտոպիստական - անկումային ու քայքայիչ ազդեցությունն է թողնում մյուսի վրա: Այս համատեքստում տոտալիտար ռեժիմի իդեալական մարդու համար XXI դարասկզբի բյուրոկրատիան օրենքի անունից գործող անօրենության գործիք է սոսկ՝ օրենքի ու իրականության հակադրության տիրույթում: Երևույթ, որին դիմառնում է ամեն հայ ազգային շարժում կամ ցեղասպանության հարցի շուրջ իրականացվող գործընթաց՝ Հայաստանի սահմաններում կամ դրսում, հատկապես օտար երկրներում իրենց քաղաքական ու քաղաքացիական իրավունքներից հրաժարվել չցանկացողների կողմից: Գործնականում՝ պտույտ տեղում, ուրիշ ոչինչ: Այդուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ ցեղասպանության հարցերով զբաղվող էլիտան ոչ թե Հայաստանում է, այլ՝ սփյուռքում, քանզի Հայաստանում վերոնշյալը մամուլի ու լրատվական այլ ծառայությունների կողմից էական փոփոխություններ չարձանագրող քննարկումների, ամենամյա թվարկումների ու նմանատիպ այլ գործելաոճերի տիրույթում է: Գորշ: Առաջընթաց չարձանագրող գործողությունների շղթա: Պետական քաղաքականություն, որը կդառնար քայլ դեպի հնարավոր արդյունքը, սույն հարցի շուրջ մինչ օրս չի արձանագրվել այնքանով, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մնում է ՉԼՈՒԾՎԱԾ: Իսկ վերջին քսան տարիներին գրանցված բոլոր առաջընթացները՝ արտերկրների ու միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, առավելապես սփյուռքի դիվանագիտական հարաբերությունների ու միասնականության շնորհիվ է:
.
Agonia
Ներքին հակադրություններ

.
Արտագաղթո՞ղը: Մարդ, ով թողնում է երկիրը, միջավայրը, սովորույթները, մշակույթը, լեզուն: Հայտնվում է նոր երկրում, յուրացնում նոր լեզու, նոր մտածողություն, նոր հոգեվիճակ, նոր կանոններ ու պայմանականություններ: Սույնը դիտարկելի է մահվան ու ծննդի հավերժական ընթացքների անընդմեջ զուգորդություններով ու գրավիչ է, երբ չի հաշվառվում ռիսկը, որն ի սկզբանե ընկած է մարդու՝ ինքնությունից նահանջի ու օտարման չափումներում ու չափազանց խոցելի է արտերկիր - արտագաղթող - նահանջ - օտար լեզու՝ բոլոր ժամանակների համար արդիական այս հոգեվարք - դրամայում: Երևույթ, որն ուղղակիորեն առնչվում է XXI դարերի տեխնոգեն հասարակության, տեղեկատվական ու հաղորդակցական գերարագ իմպուլսների, մարդու կերպի փոփոխման և ունիվերսալացման փաստերին, քանի որ XXI դարի մարդն այլևս չի ապրում սոցիալ-մշակութային նույն միջավայրում, ինչ քառասուն-հիսուն տարի առաջ էր: Հայտնվելով վերջինիս կենտրոնում՝ հայը չի դիմանում գերարագ ու գերհզոր առաջընթացներին, չի ըմբռնում, թե տեղի է ունեցել իր տեսակի ներքին էներգիայի ճեղքումը՝ հանգեցնելով էույթի տրոհմանը, ոգու խոցելիությանը: Արտագաղթող հայի համար օտար երկրում սկսվում է կեղծ - վերածննդի այն ճանապարհը, որը պայմանականորեն անվանվում է <սկիզբ>՝ նոր քաղաքացիության ու նոր ինքնության ձեռքբերման փորձի տիրույթում: Չնայած արտաքին խայծերին՝ ունիվերսալացման հյուրընկալ քաղաքականությունը ներքին որակներով ներկայանում է փակ-վակումային ներհյուս շղթայի կերպով, որի ամեն օղակը իր տիրույթում հայտնված հայ արտագաղթողից մագնիսի պես ձգում-պոկում է ամենաթանկը՝ լեզուն, ոգեղենությունը, հիշողությունը, ազգային հպարտությունը, մշակույթը: Հատկապես լեզվից նահանջի միջոցով է արտագաղթողը դադարում հաղորդել իր՝ որպես մարդու, ազդակները՝ ուրախությունը, ցավը, հումորը, վիշտը, զարմանքը, տխրությունը: Հանգամանք, որ մղում է նրան անտարբերության սահմանը: Սա նաև գիտակցված նահանջի ու կորստի ճանապարհն է, նողկալի ու վտանգավոր այն ուղին, որ ընկած է արտագաղթողի ինքնության ու դրանից հրաժարման միջակայքում: Սա է եվրոքաղաքակրթության ու այսօր նաև՝ Ռուսաստանից պարտադրվող միգրացիայի էույթը, համաեվրոպական ու համառուսաստանյան շրջապտույտը, որում մարդ - մեքենայի ցանկության ռեցեպտորները վերարտադրում են սոսկ անցյալի հուշերը՝ աստիճանաբար դադարելով ազդակներ ստանալ ապագայից: Երևույթ, որ մեկ անուն ունի միայն՝ ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ: ԱՄՆ - ի կամ եվրոպական որևէ երկրի՝ Միացյալ թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի կամ այլ երկրների քաղաքացիություն ձեռք բերելու հայտը ստեղծում է սոսկ աշխարհաքաղաքացիության պատրանքը: Մարդու իրավունքներ ունենալու հայտը նույնպես շփոթվում է դրանցից օգտվելու պատրանքի հետ, որն անմիջականորեն առնչվում է ուծացման փաստին ու իմաստազրկվում է, քանզի սեփական ինքնությունը գիտակցող անհատը վերածվել է սոսկ հասարակական գոյությունն ապահովող զանգվածային մարդու, ով բացառում է աշխատանքային փորձն ու մտածական գործընթացը: Կենսաբանական նման ավերակի համար այլևս կարևոր չէ՝ ինչպիսին է աշխարհը, որում իրերը ընկալելի են սուբյեկտիվության բևեռից:
.
Մարդու իրավո՞ւնքը:
<Նոր> բարոյականության հիմքով իրականացվող մոդեռնիզմի արհեստածին քաղաքացիական հավատքն է, որի գլխավոր թիրախը ունիվերսալացման միջպատմական լաբիրինթոսներով ընթացող Մարդն է, ով չունի ազգային, կրոնական, լեզվական, սեռային պատկանելություն: Հոմոգեն մարդը:

.
Գիտակցությունը, թե թուրքը թշնամի է, իսկ Ռուսաստանն ու Եվրոպան էլ բարեկամներ չեն, չի առնչվում ներկա ու նախորդ նախագահների կառավարման եղանակներին, այլ՝ պատմության չիմացությանը: Այլ է անցյալում հայ իշխանական տների ու այժմ էլ քաղաքական խեղկատակների նմանության խնդիրը՝ ազգի համար ճակատագրական ու շրջադարձային իրադարձությունների ժամանակ: Այս համատեքստում՝ Խորհրդային Միության կառավարման տարիներին կորցրած հայկական տարածքների փաստը հանգեցնում է մտքին, թե նման գործողությունները տեղի են ունեցել և ունենում առավելապես հայերի խոնարհ ցրվածության, քան վախի կամ քաղաքականության արդյունքում: Դիմառնում ենք ոչ թե փաստերի ճշմարտացիությանը, այլ թիրախային նպատակահարմարությանը: Հարցը՝ հնարավոր է հավատալ պատմությանը, որ հորինվում է, ակնկալում է միմիայն ժխտողական պատասխան: … 2008 թվականի մարտի 1-ին հազարավոր մարդկանց շնչառությունը կար փողոցներում: Այդ շնչառությունը դարձել էր սպիտակ ամպ ու նստել փետրվարին հրաժեշտ տվող անվերարկու ծառերի կատարներին, որոնք օրորվում էին մերկ ստվերների պես՝ տեսանելի դարձնելով հայի՝ մահվան դեմ բաց ու թափանցիկ կուրծքը: Այդ ժամանակ առաջին անգամ մտածեցի բանակում մահացած մի տղայի մասին, ում թաղել էին մեկ շաբաթ առաջ: Արյուն կար այդ օրը փողոցներում: Արյուն կար մարդկանց աչքերում: Արյուն կար ոստիկանների աչքերում: Հասկացա, որ նրանք՝ իշխանավորները, մեղավոր չեն: Մեղավորը մենք ենք՝ ժողովուրդը, մեր ամենաթողությունն ու հավատը առ իրականություն, որը գոյություն չունի: Երևույթ, որը երբեք էլ չի առնչվել մարմին - բանտից հոգու ազատագրման պսևդոպլատոնյան ըմբռնմանը, այլ հավատի արտահայտության տիրույթում է, որում մարդու արարումը առնչվում է հավերժության գաղափարին:
.
