Երեկվա գրական գեղեցիկ երեկոն ֆ5-ում միտք առաջացրեց Չարենցին նվիրված թեմա բացել: Այս թեման էլ նվիրենք հայ մեծանուն գրողին ու նրա ստեղծագործություններին:
Շա՜տ եմ սիրում Չարենցի ահա այս ստեղծագործությունը… Խիստ արդիական է:
ՊԱՏԳԱՄ
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արեւը բերեց:–
Ահա ոսկյա մի արեւ`
Ճառագումով իր հրե`
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց`
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն:
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույս այս արթուն,
Օ՜, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ
Հրակարմիր հրավարս,
Ադամանդյա լույսը այս:–
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարչտին
Ուր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ`
Լուրթ հոսելով դարից դար`
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հու՜ր այգաբացն այս հեռու`
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա՛ն այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ`
Ո՜գի անկոր, հու՜ր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արեւ է՛լ.
Նա է միայն, որ դարեր
Անմար`պիտի արևե՛…
Լույսով վառված սակայն այդ`
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այս արար.–
Մեր անցյալի խորամիտ
Է՛ջն այն արդար ու ռամիկ`
Մեծահանճար ու վարար…
09.05.1933թ Ե. ՉԱՐԵՆՑ
8 մեկնաբանություն
Marat
18-04-09 • 13:10 PM
1Երևի դեմ չեք լինի, եթե մի քիչ ուրախանանք Չարենցի էպիգրամներից մի քանիսով:
Գնացինք.
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԲԱՐԵԿԱՄԻՍ
(Ա. Հ.)
Ախ, քո բոյը քեզ ներշնչել է
Վերևից նայել ամենքին.
Մի հեգնանք կա միշտ քո դեմքին,
Որ քո բոյը քեզ ներշնչել է:-
Կարող են հասնել լոկ ճանճերը
Քո քթի բարձրերն անմեկին.
Գուցե հենց նրա՞նք քեզ ներշնչել են
Վերևից նայել ամենքին…
*****
Անհուն, Անուն և անանուն
(Հատված հեքիաթից)
…Մտերմությամբ մի անհուն
Գնում էին անհունով
Մի պատմագիր անանուն
Եվ մի պատմիչ անունով…
*****
Վարիանտ
Հ.Հ.
(Նմանություն Թումանյանին)
Գիժ Իմատրայիմ փառահեղ ափին,
Հագին սև կոստյում, օսլայած շապիկ,
Բանաստեղծորեն գլխարկը ձեռին,
Ողջույն հղելով շաչուն ջրերին
Կանգնած է ահա
Մի մեծ… հաշվապահ:-
*****
ՀԱՐՑ
Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ,
Նայելով ոմանց «փառավոր» դնչին,
Թե ինչու՞ է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանք- այսքան փոքրիկ ու չնչին…
*****
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
Ճանաչում եք դուք այդ մարդուն, հանճարին այդ մեր ալեհեր,
Դժվար է այսօր աշխարհում այդպիսի հանճար մի ճարել.
ՏԵսնում եք խոհը ճակատի, կեցվածքը խորոխտ, անվեհեր…
Բայց է ինչ է արդյոք նա արել:- մի փոքրիկ հոդված է գրել:
*****
N.N.
Նա մեջ է ընկնում տեղի-անտեղի,
Սխալվում է նա ու կարծիք փոխում,
Նման է նա քիչ այն ծծկեր տղին,
Որ մատն ուզում է բերանը կոխի,
Բայց միշտ անպատեհ տեղեր է կոխում:
*****
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Նա մի պոեմ պիտի գրեր
Ու մի պիես, ու մի վեպ.
Գրի առավ, թղթեր դրեց
Եվ հայացքը հառեց վեր.
Նայեց, նայեց առաստաղին,
Հանճարի տեսք ընդունեց,
Դեմքին իջավ խորը թախիծ,
Քունը տարավ… ու քնեց:
Երկա՜ր քնեց:- Եվ աչքերը
Խորը քնից բացեց երբ-
Թերթում կարդաց, որ գրել է
Նա մի պիես ու մի վեպ:-
Marat
18-04-09 • 19:56 PM
2Քանի որ ֆ5-ում գերակշռում են Սևակի ստեղծագործությունների սիրահարները, տեղադրեմ Եղիշե Չարենցի մասին Պարույր Սևակի խոհերից մի քանիսը:
Այս մեկը որ շատ լավն է.
ALIS
19-04-09 • 06:29 AM
3Դու ճիշտ ես Մարատ, Չարենց մեծության մասին մենք չէ որ պետք է խոսենք, հասարակ մահկանացուներս: Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ Չարենց կարդալով ավելի հասուն է դառնում: Մեզ մնում է վայելել մեր գրականության հսկայի ստեղծագործությունները:
Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի -
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:
Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապոկներ հագին
Եվ գահը արել է ֆայտոն։
Նստել է, քշում է բռի,
Վարգում է, ոստնում է, անցնում,
Տիրան է, Ներոն է, բռի
Սփռում է արյուն ու արցունք։
Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ, մակածում,
Որ հետո ահավոր պարպի
Խլացնի որոտներն ամպեղեն
Եվ ինչպես հրաբուխ պայթի,
Հուրհրա լավան հրեղեն,
Շառաչի, հորդանա, հորդի
Արնաներկ գահի վրայով,
Զի բավ է արեւներ մորթի
Այդ կինտոն սարդի ճակատով։
Օ, ե՞րբ է Մսըրը եղել
Մեր հիմքում նման հոր փորող,
Մեզ ոչ ոք այսպես չի նեղել,
Ինչպես այդ հարճորդին կարող։
Սեւ կառքի կառապան լկտի,
Բազմել է ցարերի գահին,
Լափում է որձակը մեր մտքի,
Զրկում է մեզ հունտից ազգային։
Ի՞նչ անի նստվածքը ռամիկ
Կավատի դավից անտեղյակ,
Արեւ էր, դառել է մահիկ,
Աշխարհում՝ մնացել մենակ։
Օ, ո՞ւր եք, աստղեր, արեւներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եվ եղավ չըլսված մի Նեռ
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն։
1937, բանտ
F5-admin
19-04-09 • 07:32 AM
4Մարատ ջան, իսկ ո՞վ ասեց, որ Սեւակ սիրողը չի կարող Չարենց սիրել…
Չարենցը հանճար է: Անխոս:
Շատ ջահել ժամանակներս, երբ մի 18-20 տարեկան էի, այն ժամանակ չէի սիրում Չարենց: Չէի սիրում, որովհետեւ շատ չէի կարդացել նրա գործերը:
Այդ ժամանակ էր, որ հորս հետ սենց, ընտանեկան բանավեճ էի անում, թե՝ մթոմ Չարենցին ինչո՞ւ են սենց պաշտում, ո՞ր առանձնահատկության վրա: Այ, Սեւակն ուրիշ բան… Նա էլ, ոչ տարավ, ոչ բերեց, թե՝ Սեւակն, ինչ խոսք, որ տաղանդավոր է, բայց Չարենցը հակճար է:
Ու բերեց, բացեց Չարենցի հատընտիրը, մի քանի էջ թերթեց, ու գտավ չարենցյան մի գործ, դրեց դեմս, թե՝ ես սենյակից դուրս եմ գալիս, դու ուշադիր կարդա:
Այսօրվա պես հիշում եմ… «Կախաղան» էր կաչվում կարծեմ այդ բանաստեղծությունը… Էն, որ կախաղան են բարձրացնում մեկին… Ի՜նչ բառեր, ի՜նչ պատկերներ…
Սաղ հեչ, բա կարդացե՞լ եք Չարենցի «Դաշնակցականներին» բանաստեղծությունը… Արծվիկը որ կարդա, կարող է իր թեկնածությունը հանի
Marat
19-04-09 • 16:09 PM
5Իհարկե, կարող է սիրել, Ադմին ջան: Ես էլ եմ Սևակ շատ սիրում:
Իսկ այս մեկն ի՜նչ գեղեցիկ է գրված: Եղել է ընդամենը տասնինը տարեկան պատանի:
Իսկ այս մեկը գրելիս՝ եղել է քսանմեկ տարեկան: Շա՜տ լավն է՝ տրամադրություն ստեղծող, պատկերավոր, գեղեցիկ: Այ, սա ներարկվե՛ք:
Սա էլ՝ ադմին ջան, Արծվիկի պատվին:
Philosopher
19-04-09 • 16:50 PM
6Տնդունեք բոլորդ էլ, որ յուրաքանչյուր գրող ունի յուր առանձնահատկությունը:
Ինձ համար Չարենցը պայքարի ոգի է, առաջամարտիկ դեպի հույսը և ապագան, ում գրածները կարդում ես ու ոգեշնչվում:
Վահան Տերյանը, կրկին նվաստիս համար, արդեն հանդիսանում է մենության ուղենիշ: Իրոք, երբ գտնվում ես հոգեկան խռովքի մեջ, հաստատ Տերյան կարդալը իրապես կոգնի.
