Ես իրանագետ չեմ և Իրանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իմ դատողությունները շատ խոցելի են, քանի որ հիմնված են երրորդական-չորրորդական աղբյուրների վրա:
Մի շարք հայ քաղաքագետներ և իրանագետներ, այդ թվում հայտնի իրանագետ Գառնիկ Ասատրյանը քիչ հավանական են համարում իշխանափոխությունն Իրանում: Այնուամենայնիվ, դիմադրությունն այս երկրում մնում է հզոր: Եվ դիմադրությունը ոչ թե Ահմադինեժադի դեմ է, այլ իշխող կրոնապետական ռեժիմի: Ի՞նչ կտա Հայաստանին և հայությանը իսլամական ռեժիմի փոփոխությունը Իրանում և ի՞նչ մարտահրավերների առաջ կարող ենք կանգնել դրա հետևանքով:
Նախ, կարծում եմ, ռեժիմի փոփոխությունը միանգամայն հնարավոր է: Աշխարհիկ պետության կառուցումը մնում է իրանցիների մեծ մասի երազանքն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Ռեժիմի փոփոխության տարբերակներից մեկը Իրանում պառլամենտական պետության կառուցումն է և հնարավոր է սահմանադրական/պառլամենտական միապետության վերականգնումը, Ռեզա Փահլավի նախկին շահի որդու գլխավորությամբ: Իրանի ազատականությունը արդյո՞ք ձեռնտու է Հայաստանին: Միանշանակ կարելի է ասել, որ այո: Հատկապես ազատականացումը Իրանի տնտեսության մեջ կարող է լուրջ նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Իրանում շուկայական հարաբերությունների, մրցակցային ազատ դաշտի ստեղծումը և հատկապես պրոտեկցիոնիզմից հրաժարվելը հայ ձեռներեցների համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծի. Իրանը Հայաստանի համար բավականին հետաքրքիր շուկա է` իր ծավալներով և մոտիկությամբ: Սակայն այդ երկրում կիրառվող պրոտեկցիոնիզմի պատճառով համանման ապրանքներ արտադրող հայկական ֆիրմաները գրեթե մուտք չունեն այնտեղ: Իրանի հյուսիսը, հատկապես Իրանական Ադրբեջանը Թավրիզ կենտրոնով պետք է դառնա հայկական բիզնեսի հետաքրքրության կարևորագույն վայրերից մեկը: Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների /այդ թվում էմբարգոյի/ վերացումը լրջորեն կնպաստի տնտեսական հարաբերություններին: Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է բերի նաև 1979թ.-ից այս երկրից հեռացած բիզնես էլիտայի մի մասի վերադարձին: Դրանց մեջ զգալի թիվ են կազմում նաև հայ ձեռներեցները: Նրանց վերադարձը և նախկին դիրքերի վերականգնումը միայն կուժեղացնի հայության դիրքերը Իրանում:
Աշխարհիկ և ժողովրդավարական իշխանության հաստատումը Իրանում կհեշտացնի նաև հայկական արտաքին քաղաքականության գործերը: Իրանի հետ որևէ ռազմավարական ծրագիր սկսելու դեպքում այլևս պետք չի լինի հսկայական ջանքեր թափել միջազգային հանրությանը դրա` Հայաստանի համար կենսական լինելը բացատրելու համար:
Ի՞նչ մարտահրավերներ կարող են լինել ռեժիմի փոփոխությունից: Հիմնական մարտահրավերն այն է, որ Իրանում կարող է սկսվել անկայուն վիճակ, ընդհուպ մինչև երկրի տրոհում ու Հայաստանի նկատմամբ ոչ բարենապաստ տրամադրված պետական միավորների առաջացում հենց Հայաստանի սահմանին կից: Սա կարող է ուղեկցվել փախստականների հոսքով դեպի մեր երկիր: Թեկուզ միայն իրանահայությանն ընդունելը մեր երկրի համար լուրջ խնդիր է:
Անկայունությունն Իրանում կարող է կասկածի տակ դնել նաև այդ երկրի հետ մեր տնտեսական նախագծերը:
Հայկական աղբյուրներում ես այդպես էլ չհանդիպեցի մանրակրկիտ ուսումնասիրություն Իրանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և հայության վրա դրանց ազդեցության վերաբերյալ: Մեր հիմնական վերլուծական կենտրոնները, կարծես դեռ չեն շտապում հանդես գալ համապատասխան նյութերով: Չեմ կարծում, թե վիճակը մխիթարական է նաև ԱԳՆ և ԱԱԾ վերլուծական վարչություններում: Մինչդեռ Իրանում ծավալվող իրադարձությունները պետք է դառնան Հայաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քննարկման առարկա, հաշվի պետք է առնվեն հնարավոր բոլոր զարգացումները:
Ամփոփելով, պետք է ցավով արձանագրեմ, որ Հայաստանում իրանագիտական ուսումնասիրությունները, աշխարհաքաղաքական վերլուծությունները մնում են չհամակարգված և գրեթե պրակտիկ նշանակություն չեն ունենում: Արդ, ժամանակն է ի մի բերել բոլոր կենտրոնների նյութերը, ինչպես նաև պետական մակարդակով հանդես գալ լուրջ վերլուծությունների պատվերով:
4/06/2009
Ստրասբուրգ
Հայկ Խանումյան
7 մեկնաբանություն
Jojoba
05-07-09 • 22:22 PM
1Դե լավ ... հերիք էր ինչքան դեկրետի մեջ նստեցինք ... ժամանակն է վերադառնալու.