Nihil
Մարդը և պետությունը:

1933 թվականին բեռլինաբնակ ողջ հանրությունը դեմ քվեարկեց Հիտլերին, սակայն երբ վերջինս անցավ իշխանության, կարգադրեց քաղաքին հարակից տարբեր շրջաններում կառուցել կրիմատորիաներ, որոնց արնագույն խողովակները տեղակայվեցին Բեռլին մուտք գործող քամու ուղղությամբ, որպեսզի բնակիչները մշտապես զգան այրվող դիակների հոտը ու չհանդգնեն այլևս ընդդիմանալ ֆյուրերին: Էզոթերիկ ուսումնասիրություններից պարզում ենք, որ աստրալ ու երկրային մարմինների միջև ապրող եթերայինը ունի կենսականությունը վերականգնող հատկանիշներ, թեպետ կրակը ազատում է մարդուն երկրային կերպից առավել արագ, քան դիակի փոշիացումն է գերեզմանում: Մարդը ազատագրվում է՝ հույսով՝ վերածնվել այլ աշխարհում: Թո՛ղ հուսա: Ո՛չ մեկին չի խանգարում: Սոփեստները գիտեին դա մեզանից էլ առաջ: Ուշագրավը այլևս մերօրյա մարդու՝ սոցիալական արժեքների հոգսը չկրելն է: Երևույթ, որ իդեալականության կամ վերացականության տիրույթում դիտարկելիս հայտնվում ես նույն գաղափարների հակառակ բևեռում, ուր պարադոքսներն ավելի շատ են, քան հաստատուն իրավիճակները, քանզի մարդու հոգու գաղտնի խորշերում հին դինոզավրի պես վաղուց մեռել են այդ աշխարհները, իսկ օրըստօրե արմատացող նիհիլիզմը հաստատում է արդեն ասվածը՝ տեսանելի դարձնելով քաղաքական կրիմատորիաներում այրվող հասարակական դիակի անպետքությունը, որն օգտագործելուց հետո իշխանությունները աներկբայորեն նետում են նույն հնոցը: Հետևաբար, երբ սոցիումը երբեմն-երբեմն ցնցվում է՝ կենդանության նշաններ կամ փոքրիկ հաղթանակներ արձանագրելով իշխանություն - էնցեֆալոգրաֆի էկրանին՝ ուղեղից հատուկ ազդանշաններ ուղարկելով ժողովրդավարություն - գործիքի երկաթե ատամիկներին, իսկ կրիմատորիայից արձակվող դեղին, կպչուն լեզուները մշտապես ու առանց խտրականության լափում են կենդանի ու առողջ ամեն տեսակ մարմին, ծնվում են հարցեր՝ ինչու՞ մարդը (այստեղ՝ հայ) չի տեսնում իր վաղվա օրը, ի՞նչ վերաբերմունք ունի դրա նկատմամբ, ինչո՞ւ է վերջինիս ներհայեցողական համակարգում հիմնավորապես ավերվել բացարձակի ընկալումը՝ խաթարելով հայրենիք ֆենոմենը: Հարցեր, որոնք գերազանցապես մարդ - պետություն հարաբերությունների տիրույթում են: Այս համատեքստում՝ ոչ միայն էկզիստենցիալ - որոնողական, այլև քաղաքացիական ազատությունն է ընկալվում որպես միֆ, քանզի հայկական իշխանական մնեմոտեխնիկան խստագույն անհանգստություններ է ապրում՝ իրականացնելով Արևմուտքից ու Ռուսաստանից պարտադրվող քաղաքականությունը:
.
XXI դարում կայունության հոմանիշը քաոսն է:
Հեգելը, ի դեմս պետության, տեսնում էր բարոյականության գաղափարը, իսկ Արիստոտելը մարդկային երջանկությունը ուղղակիորեն առնչում էր պետական քաղաքականությանը: Հայաստանը՝ որպես պետության ժամանակակից մոդել, իր առջև չի դնում սույն խնդիրներից և ոչ մեկը՝ իրականացնելով սոսկ պայմանական - ընդհանուր գործողություններ: Կարևորվում է միմիայն <ապրելու իրավունքը>:
.
