Alik'-ի ավատարը

ԻՄ ՆԵՐՍՈՒՄ

Մաքուր, թափանց է ներսը իմ,
Կարող ես ամեն ինչ տեսնել,
Նույնիսկ թույլ և անզեն աչքերով
Կարող ես ամեն ինչ զննել…

Կարող ես տեսնել ինքդ քեզ,
Կարող ես հետդ խոսել,
Կարող ես գտնել քո կեսին
Եվ նույնիսկ հետը կիսվել:

Կարող ես գտնել քո վիշտը
Կարող ես քո ցավը տեսնել,
Կարող ես լսել հառաչդ
Ու կողքին հանգիստ նստել:

Կարող ես կշտամբել Կարոյին,
Մարոյի հորը՝ ցավակցել,
Կարող ես կարեկցել Սարոյին
Կամ էլ՝ մոր ողբը լսել:

Կարող ես տեսնել Անուշին
Հերարձակ, խելագար ու անէ,
Կարող ես խոսել Մարոյին`
Լացակում, վախեցած ու լուսե:

Կտեսնես նաև Սաքոյին
Չարքերից հոգնած, հալածված,
Ձայն կտա նա իր շներին,
Բայց չարքերն կգան ընդառաջ:

Կտեսնես նաև Գիքորին
Կլսես զառանցը նրա,
Մոտ կզգաս վերքը աշխարհի
Ու կընկնես քիթ- բերնի վրա…

Մաքուր է ու բաց ներսը իմ
Կարող ես հանգիստ ներս մտնել…
Բայց թող տուր, ուշքի եկ, մերձավոր,
Դժվար է այնտեղից դուրս ելնել:

07.11.09

ԼՍԻՐ ԻՆՁ

Ես չեմ ուզել և չեմ ուզում
Մսխել քո թանկ ժամանակը,
Բայց հավատա,
Երբեմն նաև կարևոր է
Ծակ թվացող պահպանակը…

Թե չէ, անսուրբ բոզերի մոտ`,
Ուր հարգի է «մերկությունը»,
Ժամանակ առ ժամանակ էլ
Պարտադիր է «լրբությունը»,
Ինձ հավատա, չնդունելի,
Տհաճ բան է սրբությունը…

Թե չես ուզում գլխիդ իջնի
Տմարդության մեծ մահակը,
Բայց չես ուզում լինել նաև
Նրա կռդած հպատակը,
Պիտի ցույց տաս,
Որ դու ես այն
Արդեն ծակված պահպանակը:

22.05.09

ՈՉԻՆՉ ՉԼԻՆԵՄ

Բարև եմ ասում ու հետս խոսում,
Ինքս ինձ մի քիչ մեծ մարդ եմ կարծում.
Փորձում եմ լինել ասենք դատավոր,
Կամ էլ ճանաչված մի մեծ մեղավոր,
Որի մասին են գրում թերթերը
Ու աղմկում են ԶԼՄ-ները:
Թղթակիցներ են գալիս ու գնում
Ինձ հետ շարունակ հանդիպում փնտրում…

Բայց, ասեմ որ սա երկար չի տևում,
Եվ գիտե՛ք ինչո՞ւ.
Գործին գիտակ չեն թղթակիցները,
Հիմար են նրանց տված հարցերը:

Մեկ էլ փորձում եմ բարեգործ լինել,
Որբերին օգնել, դպրոցներ սարգել,
Հիվանդներ բուժել, մեռնողին փրկել…

Բայց սա էլ էլի երկար չի տևում,
Այս մի մեռնողը ապրել չի ուզում.
Ասում եմ. «Ինչո՞ւ, ինչո՞ւ ես մեռնում»,
Ասում է. «Ձեզ հետ ապրել չեմ ուզում.
Ախար դուք մա՞րդ եք, որ մարդ էլ ուզի
Ձեր հետ միասին ու մեկտեղ ապրի»:
Չէ, դժվար դեպք է, չեմ կարողանում…

Դե լավ, իմացա,
Մի քիչ էլ փոձեմ օրենսդիր լինել,
Օրենքներ գրեմ ու պարտադրեմ:
Չէ, ինչ խոսք պիտի լավ օրենք գրեմ,
Պիտի բոլորի «սրտից ջուր խմեմ»…

Չէ, իմ գործը չի օրենք գրելը,
Երեսիս եկան «թուք ու մրերը»:
Այստեղ էլ շատ են դժգոհողները,
Ասում են. «Պարզ է բառապաշարը,
Դա հենց կլինի խախտման պատճառը...»:

...Հիմա ի՞նչ անեմ, հիմա ո՞վ լինեմ…
Ավելի լավ է բարևս չառնեմ:

11.03.09

ԽԵԼԱՌԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Նորից բեզարած նորից մոլոր եմ,
Նորից բարկացած ցավագլոր եմ,
Ուղեղս չկա, միտքս տկլոր է,
Նորից հուսահատ, նորից անզոր եմ…

..Էս մեծ շուկայում ես մենավոր եմ…

Շուրջս մարդիք են գույներով տարբեր,
Վխտում են շուրջս շատ «փերեզակներ»,
Գովազդ են անում, տալիս ու առնում,
Իսկ ես մնում եմ էլի տնավեր:

Էս խաչմերուկում այո, օտար եմ,
Վաճառքի համար հարմար բան չունեմ,
Կյանքս իհարկե ոչ մեկի պեք չէ,
Մտքերս էլ հին, իմաստազուրկ են…

Հանկարծ մի միտք է ուղեղս մտնում,
Ծափին է տալիս ուրախ թռվռում
«Գուցե քո հոգին հանես վաճառքի,
Դա շահաբեր է, հաստատ իմացի»:

Ու բղավում եմ ողջ կոկորդով մեկ.
«Ես հոգի ունեմ, հոգի եմ ծախում,
Թեթև է, էժան համ էլ որակով,
Գինը կխոսենք մենք սակարկելով:

Փորձել են նրան մի հազար անգամ,
Ժայռից կանգուն է այն միանգամայն,
Նույնիսկ անհամար ցավերով ճկված
Դեռ չի ընկճվել նա ոչ մի անգամ»:

Գալիս է ահա իմ հաճախորդը,
Հոգու միակ «լավ» ու «ճիշտ»գնորդը.
«Տեսնում եմ ես քո մաշված ապրանքը,
Եվ ի՞նչ գին ունի սրա վաճառքը»:

«Գինը անսովոր սակայն մատչելի,
Այն արժե կյանքից մի երկու տարի,
Այնպիսի տարի, որտեղ չլինի
Կարիք քծնանքի ու կարիք ստի:

Ոչ ցավ ոչ կսկիծ, ոչ արցունք ոչ լաթ,
Ոչ կռիվ ու դավ ոչ էլ որոգայթ,
Ուր չկա «ես»-ը, չկա «ամենա»-ն,
Ու չկա «մոլ»-ը, չկա այն «գերա»-ն:

Որտեղ որ մարդիք սիրում են իրար,
Չեն նայում իրար աչքով նենգադավ,
Ուր չկա կասկած ու չկա նախանձ,
Չկա երկմտանք ու չկա թախանձ:

Ես էլ այդ կյանքի փոշին եմ սրբում,
Փողոցն եմ ավլում, աղբն եմ հավաքում…
Վերջում էլ հոգիս քոնն է վերցրու,
Արածիս համար չեմ փոշմանելու»:

Երևի թանկ էր նշված արժեքը,
Իմ հաճախորդը ցույց տվեց մեջքը.
«Ո՞ւր եք շտապում, փոխենք արժեքը,
Թող լինի միայն ուզածիս կեսը...»:

Շրջվեց մի պահ «հոգի առնողը»,
Տեղի չտվեց նրա չար կողը,
Կամաց պրկվեց, մի բռունցք դարձավ,
Մատ տնկեց վրաս ու ... լուռ չքացավ:

...Խելառի հետ ո՞վ առևտուր կանի,
Սատանան անգամ գլուխ չի հանի…

Էլի բեզարած, էլի մոլոր եմ,
Էլի թևաթափ հուսալքոր եմ,
Վաճառքի համար հարմար բան չունեմ,
Մտքերս էլ սին հնամոլոր են…

26.02.09

ՀՈԳԵՎԱՐՔ

Հոգին իմ նորից հոգեվարքի մեջ
Գալար է տալիս, անզոր թպրտում,
Վշտի ու ցավի այս օվկիանի մեջ
Թեկուզ մի կաթիլ տոն է երազում:

Ելնեմ դուրս լողամ, մի քիչ հեռանամ,
Մի անկյուն գտնեմ մի քիչ մենանամ,
Դարդ ու ցավերս օղու մեջ թաթխեմ
Խաբեմ ինձ, գուցե քիչ թեթևանամ:

Ես դժբախտներից մի քիչ երջանիկ,
Այդ անկյունն ունեմ իմ սրտին մոտիկ,
Ելնեմ «դալմայի այգիներ» գնամ,
Այնտեղ եմ արել ես «տոտիկ-տոտիկ»:

Այնտեղ ես ծանոթ շատերը ունեմ,
Ինձ նման «անհոգ» ընկերներ ունեմ,
Որոնք ողջ օրը վերքեր են հողում,
Բայց վերքից էլի ախ պրծում չունեն:

Վաչոն է ահա, ինձ ավագ ընկեր,
Նստած է նա իր տնակի առջև,
Տնակից խռով մի հոտ է փչում
Եվ մի բողոք ճիչ թույլ արձագանքվում:

...Էս այգին պիտի սեփական տրվեր,
Պիտի Վաչոյի անունով գրվեր,
Բայց դե «Օրենքը» լավ քրքրեցին
Ու պայմանագիր մեջտեղ հանեցին:

«Բաղի մշակը պիտի մշակի,
Տիրելը նրա իսկի բանը չի,
Թե Վաչոն անգամ մի քիչ փող ունի,
Նույննէ, հողի իրավունք չունի»:

Պայմանագիր չէր, մի դուշմանագիր,
Դե արի սրա առաջը կանգնիր,
Նախկինում այստեղ «թաթարն» է տիրել,
«Թաթարին» է պետք սա վերագրել:

...Նստած է Վաչոն իր աթոռակին
«Շուշա» հայացքը ընկել է գետնին,
Մտքերը ցրիվ մտքերը ցնոր,
Ինքն իր հետ անհաշտ ու գլխին մոլոր:

Կապույտ շուրթերը դողում են կամաց,
Չգիտես ո՞ւմ է տեսնում իր դիմաց,
«Ուշու՞նց» է անում, հայհոյա՞նք թափում,
Թե՞ աղոթում է առ տեր աստված.

«Դե հիմա ասա ես ինչպե՞ս անեմ,
Էս դարդ ու ցավից ո՞նց գլուխ հանեմ,
Դիվանդ քանդվի այ տեր աստված
Մնացած ճամփես ինչո՞վ լույս անեմ...»:

...Մեծ որդին վաղուց արդեն տանը չէր,
«Չվել» էր երկրից, աշխատանք չուներ,
Բայց «ձեռքը էլի բերնին չի հասնում»,
Կամ էլ հոր մասին հեչ չի մտածում:

Միջնեկը ելավ գողություն արեց,
Մի քանի փալաս-փուլուս վաճառեց,…
«Բռնել» են հիմա, բանտում է «նստած»,
Վաչոյին թողեց լրիվ շիվարած:

Չէ, դե մեզ համար մի դարդը քիչ է,
Մի դարդն ի՞նչ է որ, ասես ոչինչ է,
Մի թթու վարունգ, մի բաժակ օղի
Կշողա հույսը տեսքով խաղողի:

Վաչոյի նման սարի պես մարդուն
Մի դարդն ի՞նչ է, որ գետին տապալի.
Դե դավդ նյութի, որոգայթ լարի
Ով վիժվածք դաժան ճակատագրի:

Փոքր որդուն էլ էս մոտ անցյալում
Հողին է հանձնել, դրել մոր գրկում…

Վերջին ցույցերի զոհն էր դարձել.
Վաղ առավոտյան, քնով էր անցել,
Խուժան թաթարի պղծված արյամբ
Ինչ որ տխմարի հարված էր հասել:

Ասա ո՞ւր էիր ախ «քիթդ խոթել»,
Երկու վայրենու արանքը մտել,
Ախար քեզ ինչ թե ո՞վ պիտի իշխի
Քոնը Վաչոն էր ու փոքր այգի…

Չէ, Վաչոյի մոտ «բալքիմ» չգնամ,
Թե չէ, վերքերս կանեմ ես աղցան…
Բայց ո՞ւմ մոտ գնամ, որ դարդ չունենա.
Մացո… Համբո...չէ, հա, Հակոբը կա:

Ճիշտ է Հակոբն էլ քիչ ցավեր չունի,
Բայց խելքը արդեն «ետ տված ունի»,
Այնպես որ նա ինձ շատ հարմար կգա
Հիմա նրանից անդարդ մարդ չկա…

25.02.09

ՆՈՐԻՑ

Նորից գարուն է գալիս
Կհալվի ձյունը,
Մեզ հյուր եկած հավքը
Կսարքի իր բույնը,
Չոփ ու խոտը կտցին
Այս ու այն կողմ կանի
Ու մի քիչ էլ չանցած
Բնում ձու կհանի…

Կյանքը կանգ չի առնի,
Չի փոխվի ընթացքը,
Նոր հոտ չի առնելու
Երբեք մեր քթանցքը,
Ոչ մեկ չի զորելու
Լինել հուսո կայծը
Ու խմբովի նորից
Կուլ ենք տալու խայծը:

...Առավոտը նորից
Իմ սենյակն է մտել,
Էլի ինձնից փոշման
Տեղից վեր եմ կացել…
Ինձ վրա եմ զգում
Անցողաց հայացքը,
Պետք է ինչ որ կերպով
Խախտեմ այս լուսանցքը…

