Հայաստանի նորագույն պատմության մեջ /երրորդ հանրապետության շրջան/, երեք անձ հնարավորություն ունեին դառնալու մեր պատմության խոշորագույն դեմքը, դասվելու համաշխարհային առաջնորդների շարքին: Այդ անունները քաջածանոթ են. Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Սակայն նրանք նախընտրեցին լինել ապաշնորհ ղեկավարներ, խամաճիկներ մի խումբ օլիգարխների ձեռքին, հակաժողովրդավարներ: Հայաստանին անհրաժեշտ է անհապաղ ազատվել այս երեքից ու նրանց շուրջ ձևավորված էլիտաներից /այս բառը ես այնքան էլ չեմ սիրում/:
Սկսենք առաջին նախագահից: Լ. Տեր-Պետրոսյանը և նրա թիմը իշխանության եկան համաժողովրդական ալիքի վրա, նրանց քարոզչական հնարքները կրկնվում են նաև այսօր. համատարած շանտաժ /մեզ հետ չես դավաճան ես, տականք ես/, զանգվածների զոմբիացում, սուտ փաստերի վրա կառուցված վերլուծությունների առատություն, նվիրական զգացմունքների շահարկում, հասարակության մեջ ատելության սերմանում և այլն: Ժամանակի կոմունիստական ղեկավարությունը բավականին թույլ գտնվեց հակազդելու այս ամենին և համարյա դիմադրություն ցույց չտվեց: Արդյունքում իշխանության եկավ առաջին նախագահն իր թիմով, ի դեպ ՀՀ պատմության մեջ միակ լեգիտիմ /ժողովրդի և ընդդիմության կողմից ընդունելի/ ընտրությունների /1990թ. մայիսի խորհրդարանական և 1991թ. հոկտեմբերի նախագահական/ միջոցով: Թվում էր, թե կատարվել է հայոց իղձը և ժամանակն է կերտել նորանկախ հանրապետությունը, ի մի բերել բոլոր հայկական էլիտաների /նախկին կոմունիստական իշխանությունների, տեխնոկրատ մտավորականության, սփյուռքի/ ջանքերը, վերականգնել երկրաշարժից ամայացած երկիրը և հաղթել պատերազմում: Ժողովրդի ոգին այդժամ բավական բարձր էր այս ամենը շատ արդյունավետ կազմակերպելու համար: Սակայն պարոն Տեր-Պետրոսյանի թիմը արհամարհեց մյուս էլիտաներին, քաղքենիական ինքնավստահությամբ միանձնյա ստանձնեց երկրի կառավարումը և շատ կարճ ժամանակում Հայաստանը գլորվեց աշխարհի ամենաաղքատ պետությունների շարքը: Կարծում եմ դրա պատճառը շոկային թերապիան էր, որ օգտագործվեց մեր տնտեսության մեջ, ապաշնորհ սեփականաշնորհումը, մասնավորապես կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների ոչնչացումը և հողի հապճեպ սեփականաշնորհումը, արդյունքում տեղի ունեցավ գյուղտեխնիկայի թալան և օտարում հանրապետությունից, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների արտադրության աննախադեպ անկում: Լևոն Տեր-Պետրոսյանն իր 2007թ. նախընտրական ելույթներից մեկում նշում է. « Եթե ժամանակին չիրականացվեր հողի սեփականաշնորհումը, ապա գյուղական նոմենկլատուրան թալանած կլիներ կոլխոզների ու սովխոզների սեփականությունը (ինչպես տեղի ունեցավ այլ հանրապետություններում), եւ Հայաստանը ցրտից ու մթից բացի անխուսափելիորեն կմատնվեր նաեւ սովի։ Այդ պարագայում, ինքնըստինքյան հասկանալի է, ոչ միայն կվտանգվեր մեր երկրի գոյությունը, այլեւ անհնար կդառնար թե՛ պատերազմի հաղթական ավարտը, թե՛ Արցախի ազատագրումը։ Ուստի, եթե այսօր Հայաստանը կանգուն է, եթե այսօր Արցախն ազատ է, ապա դրա համար մենք առաջին հերթին պարտական ենք սեփականատեր հայ գյուղացու առայժմ չգնահատված սխրանքին» /Ազատության հրապարակում 2007 թվականի դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից/: Այս բացատրությունն ուղղակի քմծիծաղ է առաջացնում. կոլխոզների ու սովխոզների գույքը թալանվեց դրանց սեփականաշնորհումից հետո, երբ հսկայական տեխնիկան և այլ միջոցները հայտնվեցին անհատների ձեռքին /հիմնականում կոլխոզ-սովխոզների նախագահների/ ու շատ դեպքերում վաճառվեցին Իրան ու Թուրքիա, հաճախ որպես մետաղի ջարդոն: Գյուղացին մնալով մենակ, ի վիճակի չեղավ կազմակերպել արդյունավետ արտադրություն, ինչի հետևանքով էլ 1990-ականների սկզբին Հայաստանը չկարողացավ ապահովել սննդային անվտանգությունն ու երկիրը կանգնեց սովի եզրին: Այս թեման ինձ շատ հոգեհարազատ է, քանզի իմ հայրենի գյուղի օրինակով տեսել եմ գյուղատնտեսության քայքայումն ու աստիճանաբար վերացումը, ինչի արդյունքում հետագայում շատ գյուղացիներ սկսեցին հրաժարվել իրենց հողակտորներից: Սակայն ես զերծ եմ մնում տնտեսագիտական այլ վերլուծություններից հոդվածս հրապարակախոսական ժանրի մեջ պահելու համար:
1995-1996 թվականների ընտրությունները ճակատագրական եղան Հայաստանի համար: Զանգվածային ընտրակեղծիքների միջոցով իշխանության վերարտադրությունը հետայսու դարձավ կենսակերպ հայաստանյան վարչակարգերի համար: Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին թույլ գտնվեց այդ ամենը բացառելու, Հայաստանի ժողովրդավարական կերպարը պահպանելու համար: Հայաստանում վերջնականապես ձևավորվեց «ավազակապետական» կառավարումը, որի պարագլուխը դարձավ առաջին նախագահը:
Ավազապետական վարչախումբը իր ընդիմախոսներին վերացնելու համար դեռևս 1990-ականների սկզբից օգտագործեց ահաբեկչությունը` ընդդիմադիր գործիչների և նրանց հարազատների սպանությունների, բանտարկությունների, հանրապետությունից արտաքսելու և այլ ձևերով:
Ձևավորվեց օլիգարխիա` իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարարների դաս: Սրանք կամ իշխանական կառույցների մեջ էին, կամ էլ խնամիական ու քավոր-սանիկական կապեր ունեին երկրի առաջին դեմքերի հետ: Վառ օրինակը` Սուքիասյանների ընտանիքը: Տեղի ունեցավ մի շարք խիստ եկամտաբեր ոլորտների բաշխում յուրայինների միջև, այդ ոլորտների մոնոպոլիզացիա /դրանք հիմնականում բենզինի, ծխախոտի, դեղորայքի, հացահատիկի ներկրումներն էին, 90-ականների ամենասկզբին Իրանի հետ առևտրի, երկրաշարժի կապակցությամբ Հայաստանին տրվող հումանիտար օգնության թալանի հետ կապված մենաշնորհները և այլն/: Իշխող վերնախավը զերծ չէր մնում նաև քաղքենիական հաճույքներից. հսկայական միջոցներ էին ծախսվում, օրինակ, մեքսիկական սերիալի հերոսուհուն Հայաստան հրավիրելու համար և այն էլ երկրի թշվառության ֆոնի վրա:
Արդյունքում ձևավորվեց օլիգարխակլանային, ոչ ժողովրդավար մի պետություն, որն արդեն խիստ խոցելի մի կառույց էր: Սրան կարելի է ավելացնել երկրի առաջին որոշ դեմքերի և հատկապես առաջին նախագահի ժողովրդից հեռանալու, պարտվողական և նիհիլիստական կեցվածք ընդունելու փաստը /տես թեկուզ Լ. Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե խաղաղություն» հոդվածը/:
Պետք չէ մոռանալ նաև ձեռքբերումները. առաջին հերթին բանակի կազմավորումը: Իշխանություններին հաջողվեց Հայաստան բերել խորհրդային բանակի հայազգի սպայակազմի զգալի մասին, որոնց մեջ հայտնի գեներալներ, տարբեր բանակների, բանակային կորպուսների, օկրուգների և ավելի փոքր ստորաբաժանումների օպերատիվ հրամանատարական պաշտոններում աչքի ընկած զինծառայողներ:
Հաղթանակը պատերազմում և միևնույն ժամանակ արտաքին աշխարհի ճնշումներին դիմանալը նույնպես մեծ ձեռքբերում է: Սա պայմանավորված էր նաև երկու հայկական հանրապետությունների ղեկավարության մեջ առկա լուրջ տարաձայնություններով, որը ակամայից մանևրելու մեծ դաշտ էր բացում: Միջազգային հանրությունը մի կողմից տեսնում էր Հայաստանի ղեկավարության իրական ջանքերը, որը ցանկանում էր հետևել դրսից եկող ազդակներին, հաճախ նաև հրահանգներին /ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերը հայկական զորաբաժանումները դուրս բերելու վերաբերյալ/ և սրան հակադրվում էր արցախյան ղեկավարության համառությունը, հաճախ նաև լրիվ հակառակ քայլերը, ինչի շնորհիվ այսօր ունենք ԼՂՀ` 13 հազար քառ. կմ-ով:
Որպես ամփոփում նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չօգտվեց պատմության իրեն տված հնարավորությունից և չեղավ հայոց ժողովրդավարության ճարտարապետը: /Ժողովրդավարություն ասելով հասկանանք իրավական պետություն, որտեղ կա խաղի հստակ կանոններ և օրենքի առաջ հավասարություն` անկախ զբաղեցրած պաշտոնից կամ սոցիալական դիրքից/: Ավելին, նա եղավ այդ ժողովրդավարության սպանողը և ավազակապետական համակարգի հիմնադիրը:
Երկրորդ նախագահ: Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ այն ժամանակ, երբ կանխատեսվում էր, որ Հայաստանն առանց Արցախի հարցը լուծելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ի վիճակի չէ այլևս ունենալու տնտեսական աճ: Սակայն Քոչարյանի իշխանության 10 տարիներից 7-ի ընթացքում ՀՀ տնտեսությունն արձանագրեց երկնիշ տնտեսական աճ, ինչի արդյունքում երկրի ՀՆԱ-ն անցավ 1989թ. մակարդակից: Ռոբերտ Քոչարյանն ուներ ամենալայն հնարավորությունները Հայաստանը դարձնելու տնտեսապես զարգացած, հարուստ և սոցիալական պետություն: Սակայն 2-րդ նախագահն էլ, առաջինի նման, զարկ տվեց օլիգարխիկ տնտեսության զարգացմանը: Աճեց օլիգարխների թիվը, սրանց ձեռքում էին տարբեր մենաշնորհները, ակտիվացավ սրանց դերը քաղաքականության մեջ /հիշենք միայն Գագիկ Ծառուկյանին և Սամվել Ալեքսանյանին, որպես Քոչարյանի իշխանության խորհրդանիշներ/: Այս ամենը հաճախ ուղեկցվում էր ամենաթողությամբ, արյունոտ բախումներով, վենդետայով, օրենքը բանի տեղ չդնելով: Ստվերային տնտեսությունը դարձավ լուրջ մարտահրավեր ազգային անվտանգությանը, վարչախումբն ու հասարակությունն ամբողջովին կոռումպացված են: Այս նախագահը ևս շարունակեց նախորդի նման արհամարհել մարդու իրավունքները, խոսքի ազատությունը:
