Բոլորովին վերջերս` ապրիլի 23-ին, ընկերներիցս մեկի ծնունդն էր: Բալորով գնացել էինք: Գնացինք, կերանք, խմեցինք, երգեցինք, պարեցինք, լաաաավ ուրախացանք (բայց ոչ հայավարի): Հենց ժամը 12-ը խփեց, մեկ րոպե լռությամբ հարգեցինք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը ու դուրս եկանք......

Դուրս եկանք, ճանապարհ բռնեցինք դեպի Ծիծեռնակաբերդ (մենք ամեն տարի էլ այցելում ենք ծնունդից հետո): Հայաստանի դրոշներով, հայրենասիրական երգերով ոգեշնչված քայլում ենք դեպի մետրո, որ բարձրանանք Բարեկամություն, էնտեղից էլ ոտքով: Հո անձրև չի գալիս, հո չի գալիս: Բայց դե մենք էլ տաքացած ենք խմիչքից, երգերից: Հասանք Շենգավիթի մետրո, տեսնենք փակել են արդեն (ինչ հետաքրքիր մարդիկ են, որ ինչ-որ սուրբ Վալենտինի օր լիներ, հաստատ մինչև 1-ը կաշխատացնեին): Կանգնել ենք մետրոյի մուտքի մոտ, սպասում ենք մեր ընկերոջը ու երգում ենք, հա, բարձր երգում ենք: Մեկ էլ մետրոյից դուրս ա գալիս մի «սերժանտը» դեռ չբոլորած կրտսեր սերժանտ ու մեզ վռնդում.
_Կամ կամաց երգեք, կամ էլ գնացե’ք ստեղից....
Ինչ էլ ժամանակին դուրս եկավ մեր երկրի «օրինապահը», հենց բանակի օրհներգի ժամանակ: Երևի շեֆը ներսում քնած էր, կամ ել տարօրինակ երգ էին լսւմ, մենք էլ խանգարում էինք: Ավելի բարձր երգելով (գոռալով) հեռացանք:
Մոտեցանք տաքսու վարորդներին: Մի կերպ պայմանավորվեցինք, նստեցինք, շարժվեցինք: Տաքսու վարորդը մի ուրիշ երևույթ էր: Որ սկսեցինք տաքսու մեջ էլ երգել, այդ ժամանակ տաքսու վարորդը մի փոքր իջեցրեց «Արմենչիկի ձայնը» ու սկսեց խոսել հայրենասիրությունից, թուրքերի մամաներին հիշեց, հայերի նախանձությունը մեջ բերեց, մի խոսքով… Մեսչյանը իր հարցազրույցներից մեկում լավ մեջբերում է անում. «Մեր ժամանակներում էլ կային ռաբիսներ (տենց էլ չիմացա ռաբիՍն ա ճիշտը, թե ռաբիԶը), բայց իրանք գիտեին որ իրանք ռաբիզ են, հագնում էին սև շորեր, թզբեհը մի ձեռքում, մյուսում` արեվածաղիկի չկեղևազրկված սերմը ու պպզում «բորդյուրներին», բայց հիմիկվա ռաբիսները չեն գիտակցում իրանց հիմնական ֆունկցիան, ավելի շուտ գիտակցում են ուղղակի չեն ընդունում: Հիմիկվա ռաբիզները հայրենասիրությունից են խոսում, հայոց կանանց պարկեշտությունից ու անպարկեշտությունից են խոսում, փորձում են վճռել ազգիս ճակատագիրը»: (Ուզում եմ ներողություն խնդրել մեծարգո Արթուր Մեսչյանից իր մեկնաբանությունը բառացի չգրանցելու համար, բայց ընդհանուր գաղափարը ճիշտ եմ արտահայտել):
Ահա մեր տաքսիստը, որը լսում եր Արմենչիկ (վստահ եմ` էլի ինչ-որ անիմաստւթյուններ ուներ իր ձայնադարանում), Մեսչյանի ասած խոսում էր այն ամենից, ինչը նրան բարոյական բոլոր օրենքներով չէր թույլատրվում:
Մի խոսքով հասանք Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ գնեցինք (բայց ի~նչ բիզնես ա, ծաղիկի բիզնեսը էտ օրը): Բարձրացանք վերև, էլի երգելով, ծաղիկները դրեցինք անմար կրակի շուրջը, էլի երգեցինք, ոգեշնչվեցինք, ուրիշներին էլ ոգեշնչեցինք.....
Վերադարձի ճանապարհին մեր դեմը կտրեց մի հաղթանդամ երիտասարդ, որը հեռվից լսելով մեր երգը, ջան-ջան գոռալով գալիս էր ընդառաջ, բարձրանում էր: Հանկարծ մոտեցավ մեր Գևին ու ոչ էս, էչ էն, թե` ԴԱՅ ՖԼԱԳ: Գևը մի պահ հանկարծակիի եկավ, ավտոմատ մեկնեց դրոշը` մտածելով, որ հետ կտա: Էս ռուսախոս հայ հայրենասերը դրաշով ծածկվեց ու հեռացավ մեզանից առանց շնորհակալություն հայտնելու: Գևը մի պահ սառեց, կատաղեց հետո ձեռքը թափ տվեց ու քայլեց: Հետո երբ հարցրեցինք, թե ինչի տվեց, ասեց, որ ոչ տեղն էր, ոչ էլ ժամանակը: Իսկապես, Գևը իրավացի էր (ինքը վախեցողներից չի):

Հոջորդ օրը
Հանդիպեցինք 4 ընկերներով: Զրուցեցինք դեսից դենից: Այդ օրվա զրույցից ձեզ եմ ուզում ներկայացնել մի փոքրիկ հատված.

ՆԱՐԵԿ_ Տղերք, լսել եք, հայ աստղերը, արվեստագետները հավաքվել են, հրապարակի վրա 90 են գրել…
ԳԵՎՈՐԳ_(անտարբեր քմծիծաղը դեմքին) Հա հետո…
ՆԱՐԵԿ_ (անակնկալ) Հետո, թողել գնացել են ջնջվել ա....
կարճատև ծիծաղ
ՀԱՐՈՒԹ_ (մի փաքր դադարից հետո) Չէ, ասում են միլիցեքը եկել են ջնջել....
ԵՍ_ (ինտեգրվելով հումորային դաշտ) Չէ, ասում են անձրև ա եկել ջնջվել ա....
ծիծաղեցինք

Հիմա ասածս ինչ ա: Ինչքանով կապ ունեին մետրոյի կրտսեր սերժանտը, «հայրենասեր» տաքսու վարորդը, ռուսախոս հայ դրոշակակիրը ու ընդհանրապես հայ աստղերը հայրենասիրության, Եղեռնի, համախմբվածության հետ: Ինչքանով որ արվեստի հետ կապ ունեն, այ էտքան, երևի....

Հ.Գ.
Կատաղում եմ, երբ մեր երգիչներին կամ «էժանագին» դերասաններին արվեստագետների շարքին են դասում: Ավելի եմ կատաղում, երբ նրանք իրենք իրենց են այդպես կոչում` չհասկանալով, որ արվեստագիտությունը դիլետանտության կամ մշակույթային մուտանտության հետ կապ չունի:
Նույն խնդիրը նաև կա պրոդյուսերի մասնագիտության հարցում, երբ ամեն «մի լավ շարջապատով տղեն» իրեն անվանում ա պրոդյուսեր: Մի խոսքով....

Առաջին անգամ եմ գրում, եթե ինչ-որ թերությունների ու բացթողումների համար ներող եղեք: Չնայած ինչ եմ արդարանում. ամեն մեկն իր գրելու ձևն ունի:
ԱՌԱՅԺՄ....


forward