Ժողովրդավարություն (դեմոկրատիա) և ամբողջատիրություն (տոտալիտարիզմ). այս երկու տերմինները բավական հաճախ են հանդիպում մեր առօրյայում` արտաքին խնդիրներ քննարկելիս, թե ներքին քաղաքական իրավիճակի մասին խոսելիս: Դրանք ամեն օր մեր տուն են ներխուժում հեռուստաէկրաններից, մեր ուղեղներ` դասագրքերից, թերթերից, հեղիանակությունների բերանից: Փորձեմ ներկայացնել իմ պատկերացումները, հատկապես, որ վերջին տարիներին այս հարցը ինձ շատ է մտահոգում:
Ինչպես բոլոր դարերում պետության, քաղաքական միավորի գործունեության հիմքը հանդիսանում է շահը: Այս շահ կոչվածը արտահայտվում է տարբեր կերպ. Ցեղախումբը հարձակվում էր մի այլ ցեղախմբի վրա, նրանից վերցնում հավաքված սննդամթերքը, իր խմբի անդամներին կերակրելու համար: Հին աշխարհի պետությունները հարձակվում էին իրար վրա ավար խլելու, ստրուկներ ձեռք բերելու, նոր հարկատուներ նվաճելու համար.այդպիսինն էր ժամանակի տնտեսության կառուցվածքը. հասարակության մեջ կար ավելցուկ, որը վեր էր ածվում հարստության, որն էլ դրա կարիքն ունեցողների համար միշտ լինում էր ցանկալի: Արդյունքում պատերազմներ, նոր հարստացող կամ աղքատացող հասարակություններ: Պատերազմը հնագույն ու հին ժամանակներում կարող էին սկսել պարզ պատճառաբանությամբ. հարևանի արտն ավելի բերքատու է և այն պետք է իմը լինի, կամ ձրի աշխատուժ է հարկավոր, ուրեմն կարելի է հարևան երկրի բնակչությանը գերել, ստրուկ դարձնել: Մի խոսքով, պատերազմը բավականին տարածված երևույթ էր, քաղաքական միավորների միջև հարցերը լուծելու հիմնական ձևը: Որպեսզի մասսաներին ուղարկեն պատերազմի, կար մի շարք շահագրգռող պայմաններ. նախ դրա շնորհիվ պատերազմողը կարող էր հարստանալ, հետո պատերազմին մասնակցելը, զինվորականության դասին պատկանելը ենթադրում էր սոցիալական բարձր աստիճան, որը միշտ ցանկալի է, մի խոսքով արտոնյալ պայմաններ: Սակայն տնտեսական ֆորմացիաների, արտադրողականության բարձրացման, կյանքի պայմանների բարելավման հետ միասին պատերազմելը դառնում էր բավականին բարդ գործ: Հարկավոր էր ոչ միայն պատերազմողներ հավաքագրել, այլ նաև սեփական հասարակություններին համոզել, որ հարկավոր է պատերազմել: Դրա համար սկսվեցին օգտագործել դավանանքը, մարդկանց ներաշխարհի վրա ազդելու այլ ձևերը, մի խոսքով սկսեցին բարոյականապես հիմնավորել պատերազմի անհրաժեշտությունը: Այսպես` եթե Արևելքի երկրները հարուստ են հողերով և արտադրողականությամբ և հարկավոր է դրանք նվաճել, ուրեմն պատճառ պետք է գտնել: Խաչակրաց արշավանքների շեմին մի այդպիսի հրաշալի պատճառ գտնվեց. Տիրոջ գերեզմանի զավթումը մահմեդականների կողմից: Միթե կա ավելի ազնիվ նպատակ հավատացյալ քրիստոնյայի համար, քան Տիրոջ գերեզմանի ազատագրումը: Իհարկե ոչ: Այսպես խաչակիրներ ավազակները շարժվեցին արևելք, թալանելու ժողովուրդներին, բնակեցնելու հարուստ հողերը, հարստանալու:
Նույն եղանակներով /նվաճումների համար գաղափարախոսական հիմք ստեղծելու/ և նույն նպատակով /թալանի, տիրելու, հարստանալու/ եվրոպացիները «քաղաքակրթում» էին Ամերիկյան մայրցամաքի, Աֆրիկայի, Ավստրալիայի և այլ տարածքների բնիկներին, թուրքերը ցեղասպանում էին հայերին, Հիտլերը փորձում էր աշխարհը նվաճել և բազմաթիվ օրինակներ, որ յուրաքանչյուր հայ դպրոցական կարող է թվարկել: 20-րդ դարի երկրորդ կեսն ավելի «քաղաքակիրթ» էր. հիմա չենք նվաճում, որովհետև դուք ցածր ռասա եք և մենք իրավունք ունենք ձեզ տիրելու, այլ դուք մեր եղբայրներն եք, մենք ցանկանում ենք, որ դուք ապրեք կոմունիզմի մեջ, այսինքն` հավասարության, արժանապատիվ կյանքի, անվճար կրթության ու բժշկության: Մյուսն էլ ասում էր, որ չէ, էս կոմունիստները չեն հարգում մարդու իրավունքները, միլիոներով մարդկանց սպանում են սիբիրներում, հարկավոր է պայքարել սրանց դեմ, փրկել ձեզ այս արհավիրքից, դրա համար թույլ տուր զորքերս մտցնեմ քո երկիր, տուր ինձ քո տնտեսության եկամտաբեր ճյուղերը /դե ես զարգացած եմ, գիտեմ ինչպես աշխատացնել դրանք/:
Կոմունիզմի ու հակակոմունիզմի փուլն էլ անցանք, բայց պատերազմները չդադարեցին Հիմա էլ պատերազմները սկսեցին «ավտորիտար» ռեժիմների ու ահաբեկչության դեմ: Ինչպես կարելի է այս զարգացած դարում հանդուրժել դիկտատորների, մարդու իրավունքների մասսայական խախտումներ, լկտի ահաբեկչական գործողություններ, հարկավոր է անմիջապես արմատախիլ անել այդ ամենը: Եվ համազգեստ հագած զանգվածներն ու ռազմական տեխնիկան գրոհեցին երկրները, քանդեցին դրանք, մորթեցին հարյուրհազարների, տիրացան նավթահորերին, ստրատեգիական տարածքներին, ենթակառուցվածքներին, ստեղծեցին գաղտնի ու բացահայտ բանտեր, որտեղ մարդու իրավունքների խախտումները դարձան սովորական երևույթ: Այդ երկրների հասարակությունները մեծամասամբ սատարեցին իրենց իշխանություններին և հավատացած էին, որ իրենց մարդասեր կառավարությունը պայքարում է «չարի առանցքների» դեմ, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության տարածման համար… Միթե կա ավելի ազնիվ գործ այս աշխարհում…
2008թ. Ստրասբուրգի եվրոպական ուսումնասիրություններով զբաղվող հայտնի ինստիտուտում դաս է ընթանում. «Դեմոկրատիան եվրոպայում», Էրիկ Մոլինն է, դոկտոր, պրոֆեսոր, ինստիտուտի տնօրենը: Խոսելով դեմոկրատիայի ակունքների մասին, այնուհետև նա ասում է, որ դեմոկրատիայի դասական օրինակը ԱՄՆ է, ավելացնելով, սակայն, որ իրենց անդրօվկիանոսյան եղբայրները մի քիչ այլ կերպ են հասկանում դեմոկրատիան և մարդու իրավունքները, քան եվրոպացիները, օրինակ դեռ չեն վերացրել մահապատիժը, իսկ դեմոկրատիան աշխարհում տարածելու համար օգտագործում են hard power և ոչ soft power, ինչպես եվրոպացիները: Ուսանողի այն հարցին, ինչու են ամերիկացիները հատկապես դեմոկրատիա տարածում այնտեղ, որտեղ նավթ կա, կամ արդյոք պետության կործանումը, հարյուրհազարավոր մարդկանց կոտորածը կարելի է դեմոկրատիա անվանել, հարգարժան պրոֆեսորը պատասխանում է, որ դեմոկրատիան զոհեր է պահանջում: Սա բավականին զվարճալի պատմություն կարելի էր համարել, եթե այն այդքան ողբերգական չլիներ: Այսպես մտածում է ոչ միայն պրոֆեսոր Մոլինը, այլ գրեթե ամբողջ համալսարանական հանրությունը, որոնց ես առիթ ունեցա հանդիպելու իմ ուսումնառության շրջանում, ուսանողությունը, որի համար գլխավոր չարիքներ են «եվրոպայի վերջին դիկտատոր Լուկաշենկոն» /պատկերացնում եք, նա դեռ չի վերացրել մահապատիժը/, «ավտորիտար Պուտինը», «չարի առանցք» Իրանի նախագահ Ահմադինեջադը և այլն: Երբ իրաքցի լրագրողը կոշիկներն էր նետել ԱՄՆ նախագահ Բուշի վրա, հաջորդ օրը իմ իսպանացի կուրսընկերը խիստ վրդովված հայտարարեց դասի ժամանակ. «Ինչպես կարելի է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել երկրի ղեկավարի, ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ, նա հո Ֆիդել Կաստրոն չի»: Ահա այս ստերեոտիպներով է առաջնորդվում իմ տեսած Եվրոպան, համալսարանական շրջանակները, ուսանողությունը`ապագա էլիտան:
Սա որպես նախապատմություն: Այժմ անցնենք բուն թեմային: Արդեն 8 տարուց ավելի է, համալսարանական եմ և այս եզրահանգումները այդ 8 տարվա խտացումն են: Չնայած այդ 8 տարվա ընթացքում ես ունեցել եմ մոտ 50 դասախոս, ինձ մտածել սովորեցրել են միայն 3-4-ը: Հավատացեք սա մեծ թիվ է, իմ եվրոպացի ընկերները ազատ կարող են ինձ նախանձել:
Ժողովրդավարություն, դեմոկրատական ռեժիմներ: Փորձեմ հիշել, որոնք են բնորոշ գծերը. Իրավական պետության առկայություն, բազմակարծություն/ բազմակուսակցություն, ընտրությունների միջոցով իշխանություն իրականացնելու, իշխանություն փոխելու հնարավորություն և այլն: Քաղաքագիտության դասագրքերում կարող ենք կարդալ ժողովրդավարական պետությունների օրինակներ. ԱՄՆ, եվրոպական երկրներ և այլն: Փորձեմ հակառակվել. Դասական դեմոկրատիայի երկրներ կոչեցյալները իրականում ամբողջատիրական, տոտալիտար ռեժիմներ են: Ուղղակի սա նոր տոտալիտարիզմ է, երբ ամբողջ հասարակությունը, նրա ամբողջ գործունեությունը, նույնիսկ մտածելը գտնվում է հսկողության տակ, ենթակա է այդ հսկողի ազդեցությանը և միաժամանակ հսկվողը իրեն այդպես չի համարում, այլ գտնում է, որ ինքն աշխարհի ամենաազատ հասարակության անդամն է:
ԱՄՆ: Քաղաքական դաշտում գոյություն ունեն երկու հզոր կուսակցություն, որոնք էլ այս երկրի գրեթե ամբողջ պատմության ընթացքում իրար փոխարինել են իշխանական աթոռին: Սրանց հիմնական նպատակը մեկն է, տարբեր են ընդամենը մարտավարությունները: Այլընտրանք գործնականորեն չկա: Առաջնորդվում են համապատասխան կենտրոնների կողմից պատրաստված առաջարկություններով, ահա այս կենտրոններն էլ հենց հանդիսանում են ԱՄՆ իրական ղեկավար մարմինը: ԶԼՄ-ները, գրքերի հրատարակությունները, ֆիլմ արտադրող ընկերությունները աստիճանաբար կենտրոնանում են մեկ ձեռքում /այս մեկ ձեռքի տակ հարկավոր է հասկանալ հենց քաղաքականություն մշակող կենտրոններին/:
Ազատ մամուլ այլևս գոյություն չունի /կարելի է համոզվել Իրաքյան վերջին պատերազմի լուսաբանման ժամանակ, երբ ամբողջ աշխարհը տեսավ այն, ինչ պենտագոնը ցանակացավ, որ տեսնեն/: Բոլոր եկամտաբեր բիզնեսները ևս այս կենտրոնների սեփականությունն են, պատերազմները, քաղաքականությունը հաճախ վարվում են այս ընկերությունների կարճաժամկետ շահերի համար: ԶԼՄ-ները դարձել են խոշոր գործիք իրենց և միջազգային հասարակության վրա ազդելու, այդ հասարակություններին մշտապես անհավասարակշիռ, նյարդային, ասել է թե հեշտ կառավարելի վիճակում պահելու համար: Այս կենտրոնների գլխավոր թշնամիներն են ամուր պետությունները և հասարակությունները, նրանք, որտեղ ուժեղ է ընտանիքը`որպես հասարակության կարևոր բջիջ, հավատքը` որպես բարոյականության գլխավոր աղբյուր և ազգային հավատքի գլխավոր ու ուժեղ մարմինները, ասենք, եկեղեցին, ազգային պատմությունը, ազգային գաղափարախոսությունը: Այս ամենը կարևոր թշնամիներ են, քանզի թույլ չեն տալիս այս կենտրոնների ազդեցությունը իրենց հասարակության վրա, քանզի սրանք իրենց հասարակություններին օժտում են իրենց արժեքներով, մտցնում են իրենց ազգային ստերեոտիպների մեջ և դարձնում դժվար խոցելի: Այս ազգային ինստիտուտների դեմ պայքարելու համար արդեն իսկ իրականացվում են բավականին ագրեսիվ ծրագրեր, փոխվում են պատմության դասագրքերը, տարբեր ձևերով թուլացվում է եկեղեցին /հոգևոր կառույցը/, աղանդներ, տարբեր հոգևոր շարժումներ /մեր հասարակությունում շատ ականատես կլինեք հայոց եկեղեցու /կաթողիկոսի/ դեմ նողկալի հարձակումների/ և այլն:
Ակամա հիշում եմ պատմության այն դրվագը, երբ ճիզվիտները, ցանկանալով կաթոլիկ դարձնել հայերին, փորձում են հայերենը վերացնել, վերցնում են հայերենի արմատները, տալիս լատինական վերջավորություններ և ապա փոխվում են նաև արմատները: Բավականին մեծ հաջողության հասան ճիզվիտ «հայրերը», և միայն Մխիթարյան հայրերի անգնահատելի աշխատանքների շնորհիվ, այսօր գոյություն ունի մեր լեզուն:
Այս հոգևոր ագրեսիան կատարվում է ոչ միայն հայերի, այլ բոլոր ազգերի դեմ. նպատակը` համահարթեցում, հեշտ կառավարելի հասարակությունների /հասարակության/ ստեղծում, մրցակից ազգերի թուլացում կամ իսպառ ոչնչացում:
Եվրոպա /Ֆրանսիա/: Ապրելով այստեղ ես տեսա ցնցող բան. այստեղ հասարակությանը վեր են ածում նախիրի, հասարակության անդամին`անասունի: Այդ ամենի համար լավագույնս օգտագործվում է կրթական համակարգը. մանկապարտեզից մինչև բուհեր ասվում է նույն բանը, արդյունքում բոլորը խոսում են նույն տերմիններով և, որ ամենասարսափելին է, մտածում են միանման: Ավելի ճիշտ չեն մտածում, հասարակությանը /նախիրին/ այդ շնորքը տրված չէ: Իրենք կարող են միայն դատել իրենց տրված ստերեոտիպների սահմաններում, ոչ ավելին: Ինչպես անասունն է ձգտում տաք գոմի և հյութեղ խոտի, այս հասարակության անդամն էլ ձգտում է նույնին. աշխատանք, որը նրան հանարավորություն կտա վերցնել հիպոթեքային վարկ տուն գնելու համար, սնունդ և որպես բարեկեցիկ անասուն նաև տարվա մեջ մեկ անգամ գոնե հանգիստ, ասենք, հարևան երկիր ճամփորդության տեսքով: Այս հասարակություն ինդիվիդուալ հասարակություն է, դպրոցական տարիքն անցնելուց հետո ընտանիքը դուրս է շպրտում երեխային. սա շնորհիվ այս հասարակության գործող մեխանիզմի, փողոցային չի դառնում, կարող է գտնել կրթաթոշակ կամ փոքր աշխատանք, դառնալ ուսանող, ամբողջականանալ որպես հասարակության անդամ և փնտրել մշտական աշխատանք: Հասարակությունն այստեղ ապրում է կաստաներով. օրինակ իրավաբանների, բժիշկների և այլ բարձր վարձատրվողների ընտանիքները բարձր կաստաներին են պատկանում, կա նաև միջին խավ, 2500-3500 եվրո վաստակողները, և իհարկե ստորին խավ, որոնք են մինիմալ աշխատավարձ ստացողները: Մի կաստայից մյուսն անցնելը այդքան էլ հեշտ պրոցես չի, քանզի գոյություն ունի կաստաների վերարտադրություն և մուտքն այնտեղ ուրիշների համար շատ սահմանափակ է: Քաղաքական վերնախավը նույնպես վերարտադրվում է շատ հետաքրքիր ձևով: Իշխանության մեջ հայտնվելու շանսեր ունեն միայն որոշակի բուհեր ավարտածները, իսկ այդ բուհերը, ի տարբերություն համալսարանների մեծամասնության, վճարովի են, արժեն մինչև մի քանի տասնյակ հազար եվրո, այնտեղ ընդունվելու համար հարկավոր է ունենալ երևելի մարդկանց երաշխավորագրերը: Արդեն իսկ հասկանալի, թե ովքեր են ընդունվում այդ բուհեր:
Այս հասարակությունը հիվանդ է, սրա անդամները վախենում են տարբեր տեսակի մանյակներից, բռնաբարողներից ու պեդոֆիլներից: Ես այստեղ ապրում եմ գրեթե 1 տարի և դեռևս երեխայի առևանգման կամ պեդոֆիլիայի դեպք չեմ լսել/ իսկ եթե լիներ, կլսեի, որովհետև շատ դյութիչ թեմա է լսեցնելու համար/: Սակայն բոլորը խիստ վախենում են, այն աստիճան, որ երեխաների բակում խաղալը դարձել է անհնարին, իսկ եթե շոյում ես երեխայի գլուխը, ապա պատրաստ եղիր դիմակայել ծնողների ագրեսիվ հարձակմանը, առնվազն անբարյացակամ հայացքին:
Այս հասարակության անդամները /անասունները/ շատ ինքնահավան են: Նրանք բավականին մեծ կարծիքի են իրենց մասին, որպես կանոն ոչինչ չգիտեն այլ մշակույթների մասին և վերևից են նայում այլ մշակույթի կրողներին:
Պետք է նշել, որ այստեղ նույնպես ընթանում են այն պրոցեսները, ինչ նկարագրել էի ԱՄՆ-ին վերաբերվող մասում:
Եվ ահա, թե ինչու ինձ համար խիստ վիրավորական է, որ եվրախորհրդում կամ նմանատիպ այլ կառույցում աշխատող մեկը, վերոնշյալ հասարակության անդամը, քննադատում է իմ սեփական երկիրը, իմ իսկ ժողովրդին… ողբերգությունն այն է, որ քննադատում է իրավացիորեն…
Իմ հարազատ հասարակությունը մինչև այսօր խորը ճգնաժամի մեջ է, նա չի կարողանում գտնել իր արժեքային համակարգը /արժեքներ, որոնք գալիս են սեփական դավանանքից, պատմությունից, մշակույթից/, արմատախիլ անել իր զարգացումը արգելակող երևույթները /կոռուպցիա, վենդետա, իրավական պետության բացակայություն, հասարակության ներսում անհանդուրժողականություն և այլն/: Դրան գումարվում են այլ մարտահրավերներ. հայության ձուլումը սփյուռքում /հայկական դպրոցների զանգվածային փակումներ, հայկական ազգային և բարեգործական ընկերությունների ենթարկում ոչ հայկական ուժերի/, ՀՀ և ԼՂՀ թերբնակեցվածությունը և այլն:
3-րդ դարի վերջին ու 4-րդ դարի սկզբին մեր հասարակությունը ապրել է ամենամեծ փոփոխության շրջաններից մեկը: Համաշխարհային խոշոր գաղափարախոսություններից /կրոններից/ մեկը` քրիստոնեությունը, լուրջ սպառնալիք էր մեր ազգային իդենտիկությանը: Սպառնալիքը միայն այն չէր, որ նոր իդենտիկություն ենք ձեռք բերում, այլև այն, որ կարող էինք ընդհանրապես ձուլվել այլ հասարակություններում: Բայց, այ քեզ հրաշք, արդեն 5-րդ դարում մենք ստեղծեցինք մեր քրիստոնեությունը, մեր ազգայինը, հայկականը ու կարողացանք պահպանել մեր իդենտիկությունը: Կկարողանանք արդյոք դիմակայել ժողովրդավարություն կոչված մշակութային, նոր արժեքային ագրեսիային, դրանից վերցնել միայն այն, ինչ մեր ազգայինի հետ ներդաշնակ կլինի, կկարողանանք ստեղծել ազգային ժողովրդավարություն և շարունակել մեր երթը հաջորդ դարերում, թե վեր կածվենք նախիրի` ենթակա մի քանի կենտրոնների ուղորդիչ ճիպոտներին…
(այս հոդվածը ևս չեմ ավարտում, սպասելով արձագանքների)
Ստրքսբուրգ
21.05.2009
Հայկ Խանումյան
2 մեկնաբանություն
Phenomen
07-07-09 • 01:42 AM
1Հայկ ջան, քննադատությունդ շատ արդարացված է, ու նույնիսկ ավելացնելու պահեր էլ կան, բայց քանի որ գրել ես, որ հոդվածդ ավարտված չէ, կսպասեմ լրացմանը / ի դեպ, եթե հարմար կգտնես, շարունակությունը տեղադրիր ոչ թե որպես առանձին հոդված, այլ հենց այստեղ իբրև մեկնաբանություն, քանի որ այդպես հեշտ կլինի քննարկելը, կարիք չի լինի հոդվածից հոդված “թռնել"՝ ինչ-որ միտք մեկնաբանելու համար/
Մեր բլոգի “ակտիվը” հիմնականում Եվրոպա “ծառայած” ժողովուրդ են, ու քչից-շատից գիտեն այստեղի բարքերը: Այնուամենայնիվ օգտակար եմ համարում այս հոդվածը՝ ճանաչողական տեսակետից: Վստահ եմ որ կկարդանք հարգելի Փիլիսոփայի մեկնաբանությունը՝ “եթե Արևմուտքն այդքան վատն է, ապա ի՞նչ բառերով նկարագրել Հայաստանը”, կուրախանանք Ժոժոբայի ծաղրուծանակով, կծանոթանանք նաև այլ կարծիքների, կլինի բանավեճ:
Հայկ Խանումյան
07-07-09 • 06:49 AM
2Շնորհակալ եմ մեկնաբանության համար,
սիրով սպասում եմ ավելացնելու արժանի պահերին, քանզի հոդվածը ավարտելու ենք միասին, քննարկման բոլոր մասնակիցներով: Այս թեման ինձ շատ է հուզում և դրա շուրջ բոլոր մտքերի քննարկումը կարծում եմ բավականին արդյունավետ կլինի:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)