Խնդի՞րը:
Հայ մարդու ֆիզիկական ու բարոյական գոյության մեջ չէ այլևս, այլ հայի՝ որպես էթնիկական տեսակի, պահպանման:
Այս դեպքում՝ պետությունից ածանցվող արիստոտելյան երջանկության բանաձևը ենթարկվում է կաթվածի, թեպետ ընտրությունն արդեն կործանման եզրին գտնվող կոնկրետ արժեքների միջև է, իսկ հեգելական բարոյականության գաղափարը ննջում է եվրոպական ու ամերիկյան դրամաշնորհների միջոցով պարտադրվող քաղաքականության ուղեղիկում: Սոցիալ - տնտեսական ու քաղաքական կողմնորոշում ունեցող շարքային հայ քաղաքացին ի վիճակի է առանձնացնելու երկու ճանապարհ՝ օրենք ու պետություն, սակայն երբ պետությունը առնչվում է օրենքին, նույն շարքային քաղաքացին սկսում է վերանայել ընդունած արժեքները՝ հայտնվելով կամային հատկանիշների թուլացման միջակայքում, քանզի հավասար իրավունքների տիրույթում հայտնաբերում է միայն բյուրոկրատիայի բացարձակացում ու դեմոկրատական անարխիզմ երևույթները: Երբ պետությունը առնչվում է օրենքին, նույն քաղաքացու մտապատկերում ոչնչացնում է պետություն ըմբռնումը՝ հանգեցնելով անհատի ու պետության տարանջատմանը: Մարդը ու պետությունը հայտնվում են հակադիր բևեռներում: Սույնը տեսանելի է այսօր Հայաստանում, քանզի պետությունն աներկբայորեն ընդգծում է սեփական անձեռնմխելիությունը իր կողմից հստակեցված սոցիալական մակարդակներում:
.
Ժողովրդավարությո՞ւնը:
Ժամանակակից ֆաշիզմի դրսևորումն է՝ ազատության ու եղբայրության դիվանագիտական միֆերի քարոզով:
1989 թվականի <Կոկորդիլոս> ամսագրի 35-րդ համարը նվիրված է Իոսիֆ Ստալինի 110 ամյակին: Շապիկին նրա նկարն է՝ Ուորհոլի ոճով բազմաթիվ գանգերով: Սույնը հնարավոր է և ընկալել սոսկ նկարի շրջանակում ու վերջ, սակայն միտքը, թե մի դիկտատորի վախճանը մշտապես ուղեկցվում է հաջորդի ծննդով, իսկ հասարակության սահմանավոր հիշողությունը ամեն անգամ նորոգվում է չափազանց անմեղ թվացող նման պատկերներով, չի լքում: Այսօրինակ երևույթները տեսանելի են գործառական տարբեր իրավիճակներում՝ մետապատմական տարբեր պատճառաբանություններով ու ձևակերպումներով: <Բաց հասարակությունը ու դրա թշնամիները> (տե՛ս Popper K.R., The Open Society and Its Enemies, London, 1945 կամ Պոպեր Կ., Բաց հասարակությունը ու դրա թշնամիները, հ.1, Պլատոնի կախարդանքը, 2001, (տե՛ս նաև՝ հ. 2, Հեգելը և Մարքսը, 2006): Թարգմ. Անգլերենից՝ Մերուժան Հարությունյանի) երկհատորանոց աշխատության մեջ Պոպերը գտնում է, թե փակ եղել ու մնում են բռնապետների կողմից ղեկավարվող այն հասարակությունները, որոնք իրենց իշխանությունն իրականացրել ու իրականացնում են որոշակի խմբավորումների միջոցով՝ չստեղծելով առանձին անհատի կյանքը կարգավորող չափաբերական հիմքեր: Պատմական ճակատագրի հեգնանքով Հայաստանը հայտնվել է թե՛ փակ ու թե՛ բաց հասարակությունների` միմյանց հակադիր իրադարձությունների հարահոսում, որոնք գործեցին ու գործում են հատկապես էլիտար հռետորականության կամ թվացյալ ժողովրդավարության ոլորտներում, ուր պլյուրալիստական ընթացակարգով շարունակվում է իրականանալ մշակութային, գիտական ու սոցիալ - տնտեսական ներուժի աղճատումը: Սակայն ո՞վ կարող է պնդել հակառակը, թե առավել