Այսօր էլ. փոստով ոմն Ռեբեկայից ստացել եմ նամակ, որը կցանկանայի ներկայացնել Ձեր ուշադրությանը:

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ապրիլի 9-ին լրանում է ավազակապետական հանցագործ վարչախմբի ոճրագործ քայլին զոհ դարձած մեր հայրենակիցների մահվան քառասուն օրը` քառասունքը: Մարտի 1-ին ազգային-ազատագրական մեր պայքարի ընկերները` խաղաղ ցուցարարներ, նահատակվեցին քոչարյանասերժական բանդաների կողմից արձակված գնդակներից: Համաժողովրդական պայքարի առարկայացող, անկասելի հաղթանակը ու իրենց անփառունակ վախճանը առժամանակ դիմագրավելու համար է, որ կատարվեց մարդկության դեմ այս հանցագործությունը, որի մեղավորները ստանալու են իրենց պատիժը:

Նույն օրը` ապրիլի 9-ին նշանակված է նաեւ ազգասպան այդ ոճրագործության առաջին երկու պատասխանատուներից մեկի` Սերժ Սարգսյանի «նախագահական» երդման արարողությունը: Օրվա համընկնումը որքան էլ պատահական, բայց նաեւ խորհրդանշական է. ավազակապետության պարագլուխների ու նրանց բանդաների տոնական խրախճանքը իրենց իսկ թափած արյան վրա, անմեղ նահատակների մահվան քառասունքին: Մենք մերժում ենք այդ ծաղրն ու ցինիկ անարգանքը ամբողջ մի ժողովրդի նկատմամբ:

Ապրիլի 9-ը ամբողջ հայ ժողովուրդը նշելու է իր ազատության համար նահատակվածների քառասունքը որպես սգո ու ընդդիմացման օր` սեւազգեստ ու սգո այլ խորհրդանիշներով ու արարողություններով: Մասնավորապես, ժամը 2-ին բոլոր ցանկացողներն ամբողջ հանրապետությունից ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանի մոտ` ի հիշատակ նահատակների: Նույն բանը արվելու է նաեւ հանրապետության բոլոր բնակավայրերում` սգո հիշատակների համար ավանդական դարձած վայրում:

Այդ օրը ամբողջ հայ ժողովուրդը իր բողոքն է արտահայտելու ավազակապետության դեմ` հաստատելով իրենից ժամանակավորապես կորզված հաղթանակին մինչեւ վերջ հետամուտ լինելու, տեր կանգնելու ու այն հետ բերելու իր վճռականությունը:

Հասարակական կազմակերպությունների «ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ» միություն
03.04.08

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward