«ՀՈՏԱԾ» ՄՏՔԵՐՍ
Կուզեի լինել հմուտ մի վարպետ,
Իմ գործի գիտակ,
Եվ իմ գործից դուրս լրիվ անգիտակ.
Գործը` ամեն ինչ, գործից դուրս` ոչինչ…
Ասենք մի քարտաշ ու կամ էլ պատշար,
Բայց ոչ «գրաշար»:
Քարի ցեխի հետ թող կյանքս տաշվեր,
Ձեռքերս մաշվեր,
Բայց ոչ ուղեղս այսպես «թրաշվեր»,
Միտքս «տալաշվեր»…
«Պատշարը բարդ է, քարտաշը զարդ է…
Քեզ համար շատ է»:
Դե, որ այդպես է,
Թող որ լինեի գոնե աղբատար,
Թող ողջ կյանքիցս աղբի հոտը գար,
Միայն գլխումս մտքից հոտ չգար,
Միտքն իրեն «թթված», ավելորդ չզգար:
Ի՞նչ, սա էլ շատ է…
Այդ դեպքում թող որ ուղեղս փտի,
Գլուխս հոտի,
Ու միտքն իմ ճիշտ մի կկվի նման
Իր բույնը լքի,
Ուրիշ բույն փնտրի:
11.03.09
«ԾԵԾՎԱԾ»ՀՈՒՅՍԸ
Ճեղքվածքը մեծ է, փոսը դարավոր,
Երազը մարդու մնացել մոլոր,
Դեղ ու ցավի մեջ վիհ է ահավոր
Հոգին դարձել է վիշտ ցավագլոր:
Հուսներս նորից նա, էլի նա՛ է,
Աչքներս նորից երկնի՛ վրա է.
Երբ պիտի երկնի, երբ պիտի ճչա,
Երբ պիտի նորից նա լույս աշխարհ գա:
Հարց ենք տալիս մենք մեզ ու երկնքին.
«Ե՞րբ պիտի լցվի փոսն այդ ահագին...»
Նորից Հույսն է մեզ օգնության գալիս
Ու Հույսն է նորից պատասխան տալիս.
«Նա պետք է ճայթի ու պետք է ժայթքի,
Նա պետք է ծնվի ու պետք է ծաղկի,
Պետք է ոռոգի, պետք է նորոգի,
Պետք է անսահման հրաշքներ գործի…
Դուք միք վախենա, միք հուսահատվի,
Մոտ է ծննդյան ժամը սպասվածի,
Կգա վերջապես վերջը տանջանքի,
Դուք աղոթեք, որ հույսը չմարի»:
03.02.09
0 մեկնաբանություն
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)