22.02.10

ԼՔՎԱԾ ՀՈՒՇԵՐՍ

Հուշերիս լքված ավերակներում
Թմբիրն է տիրում կես քուն կես արթուն,
Ու մոռացության գորշ ամպի տակից
Ակունք է առնում մի մենակություն…

Հիվանդ մի քամի քայլել է փորձում
Փոշու քարացած ամպերի միջով,
Բայց ոտքը քարին առածի նման
Քեփլթում է ու փլվում հոգոցով:

Աղոտ մի լույս է մլմլում համառ
Ճեղքելով թանձր մոռացությունը,
Ու վաղուց արդեն դժգույն մի պատկեր
Սպառում է իր խուլ գոյությունը:

Ստվերներն են թափառում լռին
Ավեր ու ամա իմ հուշերի մեջ,
Դառը թմբիրից մերթ դուրս են լողում
Մերթ էլ ետ կորչում փոշու ամպի մեջ:

Անմարմին ու մունջ չքնաղ մի երազ
Նախատում է ինձ իր թաց աչքերով,
Եվ թեկուզ թմրա՛ծ զգում եմ էլի,
Թե ոնց է սիրտս մխկտում ցավով:

Տեսիլք է լինում մի պատանեկիկ,
Նրա աչքերում կյանքն ինքն է ցողվում,
Իսկ հոգու անափ, անբիծ ծովի մեջ
Ողջ տիեզերքն է անարգելք լողում:

Քամին բերնիվայր զարկվում է գետնին,
Ստվերներն էլի չքանում են լուռ,
Խուլ դղրդում են ամպերը փոշու
Տեղալով գլխիս թե ցավ թե մրմուռ:

...Հուշերիս լքված ավերակներին
Իշխում է անզոր իմ թուլությունը,
Ու մոռացումի գորշ ամպի ներքո
Լուռ լճանում է միայնությունը…

26.08.09

ԻՆՉՈ՞Ւ...ԹՄԲԻՐԸ

Ի՞նչ ասեմ ինձ հայհոյողին
Բերանին ինչպե՞ս ես գամ,
Ի՞նչ անեմ ինձ պարսավողին
Ախ գլխին ինչո՞վ ես տամ…

Ինչո՞ւ եմ սիրում «թմբիրը»,
Ինչո՞ւ եմ տրվում նրան,
Ինչո՞ւ եմ ընտրում «խումարը»
Ու դեռ մի բան էլ վրան:

Դատում են, փետում են, քարկոծում,
Տալիս են գազանի բերան,
Վանում են, զզվում են, ճզմում
Երբեմն էլ սրանից վերան:

Օրենքից մենք դուրս ենք, խորթ ենք,
Չունենք իրավունք ու պաշտպան,
Հեռանում են, լքում, վռնդում,
Համարում են նույնիսկ դավաճան:

Թքում են, մրում են պարսավում,
Կարծում են ամենից նվաստ,
Թաղում են հանում են սևացնում…
Ախ ի՞նչ ենք արել մենք նրանց:

...Ինչո՞ւ թողեցի լուրջ կյանքը,
Ինչո՞ւ վանեցի ես այն,
Ինչո՞ւ զգալով թմբիրը
Հապճեպ մերվեցի նրան…

Ո՞ւմ ասեմ, ո՞նց ասեմ ու ինչպե՚ս
Որ բեռ է իմ կյանքը ինձ համար,
Իմ վիշտը, քո ցավը, նրա դարդը…
Ազնիվ խոսք շատ է ինձ համար:

Վարկյանը ախ ժամ է ինձ թվում,
Ժամն կարծես չի անցնում երբեք,
Իսկ օրը տարի է թվում
Տարին էլ չունի եզերք:

Երբ է ախ գալու իմ ժամը,
Որ ձեզ ես լքեմ, հեռանամ,
Չտեսնեմ մեր վատը, արատը
Ու ցավից ես այսպես չոռնամ…

17.10.09

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ՉՏԵՍՆԵԼ

Սենյակում դառը թախծի մի հոտ կար,
Վառված հացի թույլ մի խանձահոտ կար,
Անկյունում դրված փոքրիկ վառարան
Ու արդեն ցնդող թեթև մի գոլ կար…

Թախիծը «ցրող չոչող» մի բալիկ
Փնտրում էր անվերջ ինչ որ խաղալիք,
Սև աչուկներով օգնության կանչում
Ու ձայն էր տալիս մայրիկ հա մայրիկ…

...Իսկ մանկահասակ կնոջ աչքերը
Փորձում էին ավլել թախծի հետքերը…

Հույսը գալարվում, տալիս էր ալիք,
Փորձում էր կարդալ էջերը գալիք,
Իսկ վառարանում վառվել էր արդեն
Վաղուց կոտրված մի հին խաղալիք…

30.04.09

«ԱՄՈՒԼՆ» ՊԱՐԳԵՎ

Թաքնված մարդուց, մարդանմանից,
Փորձում եմ գրկել խավարն անթափանց,
Որ ոչ ես տեսնեմ, ոչ էլ ինձ տեսնեն
Երևույթները գռեհկաթափանց:

Մաշված է հոգիս ու կարկտահար,
Ցավի մի ծով է քարկոծ ու անտակ,
Ու միտք եմ անում. «Ո՞ւմ ոտն եմ կոխել,
Որ ինձ տվեցին այսպես քարատակ»:

Բողոքս նորից դեպ Քեզ եմ ուղղում
Քանզի չկա մեկն այս մեծ աշխարհում,
Որ լսի մարդուս հառաչը ներսի
Ու մի հրաշքով տա ապաքինում:

Տգիտությունն է մարտնչում այլուր,
Նա գիտի ինչպե՞ս պետք է մաքառել.
Ու հարցս նորից ես Քեզ եմ ուղղում.
«Արդյո՞ք վերջնական չի հաղթանակել»…

*************
Փոթորկից հետո, հողմից հալածված
Թեթև ու փխրուն խատուտի նման,
Իմ ծվեններն են ցաք-ցրիվ եղել
Աշխարհի տարբեր մայթերի վրա:

Ես էլ մասնատված ու ծվեն-ծվեն
Ինձ արդեն քամու խնամքին հանձնել,
Նրա հետ շրջում, ամեն ինչ տեսնում
Ու կարող եմ ձեզ ամեն ինչ պատմել:

Երբ առավոտյան ծագող արևը
Քնքուշ շոյելով արթնեցնում է ձեզ,
Բացեք լուսամուտն ննջասենյակի
Ու ես օդի հետ կթափանցեմ ներս:

Առանց թերթերի, առանց լուրերի,
Որոնք միշտ սուտ են ծամում ու ծախում,
Լրիվ անվճար կպատմեմ ես ձեզ,
Թե գիշերն այսօր ինչո՞ւ էր տխրում.

Լուսինն այս գիշեր երկնքից թաքուն
Իր խեղճ քրոջ մոտ այցի էր եկել,
Մի մեծ թաշկինակ կողքից կախ արած
Հոգիների թաց օվկիանն էր մտել:

Աստղիկն գաղտնիքը բացել էր իսկույն
Ու նրան շտապ ետ էին կանչել,
Բայց նա չանսալով երկնքի ձայնին
Ողջ գիշեր Երկրում արցունք էր հեղել:

Օվկիանն հուզված, ավել շունչ առած
Ափերից հանկարծ դուրս գալ էր փորձել,
Բայց հլու իր մոր թախանձանքներին
Նորից կծկվել իր տեղն էր առել:

«Գարունը արդեն գարնան նման չի...»,
Սրա համար էր Երկիրը տխրում,
Ու քույրն էլ նրա խոր կարեկցանքով
Սգացող քրոջ մեծ վիշտն էր կիսում:

«Դաշտը անծաղիկ, ծառը անպտուղ,
Անթիվ տներ են անտեր մնացել,
Աղբյուրներն մաքուր ու անապական
Պղծվել են լրիվ կամ էլ չորացել:

Բարին շիվար է, չարն է պար բռնել
Ու խաղում է իր չար խաղը մոլի,
Երբեմնի կանաչ իմ տունը բերրի
Դարձել է այսօր դժոխքին գերի:

Որդիքս շատ են ագահ, ընչաքաղց,
Մի մութ շղարշ է ուղեղներն պատել,
Դժոխքի բեմին պար գալու համար
Իրար հրելով հերթի են կանգնել...»:

Սգում է մայրը, ինչպե՞ս չցավի,
Ո՞ր մատը կտրես, որ արյուն չգա,
Ում հերթն էլ հասնի, ով էլ բեմ ելնի,
Մոր հոգին ցավից գալարներ կտա:

Ողջ գիշեր քույրերն արցունք թափեցին,
Օվկիանը դարձավ արցունքի մերան,
Բայց հարցը նրանց. «Ինչքա՞ն կտևի...»,
Այդպես էլ մնաց առանց պատասխան…

...Եվ երբ հեռացավ Լուսինը ճերմակ
Վշտից հոգեցունց ու արցունքաքամ,
Առաջին անգամ մտքովը անցավ,
Որ ամուլ լինելն պարգև է անգամ…

16.05.09

ԼԱՎ Է ՉԱՊՐԵԼ

Թե մենք հիմա
Թափառական մի շան նման,
Պիտի փնտրենք
Մի անշուն բակ կամ էլ հիմնարկ,
Եվ պոչներս ետև տարած
Դողդողալով, գլուխ տալով,
Խոնարհվելով «տեղավորվենք»,
Մեկ-մեկ հաչենք, պոչ խաղացնենք,
Դուր գալ փորձենք,`
Որ մի կտոր
Չոր ոսկորի համը հիշենք…
Ուրեմն ասեմ.
Այդպես ապրելն
Ինքն իրենով բանի պետք չէ,
Իրեն հարգող
Ադամորդուն հեչ վայել չէ,
Գոյը քարշ տալ մի շան նման`
Մեզ «հաիլ» չէ…

Ու այդպիսի կյանքից կառչե՞լ,
Համառորեն լուռջ մարտնչե՞լ.

Քեզ նմանին «ատամ ցույց տալ»
Կամ կլանչե՞լ,
Ոնց բանսարկու
Չարախոսել ու նախանձե՞լ,
Բերանիցդ
Ջուր գնալով, սիրտ մաշելով,
«Մյուսների»
Մսակույտին քաղցած նայել,
Բայց քեզ պեսի
Չոր ոսկորի’ն նախանձ տածե՞լ…

Համարում եք
Արժանավո՞ր մարդու որդուն,
Սա՞ է դարը
Երազավոր ադամորդուն…

Ո՞ւմ բողոքենք, նորից աստծո՞ւն.
Գուցե փոխի՞ որոշումը,
Վերանայի իր ստեղծածի
Էությունն ու բնությունը…

17.05.09

«ՄԱՀՎԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»

Դժոխքի քենոտ դարպասների մոտ,
Հերթափոխն հանձնած չարքն մտամոլոր,
Գլուխը առած սև թաթերի մեջ
Չգիտես թե ում հղում էր բողոք.

Դուրս չի գալիս գործս անողոք,
Այլ գործ էլ չկա սրանից բարվոք,
Գարշում եմ արդեն այս տեսարանից
Ինչպե՞ս ազատվեմ ախար սրանից:

«Մի՞թե ընտրության իրավունք չունեմ,
Որ չարք եմ ծնվել միայն սա՞ ունեմ,
Այստեղ եմ արդեն մի հավերժություն
Ու չեմ ճաշակել ոչ մի գոհություն:

Միշտ նույն ճիչերն են ու նույն ոռնոցը,
Ծաղրող կռինչը, նույն հռհռոցը,
Այրող կրակը, ճանկռոտող օդը,
Եվ այդ օդի մեջ` անխնա տոթը:

Ինճո՞ւ է ձգում մարդուն դժոխքը,
Ինչո՞ւ է մեղքը միշտ նրա կողքը,
Ինչո՞վ է խաբում, ո՞նց է համոզում
Եվ մարդը իրո՞ք միշտ հեշտ է տրվում:

Անցնում էի մի օր դրախտի կողքով
Ու սիրտս թնդաց անծանոթ զարկով…
Այնտեղ աղբյուրը կաթով էր բուրում
Ու դեմքն էր քո եթերը շոյում:

Մարդուց այդպես էլ գլուխ չհանեցի,
Լավ ու վատի մեջ միշտ վատն է ընտրում,
Ակնթարաի ու տևականի մեջ
Առաջինն է միշտ էլ նախընտրում:

Որքան ուզում ես կոկորդդ պատռիր,
Ինչով ուզում ես նրան վախեցրու,
Անհոգ թվացող մեկ պահի համար
Պատրաստ է անգամ «հավերժն» զոհելու:

Ես չարք եմ ծնվել, կոչումիս գերի,
Միշտ պիտի պատժեմ սատանավարի,
Մարդուն`կատարած մեղքերի համար,
Պատիժ պիտ գտնեմ արդար ու հարմար:

Դե գործս ինչ խոսք, հեչ սրտովս չի,
Բայց մարդ ծնվելուց լավ է ու բարի,
Թե չէ’, ինքս էլ, ոնց էլ ապրեի
Դժոխքի ճամփեն պիտի ընտրեի:

Բայց երբ իմ փոքրիկ չոր ու չար գանգով
Ես միտք եմ անում հարգով ու կարգով,
Մարդուն մեղավոր այդքան չեմ տեսնում,
Կյանքն է դժոխքի միջով անց կենում:

Աշխարհն ավելի քան անարդար է,
Անմեղք ապրելը դա անհնար է,
Իսկ թե ինքնակամ վերջ դնես կյանքիդ
Նունն է «խարանն» առնես ճակատիդ:

Ի՞նչ անի մարդը, ո՞ր կողմով սողա,
Ո՞ր ծակը մտնի, ինչպե՞ս դողդողա,
Հետապնդում է մեղքը հևիհև,
Մահն էլ շատ հաճախ դիտվում է պարգև:

Դե արի խղճուկ, արի դիմացիր,
Այդպես անապրել մահվան սպասիր,
Սա էլ երբեմն այնքան ուշանում,`
Որ մարդը իրոք էլ չի դիմանում:

Այ, հենց երեկվա (խեղճ ու կրակը),
Շատ էր հոգնեցրել նրան այդ կյանքը,
Փորձել էր մեղքի կծիկից խույս տալ
Ու կատարել էր էլ բեթար սխալ…

Իրոք, խղճում եմ ես ադամորդուն,
Ի՞նչ է, որ չարք եմ չունե՞մ «մարդկություն»…
Թե ինձնով լիներ, ինձ անեին հարցմունք,
Կտայի մարդուն մահվան իրավունք...»:

16.06.09

ԵՐՆԵԿ ՆՐԱՆՑ

Ո՞վ կարող է չմտածել
Ցավի մասին անողոք,
Ապրել նրա հետ միասին
Ու չունենալ մի բողոք:

Խելագարը ցավ չի զգում,
Այսպես գիտեն շատերը,
Ես կուզեի լինել հենց նա,
Թքած իմ լուրջ խոհերը:

Թոհ ու բոհից հեռու լինել,
Խնայել իմ նյարդերը,
Ուտել, խմել, չմտածել
Ինչպես հիմա շատերը:

Ես երևի խելագար եմ,
Բայց սա գիտեն քչերը,
Իմ վերքն իրոք ես չեմ զգում,
Տանջում են այլոց ցավերը…

Փողոց ավլող այն ծեր կինը,
Որը կաղին է տալիս,
Իմ գլխի մեջ փոշի անում
Սիրտս կրակ է տալիս:

Բեռով ճկված այն տիկինը
Հոգնած հոգոց է հանում,
Հոգոցի հետ իմ ուղեղին
Այրող մի բոց է հասնում:

Ակնոցավոր այն ծերուկի
Ձեռքին կոշտուկ է եղել,
Այդ կոշտուկը իմ հոգու մեջ
Ցավի մի վիհ է պեղել:

Ինչ որ ծնող իր բալիկին
Քաղցրավենիք չի առնում,
Փոքրիկի տեղն ես եմ լալիս
Ծնողի տեղն մրմռում:

Հարկադրված բաժանվել են
Սիրահարված զույգերը,
Հոգիս դրանից խենթ է կտրում
Մաշում «անջուր քարերը»:

Այն սև հագած ջահել այրին
Ախ, խփում է ինձ հենց քարին,
Անհայրացած այն պատանին
Դաղու է ինձ կլոր տարին:

Մտքիցս հեչ դուրս չի գալիս
Աղքատ հագած այն աղջիկը,
Ու իմ աչքից չի հեռանում
Ինչ որ մեկի ծակ կոշիկը…

Ինչպես չասեմ երնեկ նրանց
Ովքեր գիժ չեն ինձ նման,
Ովքեր սառն են ուրիշ ցավին
Ինչպես ընկած մի գերան:

Խելագարն էլ պիտի կյանքում
Բախտ ունենա, հավատա,
Լինել ինձ պես պատժված գիժ
Ոչ մեկիդ չեմ կամենա:

25.07.09

ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ

Նա ասում է. «Գույներ ունի առավոտը»,
Ասում է թե. «Գույներն ունեն իրենց հոտը»…
Հավատում եմ… Բայց տխմարի ինչի՞ն է պետք,
Որ տարբերի բյուր հոտերից մարդահոտը:
Նրան պետք չէ: Նույիսկ խորթ է:
Դա պետք է մեզ...բայց և այնպես
Ես չեմ առնում մեզ բավարար,
Այդքան շատ պետք մարդահոտը…
Նրան լսեմ կհոտոտեմ և աքլորին
Ու կպնդեմ,
Որ աքլորն էլ բացի գլուխ և ուղեղից
Ձեռքեր ունի,
Եվ, որ նա էլ
Հավերի հետ թև թևանցուկ
Այցելում է ծեր աղվեսին…
Այ հանելուկ:
Գուցե գիժ եմ կամ խելագար,
Թոկից փախած մի մոլագար…
Փնտրում եմ ես
Ցավոք սրտի չեղած,
Որ չերևամ ոմանց աչքին
Ծույլ ու անբան:
Չեմ զարմանա, եթե մի օր
Ես ինձ բռնեմ մեծ հանցանքում…
Թե կարող է դոդը լինել
Ասենք ճարպիկ,
Ապա ինչո՞ւ ես չեմ կարող
Լինել մարզիկ,
Կամ էլ տխմար,
Կամ մի խշմար,
Որը ունի թեկուզ կոչում,
Բայց չի հաչում…
Դա հերիք չէ հաչողից է
Հեռու փախչում:
Չէ, ես իրոք չեմ զարմանա,
Եթե վաղը իմ տեղն բռնեմ դատարանում,
Ու չիմանամ թե ինչո՞ւմ եմ մեղադրվում:
Դատավորը ինձ կկոչի անբաստանյալ.
Նրա հարցին, թե ես իրոք
Ճանաչում եմ ինձ մեղավոր,
Պիտի ասեմ.
Մեղք մի գործիր.
Առանց այս էլ քո վիճակը լրջից լուրջ է,
Մեզ հետևող շեկ «պարեկը» աչալուրջ է,
Իսկ քո բանը հենց այն գլխից արդեն բուրդ է.
Որովհետև
Դատում ես միշտ անմեղներին,
Անմեղսունակ անխելքներին,
Հենց ինձ նման
Գոցե նաև քիչ անառակ,
Բայց ոչ երբեք մի ավազակ,
Կիսախելառ, վարքով թափառ,
Քիչ խելագար…
Բայց և այնպես`
Մարդամեծար հիվանդներին:
Պիտի ասեմ, բայց չգիտեմ
Կհասկանա դատավորը,
Ծալը պակաս պոչավորը:
Թե կկոծկի կաղապարը
Եվ կճառի արդեն ճառված,
Վաղոց արդեն բռնաբարված
Երկու բառը:
Թողնեմ դատը…
Փառք տեր աստծո,
Դեռ չեմ գործել այդ համցանքը,
Որը եթե այլ հարթություն տեղափոխենք
Կլինի զանցանք:
Դաժան ես կյանք,
Բռնում ես խեղճ մարդու «ճտքից»
Դես դեն անում,
Իրար նման երկու հոգու
Երկու տարբեր բաժին հանում:
Մեկը ձգի մյուսն օգտվի,
Մեկին լի կյանք մյուսին տանջանք,
Մեկին օրվա փորահացը,
Մյուսին տարվա նիստ ու կացը…
Չէ, անարդար, դաժան ես կյանք:
Օրենք չունեմ քեզ դատելու,
Բայց չասելու`,
Որ դու երեկ, նաև այսօր, գուցե վաղը,
Կաս, եղել ես ու կմնաս
Կճղակ մարդու մենախաղը
Ես չեմ կարող:
Դաժան ես կյանք,
Չես տվել մեզ ոչ մի պերճանք,
Ստացել ենք մենք քեզանից
Միայն զրկանք:
Չես խնայել,
Մինջև անգամ շռայլել ես
Դու մեզ համար շառ ու փորձանք:
Քո ի՞նչն ասեմ, ի՞նչն հայհոյեմ,
Որ իմ կրակ տված սիրտը
Քիչ հովացնեմ.
Ես քո լավը… Ես քո ցավը…
Ես քո բարին…
Որ դարերով խաբում ես ինձ նմաններին:
Հույս ես տալիս, մխիթարանք,
Որ դիմանալ կարողանանք:
Մենք էլ այսպես դիմանում ենք.
Ամեն ապտակ հանդուրժում ենք,
Ամեն ոտքի հարմարվում ենք,
Մեր վրայով ման եկողին`
Թուլությունից մենք ներում ենք:
Եվ կուլ տալով
Ամեն տեսակ վիրավորանք,
Զրկանք,
Տանջանք,
Մենք թրծվում ու կոփվում ենք:
Դառնում ենք քեզ համար կռվող
«Արհեստավարժ» երդվյալ զինվոր:
Որքան շատ ես մեզ նեղացնում
Այնքան ուժ ու կորով առնում,
Պայքարում ենք մենք քեզ համար,
Որ քեզ տեսնենք լայն ու հարմար,
Լուսից էլ լույս,
Արևից տաք ու հյուրընկալ:
Անխելք ես կյանք.
Փռվում ես դու նրանց առաջ,
Ովքեր չունեն ոչ մի հառաչ,
Իրենց ներսում ճիչ ու շառաչ,
Որոնց համար մի հարճ ես դու
Եվ ոչ սրտով սիրված սիրած:
Սա է պատճառն, որ մենք հաճախ,
Լինում ենք քեզնից վիրավորված,
Բայց մի քիչ անց,
Նորից երկար պոչդ բռնած
Կռվում ենք մենք լավիդ համար
Ու տանում ենք ամեն հարված:
Լավիդ համար ես կգործեմ
Ամեն հանցանք,
Ու կկրեմ ամեն զրկանք…
Միայն թե դու
Փեշդ բացես նրանց առաջ
Ովքեր լինեն
Համ քո տերդ համ քո ծառադ,
Ովքեր տանեն լուսդ անմար
Իրենց գլխից վերև պահած,
Համարելով այն սրբացած…
Անխելք ես կյանք…
Թողնենք դատ կյանք
Ու պարծենանք,
Որ մե’նք կյանքը
Չենք դարձրել երես ծեծանք,
Ու եթե նա ասում է, որ
Գույներ ունի առավոտը,
Եվ գույներն էլ
Ունեն իրենց հատուկ հոտը,
Ասենք. «Թող որ...միայն թե նա
Ծիածանից հեռու խաղա,
Իր երկանքը
Թող որ մեզնից հեռու աղա,
Իսկ երբ կուզի կանչել «մեղա»,
Ու երբ կուզի, որ արևը
Մեր գլխին էլ վառվի, շողա,
Մեր երդիկի ծուխն էլ մխա,
Թող անվարան ու համարձակ,
Իլուր համայն աշխարհների
Նա բղավի ու գոռգոռա,
Որ գույները հոտրց բացի
Ունեն իրենց
Յուրահատուկ ջերմությունը:
Եվ, որ մուրը շատ ավելի
Ջերմ է, բարի,
Քան թվում է:
Իսկ սպիտակը,
Այդ փափկասուն ճեր-ճերմակը
Միայն աչքը շոյել գիտի,
Ջերմությունը հեչ պետքը չի:
Ո՞րն է արդյոք նախընտրելի.
Սառցադաշտի ճերմակը ցուրտ
Թե՞, ջերմացնող վառարանի
Մուրը հրկեզ:
Եվ հենց այստեղ կասեմ ես ձեզ,
Որ երբեմն
Մարդն է լինում ողջ-ողջակեզ,
Ինքն է իրեն մատուցանում
Իբրև մի զոհ,
Որ ջերմացնի հազարավոր
Սառած սրտեր,
Կարծր մտքեր,
Եվ հոգիներ…
Ճերմակից էլ ավել ճերմակ
Մուրը նրա,
Թափանցում է մեր ներսն ամբողջ
Ու նստում է սրտի վրա,
Ավերում է` սառցադաշտը
Ու անում է տակն ու վրա…
Իսկ խանձահոտ հիշեցնող
Հոտը այդ սուր
Նետի նման խոցոտում է
Մեզ արբեցնող ու թմրեցնող
Խաբեյության բուրմունքը սուտ:
Ես գոռում եմ, ես գոչում եմ…
Դուք կարող եք և չլսել
Բարբաջանքը ոչնչության,
Կամ էլ, իրեն
Մեծ մարդ կարծող թշվառության,
Բայց դրանից չի փոխվելու
Իրար նման կամ էլ տարբեր
Առավոտվա գույները խիտ,
Եվ առավել չի փոխվելու
Գույնն ուղեկցող հոտը վտիտ,
Եվ ի վերջո չի փոխվելու
Գույնից պոկված ջերմությունը,
Որն կարող է
Բերել վերջը չիմացության:
Գուցե ոմանք
Չեն ընդունի սա հաճությամբ,
Որովհետև հենց այդ ոմանք
Թաքնված են
Շրջապատված մի ճոխությամբ,
Մի զեխությամբ,
Որին ուրիշ անուն տալիս,
Ուրիշ գույնով հանդես գալիս
Ու ձեռքի հետ կարկատում են
Վարագույրը չիմացության,
Ամրացնում են
Պատնեշը դեմ իմացության…
Եվ խառնում են
Արշալույսի գույներն այնպես,
Որ հոտ բուրմունք չտարբերես:
Եվ ցավալին այն է գիտե՞ս,
Որ դա նրանց
Գրեթե միշտ հաջողվում է:
Մեղք ես դու կյանք…
Քեզ խղճում եմ,
Քո վիճակի մեջ մտնում եմ:
Թույլ ես, անզոր, հասկանում եմ:
Քեզ քամում են, քեզ ծամում են,
Ունեցածդ թալանում են:
Սիրտդ խոցում,
վերքդ բացում,
Աչքդ թացում…
Ցավ ու դարդից չունես պրծում,
Չկա լուծում…
Քեզ սիրողը
Ոտքով գլխով կեղտի մեջ է,
Նրա բանը
Հենց էն գլխից արդեն վերջ է,
Գլուխն ծեծող չոր տարափը
Անընդմեջ է…
Եվ ինչքան էլ տագնապ զարկեմ,
Գոռամ գոչեմ,
Այդ խղճուկին օգնել փորձեմ
Միևնույնն է, բան դուրս չի գա…

01.12.09

ՀԱՄԲՈՅԻ «ԲԱԲՈՆ»

Այգու անկյունում կանգնած
Հողաշեն փոքրիկ մի տնակ,
Կողքից առուն է վազում
Զուլալ է, պարզ ու հստակ:

Տնակի փոքրիկ բակում
Ալարկոտ նստել է կատուն,
Իսկ մի շուն քաղցած աչքերով
Անվերջ դես ու դեն է նայում:

Տնակի ներսում չոր մի թախտ,
Որին պարկած է Համբոն,
Իսկ կողքի փոքրիկ աթոռին
Կուչ է եկել նրա ծեր «բաբոն»:

Մտքերի մեջ է նորից Համբոն.
Ապրելու ոչ մի ճար չունի,
Կուզեր ճիշտ, գետինը մտնել,
Ախ դրա էլ բախտը չունի…

«Ոչինչ, քիչ մնաց բալա,
Գարուն ա, կանաչը կ’ելնի,
Դու քիչ էլ համբերի բալա,
Ինձ մենակ չթողնես էլի...»:

01.02.09

ՀԱՐԳԱՐԺԱՆ ՄԱՐԴԻՔ

Դեռ չեմ գովա
Մեր պետական «քաջ այրերին»,
Աչք կկպնի, աչքով կտամ,
Առանց այդ էլ էս խեղճերը
Էդ «չար աչքից»
Ոտքով գլխով կեղտի մեջ են:
Հանգիստ թողնենք
Էս կեղտոտված պարոններին,
Ժամանակ տանք
Լվացվելու, մաքրվելու,
Աչքի հուլունք ձեռք բերելու…
Թե չե հանկարծ էդ վիճակում
Ժողովրդին ո՞նց երևան:

Իսկ մինջև այդ ես կգովամ
Մեր քաղաքի «քռչի շուկան»,
Որ շուկա չէ, այլ թանգարան:
Ասեմ, ոչ թե նմուշների անգնությամբ,
Ոչ թե այնտեղ ցուցադրվող հին-հնությամբ,
Այլ «գիդերի» անասելի իմացությամբ,
Էթիկայի կանոնների ճանաչությամբ:
Բուհ է կարծես, մի ինստիտուտ ոչ թե շուկա:
Մի ծանոթի լուրջ հավաստմամբ.
«Մենք կրթված շուկա ունենք
Ուրեմն էլ ի՞նչ ցավ դարդ ունենք»:

Ու լավ է, որ գովեմ նաև
Մեր շուկայի մայթին կանգնող,
Մանրուք ծախող «քոռ» Վանոյին:
Ասեմ ինչու.
Որովհետև հավաքարար
Մեր Լոսոյի վկայությամբ,
«Քոռ» Վանոյին «աչք չի կպնում»:
Ինչ էլ անես, ոնց նախանձես,
Վանոն էլի երեկոյան
Մի շիշ օղով քեֆ է սարգում,
Կենաց ասում.
«Ով աշխատածը չուտի չխմի,
Ուրիշի ջրաղացը իր ջուրը կանի»:
Լավ մարդ է Վանոն…
Գովեստի արժան:
Ինչո՞ւ չէ, նաև ես պիտի գովեմ
Էն ավել ծախող ,,քաչալ” Վաղոյին,
Ում կարգ պահպանող
Չար ոստիկանը ուր էլ վռնդի,
Միևնույնն է.
Օրվա ավարտին
Վաղոյի պարկը դատարկ է լինում,
Իսկ տոպրակի մեջ`
Մի կտոր պանիր,
Մի մատնաքաշ հաց,
Խառը կանաչին
Հաստատ է լինում:
Երևի նրան էլ ,,աչքը” չի կպնում:
Ճիշտ է չի խմում, բայց Վանոյի հետ
Երբեմն երկար զրույց է անում:
Չէ, շատ լավ մարդ է մեր ,,քաչալ” Վաղոն:

Դե ոնց հասկացաք մեր էս շուկայում
Գովելի մարդիք ինչքան կամենաք,
Շատ են, չափից դուրս…
Բայց ինձ կներեք,
Ես պիտի հիշեմ և «ժավել» Լյովին:
Հարցրեք ինչո՞ւ:
Հիմա ես կասեմ.
Որովհետև նա մահն էլ է հաղթել,
«Չար աչքը» նրան երբեք չի կպել,
Նույնիսկ կես լիտր ժավել է խմել,
Բայց ոնց տեսնում եք «գրող չի կպել»:
Օգնում է հիմա վաճառողներին,
Ապրանք է բան է,
Տանում է բերում
Ու ամեն մեկից մի-մի բան պոկում:
Չէ, լավ մարդիք են մեր էս շուկայում…

Դե, ի՞նչ եղան «պարոնները»…
Չէ, պատրաստ չեն,
Էդ խեղճերը իրականից
Ոտքով գլխով կեղտի մեջ են…

13.02.09

ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ
Զրույց «երթուղայինում»

_ Գիտե՞ս, հաճախ ինձ թվում է,
Որ պոետը խանգարում է,
Որ ամեն տեղ քիթը խոթում
Ու ամեն ինչ միշտ խառնում են:
Եթե երգեր սեր ու ծաղիկ
Հասկանում եմ…
Բայց պոետի ինչի՞ն է պետք,
Որ երգում է
Կռիվ-մարտիկ, զորք ու զինվոր,
Հաճախ նաև ` իշխանավոր…
Էլ չեմ ասում, որ շատ հաճախ
Գովերգում են բռնապետին,
Թոկից փախած էն «դեսպոտին»,
Ինքնակոչ ու միապետին:
Պոետը շատ լավ է խոսում,
Սիրու-սիրուն բաներ ասում,
Ժողովրդին հեշտ համոզում…
_ Ինձ թվում է,
Որ դու մի քիչ սխալվում ես,
Դու պոետի
Ինչ որ մեկի հետ խառնում ես:
Նրան պետք չեն
Բռնապետ ու «դեսպոտները»,
Պատերազմն ու կռիվները,
Շինծու, էժան հերոսները,
Քաղաքական ինտրինգները…
Եթե գովա,
Նա կգովա միայն վեհը,
Գեղեցիկն ու հավերժը…
Սեր, մայրություն, կյանք ու ծաղիկ…
Բայց պոետի
Բախտը միշտ չէ, որ բերում է,
Գովալու ժամ
Միշտ չէ ախար, որ լինում է:
Ինձ հիշելի ժամանակից
Պոետը միշտ հառաչում է,
Ափսոսում է ու լացում է,
Ժողովրդի
Ցավը սրտին հեծեծում է…
Քո ասածը թղթակիցն է,
Որ երբ ուզի մեծարում է,
Երբ էլ ուզի մրոտում է:
Նայած քամին ո՞ր կողմից է:
- Ասածս հա, թղթակցում է,
Բայց դե նաև բանաստեղծ է…
-Կա բանաստեղծ կա բառախեղդ:
- Իսկ դա ո՞վ է:
- Դե ձեր լեզվով դուք կասեյիք
Լեզվի ճարտար մարմնամարզիկ.
Չէ, հիմար չէ, «պարապած »է,
Խոսք ու բառին միշտ կապված է:
Շատ լավ գիտի թե ինչ գովա,
Ինչ մեծարի, ումից դողա,
Ում գլուխը ինչով աղա,
Ջրափոսից ո՞նց դուրս լողա…
Դե կարճ ասած, լպրծուն է,
Որտեղ ասես թպրտում է,
Եվ պոետ է և գրող է,
Պատերազմը գովերգող է…
Իսկ քեզ նման հիմարին էլ
Համոզող է,
Որ ինքը մեծ,
Որ ինքը վեհ մի պոետ է,
Ժողովրդի
Համ ու հոտին միշտ կարոտ է…
- Դե լավ, հանգիստ, մի բորբոքվիր,
Զրուցում ենք, հանգիստ խոսիր:
Ժողովրդի ի՞նչ մի ցավ է,
Որ պոետին խիստ հուզում է:
- Դե ո՞նց ասեմ, որ հասկանաս.
Ամեն մի մարդ
Մի ցավ ունի սրտի խորքում,
Ամեն մի մարդ
Ապրում է մի ողբերգություն:
Ամեն մի տուն ու մի անկյուն
Ունի իր մեջ մի վիշտ թաքուն,
Ամեն շերտ ու շերտավորում
Ունի արատ ու թերություն…
Ցավի համար
Խիստ պայման է ժամանակը,
Այն կարող է
Բազմապատկել այդ քանակը:
Ու պոետը մագնիսի պես
Այս ամենը հավաքում է,
Նրա սիրտը
Այս ամենից քրքրվում է:
Ինչ որ ես դու չենք նկատում
Նա տեսնում է,
Ինչ շատերը չեն նշմարում
Նա զգում է,
Ինչ շատերին չի էլ հուզում`
Հառաչում է:
Ու ողբում է
Ամեն մեկի հետ առանձին,
Ինչպես նաև
Ժողովրդի հետ միասին…
Նա ծխում է, նա մխում է,
Սիրտ ու հոգին այրվում է:
- իսկ ի՞նչ օգուտ ժողովրդին,
Մեզ ի՞նչ օգուտ…
- Որ դու կարդաս,
Պոետի հետ սգաս, ողբաս,
Արցունքներով
Սիրտ ու հոգիդ լավ լվանաս
Ու հասկանաս.
Որ «Գիքորին» չնեղացնես,
Քեզ պես մարդուն չվշտացնես,
Որ հասկանաս,
Եթե մեկը այսօր քեզնից
Վատ է ապրում, աղբ է քանդում,
Կամ հարբում է ու հայհոյում,
Դրա համար պատճառ ունի,
Ինքը այստեղ մեծ մեղք չունի…
Եվ հասկանաս,
Որ ամեն մարդ հոգի ունի,
Որը անկախ ամեն ինչից,
Անկախ դիրքից ու շնորհքից
Կարող է մեծ լինել այնքան
Ու զգայուն անգամ քոնից:
_ Ասեմ, որ ես
Բան չհասկացա պոետներից…
Արի լավ է մի քիչ խոսենք
Մեր դարդերից,
Մտածենք թե, ինչպե՞ս անենք,
Մեր «ծակերը» ինչո՞վ փակենք…

03.03.09

«ԲՈՒԼԱՎԿԱԾ ՂՈՒՇԸ»

Քամին ուշադիր ու պարտաճանաչ
«Քուջուջ» էր անում հին աղբանոցում.
Քուրջ փալասների մեջերն էր մտնում,
Թուղթ ու թերթերի տակերը նայում,
Վազում էր, կանգնում ու էլի վազում,
Կորած մի բան էր երևի փնտրում:

Նոր ծնված մի միտք
Վախով, երկյուղած իր շուրջն էր նայում.
Հին աղբանոցի էն ծուռ տնակում
Թռչելու հիմար փորձեր էր անում,
Թափ էր հավաքում, վերև բարձրանում,
Օդում գլորվում, մի քիչ թփրտում,
Ոնց «բուլավկած ղուշ» նորից ետ ընկնում:
…Էն ծուռ տնակի պատերը նեղ են,
Օդը ծանր է թրչելու համար,
Էն ծուռ տնակի մտքերը մեղք են,
Ծնվում են…արդեն մեռնելու համար…

22.02.09

…ՈՒ ՄԵՐ ՑԵՂԸ

Մենք սերում ենք
Էն դյուցազուն մեր նախորդից,
Մենք սերում ենք
Ազնվազարմ էն հին ցեղից…
Թե «խաչվեյինք»
Էն թալանչի խուժաններին,
Էն թուրք-սելջուկ թաթարներին,
Ես կասեի,
Որ արյունը դեռ չի զտվել,
Որ մեր ազգը
Ամբողջովին չի մաքրվել,
Որ մեզ պետք է
Արյուն խառնել, խաչասերվել,
Գուցե էլի խառնածիններ…
Մենք սերել ենք հայկազններից
Ու խառնածին
«Մուլատների» պետքը չունենք:
Պետքը չունենք,
Բայց «մուլատներ» մենք շատ ունենք:
Ոչ արյունով, արմատներով,
Այլև հոգով,
Ու խեղաթյուր իրենց մտքով,
Իրենց գործով,
Խուժ-դուժ բարքով, իրենց վարքով…
Մենք ՀԱՅԿԵՐ ենք, արյան տեր ենք:
Բայց…
Մենքահալած մի հարց տանք մեզ.
Ո՞վ է մեզնից, որ արժան է
Էն հայկազուն իր նախորդին:
Հանգստացեք… Լավ մտածեք,
Գոռգոռալով բան դուրս չի գա,
«Ես» ու «ես»-ով լուծում չկա:
Պատասխանը ինձ մի ասեք,
Այն ձեզ է պետք, դուք իմացեք:
Ու երբ քնից վաղը զարթնեք
Եվ դուրս նայեք,
Փորձեք տեսնել ամեն մեկում
Մի հայկազուն,
Ձեզ ցեղակից, ձեզ ազգակից,
Արյունակից:
Ու իմացեք որքան ձերն է
Հայկի արյուն,
Ազնիվ, մաքուր ու հայկական,
Ճիշտ այդքան էլ այն մեկինն է…
Մենք «ցեղ» չենք էլ,
Մենք սերել ենք ազնիվ ցեղից,
Վաղուց ի վեր
Դարձել ենք մենք արդեն մի ազգ,
Իր մեջ կրող,
Գնահատող ու ճանաչող
Ողջ քերթության մեծ հայրերին,
Ճշմարտության քաջ այրերին…
Մի ազգ ու ոչ երբեք մի ցեղ…
Ականջ արեք արյան ձայնին,
Մաքուր ու վեհ պահեք հոգին,
Ու կոչ արեք «մուլատներին»,
Որ «ես- եսը» մի ցեղ է նա,
Որ «ես-ես»-ով
Ազգի համար լուծում չկա:

22.02.09


forward