Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել պաշտոնավարման 100 օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապե­տության Նախագահի պաշտոնում իմ գործունե­ության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ նախանշելու մեր պետության զարգացման առաջնայնու­թյունների օրակարգը: Անցած հարյուր օրվա ընթացքում իմ գործունեության նպատակն է եղել անդրադառնալ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների սպասելիքներին, հույսերին ու պահանջներին, հիմքեր ստեղծել այն փոփոխու­թյունների շարունակության համար, որոնք մեր պետության հետագա զարգացման ուղղակի հրամայականն են:

Ասվածը վերաբերում է գործունեության բոլոր ոլորտներին. ներքին եւ արտաքին քաղաքակա­նությանը, անվտանգության եւ զինված ուժերի կատա­րե­լագործմանը, ոստիկանության ու դատական համակարգի գործունեությանը, արդ­յունավետ տնտեսական քաղաքականությանը, այդ թվում` հարկային ու մաքսային մարմինների աշխատանքին: Կան ոլորտներ, որտեղ մենք սեղմ ժամկետում կարողացել ենք արդյունքներ արձանագրել: Մյուսներում փոփո­խությունները նույնպես տեսանելի կլինեն մոտ ժամանակներս:

Ես սկսել եմ իրականացնել իմ ծրագիրը, որը ձեզնից շատերի հավանությանն է արժանացել եւ ներառում է կարեւոր ու կոնկրետ խնդիրների լուծումներ: Անցած հարյուր օրերը ցույց տվեցին, որ դրանց մի մասը կիրականացնենք շատ ավելի արագ, քան ենթադրում էինք, մյուսների համար ավելի տեւական ժամանակ է անհրաժեշտ: Տեւական, բայց ոչ ավելին, քան ծրագրել ենք:

Ես չեմ ասում համբերել է պետք. հավա­տացե՜ք, ես էլ չեմ համբերում, եւ ուզում եմ օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրները՝ անար­դարության, անտարբերության, կոռուպցի­այի ու աղքատության դեմ պայքարի դրական արդ­յունքները:

Պաշտոնավարման հարյուր օրվա ավարտին ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով, որ ձեզնից յուրաքանչյուրն իր համար պատասխանի հետեւյալ հարցին` թե այս ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում: Հարցնի նաեւ իր ընկերոջը, բարեկամին ու հարեւաններին:

Ցավոք, այսօր արվող գործի մասին որոշ մարդիկ խոսում են թերահավատությամբ: Իմ հետեւողականությամբ եմ պատրաստվում շրջել նրանց հոռետեսությունը: Տեղի ունեցողը ՚անվտանգ երթեւեկության միամսյակՙ կամ ՚մաքուր ձեռքերՙ միջոցառումներ չեն: Մեր աշխատանքը չի սահմանափակվելու ոչ մի «հարյուր օրով»: Այս գործելաոճը դարձնելու ենք կյանքի բնականոն նորմ:

Համոզված եմ, որ քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ. դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացի­ները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկե­ցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը: Ես ելնում եմ այն գիտակցությունից, որ մենք չունենք գրեթե ոչինչ` բացի մարդուց: Այդ մարդը Հայաստանի քաղա­քացին է, Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները£ Այդ մարդը պետք է լինի ազատ ու կիրթ, մրցունակ ու բարեկեցիկ, օրինակելի` թե՜ իր բարոյական նկարագրով, թե՜ օրինապաշ­տու­թյամբ:

Սիրելի՜ հայրենակիցներ,

Ձեզ հետ ես միշտ խոսել եմ բաց ու անկեղծ եւ այսօր նույնպիսի անկեղծություն եմ ակնկալում ձեզնից: Անկեղծություն, քանզի ավելի մեծ նախա­գծերի ու ծրագրերի անցնելու համար մեզ լավատեսություն է պետք:

Նույնիսկ փոքր գործ անելու համար մարդը պետք է տրամադրվի, եւ մենք, որպես հասարա­կություն, պետք է տրամադրվենք մեծ գործեր անելու, տրամադրվենք մեծ փոփոխու­թյունների, գնահատենք մեր պետականության զարգացման ընթացքը, անցնենք հասարակության առողջաց­ման ողջ ուղին՝ ախտաճանաչումից մինչեւ ապաքինում:

Միշտ հիշեք, որ դուք անկախ Հայաստանի ազատ քաղաքացիներն եք, ու այսօր մենք միասին գրում ենք մեր պատմության նոր էջը: Թե ինչ կգրվի, կախված է ոչ միայն Նախագահից, այլեւ` բոլորիցս£ Հաջորդ էջերը գրելու են մեր զավակներն ու թոռները: Թե ինչպիսի էջեր կթողնեն նրանք, մեծապես կախված է մեզնից, այն երկրից, որում նրանք ապրում ու ապրելու են:

Իմ ցանկությունն ու գործունեության նպատակն այն է, որ նրանք ապրեն ազատ Հայաստանում, ժողովրդավարական, զարգա­ցած ու ուժեղ Հայաստանում:

Այդ Հայաստանը կերտելու ենք միասին»:

------------------------------------------------

Հիմա ի՞նչ եք ասում. չբռնե՞նք ու հավատանք:


forward