Ազիան'-ի ավատարը

image
,,Հետք,, 13 մայիսի

«Համարյա թե բան ա եղել, էլ բանը ոնց ա ըլնում, ըսենց ա ըլնում, որ բանը բանից անցնում պրծնում ա, դե համը հանել պետք չի էլի…»: Էսպես պատասխանեց արդեն այս նյութին վերնագիր դարձած ու թևավոր խոսքի ուժ ունեցող կատակախառն հարցիս, իմ ավտոմեխանիկ ընկերը, երբ նրան հարցմունքեցի` տեսնելով անգոհունակ, թթվածախառը դեմքով: Նրա դժգոհության արտահայտության որոշ վերծանություններ դեռ տեղ կգտնեն հոդվածում: Ուղղակի նրա մտահոգությունը ինձ էլ փոխանցվեց, քանի որ ես էլ եմ հաճախ մտածել, ինչ-որ անում են այստեղ մեր արտիստները, հեռու է իսկական արվեստի էթիկայից:

Դեռ ոչ հեռավոր սովետական անցյալում, իսկական երազանք էր արտասահման, այն էլ կապիտալիստական երկիր մեկնելը: Մեկը մեկին երանի էր տալիս, ում հաջողվում էր ճեղքել երկաթյա վարագույրն ու անգամ ամենակարճ ժամանակով շրջագայության մեկնել:

Ամենահաջողակները մշակութային խմբերն էին, ում հաջողվում էր դուրս գալ Հայաստանից ու իրենց արվեստը ներկայացնել արտասահմանում: Դա նրանց հաջողվում էր, պարի պետական համույթ վառ օրինակ է: Մարդիկ քրտնաջան պարապում, նոր մտահաղացումներով թարմացնում էին իրենց խոհանոցային արտադրանքը, երկրի պատվի հարցն էլ մի կողմից կար: Անխտիր բոլոր խմբերն ու անհատները նոր ասելիքով էին ներկայանում իրենց արտասահմանցի հանդիսատեսներին: Բեմի վարպետները վարձատրվում էին (խոսքը նյութականի մասին չէ: Բոլորին է հայտնի նրանց չնչին ամսավճարը), արժանանալով հանդիսատեսի բարյացկամ, հիացական վերաբերմունքին, ծափողջյուններին ու որ ամենակարևորն է «հրաժեշտ» կրկին տեսնվելու փափագով:

Փոխվեցին ժամանակները, վարպետներին փոխարինելու եկավ նոր սերնդի աստղեր ու աստղուհիները: Արտասահման համերգների մեկնելն էլ դարձավ հալած յուղ: Ինչպես ավտոմեխանիկ ընկերս բանաստեղծորեն մտաբերեց. «Առաջ Մոհամեդն էր գնում սարի մոտ, հիմա սարն է մոտ եկել: է’հ, երբ պակասում է մեր աստղերի գրպանի փողը, դողում է նրանց տակի հողը ու վազում են արտասահման, այն վաստակելու, դեպի ի հայ համայնքն ընդառաջ…:

Ընդհատելով ընկերոջս խոսքը` ավելացնեմ,որ բարձրակարգ արտիստների այստեղ սպասում են ու այն էլ ինչպես: Բայց ներկայանալ է պետք հավուր պատշաճի, պատասխանատվության զգացումով: Չէ՞ որ շուկայական հարաբերություններում պահանջարկն ու առաջարկը պետք է համահունչ լինեն, համապատասխանեն միմյանց, սա բացառություն չպիտի լինի շոու բիզնեսի համար: Իմ ավտոմեխանիկ ընկերը և էլի շատերը մեղմ ասած դժգոհ ու հիասթափված են: Ո՞րն է պատճառը, Ինչո՞ւ:

-Ես ինձ խաբված, նաև փոքր-ինչ անարգված եմ զգում, և ոչ միայն ես,-ասում է նա: -Այս ասպարեզում համատարած խաբեություն է: Սա վերաբերվում է մեզ մոտ այցելող գրեթե բոլոր խմբերին: Տպավորություն է ստեղծվում, կարծես թե նրանք այստեղ են այցելում ոչ թե բարձրարժեք արվեստ մատուցելու, այլ դրամ կորզելու…:

Կազմակերպչական հարցերն էլ մի կողմում են ստվերում մնացել, պրոդյուսերները գործարքի մեջ են մտնում գործից անտեղյակ տեղաբնակ ազգակիցների հետ,ավելի ճիշտ հակառակը,վերջիններս են համույթներին ու անհատներին իրենց շահույթից դրդված հրավիրում այստեղ` վարձելով էժան, անհարմարավետ ու անհրապույր դահլիճներ, իսկ պրոդյուսերները, հաշվի չառնելով իրենց իմիջը (եթե կա), համաձայնում են: Արման Հովհաննիսյանի համերգին գնված տոմսերի դիմաց մարդիկ կանգնած էին մնացել, շատերն, այդ թվում մի հոլանդացի ընտանիք, ետ տվեց գնված տոմսերն ու հուսալքված ետ վերադարձավ:

-Սա դեռ լավագույն դեպքն էր, գոնե հետագայում իր երգերի լավ կատարմամբ Արմանը կոմպենսացրեց անհարմարությունները, վերջում էլ լուսանկարվեց իրեն երկրպագողների հետ: Հակառակ դեպքերն ավելի շատ են,-պատմում է ավտոմեխանիկ Մինասը: -Ավելի հաճախ գործ ենք ունենում ուղղակի հանպատրաստի կատարումների հետ, մատուցվում են արդեն հեռուստատեսությամբ բազմիցս ցուցադրված համարներ, շատ երգեր մատուցվում են ֆանագրամայով, ու դրան գումարած կազմակերպչական անհարմարությունները:
Ցավալին նաև ստելն է: Ասեմ. Օրինակ, ակնհայտ է, զգում ես, որ երգը կատարվում է ոչ կենդանի ձայնով, հետո ձևացնում են, որ մաքուր են կատարել: Կոնկրետ չեմ ուզում նշել նրանց անունները:

Վերջերս Հոլանդիա մեզ մոտ էր եկել «Յոթուկեսը»: Հեռուստատեսությամբ գովազդը տեսնելուց հետո երեխաներս շատ համոզեցին, պնդելով, որ սա նման չի լինի նախորդներին ու կրկնություն չի լինի: Անսացի նրանց ցանկությանը: Զոքանչս էլ մի կողմից ոգևորվեց, էլ մերժելու լիմիտ չմնաց, մտածեցի կգնանք լիաթոք կծիծաղենք ու երգիչների (ոչ բոլորի-ծ.հ.) երբևէ դիտած անմակարդակ, տաղտկալի ելույթները կմոռանանք: Պատվիրեցի 5 տոմս, յուրաքանչյուրը 45 եվրո արժողությամբ, լիցքավորեցի մեքենաս 520 կմ գնալու և ետ վերադառնալու համար, քանի որ ապրում ենք ծայրամասային պրովինցիայում: Ընդհանուր արժեքն առանց սննդի ծախսերի կազմեց 330 եւրո, որն համարժեք է մոտավորապես 500 դոլարին: Դե սա բարձր տրամադրություն ունենալու համար համապատասխան գումար է:

Բայց կրկին հիասթափություն, դերասաններին, որոնց սիրում էինք, նոր բան ասել չհաջողվեց: Բեմ էին ելել առանց ասելիքի, հնի անհաջող կրկնությամբ: Սկզբում զոքանչիս` տիկին Ռոզային թվաց, թե սա Մենչի հերթական բլեֆն է, հետո էլ հույսեր փայփայեց, թե դեռատի թուռնուհիների հետ նրանց հետ գոնե կլուսանկարվի:
Բայց նրա այս երազանքն էլ օճառի պղպջակների պես պայթեց, երբ բախվեց թիկնապահ «Սերոժներին»: Նրանց կարգադրված էր ոչ մեկին մոտ չթողնել: Ու այսպես, եղած տրամադրություններս էլ պոպոքի պես փչվեց: Գլխիկոր, ասես ֆուտբոլի Հայաստանի հավաքականն էր պարտվել, թողեցինք դահլիճը: Ճանապարհին, երեխաները լուռ էին, ես մտովի պրպտում էի Մենչի,Մկոյի, Դաժանիկի «կեսի» և մյուսների հեռուստատեսային հաղորդումների լավագույն դրվագները ու ինձ հարց տալիս` մի՞թե ասելու բան այստեղ նրանք չունեին, հապա ինչու՞ էին եկել` ցուցադրելու՞ իրենց ֆիզիկական ներկայությունը, այդ ժամանակ գոնե չմերժեին լուսանկարվելու բազմաթիվ խնդրանքները:

Մտածում էի, որ սա երևի մեր վերջին ներկայությունն էր «կենդանի» համերգի: Հա, քիչ էր մնում մոռանայի, վերջում Եվա Ռիվասն էլ երգեց:

Դժբախտաբար ասվածին ավելացնելու բան չկա, քանի որ սա համապատասխանում է համընդհանուր կարծիքներինին: Այնուամենայնիվ, լավատես պետք է լինել: Հոլանդիայում և Բելգիայում սպասված հյուրեր են նրանք, ովքեր նոր խոսք ու թարմ ասելիք կունենան, իրենց գործին կվերաբերվեն պրոֆեսիոնալի պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ, բարի համբավը վերականգնել է պետք: Վերջում կարելի է խոստովանել,որ «բան ա եղել», բայց հուսով ենք` բանը բանից չի անցել:
http://hetq.am/am/diaspora/amatuni/#more-31865

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


forward