Երբ առաջին անգամ լսեցի գովազգային այս կոչը, մտքովս էլ ինչ ասես չանցավ. նախ, մտածեցի, թե Հայաստանից իմ կարճատեւ բացակայության ընթացքում մեր հանարապետությունում սեքսուալ հեղափոխություն է իրականացվել (իհարկե, ո՛չ իմպիչմենտի կողմից): Հետո ինքն ինձ ուղղեցի՝ երեւի Արմենիա TV-ի «Բացահայտում» հաղորդման այսօրվա հյուրը հայանուն մեծ հասարակագետ պարոն Ադիբեկյանն է՝ սեքսոլոգիայի ոլորտի իր ամենավերջին բացահայտումներով: Չէ, ընտրություններն արդեն ետեւում են, դժվար թե պարոն Ահարոնն ասելիք ունենա: Լավ, ինչի՞ մասին է խոսքը: Կարո՞ ղ է էլի Հայաստանի միակ մարքսիտ ու սեռահոգեբան Դավիթն է կին-տղամարդ հարաբերություններում նոր իմպերիալիստական նյուանսներ հայտնագործել: Կարծես, այս վարկածն էլ է սխալ:

Մտա տուն, հարցնում եմ 9 տարեկան աղջկաս՝ Անուլիկ ջան, ինչի՞ մասին է խոսքը: «Հայրիկ, ուշքդ ո՞ւր է, խոսքը «սոտովիի» նոր գների մասին է»: Պարզվում է՝ Արմենթելը սահմանել է բջջային հեռախոսակապի գիշերային նոր՝ իջեցված սակագներ, ահա՛ թե ինչու է սպասվում թեժ գիշեր:

Թեժ խոսակցություններ, թեժ խոստովանություններ, թեժ բանբասանքներ, թեժ խոսքակռիվներ, թեժ արդարացումներ՝ հետաձգե՛ք այս ամենը մինչեւ գիշեր, քանզի գիշերն ավելի՛ թեժ է լինելու: Եռալու են կրքեր, պայթելու են թաքնված հույզեր, «Հակասթրեսն» իր հաղորդումները տեղափոխելու է գիշերային ժամերի, հերթապահ ոստիկանները եւ պահակային ծառայության աշխատակիցներն առավոտյան հալից ընկած «պախմելիայի մեջ» մտնելու են տուն, եւ այն հարցին, թե՝ դեպք հո չէ՞ր պատահել, շաղված աչքերը մի կերպ բարձրացնելու են ու պատասխանեն. «էն ի՜նչ թեժ գիշեր էր, մի րոպե չենք քնել… »:

Երեւան, երեկոյան սրճարան, Բարի Ուայթի «Just the way you me» կամ Արմենչիկի «Քուլա-քուլա», «ստատուս պինգվինուս» վիճակում հայտնված զույգ, պաղպաղակ, երիտասարդը բարձրացնում է հայացքը, որ, վերջապես, 4-ամսա հայկական լռությունից հետո աղջկան խոստովանի, որ ինքն «ուզում է աղջկա հետ ման գա» (walking կամ search), իսկ աղջիկը, Հայրիկյաինի նման, ըմբռնելով պատմական պահի մոտենալը, ձեռքի ցուցամատը մոտեցնում եւ հպում է տղայի շուրթերին, թե՝ «Սո՜ւս, հիմա պետք չէ, գիշեր է գալու, թե՛ժ է լինելու»:

Սիրելի F5-բլոգականներ, իմ ոչ այնքան հաջողված այս պատմությամբ ես հրահրում եմ նոր նախաձեռնություն՝ գրեք ա՛յն գովազգային կոչերի, պաստառների եւ գովազդի հետ կապված ամեն ինչի մասին, որն, ըստ Ձեզ արժե, որպեսզի դառնա ծաղրի եւ քննադատության առարկա, գոնե այս բոլգի սահմաններում:

Անտաղանդ մտքերիս համար նախապես խնդրում եմ Ձեր ներողամտությունը:


forward