Համաձայն եմ, ես ինքս էլ երկար փնտրելուց հետո ոչ մի արժեցող վերլուծություն չգտա .... մի քանի հոդվածներ իրեն իրանագետ կոչող մի երիտասարդի կողմից /Սեվակ Սարուխանյան/, որոնք անձամբ ինձ լուրջ չթվածին.
Նա նույնիսկ այնքան հեռու գնած, որ լենտա.ռու-ն կազմակերպել էր «հեռակա հարց ու պատասխան» նրա հետ - http://ed.lenta.ru/conf/saruhanyan/.
Սեվակին անձամբ չեմ ճանաչում, բայց նույնիսկ մակերեսային հայածքը բավական էր տպավորություն ստեղծելու համար առ այն, որ
1. Երիտասարդը ունի ակնհայտ ինֆորմացիայի պակաս այն ամենի մասին թե ինչ է կատարվում իրանում.
2. Մեկնաբանությունները պահպանողական եվ ոչ օբյեկտիվ են՝ տպավորությունն այնպիսին է, որ ամեն կերպ փորձում է չվնասել հայկական իշխանություններին.
Լավ, աստված նրա հետ.
---------
Դու երեվի նկատի ունես Ա.Բ. /ակա ԱԽՔ/-ին ՞ ...
Մեջը փող չկա, հետեւաբար հետաքրքիր չէ ...
Ցավն էլ հենց դրանում է, որ դիմադրությունը կազմակերպվեց միայն Ահմադինեժադի դեպ, բայց ոչ ուղղակիորեն կր. ռեժիմի ...
Չգիտեմ, չգիտեմ ... ամեն դեպքում Նեդայի Հեղափոխությունը պարտություն կրեց եվ միգուցե հենց պատճառներից մեկն էլ դրանում էր, որ ընդիմություն համարձակություն չունեցավ դուրս գալ կր. ռեժիմի դեմ.
------
Ինչքան էլ չեմ ցանկանում զուգահեռներ անցկանցել այս 2 հեղափոխությունների եվ նրանց առաջնորդների միջեւ .... նրանք ամեն դեպքում առկա են.
Ամեն դեպքում փոխանակ լեվոն պապին մատենադարանի ամբյոնից քննադատեր վրացիներին, լավ կլիներ ինքն իր ու պարսիկներ սխալներն լավ սերտեր.
Հայկ Խանումյան
06-07-09 • 02:45 AM
2Սևակ Սարուխանյանը էներգետիկ հարցերի լավ մասնագետ է, Իրանի մասին Նորավանք-ի նյութերը նայեցի, ինչպես նաև Լենտա.ռու--ի հարցազրույցը, առանձնապես լուրջ նյութ չկա: Ի դեպ Եվրոպայում /նկատի ունեմ հիմնականում ֆրանսիական համալսարանական և քաղաքական շրջանակները/ էլ կարգին բան չեն հասկանում, իրանագետները կրկնում են այն, ինչ կարդում կամ լսում են ԶԼՄ--ներով, իրանական ծագում ունեցողներն աչքի են ընկնում զգացմունքային ելույթներով, իսկ Եվրախորհրդում “Բաժակաճառեր” են հնչում Իրանի փողոցներում կանգնած “քաջ աղջիկների և տղաների” վերաբերյալ, ոչ ավելի:
ԱԳՆ--ի, ԱԱԾ--ի և ԱԱԽ-ի մասին խոսելիս ես ամենևին նկատի չունեմ դրանց ղեկավարությանը, այլև վերլուծական բաժիններին, որոնք իրենց վերլուծությունները առաջարկություններով հանդերձ պետք է դնեն ղեկավարության սեղանին: Արևելագիտության ինստիտուտն ու համալսարանն էլ չպետք է այս ամենից զերծ մնան: ի վերջո այս ամբողջ նյութի համակարգումը և վերլուծությունը պետք է հիմա հքնդիսանա ՀՀ արտաքին քաղաքական քայլերի մշակման, բազմակի սցենարներին պատրաստ լինելու համար:
Jojoba
06-07-09 • 03:13 AM
3Դե դա գաղտնիք չէ ... ցավն հենց դրանում է, որ եվրոպաՆԵՐՈՒՄ հաճախ մոռանում եմ, որ այդ քաջ աղջիկներն ու տղաները նաեւ սիրում են հակաօրինական քայլեր անել .../չվարկեմ, մեկ անգամ կարծեմ դրա մասին արդեն գրել են./
Պատահական չէ, ես կասեյի նույնիսկ օրինաչափ է, որ պարսիկները իրենց հեղափոխության դեմք դարձրին մի աղջնակի /Նեդայի մասին է խոսքն/, ով պատահականորեն նահատակվեց. Ոչ հայացքներ ուներ, ոչ դիրքորոշում, բայց քյոռ գյուլան կպավ մեկին, որին աստված եվ իր ծնողներ պարսկերենից թարգմանությամբ «ձայն բառբառո կամ կոչում -slogan/bidding» էին անվանել.
«Նեդա դարձավ «ԻՐԱՆԻ ձայնը», «դեմոկրատական ընդիմության սիմվոլն», որն համարձակություն ունեցավ «պայքարել իսլամական ռեժիմի հետ».
Սա համարյա թե 99 տոկոսով վերարտադրված խոսքերն են, որով եվրոպան որոշեց նույնացնել կամ սրբացնել այսպես կոչված «Իսլամական կանաչ հեղափոխությունը» անմեղության հետ. /ուր է թե աղջնակին ՜… /
Հայկ Խանումյան
06-07-09 • 05:39 AM
4Պրահյան գարունն է հիշեցնում....
Հայկ Խանումյան
21-07-09 • 01:03 AM
5Այսօր Թերթ.ամ-ում կարդացի, որ Իրանը պատրաստ է միանալ nabucco-գազատարին http://tert.am/am/news/2009/07/20/nabucco/ :
Ինչ է սա նշանակում: Արդյոք Իրանը “կուտ” է տալիս Եվրոպային, հետընտրական իրադարձությունների վերաբերյալ ավելի մեղմ դիրքորոշման մղելու, թե փորձում է դիվերսիֆիկացնել իր գազային արտահանումը:
Հակված եմ կարծելու, որ Իրանը խաղում է Եվրոպայի հետ և այդ խաղից առավելագույնս շահելու է կրոնապետական վարչակարգը: Իրանի այս հայտարարությունը Եվրոպայի մի շարք “ուղեղների” հիմք է տալու ենթադրել, որ nabucco-ի նախագիծը իրեն կարող է արդարացնել: Կարծում է, որ վերոհիշյալ գազամուղի ծրագիրը ամբողջովին քաղաքական է և մշակվել է Ռուսաստանից անասնական վախով տառապող ուղեղների կողմից: Իսկ որ Եվրոպայում Ռուսաստանից վախենում են անասնական վախով, ես ականատես եղա մեկամյա ուսումնառությանս ընթացքում: Եվրոպայում դեռ սառը պատերազմը չի ավարտվել: ԶԼՄ-ների կողմից Ռուսաստան հրեշի կերպարի ձևավորումը շարունակվում է համալսարաններում, գիտական շրջանակներում:
Դրա համար էլ իզուր չի, որ սովորելու ընթացքում ես իմացա, որ Գերհարդ Շրյոդերը ռուսական գործակալ է /Գերմանիայի նախկին կանցլերը ռուս-գերմանական էներգետիկ հանձնաժողովի նախագահն է և ռուս-գերմանական համատեղ էներգետիկ ծրագրերի գլխավոր լոբբիստը/, կամ էլ նկատողություն ստացա կուրսընկերներիս կողմից ԱՊՀ երկրներից եկած ուսանողների հետ ռուսերեն խոսալու համար, քանզի Ռուսաստանն իրենց թշնամին է /այդպես էլ չհասկացա ինչ թշնամություն կա Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև/:
Եվ դրա համար իզուր չէ, որ հակառուսական հիստերայով տառապող ղեկավարների երկրները անմիջապես հայտնվում են ժողովրդավարական երկրների ցանկում, համարվում են Եվրոպայի ամենահաջողված հարևանները:
Մտահոգ
21-07-09 • 17:47 PM
6Նկատի ունեք, որ չարժե վախենալ Ռուսաստանի անկանխատեսելի որոշումներից… Վախենալ, համաձայն եմ, պետք չէ, այն էլ` անասնական բնազդով, սակայն հաշվի առնել պետք է:
Հիմա, Հայաստանում, էն մութ ու ցուրտ տարիներին, որ օրը մեջ գազատար էր պայթում, ճիշտ էինք անում, որ հարմարվում էինք նման վիճակին, թե պետք էր հաշվի առնել այդ փաստը և գտնել այլ ուղիներ:
Այնպես որ եվրոպացի իշխանավորներին մեղադրել բնավ պետք չէ: Եվրոպացիք մի խնդիր ունեն` “ատչյոտ” տալ իրենց ժողովրդին ու առավելագույնս ապահովել իրենց երկրների տնտեսական և մյուս տեսակի անվտանգությունները: Դա էլ շատ հաջող կերպով անում են, նաև` մեր ու մեզ նման մյուս հետամնաց երկրների հաշվին:
Հայկ Խանումյան
21-07-09 • 22:04 PM
7Մտահոգ-ին,
Հայաստան-Իրան գազամուղի և Նաբուկոյի տարբերությունն էլ հենց նրանում է /կարող է մի քիչ ծիծաղելի թվալ երկու գազամուղների համեմատությունը, սակայն համեմատում եմ ոչ թե հզորությունների այլ իրականանալի լինելու հանգամանքը/, որ 1-ին կառուցելիս մենք հստակ գիտեինք, որ գազ է հոսալու այդ խողովակաշարով, ավելին, մեզ ավելի գազ են խոստացել, քան գազամուղի հզորությունն է թույլ տալիս:
Էներգակիրների ներմուծման ճանապարհները դիվերսիֆիկացնելը բնականաբար ունի կարևոր նշանակություն Եվրոպայի համար, սակայն պետք է դիվերսիֆիկացնել ոչ թե մատակարարող պետությունը /Ռուսաստանը/, այլ ճանապարհները: Խուսափել այնպիսի ‘’ծանր’’ երկրներից, ինչպիսիք են Ուկրաինան կամ Բելոռուսիան: Այս առումով լավագույն ծրագիրը ‘’Հյուսիսային հոսքն’’ է, որն անցնում է Բալթիկ ծովով և կապում Ռուսաստանը Գերմանիային, առանց այլ երկրների միջնորդության:
Ի տարբերություն ‘’Նաբուկոյի"”, որը անցնում է ռիսկային գոտով, անհայտ են գազամուղի մատակարար հիմանական աղբյուրները, ռուս-գերմանական ծրագիրն ավելի հստակ է, հայտնի են բոլոր դերակատարները, գազի աղբյուրըը, գազամուղը կառուցելու միջոցները:
Այնպես որ եվրոպացիները հակառուսական հիստերիա բորբոքելու, Ռուսաստանի անկանխատեսելի լինելու վերաբերյալ հեքիաթներ հորինելու փոխարեն ավելի լավ կլինի իրենց հասարակություններին սխալ ազդակներ չտան ևչծախսեն այդ նույն հասարակություն-հարկատուի փողերը տնտեսապես չհիմնավորված քաղաքական ծրագրերի վրա:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)