ուժեղ էլիտան կարող է պահպանել իր իշխանությունը այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է: 1988 - 1994 թթ. Հայաստանը ունեցավ նման պայքար ու առաջնորդներ, թեպետ Արցախյան ազատամարտը նախ և առաջ Ոգու պայքար էր, որում հայը նորից հաստատեց, որ ընդունակ է հաղթելու, ինչպես 451-ին Ավարայրում կամ 1918-ին՝ Սարդարապատում: Այս համատեքստում՝ պոպերյան գաղափարը, թե՝ պատմական մեծ տեղաշարժերը այլընտրանքային են ցանկացած սոցիումի համար, ի սկզբանե դատապարտված է ձախողման: Այս համատեքստում ուշագրավ է նաև <Զանգվածների ըմբոստությունը> աշխատությունը, որում Օրտեգա - ի - Գասեթը նշում է հոգևոր էլիտայի ու սոցիումի հակառակության նախապայմանները: Ըստ նրա՝ առաջինները ստեղծում են մշակույթ, իսկ վերջինները բավարարվում են սոսկ քաղաքակրթության արտադրանքի սպառմամբ՝ վերակառուցելով կյանքի արտաքին ձևերը ու անգիտակցաբար յուրացնելով տիրող չափանիշները՝ <Զանգվածը փոխում է այն ամենը, ինչ արտառոց է, անհատական է ու զանգվածային բնույթ չի կրում: Բոլոր նրանք, ովքեր սահմանից դուրս են, հայտնվում են մերժված լինելու ռիսկային խմբում: Այսօր ողջ աշխարհն է զանգված>, - գրում է Օրտեգան (Хосе Ортега - И - Гассет, Восстание Масс, М., изд. АСТ, 2003, ст. 311): Հայաստանի սոցիալ-տնտեսական հետընթացով ու ժողովրդավարությամբ պայմանավորված այսօրինակ այլակերպումները տեսանելի են բոլոր բնագավառներում ու ստիպում են առավել խորությամբ ընկալել ժողովրդավարություն երևույթի անհնարինությունը մեկուսացված, առօրյա հոգսերով ծանրաբեռ ու հանգամանքի, այլ ոչ թե կեցության տրամաբանությանը հետևող հայ հասարակության մեջ: Հայաստանյան ժողովրդավարությունը հիշեցնում է բաց ու փակ սոցիումների խեղանդամված մի հիբրիդ՝ օլիգարխիկ կողմնորոշումներով, որում զարմանալիորեն կերպափոխվում են ամենքը ու ամեն ինչ՝ իշխանություն - ախպերությունը, ժողովրդավարական ազատություն - ուրվականը, սրընթացիկ ճանապարհով ամեն օր զարգացող վայրի կապիտալիզմը, որը վերահսկվում է համաշխարհային հանրության՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի կողմից: Պատմականորեն ավանդական ժողովրդավարական ախպերավարության սույն ձևը Հայաստանի ներքաղաքական կյանքում դեռ երկար կմրցակցի ավանդույթի հետ՝ մինչև վերջնականորեն հանգչելը: Այս համատեքստում, ժողովրդավարացումը սոսկ միջոց է՝ օգտագործելու սոցիումի անբավարար վիճակները հին մեթոդներով ու ապահովագրվելու վերջինիս անկանխատեսելի գործողություններից:
Հ. Գ.
Բարօրությունն ու հավատը՝ առանց բարության, առավել ավերիչ ազդեցություն են թողնում սոցիումի վրա, քան բնական աղետները: Տեսանելի հատկանիշը` հարմարվել ամեն տեսակ մուտացիաների, փոխել է հայի արտաքին կերպը` նրա ներքին էութաբանական շերտերը դարձնելով ձեռնմխելի: Սա է պատճառը նաև, որ ռացիոնալ մտածողությունը դադարել է ընթանալ հայտնությունների ճանապարհով: Նմանօրինակ փոփոխությունները կատարվել ու կատարվում են նախ և առաջ հայ մարդու ոգու տիրույթում, ու փաստը, թե սոցիալական սուբյեկտը ինքնաձևավորման խնդիր ունի Հայաստանում, անվիճելի է:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


forward