Արտաքին քաղաքականության մեջ տարվում էր հետևյալ գիծը. գերտերությունները երբեք համաձայնության չեն գալու ԼՂՀ խնդրի շուրջ, հետևաբար հարկավոր է հավանության տալ բոլոր առաջարկներին, հստակ իմանալով, որ դրանք մերժվելու են Բաքվում: Այսպես փորձ էր արվում կառուցողական կողմի կերպար ձեռք բերել: Արդյունքում` ԼՂՀ-ն դադարեց լինել բանակցությունների կողմ, Հայաստանը հրաժարվեց պաշտպանել իր գույքից ու իրավունքներից զրկված ադրբեջանահայության շահերը, Հայաստանը պատրաստակամություն հայտնեց խոսել տարածքների վերադարձի մասին:
Բոլոր հույսերը, կապված Ռոբերտ Քոչարյանի հետ, ի չիք դարձան: Չնայած իր բավականին ուժեղ բնավորությանը, սկզբունքայնությանը նա ևս չկարողացավ արմատախիլ անել Հայաստանի զարգացումը խոչընդոտող երևույթները, ավելին, նրա օրոք և նրա օրհնանքով այդ երևույթները ծաղկեցին: Պարոն Քոչարյանը ևս բաց թողեց երևելի պատմական դեմք լինելու պատեհությունը:
Սերժ Սարգսյան: Սա բավականին ապաշնորհ ու թույլ դուրս եկավ, քան կարելի էր սպասել: Այն փոքր հույսերը, որ նոր նախագահը կարող է արմատախիլ անել ստվերային տնտեսությունը, վերացնել ոմանց մենաշնորհային դիրքերը, իզուր են: Նոր նախագահը ևս խամաճիկ է օլիգարխների ձեռքին, ի դեպ երրորդ նախագահի դիրքերն ավելի թույլ են, քան իր նախորդներինը: Սա ևս, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ի ընտրություններից հետո, լեգիտիմության կենսական պակասություն ունի: Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակի օլիգարխիայի խորհրդանիշ կարելի է ընդունել Ռուբեն Հայրապետյանին, որը նույնիսկ հեռուստաէկրաններից չի թաքցնում, որ նախագահը յուրային է: Սերժ Սարգսյանն այսօր բավականին թույլ է իրեն ձայն ապահոված օլիգարխների շահերին դիպչելու համար: Այս նախագահի օրոք հատկապես ակտիվացել է ուժային կառույցների կողմից քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը:
Արտաքին քաղաքական նոր աշխուժացումը, որը նախաձեռնեց 3-րդ նախագահը, հնարավորինս արդյունավետ օգտագործեց Թուրքիան, իսկ հայկական կողմը կրախի մատնվեց: Այսօր իսկ կարելի է ասել, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ դիրքորոշում չի փոխել: /Աշխարհաքաղաքականության տերմինով ասած Թուրքիան ՀՀ-ի նկատմամբ որդեգրել է անակոնդայի քաղաքականություն: Փակել սահմաները, դժվարացնել մուտքը դեպի նավահանգիստներ և այլ տրանսպորտային հանգրվաններ, նպատակը` աստիճանաբար խեղդել հակառակորդին: Որ ՀՀ-ն այսօր դիտվում է հակառակորդ, կասկած չկա, բոլոր թուրքական կուսակցություններն այս հարցում կոնսեսուսի մեջ են/:
Ի տարբերություն 1-ին և 2-րդ նախագահների, Սերժ Սարգսյանը դեռ լիարժեքորեն չի կորցրել իր հնարավորությունը դառնալու պատմական խոշոր դեմք /դեռ 4 տարի կա նախագահական առաջին ժամկետի ավարտին/, բայց կարծում եմ միայն տեսականորեն… Ցավոք սրտի…
Հայաստանին հարկավոր է անհապաղ ազատվել այս երեքի և նրանց շուրջը ձևավորված էլիտաների իշխանությունից: Մեզ նոր էլիտա է պետք, որը կարող է երկիրը դուրս բերել զարգացման որակական նոր փուլ: Ով պետք է լինի այդ էլիտան, որոնք պետք է լինեն նրա խնդիրները:
Շատ դժվար է անուններ տալը: Այս էլիտայի մեջ կարող են լինել նախորդ երեք վարչակազմերում տեխնոկրատական պաշտոններ զբաղեցրածները, որոնք արատավորված չեն, կոռումպացված չեն և պատրաստ են ազնիվ աշխատանքի /մի քիչ իդեալական է հնչում/: Մեր քաղաքական և քաղաքագիտական դաշտում այնուամենայնիվ կարելի է այդպիսի անունների հանդիպել: Արման Մելիքյան, որն այդքան էլ ծանոթ չէ մեր հասարակությանը /նույնիսկ նախագահական ընտրություններում առաջադրվելը չլուծեց այդ հարցը/, սակայն բավականին հետաքրքիր դեմք է իր կենսագրությամբ, վերլուծություններով /տես շահագործման տեսության և աշխարհաքաղաքական կանխագուշակման մասին պարոն Մելիքյանի աշխատությունը/ և ազնիվ կերպարով:
Սահմանափակվեմ միայն այս մի անունով և անցնեմ խնդիրների թվարկմանը.
- Խաղի հստակ կանոնների սահմանում: Այդ կանոնները պետք է լիեն ՀՀ օրենքները, իրավահավասարությունը առաջին նախապայմանն է նորմալ երկիր կառուցելու համար:
- Բիզնեսի և քաղաքականության անհամատեղելիություն. արդյունքում ազատվել ստվերային տնտեսությունից, մենաշնորհներից, ազատ մրցակցությանը խանգարող այլ արատներից:
- Քաղաքական դաշտի դերակատարների միջև հստակ խաղի կանոնների սահմանում: Ընտրությունների արդարության երաշխավորում, անարդար եղանակներով իշխանության վերարտադրության բացառում:
- Պետության կողմից հայաստանյան և հայկական բիզնեսին աջակցություն: Եվ Խաչատուր Սուքիասյանը, և Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, և Ռուբեն Հայրապետյանը պետք է հարստանան, զարգացնեն իրենց բիզնեսը, դուրս գան այլ շուկաներ /այլ ոչ թե դառնան բոմժ, ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի մասին/, և այդ ամենում նրանց, և ոչ միայն նրանց, պետությունը պետք է ցույց տա լիարժեք աջակցություն: Սրանց հարկավոր է ամբողջովին բերել հարկային դաշտ և թույլ չտալ, որ համատեղեն բիզնեսը քաղաքականության հետ /օրենքը չի թույլ տալիս/:
- Ղարաբաղյան հարցում պնդել ադրբեջանահայության իրավունքների վրա, 7 շրջանները դիտել որպես նրանց կրած կորուստների փոխհատուցման միջոց:
- Բիզնեսի գործերում պետության ոչ միայն կարգավորիչ այլև օժանդակող դիրքի ամրապնդում: Հայկական բիզնեսի «ագրեսիա» երկրներ, որտեղ մենք ունենք կենսական շահեր, հատկապես Վրաստան և Ռուսաստան: Այս երկրներում փորձել հակազդել Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական ներխուժումներին, սրա համար կենտրոնացնելով տեղի հայկական ուժերը /տարբեր հիմնադրամների միջոցով վարկավորելով տեղի հայերին բիզնես ծավալելու համար/, օգտագործելով պետական կառույցները և վերլուծական կենտրոնները նշյալ երկրներում տնտեսական հետախուզության և համապատասխան վերլուծությունների համար: Հատկապես կարևոր նշանակություն ունեն Վրաստանի Քվեմո-Քարթլի, Սամցխե-Ջավախեթի, Գուրիա և Աջարիա նահանգները, Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետությունները, Ստավրապոլի և Կրասնոդարի երկրամասերը, Ռոստովի մարզը: /Կարելի է օրինակ հետևել ՌԴ ԳԱ անդամ Աբել Աղանբեկյանցի խորհրդին` ծախսել պետական միջոցներ խոշոր հայակական շինարարական կազմակերպություն ստեղծելու համար, ՌԴ-ում թուրքական շին.կազմ.-երի հետ մրցակցելու և ՀՀ-ից աշխատուժի արտահանումը կազմակերպված ձևով անելու համար/:
Այստեղ ես կախման կետեր կդնեմ, թողնելով հոդվածս կիսատ և սպասելու իմ ընկերների արձագանքներին, մեկնաբանություններին, մտքերին այն շարունակելու համար…
Ստրասբուրգ
20.05.2009
Հայկ Խանումյան
18 մեկնաբանություն
Քաղաքացի
05-07-09 • 21:59 PM
1Մեկնաբանություններս տես այստեղ http://haykkhanumyan.blogspot.com/2009/07/blog-post_5600.html
Jojoba
05-07-09 • 22:37 PM
2Քաղաքացի ... մի քիչ կորեկտ չի մենկաբանություններդ տեղակայել կամ թեման շարունակել «դրսում», հատկապես որ Ֆ5-ում էլ դու պատահական անցորդ չես.
Արդեն ուզում էի սխմել «Մեկնաբանել», երբ նկատեցի, որ բլոգն Խանումյան-ինն է, եւ ոչ թե քոնն.
----
Հայկ, բացի Ֆ5-ից եվ blogspot-ից քանի տեղ ես եւս տեղակայել հոդվածներդ՞
Քաղաքացի
05-07-09 • 22:42 PM
3Ժոժոբ ջան, էլի սկսեցիր??? Թող մի քիչ հանգիստ շունչ քաշենք այ ախպեր
Jojoba
05-07-09 • 22:44 PM
4Դե իմ ասածն էլ էդ էր ... արդեն ուղում էի քեզ կպնել .. էն էլ տեսա մեղքն քոնն չի, համ էլ թարմ մատերիալ կա
Պ.ս.
Շնորհավորելու վախտն է՞ .. .թե դեռ շուտ է
Philosopher
06-07-09 • 00:21 AM
5Հայկ ամբողջ խնդիրն այն է, որ դուք քննադատում եք մեկ բան, բայց ասում եք այլ բան…
Դուք նախորդ նյութում, որտեղ սկսել էինք բանավիճել, մի քանի սպանություն մատնանշեցիք ու վերագրեցիք Վանոյին… Բայց դուք կրկնում եք այն, ինչ ասել է Աղվան Հովսեփյանը… Մի Տեր-Սահակյանի ասածներով դու մեղադրում ես Վանոյին… Եթե այդքան անկախ ես, ապա ինչո՞ւ չես նկարագրում, որ դատախազույթունը, ամենավերին օղակներից հստակ հրահանգ ստանալով, թույլ չտվեց դատ անել… Հենց այն ժամանակ, երբ դատարանը թույլ չտվեց Վանոյին արդարանալու, հիմք դրվեց մարտիմեկյան դատավարություններին… Մնացած սպանություններից տեղյակ չեմ խորապես, բայց այդտեղ չի ապացուցվել Վանոյի հանցանքը… Ես ապացույց չեմ համարում մի մարդու խոսքերը, որին հետո նույն իշխանությունն է պարգևատրում… Հրանտ Մուշեղի Ոսկանյանի ծեծն ու նրա որդու սպանությունը ինչու կապեցիր Վանոյի հետ… Իսկ Երևանի այն ժամանակվա քաղաքապետի սպանություն ասելով, եթե նկատի ունեիր Համբարձում Գալստյանին, ապա ասեմ, որ Վանոյի հետ կապ դա չունի, իզուր մի անվանարկեք......
Դու նաև ասում ես, թե Քոչարյանը վճռական էր. ինչով էր վճռական… Այո, վճռական էր, որ թիկնապահներին ուղարկում էր սանհանգույց… Այո, վճռական էր, երբ առավոտյան ժամը 5:30-6:30 մոտ 2500-3000 զինված ոստիկան է ուղարկում անզեն ու քնաթաթախ ժողովրդի վրա… Հպարտանալու մեծ տեղ ունես, բարեկամ, որ էդպիսի ուժեղ ու սկզբունքային նախագահ ես ունեցել…
Դու ասում ես, թե Տեր-Պետրոսյանը տականք ասաց Շարժմանը չմիացողներին… Վատ ինչու ես զգում… Ինձ համար, մարտի մեից հետո, ով քննադատում է Տեր-Պետրոսյանին ու գովք-գովաբանություն է անում հանդեպ այս իշխանություն տականք էլ չէ, այլ՝ ... Միթե այդպես չէ… Հենց այդպես է… Բա Զեյթունցյանին, Սոս Սարգսյանին, Վազգեն Մանուկյանին, Սադոյանին, էն «փոխարտգործնախարար» Շավարշին, ամբողջ իշխանական կաստային, Մսրյանին, էն Երնջակյան կոմպոզիտոր կոչվածին, էն Վարդազարյան Մարտինին, Միքայել Պողոսյանին, Հրանտ Թոխատյանին ու նմանատիպ «մարդկանց» ինչ անուն տաս… իբր մտավորական են կոչվում, բայց իրականում «երակ մտածի պես» հոշոտում են ազգը հոգևր-բարոյական տեսակետից… Ու դուք դեռ բողոքում եք նրա դեմ, որ Տեր-Պետրոսյանը իրերը կոչում է իրենց անուններով……………………
***
Սուպերադմիններ, կարծում եմ՝ պիտի այս հոդվածի ներքո, բայց այս թեմային նվիրված բոլոր մեկնաբանությունները տեղափոխեք այս էջ, ոչ միայն այժմյան հարմարության համար, այլև հետագայում կարդացողներին չի խճճի…
Հայկ Խանումյան
06-07-09 • 06:09 AM
6Jojoba
բացի Ֆ5-ից եվ blogspot-ից հոդվածները նաև Facebook-ի իմ էջում կա: Նախ այս հոդվածները ես գրել էի ընկերներիս կարծիքներն իմանալու համար, սակայն նրանք ծույլ գտնվեցին և ես փորձեցի ավելի մեծ “աուդիտորիա” վերցնել: Ասեմ, որ բլոգերի իմ “ստաժը” 24 ժամից էլ պակաս է: Ինտերնետում փնտրեցի հայկական բլոգ, գտա այս բլոգը, փորձեցի տեղադրել հոդվածներս, պարզվեց պրոցեդուրա է հարկավոր անցնել, ես էլ blogspot-ում դրեցի: Հաջորդ օրն առավոտյան արդեն կարող էի այստեղ դնել և վերադարձա Ֆ5: Սա է ամբողջ պատմությունը
Հայկ Խանումյան
06-07-09 • 06:41 AM
7Philosopher
Աղվանը չէր ասում, գործի պատմությունը եթե հիշենք, Հենրիկ Խաչատրյան գլխավոր դատախազ կար, որը Վանոյի գործի քննության ժամանակ սպանվեց իր տեղակալի կողմից, վերջինս էլ ինքնասպան եղավ: Արմեն Տեր-սահակյանի բանդայի գոյության, դրա` Վանոյի հետ անմիջական կապ ունենալու մասին ես որևէ կասկած չունեմ: Ճանաչել եմ Սովետաշենի աղբանոցում սպանված ոստիկաններից մեկի հորը, որը համոզված էր, որ իր որդու սպանությունը Վանոն է պատվիրել /սրանք այն ոստիկաններն էին, որ ձախողել էին Սերժ Ջիլավյանի սպանությունը/:
Ես Վանոյին մեղադրել եմ միայն բանդայի կազմավորման և ոստիկանների սպանության մեջ: Մյուս հանցագործությունները ես վերագրել եմ վարչակազմին: Քաղաքական սպանությունների այդ շարքը մնաց չբացահայտված և անպատիժ:
Քո իրավունքն է,Philosopher, տականք կոչելու կամ հայհոյելու ում ուզում ես: Ես երբեք ինչ-ինչ նպատակների հասնելու, նախագահական աթոռին ինչ-որ մեկին տեսնելու համար երբեք չեմ հայհոյի իմ պես չմտածող կամ իմ կուռքին չերկրպագողներին /չնայած ես բավականին ինքնահավան եմ կուռքեր ունենալու համար/:
Մտավորականության մասին. հանգիստ թողեք դրանց. իշխանությունների կողքին կանգնածները միշտ էլ հայհոյվել են ընդիմադիրների կողմից /նախկինում այդ “բախտին” արժանանում էին Տիգրան Մանսուրյանը, Հրանտ Մաթևոսյանը և այլք/, իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող մտավորականները դրաձել են իշխանամետ ԶԼՄ-ների թիրախ /հիշենք Սիլվա Կապուտիկյանին Լ. Տեր-Պետրոսյանի և Ռ.Քոչարյանի իշխանության տարիներին: Ինչքան հանգիստ թողենք այդ մարդկանց, այնքան նրանք ավելի քիչ կզբաղվեն քաղաքականությամբ: Նրանք էլ մեր բավականին սրված հասարակական հարաբերությունների զոհերն են: Դրանով հանդերձ չի պակասում Հ.Մաթևոսյանի գողտրիկ պատմվածքների, Տ.Մանսուրյանի ու Մ.Վարդազարյանի երաժշտության կամ Սոս Սարգսյանի կերտած կերպարների գեղարվեստական արժեքը:
Jojoba
06-07-09 • 16:19 PM
8Հազար ներողություն, որ խոսակցությունը քիչմ թեքում եմ, բայց մի հարց ծագեց ...եթե չեմ սխալվում Ջիլավյանի սպանության գործում նաեւ շատ արծարծվում էր Նվերի անունը /այն տարիներին Վանոյի մոտիկներից, նախկին ՀԱԲ-ի դեմքերից, հետագայում հայկական ՕՄՕՆ-ի հիմնադիր, ժամանակին ԳՈՒՄ-ի ոսկու շուկայի համափայատեր/.
Համենայն դեպս երբ ես այն տարիներին ուսանող էի Ստրասբուրգում եվ ինֆորմացիան ստանում էի միայն միջազգային ՁԼՄ-ից, որով էլ ասվեց, որ հրամանն անմիջականորեն ստացել են Նվեր-ից.
Էդ ոնց՞ ստացվեց, որ Վանոն փախած է, ձեր ասելով ոստիկանները մեռած ... իսկ Նվերն շարունակում է /թեթեակի կուրուստներով/ իր բիզնեսն.
Phenomen
07-07-09 • 00:16 AM
9ձեր ջանին մատաղ, Սոս Սարգսյանին մտավորական մի ասեք էլի, շատ եմ խնդրում. ախր նրանից ինչ մտավորական, մտավորականը կրթություն պիտի ունենա, մտածել պիտի իմանա, ազգին իր մտքի արդյունքը մատուցի՝ հենց դրա համար էլ կոչվում է ՄՏԱվորական.
բայց ախր էդ Սոս Սարգսյանը, տաղանդավոր դերասան լինելով հանդերձ՝ անգրագետ ու թույլ մարդ է, որևէ բան մեր ազգին չտված, որևէ մտքով մեր հասարակությունը չհարստացրած մի ռամիկ է:
Phenomen
07-07-09 • 01:08 AM
10Հայկ ջան, ողջունելով քեզ որպես հայրենասեր ու սրտացավ հերթական հեղինակի այս բլոգում, ցանկանում եմ նաև նշել, որ տարատեսակ վերլուծություններն ու քննադատականները որևէ օգուտ չեն բերում հայաստանյան չկայացած հասարակությանը: Ես ու դու Եվրոպայում ենք, ու միգուցե ինչ-որ ուրիշ կերպ ենք տեսնում հայաստանահայության ընկալունակությունը “խոր ու բովանդակ” վերլուծությունների նկատմամբ, սակայն երբ գալիս է ինչ-որ ընտրության պահ, երբ պիտի ընտրես վատը կամ ավելի վատը - իսկ քաղաքականության մեջ այլ կերպ չի լինում - այսօրվա հայաստանահայությունը կամ նախընտրում է չընտրել, կամ էլ “ծախվել”: Ու երբ տեսնում ես ընտրության արդյունքները, զգում ես, որ զուր ու ժամանակավրեպ են բոլոր տեսակի վերլուծությունները՝ պարզապես օգուտ չունեն: Այս բլոգում գրող ու կարդացող բոլորս էլ այդ վերլուծությունները անգիր գիտենք, սակայն իմանալով ու իրար ականջի ասելով առաջընթաց չի լինի: Ու ճոխ առաջարկություններ անելն էլ անօգուտ է, ի նկատի ունեմ սույն հոդվածի վերջում քո թվարկած խնդիրները: “պետք է”, “կարելի է”, “քաղաքական դաշտ”, “ստվերային տնտեսություն” - կներես, բայց սրանք արդեն վաղուց հերթապահ արտահայտություններ են՝ ոչինչ չնշանակող: Քո թվարկած խնդիրները ու դրանց լուծումները շատ կենսական են, բայց քանի՞ մարդ քո հայաստանյան շրջապատից “վիզ կդնի” դրանց հասնելու համար:
Չէի ուզի քո առաջին օրը այս բլոգում մթագնել այսպիսի մռայլ մեկնաբանությամբ, մանավանդ որ մեր բլոգեր ընկերները ինձ որպես մռայլ մարդու չեն ճանաչել, սակայն հիշում եմ իմ “կերտած հանճարեղ” վերլուծությունները 5-7 տարի առաջ, ինչու չէ, նաև 1-2 տարի առաջ, ու քմծիծաղ տալիս - ի՞նչ օգուտ դրանցից:
Jojoba
07-07-09 • 03:00 AM
11Իսկը իմ սրտիցն խոսեցիր ...
Ոնց եմ զզվել տարատեսակ վերլուծություններից, ուր գնում ես իրենց վերլուծաբան են կարծում .. .դրած միջազգային պրոբլեմներ եվ լոկալ հարցեր վերլուծում.
Միտինգներից կարծեմ արդեն ասել եմ ինչու եմ զզվում ... Բացի վերլուծություններից, ոչ մի առաջընթած. Թե եթե այդպես է ապա ես նախընտրում եմ տանը պարկած վիճակում այն լսել, կամ կարդալ ...
Իմիջայլոց, կարելի է հարցնել Լեվոն պապուն ...իսկ Mailing list չկա իրենց կայքում, կամ արդյոք հնարավոր է ... աուդիոգրքի տեսքով ստանալ միտինգների բովանդակությունը ...
----------
Կամ էլ հեռուստատեսությունը միացնում ես /կամ հենց թեկուց եւ օնլայն ԶԼՄ-ներում/ ում ասենք մի քանի առաջ ճանաչել ես որպես ..../որեւէ մի մասնագիտության մարդ, որը կոնկրետ այդ ուղղությամբ եմ փող աշխատում/ հիմա հանդես է գալիս մեկ այլ մասնագիտությամբ.
Հանդես գալ ասելով նկատի ունեմ ... ցույց են տալիս դեմքը եվ տակը գրում .....-ի փորձագետ. Ու գնա-գալիս եմ վերլուծություններ է անում ...
Մեկը հարցնող լինի ... էդ ոնց դարձար դու փորձագետ ՞… կամ ինչի հենց փորձագետ, այլ ոչ թե ասենք մասնագետ՞.
ԻՆչու մասնագետի դեպքում ինձ նման մեկը կարող էր քեզնից պահանջեր կրթական ցենզ, իսկ փորձագետի դեպքում այն պարտադիր չէ ՞
Ցանոթներից մեկը լավ էր ասել այդ կապակցությամբ. Վերջին ժամանակներս մոդա է «այս» մասնագիտությունը, հետեւաբար ես նույնպես կներկայանամ «այդ» իսկ մասնագիտությամբ. /իմիջայլով խոսքը քաղաքագիտության մասին, ուր ով ասեց, որ չի հարամել, այլ առավել կոնկրետ եւ ստույգ մասնագիտությունների մասին/
-------
«Այս» կամ «....» մասնագիտություններից ցանկը բացարձակ է .. սկսած «Սպիտակ մկների իրավունքների պաշպանություն հակաճգնամային մենեջեր»-ից, վերջացրած «Ընտրական տեխնոլոգ - Տավուշի Գեղանիս գյուղի օրինակով»
Հայկ Խանումյան
07-07-09 • 06:07 AM
12Հարգելիներս,
նախ նշեմ, որ այս հոդվածները տարբեր թեմաների շուրջ իմ մտքերն են, որոնք վերածելով հոդվածների, ես դրանք տեղադրել էի Facebook-ում, ընկերներիս արձագանքներն իմանալու մասին: Նրանց պասիվությունն ինձ դրդեց գալ այս բլոգ: Ես կրկին նշում եմ, որ սրանք ուղղակի իմ պատկերացումներն են և ես լուրջ վերլուծական նյութ ստեղծելու նպատակ չեմ դրել իմ առջև, հակառակ դեպքում բլոգային ժանրը չէի ընտրի հոդվածների համար:
F5-admin
10-07-09 • 05:07 AM
13Հայկ ջան, պրովոկացիաների չգնաս
Իսկ եթե ավելի լուրջ, ապա թույլ տվեք հայտնեմ իմ տեսակետը: Քննարկում թե վերլուծություն (ըստ իս, այս երկուսի մեջ այնքան էլ տարբերություն չկա, որովհետեւ, էլ ինչ քննարկում, եթե տակը վերլուծություն չկա, եւ հակառակը) անում ենք բոլորս: Իսկ վերլուծելու համար, այնքան էլ պարտադիր չէ վերլուծաբան լինել, առավել եւս՝ դիպլոմով: Կարեւորը՝ նայես դեպքերին ու դրանց ընթացքին անկախ աչքով, եւ բնավ քո ցանկությունը չսկսես իրականության կամ կանխատեսման տեղ ներկայացնել մյուսներին:
Վերլուծել, նաեւ ըստ իս, նշանակում է ներկայացնել քո կարծիքը: Ինչքանով քո կարծիքը կհամընկնի իրականության եւ ապագայի հետ, այդքան էլ դու ճիշտ վերլուծաբան ես:
Հիմա, Հայկը ներկայացնում է իր կարծիքը եւ իր վերլուծությունները: Ի՞նչ վատ բան է անում, որ դուք էլ “սրտնեղվում եք”:
Իսկ ես հասկանում եմ, թե ինչու եք սրտնեղվում: Ոչ թե Հայկն է պատճառը, այլ այն, որ ինքներդ գիտեք ու հասկանում եք, թե ինչքան թույլ հասարակությունում ենք ապրում մենք՝ բոլոր հայաստանաբնակներս: Եվ բարոյապես, եւ հոգեպես, եւ՝ նույնիսկ ֆիզիկապես: Սա է մեր գլխավոր խնդիրը:
Եթե հույսներս դնենք ժամանակի վրա, թե՝ ժամանակը կանցնի, մենք էլ կամաց-կամաց կխելոքանանք, ուրեմն հույս չունենք, թե ինքն-իրեն ինչ-որ բան կստացվի:
Այ, խնդրում եմ, որ վերլուծենք ու քննարկենք այս հարցը՝ ինչպե՞ս դառնալ ավելի հաջող ու նորմալ ազգ: Ազգ, որտեղ, ասենք, լավ դերասանը իրեն թույլ չի տա մի անգամ որպես դաշնակ նախագահի թեկնածու առաջադրվի, հետո, տարիներ անց, որպես հասակության դարդ ու ցավի մասնագետ, մտնի հանրային խորհուրդ: Ազգ, որտեղ մեկ օրվա մեջ կուսակցություն չի ստեղծվի կամ էլ մեկ օրում կուսակցություն փուլ չի գա: Ազգ, որը տարիներով Արտաշես Գեղամյան ու Արթուր Բաղդասարյան է քֆրտում, ու հետո գնում դրանց ձայն տալիս: Նույնը կարելի է ասել նաեւ Լեւոնի պարագայում, ի միջի այլոց: Ու ես չեմ զարմանա, որ մի հինգ-վեց տարուց հետո Քոչարյանը դարձյալ մեյդան կգա՝ որպես փրկիչ: Ազգ, որն այքան թույլ է, որ թույլ է տալիս իր հետ վարվեն “աբալոշկա” գնդակի պես՝ տշեն ոնց ուզեն ու ուր ուզեն: Ազգ, որը ապրիլի 24-ին ծիծեռնակաբերդ է գնում, իսկ հունիսի 24-ին Անթալիայից սեւացած գալիս տուն… հարցեն են, որոնք պատասխան չունեն:
Philosopher
10-07-09 • 14:58 PM
14Սրանից վերև գտնվող տողերիդ հետ համաձայնել կարելի էր, սակայն սրա հետ՝ ոչ…
Այսինքն՝ ի՞նչ ես ուզում ասած լինել: Չի կարելի՞ գնալ ու Կիլիկիայում հանգստանալ:
Դա բնավ կապ չունի «ապրիլի 24-ի» հետ: Նույն կերպ Թուրքիայի հետ բիզնես անող մարդիկ պիտի փակեն իրենց բիզնեսը, որ հանկարծ չանարգեն «ապրիլի 24-ը»:
Սա՞ է ձեր տրամաբանությունը: Եթե այո, ապա ամբողջապես սխալ է: Սա կապ չունի արտահայտվել-չարտահայտվելու հետ: Հենց արտահայտվելու իմսատն էլ այն է, որ դա ենթարկվի քննադատության:
Իսկ եթե կուզես իմանալ, ապա ասեմ, որ «ապրիլի 24-ը» պիտի հարգել դա չանարգելով: Չի կարելի «ապրիլի 24-ը» դարձնել «մատի փաթաթան» ու թմբկահարել՝ ստանալով քաղաքական դիվիդենտներ: Այ էդպես են հարգում, թե չէ` Անթալիա գնալ-չգանլով չես անարգում-հարգում…
Այո, եթե ուզում ես իմանալ, եթե սա «մի ազգ» լիներ, ապա թույլ չէր տա իրեն ունենալ 1.500.000 զոհ 30 տարվա ընթացքում: Թույլ չէր տա, որ դրա հիմնական պատճառներից մեկը՝ ծերուկ-«կուսակցությունը» հիմա էլ գոյատևեր ու իրեն հիմարացներ…
Թե չէ Անթալիա գնալ-չգնալով չէ.....
