Միտք'-ի ավատարըTV

Հոդվածի բնօրինակը խնդրում եմ կարդալ այս էջում: Շնորհակալություն Ֆ5admin-ին՝ ուղղումների համար:

Ողջո՛ւյն, տխմար հեռուստալրագրող,

Ցավով հիշում եմ այս տարվա հատկապես թեժ հունվար-փետրվարը, երբ դուք, կամա թե ակամա, դարձել էիք ժողովրդի ատելության թիրախը: Ուզելով թե չուզելով դուք ընկել էիք ստի հունը եւ թիավարում էիք՝ Ձեր թիերից միայն կեղծ ջրեր շպրտելով աջ ու ձախ: Հիշո՞ւմ եք գոնե Ձեր հաղորդումները՝ ինչ-որ մի երեւակայական երկրի մասին, որի անունը դուք դրել էիք Հայաստան, եւ որտեղ ապրում էր մարդկանց մի փոքր խումբ, որը չէր թողնում, որ մեր «վաստակաշատ» նախկին նախագահը եւ ներկայումս նրան փոխարինած այն ժամանակվա վարչապետը երկիրը նորմալ հունով զարգացնեն: (Ինչո՞ւ վաստաշատ՝ որովհետեւ դուք շա՜տ եք): Լավ, չեմ վիրավորի, թե՝ հիշողություն չունեք, խնդիրն այն է, թե՝ դեմքի ի՞նչ արտահայտությամբ եք հիշում…

Երեւի այնպե՞ս, ինչպես մի պոռնիկ կարող է հիշել իր մեջ մխրճված վերջին առնանդամի տիրոջից ստացած փողի մասին: Չեմ կարծում: Պոռնիկը գոնե իր մասնագիտական պարտականությունները հաճախ իրականացնում է հանգցրած լույսի պայմաններում՝ բոլորից, հասարակությունից եւ իր աչքերից հեռու, շատ հաճախ էլ՝ իր երեխաների՛ց թաքուն: Նա ամաչո՛ւմ է իր արարքի համար: Իսկ ինչպե՞ս էիք աշխատում դուք բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով՝ հպարտորե՛ն: Դուք սկսում էիք ձեր անբարո գործը առավոտվա ժամերից սկսած, քիչ խթանվում՝ երեկոյան ժամերին, իսկ գիշերային հաղորդումների ընթացքում լցվում էիք անկասելի կիրքով: Եվ օրգազմի էիք հասնում՝ երբ խոսք էր գնում Ս.Սարգսյանի մասին: Ինչպիսի՜ անկեղծություն:

Պատկերացնում եմ, թե ի՞նչ բառերով եք դուք Ձեր զավակներին դաստիարակում՝ հայրենասիորթյուն, ծնողներին ու մեծերին հարգել, չստել, եւ այլն… Իսկ դուք փորձե՞լ եք ինքներդ ազնիվ կյանքով ապրել: Փորձե՛ք հապա երեւակայական մի վրձնով ուրվգծել Ձեր իսկ՝ որպես ծնողի դիմանկարը՝ Ձեր իսկ ժողովրդի ու երեխաների աչքերին նայելուց (տեսախցի միջոցով) եւ միեւնույն ժամանակ սուտ ու կեղծիք տարածելուց:

Ես ինձ իրավունք չեմ վերապահում՝ ասելու՝ «ամո՛թ Ձեզ», թեեւ ինքներդ կերազեիք, որ մեկ կամ մի քանի ամոթանքով պրծնեիք: Ախր Ձեզ ամոթանք է տալիս ու նույնիսկ նզովում ողջ ժողովուրդը: Երբեւէ մտերմիկ զրույց ունեցե՞լ եք որեւէ գործազուրկի, տնային տնտեսուհու, քաղծառայողի կամ անգամ պաշտոնյայի հետ՝ պաշտոնական շրջանակներից դուրս: Եվ երբեւէ հարցրե՞լ եք, թե՝ ինչո՞վ է լցվում Ձեր զրուցակցի հոգին՝ Ձեր կողմից անընդմեջ թմբկահարվող ստերը լսելիս: Չէ՞ որ դուք էիք առավոտից-երեկոյան քարոզում, թե՝ պետք չէ լցվել ատելությամբ եւ պետք չէ ատելություն տարածել: Մի կողմից մեզ «լուսավորում» էիք, իսկ մյուս կողմից հենց ինքնե՛րդ մարդկանց մեջ սերմացնում էիք ատելություն: Սա՞ է Ձեր ազգապահպանությունը: Լավ էլ պահպանակի դեր եք ստանձնել (ուրիշ բան մտքներովդ չանցնի):

Գոնե պատկերացնո՞ւմ եք լկտիության այն աստիճանը, որի անունը դրել եք ամենօրյա աշխատանքային գործունեություն: Բառերս սաստի՞կ են: Հավատացեք, որ ես շա՜տ մեղմ եմ գնահատում Ձեր կատարածը, կարելի է ասելի՝ ոչ էլ գնահատում եմ, պարզապես Ձեզ տեղեկացնում եմ ժողովրդի մեծամասնության կարծիքը Ձեր՝ որպես հեռուստալրագրողի մասին:

Ձեր դժբախտությունն այն է, որ Ձեր աշխատանքային գործունեությունը Ձեր իսկ դեմքը դարձնում է բորոտ: Շատերը հո շատ չե՞ն ըմբռնում, թե ով է Ձեր դիմաց դրված տեքստը գրել, ով՝ սրբագրել եւ ով է հսկում, որ ատելությամբ լցված բառերն արտաբերեք դեմքի անհոգ-մանկամիտ արտահայտությամբ: Նրանք հո չգիտե՞ն, որ ի դեմս Ձեր հեղինակած հաղորդումների, Ձեր իսկ բերանով ժողովրդին ֆշշացնում են ալիկները: Մարդիկ, ովքեր Ձեր բերանից լսում են բացահայտ սուտը, պարզապես ասում են՝ «ես քո՛ մերը…» Այդպես էլ ճիշտ չէ, բայց… մեղավորն էլի դուք եք:

Կասեք, թե մեղավորը դուք չեք, այլ Ձեր ղեկավարները, նույն ալիկները եւ ալիկատերերը, եւ Ձեր ընթերցած տեքստը բնավ էլ Ձեր տեսակտին եւ համոզմունքին չի համընկնում: Զուգահեռ տանելով դարձյալ սիրունատես պոռնիկների հետ, նրանց էլ կարելի է նույն կերպ արդարացնել՝ նրանց խնդիրն էլ բնավ հաճույք ստանալը չէ:

Երկխոսությունից եք խոսում… Ձեր փրկությունը մեկն է՝ երկխոսե՛ք Ձեր իսկ խղճի հետ եւ լսե՛ք նրա ձայնը: Այն ավելի բարի կլինի, քան Ձեր ալիկների հրամանները: Երկխոսեք Աստծո հետ: Մի՛ մոռացեք, որ մարդ եք: Մարդ՝ բանականությամբ եւ ոչ թե ստրկամտությամբ, մարդ, որը ձգտում է կատարելության եւ ոչ թե հարմարվում է ամեոբայի պետ: Մարդ՝ ուղեղով եւ ոչ թե մարդ-երիզորդ:

Եվ հիշե՛ք, որ ստամոքսից վերեւ ունեք մի հրաշք օրգան, որը մարդուն տրված է հենց մտածելո՛ւ համար:

Հ.Գ. Խոսքս ուղղված է այն հեռուստալրագրողներին, ովքեր կկարդան ու կասեն՝ սո՛ւտ է:


forward