Այսօր (արդեն երեկ) Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Թուրքիայի իրենց հասակակիցներին 2 : 1 հաշվով:
Որեւէ մեկդ սպասու՞մ էիք…
Ինքս եղել եմ մարզադաշտում: Հաճելիորեն զարմացած ու ոգեւորված եմ մեր տղաների մտածված կոմբինացիաներից, լավ խաղից եւ գեղեցիկ գոլերից:

Հայ ֆուտբոլիստները խաղն սկսեցին փոքր-ինչ պասիվ. խաղում էին երկրորդ համարով: Բայց արդեն առաջին խաղակեսի միջնամասում խաղը լիովին հավասարեցրեցին, ապա եւ սկսեցին մեկը մեկից վտանգավոր պահեր ստեղծել թուրքերի դարպասի մոտ: Պետք է նշել, որ թուրքերն առաջին խաղակեսում վտանգավոր որեւէ գործողություն մեր տուգանային հրապարակի մատույցներում չձեռնարկեցին: Մերոնք ունեին երկու-երեք մաքուր գոլային պահեր, որոնք չօգտագործեցին. կամ հարվածն էր շեղ կամ էլ թուրք դարպասապահն էր փրկում իր թիմին:

Երկրորդ խաղակեսն էլ նույն պատկերն ուներ: Սակայն մեր պաշտպանների ցավալի սխալից հետո թուրք կիսապաշտպանը խաղի 66-րդ րոպեին գոլ խփեց: Բաց թողած գոլից հետո մեր տղաները մի քիչ ընկճվեցին, խաղը մի փոքր խամրեց: Թուրքերն էլ սկսեցին “թրքություն"(սադրանք չէ, հիշաչարություն չէ, ատելություն չէ բառիս հիմքում ընկած) անելը: Մանր, կեղտոտ ստոր, ոչ սպորտային քայլեր էին անում, որոնցով փորձում էին հայերին հունից հանել:
Ի ուրախություն մեզ, հայ ֆուտբոլիստները “հավաքվեցին” եւ խաղի վերջին րոպեներին կերպարանփոխվեցին եւ սկսեցին բզկտել թուրքերի պաշտպանությունը: 89-րդ րոպեին Կարեն Մկրտչյանը տուգանայինի խաղարկումից հետո, գտնվելով դարպասային հրապարակում, խփեց առաջին գոլը: Այնուհետեւ` այդ ոգեւորության ալիքի ազդեցության տակ, մեր ֆուտբոլիսները պարզապես քարը քարին չթողնելով թուրքերի պաշտպանությունից, կազմակերպեցին անչափ գեղեցիկ կոմբինացիա, որի արդյունքում Հենրիկ Մխիթարյանը` վաղամեռիկ Համլետ Մխիթարյանի որդին, երկրորդ անգամ գրավեց թուրքերի դարպասը: Աննկարագրելի է, թե ինչ էր կատարվում մարզադաշտի տրիբունայում:

Ասեմ, որ չնայած, հանդիպել էին երիտասարդական հավաքականները, սակայն արեւելյան եւ հարավային տրիբունաները լեփ-լեցուն էին ֆուտբոլասերներով:

Հաղթանակ մաղթենք նաեւ մեր ազգային հավաքականին:smile


forward