Հայկ Խանումյան
10-07-09 • 20:30 PM
15Philosopher-ին,
Հարգելիներս, զոհի հարազատների հոգեբանության մեջ մի այսպիսի պահ կա, նրանք սկսում են մեղավորներ փնտրել իրենց մեջ. ինչ չեն արել կամ ինչ են արել, որ ողբերգությունը տեղի է ունեցել: Խոսքը վերաբերվում է ծերուկ կուսակցությանը 1.500.000 հայերի զոհվելու հիմնական պատճառ դիտելուն: Ավելի մեծ նվեր թուրքերին չէր կարող լիներ:
Ի վերջո այս “ծերուկ” կուսակցությունը չկար մինչև 19-րդ դարի վերջ, երբ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների /և հատկապես հայերի/ նկատմամբ կատարվում էին անմարդկային բռնություններ, երբ մանկահասակ տղաները խլվում էին ծնողներից ենիչերի դարձվելու համար, իսկ մանկահասակ աղջիկները` հարեմները զարդարելու: Ի վերջո ֆաշիստական Գերմանիայում հրեական “ծերուկ” կուսակցություն չկար, երբ Հիտլերը որոշեց ոչնչացնել հրեաներին:
Իսկ որն է պատճառը ցեղասպանությունների իրականացման:
Խորհուրդ կտամ կարդալ Էռնեստ Գելլների “Ազգայնականության տեսությունը” աշխատությունը, որը հետաքրքիր մեթոդոլոգիական հիմք է հասկանալու համար թե ցեղասպանությունների պատճառները, թե կայսրությունների փլուզումները, թե էթնիկական կոնֆլիկտների պատտճառները:
F5-admin
11-07-09 • 04:42 AM
16Հիշելով ապրիլի քսանչորսը ու զուգահեռ տանելով Անթալիայի հետ, ես լրիվ ուրիշ բան էի ցանկանում ասել…
Ասելս այն է, որ քեզ մորթում են, ու մի հատ էլ դու ես իրենց մեղա գալիս: Էդ ինչո՞ւ մի հատ թուրք չի գալիս, խոսքի, Գագիկի Մուլտի-Ռեստում հանգստանում: Կամ էլ՝ գնում Ջերմուկ աղիները լվալու: Մենակ չասեք, թե՝ սերվիզների տարբերության խնդիր կա: Դե եթե այդպես է, թող թուրք գեղեցկուհի պոռնիկները գան Հայաստան, քիչ փող կաշխատե՞ն: Իսկ մերոնք գնում են, չէ՞ Թուրքիա: Ու եթե գործները չի կպնում, անունը դնում են “թրաֆիկինգի զոհ ենք դարձել"… Էդ թուրք բիզնեսմեններն ինչո՞ւ չեն գալիս Հայաստան: Հիմա ո՞վ է ավելի թասիբով, մե՞նք, թե՞ թուրքերը:
Մոռանալ եղեռնը անհնար է: Բայց գոնե կարելի է ներել՝ լսելով դիմացինիդ ներողությունը:
Ես բնավ սեւ ապրիլը չեմ դարձնում մատի փաթաթան, բայց բաներ կան, որոնք ավելի խորն են, որոնք, եթե կուզեք, դոգմա են ու ապացուցման կարիք չունեն:
Մտահոգ
18-07-09 • 04:52 AM
17Ամեն ինչ այսպես է հիմա, ինչպես որ ներկայացրել եք… Խաղի կանոնները հստակ սահմանված են, ու հլը թող մեկը փորձի խախտել: Բիզնեսն ու քաղաքականությունը հստակ սահմանազատված են: Ձեզ թվում է, թե Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից բան է հասկանո՞ւմ: Քաղաքական դաշտի դերակատարների միջև հստակ խաղի կանոններն էլ են սահմանված: Ասենք՝ շաքարը նրան, ալյուրը՝ սրան, բենզինը՝ նրան, գազը՝ սրան (իսկ Կազլեվիչի՞ն...):
Մի խոսքով, ամեն ինչ ՕԿ է
Հայկ Խանումյան
19-07-09 • 19:35 PM
18Այո, սիրելի Մտահոգ, ցավն էլ այն է, որ քո նկատառումը արտահայտում է իրականությունը: Հայաստանում պայքարը իշխանության համար վերածվել է պայքարի եկամտաբեր ոլորտներին տեր դառնալու համար: Այդպես եղել է նախկին երեք իշխանությունների օրոք: Սպասենք չորրորդին:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)