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ.
Ինձ համար անգերազանցելի է Հովհաննես Թումանյանը: Իրոք, այնքան պարզ են նրա ստեղծագործությունները, որ կարդում ես ու չես ձանձրանա: Հատկապես քառյակները.
Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ,միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես,քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից,թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիրերկու օրվան էս ճամփեդ։
Քուն թե արթուն` օրիս շատըերազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ,վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ,ու չհասա ոչ մեկին,
Կյանքըս, թեթև տանուլ տված, գըրազ եղավ, անցկացավ։
Կյանքս արի հրապարակ,ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ,անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ,որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամհող ու ծաղիկ տվողին…
Քանի որ թեման Եղիշե Չարենց վեհությունն է, ապա ես էլ տեղադրեմ ինձ համար Չարենցի գերազանց ստեղծագործությունը.
Մահվան Տեսիլ
Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի-
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու.
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան-
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց-մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշպարան, ու երկնուղեղ փայտե՛ր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ոչ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի․․․
Երթամ մարող ու մարմարող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուշեղ
Ու օրորվեմ` եղերական ու անբասիր․․․
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․
Marat
19-04-09 • 19:59 PM
7Չգիտես՝ ինչու, ինձ թվում է, որ Վարդազարն էլ է մոլի չարենցասեր:
Վարդազար
19-04-09 • 22:47 PM
8Մարատ, վերլուծական շնորհդ աստվածատուր է երևում, նույնիսկ հարգարժան Ժոժոբին ես աբգոն անում երբեմն: Բայց էդ մոլին պետք ա չասեիր:
Իսկ սա նվիրում եմ Մարիամին(կամ Դորիանին), արժանին հատուցելով նրա ներշնչանքին:
ՆԵՐՇՆՉՄԱՆ ՊԱՀԵՐԻՆ
Այս պահերին աշխարհում
Ես հարուստ եմ բոլորի՜ց:
Ես բարի եմ մանկան պես
Այս պահերին աշխարհում:
Այս պահերին թվում է՝
փակ դուռ չկա ինձ համար-
ՈՒր էլ գնամ՝ կընդունեն,
Եվ չեն մերժի՝ ինչ ուզեմ:
Այս պահերին թվում է,
Որ հողագունդը համայն
Ես կարող եմ մի խոսքով
Թախծոտ մորը սփոփել,
Իմ մի խոսքով կարող է
Սիրտը սիրով տրոփել.
Իմ մի խոսքով կարող է
Գնալ զինվորը մարտի,
Իմ մի խոսքը կարող է
Մարդ դարձնել տմարդին:
Ես կարող եմ ձեռք բերել
Իմ մի հատիկ մի խոսքով,
Ինչ չեն կարող ձեռք բերել
Ո՛չ արյունով, ո՛չ ոսկով.
Ո՛չ հրդեհով, որ տներ
ՈՒ քաղաքներ է վառում…
Ես զորեղ եմ ամենքից
Այս պահերին աշխարհում…
Պարույր Սևակ
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)