Չգիտեմ, թե ինչն է պատճառը, սակայն վերջերս սկսել եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե կուսակցություններից ով ինչչափ, ինչ խորությամբ եւ ինչ ազնվությամբ է սիրում, հարգում, պաշտում ու կուռք դարձնում իր նախագահին:

Ստորեւ ներկայացնում եմ իմ դիտարկումները: Ու սկսում եմ, ըստ իմ չափորոշիչների (սկսած քամակ մտնելուց՝ մինչեւ իսկապես հարգել-սիրելը):

ԲՀԿ > OԵԿ > ՀՀԿ > ՀԱԿ

Դե, դաշնակներին չեմ նշել, որովհետեւ այդպես էլ գլխի չընկա՝ նրանք ունե՞ն առաջնորդ, թե՞ ոչ:

Այսպիսով՝ ԲՀԿ, հանձինս իր նախագահ Գագիկ Ծառուկյանի:

Ինչ ասեմ՝ սիրելն այն խոսքը չէ… պաշտել՝ էլի այն չէ: Մի խոսքով տեսեք իմ չափորոշիչը եւ կհասկանաք, թե սկսած շարքային ԲՀԿ-ականից մինչեւ թագավորի մերձակիցները ինչպիսի վերաբերմունք են տածում Ծառուկյանի հանդեպ: Այնքան են սիրում, որ քաղաքապետի նախընտրական պառստառի վրա Քուշկյանի պատկերը հայտվել է մի կողմում, Ծառուկյաինինը՝ մյուս կողմում: ԲՀԿ-ականներից ում ինչ հարց տան, սկսում են՝ «պարոն Ծառուկյանով», վերջացնում՝ դարձյալ «պարոն Ծառուկյան»-ով: Հարցնում են, ասենք՝ թե ինչո՞ւ է թուղթը սպիտակ, պատասխանում են՝ «պարոն Ծառուկյանը հստակ ասել էր որ… եվ մենք՝ հետեւելով պարոն Ծառուկյանի բռնած գիծը, պետք է պահենք-պահպանենք թղթի սպիտակ գույնը»: Ուշադրություն դարձրեք, եւ կտեսնեք, որ ես ճիշտ եմ:

Հիմա՝ սա ի՞նչ է՝ սե՞ր՝ չեմ կարծում, հարգա՞նք՝ դժվարանում եմ հավատալ, վա՞խ՝ վախենում էիք, չմտնեիք: Ինձ թվում է՝ երեւի փողի մի մե՜ծ քսակից մի քանի կոպեկ փախցնելու ձգտում է սոսկ:

Հաջորդը ՕԵԿ-ն է՝ ի դեմս Հեղինե-Արթուր աստղային զույգի: Գոնե լավ է, մեկ մեկ Հեղինեն ինչ-որ սուտի-մուտի ամպագորգոռ խոսքեր է հնչեցնում, թե չէ մեկ-մեկ շփոթվում ես, ու թվում է, թե Արթուրի թեկնածությունն է դրված: Դարձյալ՝ գովեստի խոսքեր՝ մտքի, խելքի, գիտելիքների պաշարի ու էլ չեմ իմանում ինչի վերաբերյալ… սակայն՝ Արթուրին ուղղված: Մի Արթուր՝ Մի ՕԵԿ: Վերջ: Արթուրը հաստատակամ է իր համոզմունքներում, մյուսները՝ երերացող: Արթուրը սիրո եւ բարության մարմնացում է, իսկ «ոմանք»՝ թշնամության ու չարության: Ես ասել եմ ու էլի եմ կրկնում՝ այս ընտրությունները շա՜տ էին պետք, միայն նրա համար, որ ՕԵԿ-ի կուսակցապետը հասկանա իր կուսակցության իսկական շուկայական գինը:

Երրորդը՝ ՀՀԿ-ն է՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Այս դեպքում անհամեմատ քիչ է ամեն բառի մեջ կուսակցապետին հիշելը: Սակայն մեծ տեղ է զբաղեցնում ամեն բառի մեջ ՀՀ Նախագահին հիշելը: Օրինակ՝ նախագահը ասել է այսպես, ու ՀՀԿ-ն սատարում է այդ միտքը: Էլ չեն ասում, որ, ի վերջո, մեր կուսակցապետն է ասել, ու անկախ այն հանգամանքից՝ նա նախագահ է, թե նախագահի տեղակալ, մեկ է, պետք է իրագործենք:

Չորրորդը, ըստ իս, ՀԱԿ-ն է՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: Ժոժոբան կարող է տարբեր դիտարկումներ անել՝ Կիեւյան կամրջի վրա դիմավորել, տուն ճանապարհ դնել եւ այլն: Սակայն, այնպես չէ, որ ում ինչ հարց տան՝ իր խոսքը թողած սկսի Լեւոնին գովաբանել: Ես որ չեմ նկատել:

Սակայն, ամեն ինչը մի կողմ, ՀԱԿ-ի անդամները հարգում են իրենց առաջնորդին: Սա դարձյալ սեր չէ: Գուցե նրանցից շատերը դարձրել են կուռք: Հնարավոր է: Սակայն՝ ոչ թե փողի, այլ՝ գաղափարի համար: Ու հաստատ՝ սա քծնել չէ: Եվ հարգողների մեծ մասի սերն անկեղծ է:

Մի խոսքով: Սպասում եմ Ձեր գնահատականներին ու դիտարկումներին:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward