Անմեղ զոհ. մարտի 1-ին նա սխալ ժամին սխալ տեղում էր
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է:
«Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- պատմում է Գոքորի կինը՝ 27-ամյա Վարդուհին:
Բայց իր սիրած ճաշը Գոքորը մարտի 1-ին այդպես էլ չկերավ:
Կոնդում գտնվող մեկ սենյականոց կիսախոնավ ու աղքատիկ տնից 28-ամյա Գրիգոր Գևորգյանը, որը 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողն էր, դուրս եկավ ժամը 5-ից հետո, իսկ մյուս օրը կինն ու երկու փոքր տղաները ստացան նրա դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքով:
«Բենզալցակայանում էր աշխատում, զանգեցին` ասեցին, փող կա, արի ստացի: Մենք էլ հեռուստացույց էինք նայում: Գոքորն ասեց` մարդիկ խաղաղ ցույց են անում, գնամ փողերս ստանամ գամ, ի՞նչ պիտի լինի որ»:
Վարդուհին հիշում է` ինչպես արդուկեց ամուսնու շորերը, սուրճ պատրաստեց նրա համար: Գոքորն ինչպես գրկեց երկու որդիներին՝ 8-ամյա Հովհաննեսին ու 4-ամյա Ռուբիկին, «պաչպչեց» ու ինքն իրեն ասաց. «Շուտ գնամ-գամ, գոնե էսօր փող կլինի ձեռներս»:
Խառնված մազերով, անխնամ տեսքով վշտից ավելի ամրացած Վարդուհին մեկիկ-մեկիկ վերհիշում է, թե ինչ էր կատարվում այդ օրը: Տեղեկությունները նա ստանում էր Գոքորից, որը «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող աշխատավայրից տրանսպորտ չլինելու պատճառով ոտքով բարձրացել էր մինչև կրկես, հետո հայտնվել շրջափակման մեջ:
«Ժամը 8-ի մոտ էր` Գոքորը զանգեց, Լեոյի փողոցում էր: Ասեց`Վարդուհի, ոռի դրություն ա, շրջափակման մեջ եմ ընկել, միլիցեքը չեն թողնում դուրս գամ, զենք են պահում վրես, ասում են` կսատկացնենք, հետ գնա,- պատմում է Վարդուհին: - Գոռգոռոցս գցեցի, ասեցի` գալիս եմ մոտդ: Ասեց` տնից դուրս չգաս: 9-ի կողմերը հեռախոսն էլ չէր պատասխանում: Հետո լրիվ անջատվեց, ու ոչ մի լուր չունեցանք»:
Մի քանի ժամ անց Գոքորի հարազատները սկսում են բոլոր հնարավոր վայրերում փնտրել նրան:
«Անատոմիկի միջանցքում իմացանք, որ Գոքորը չկա: Ասեցին` սնայպերն ա խփել: Ուղեղը լրիվ թափվել էր»,- ձեռքերն է կոտրատում Վարդուհին:
«Գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, գանգի հրազենային վիրավորում»,- նշված է Գրիգոր Գևորգյանի մահվան վկայականում:
«Եթե իմանայի, որ մարդս ակտիվ ա, պայքարել ա, իր գաղափարի համար ա գնացել, գոնե սիրտս հանգիստ կլիներ: Բայց սկի ընտրություններին չգնաց: Ասում էի` գնա, ում ուզում ես, ընտրի, բայց գնա, ասում էր` գործ չունեմ»:
Վարդուհին հիշում է, որ երբ մինչև ամուսնու գնալը լուրեր էին ստանում, թե մարդիկ քարեր են հավաքում, որ պաշտպանվեն, Գրիգորը զարմանում էր:
«Ասում էր` Վարդուհի, տեսնես չե՞ն վախենում,- հիշում է Վարդուհին: - Ես էլ ասում էի` մարդիկ պայքարում են, ի՞նչ վախենան»:
Վարդուհին ասում է, որ միգուցե ծանր մանկությունն էր պատճառը, որ Գրիգորն այդքան զգուշավոր էր:
«90-ականներին հայրն է զոհվել Ղարաբաղում, ազատամարտիկ էր: Հոր կռվի ընկերներն էլ էին եկել Գոքորի թաղմանը ու իրենք էլ էին ասում, որ սնայպերի խփած ա: Ոնց էլ լինի` էդքան տարի կռվել են»,- ասում է երիտասարդ այրին:
Սենյակի պատերը վառարանի ծխից սևացել են: Վերևի տանը ևս ապրում են Գևորգյանների ազգականները: Մոտ մեկ տարի առաջ մահացել էր Գրիգորի մայրը: Հիմա մոր սգո նկարի փոխարեն կախել են Գրիգորինը:
«Էս տունն անիծված է,- ձեռքերը վեր է պարզում Վարդուհու մայրը՝ Գայանեն, որը նույնպես նրանց հետ է ապրում: - Երեխեքը հազար ու մի երազանք ունեին, մի րոպեում հեչ եղավ: Մի տարվա մեջ էս հայաթից 4 դիակ դուրս եկավ: Չգիտենք` գլուխներս առնենք ո՞ւր փախնենք, ի՞նչ պատասխան տանք էս երեխեքին»:
Մարիաննա Գրիգորյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 21, Մարտ, 2008
=======================
Ինչո՞ւ. սպանվածները պատասխան չեն թողել
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարևանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլևս չի վերադարձել, չի վերադարձել նաև հարևանը` Դավիթ Պետրոսյանը:
Զաքարի անկողնուն գամված հայրը որդու և հարևանի մահվան մասին իմանում է հաջորդ օրը` հեռուստատեսությամբ հայտարարված մահացածների ցուցակից: Իմանում է, որ հրազենային վնասվածքով որդուն տարել են հիվանդանոց, անհույս վիրահատել են, բայց նա այդպես էլ գիտակցության չի եկել:
Ինչո՞ւ:
«Երբ Քելբաջարում 19 տարեկան հասակում զոհվեց մեծ տղաս, էս հարցը ինձ չէր տանջում, գիտեի` ինչու գնաց, հանուն ինչի զոհվեց, բայց Զաքարինը… Չգիտեմ` ումի՞ց հարցնեմ, ումի՞ց պահանջեմ»,- դողացող ձայնով հազիվ ասում է Սարիբեկ Հովհաննիսյանն ու գլուխը թաղում բարձի մեջ` թաքցնելով արցունքները:
Չորս ամիս ինսուլտից ողջ մարմնով թուլացած հորը պահում էր Զաքարը, որը տնից դուրս չէր գալիս` հորը մենակ չթողնելու համար, ու երկրի քաղաքական իրավիճակին ծանոթ էր լրատվամիջոցների ու հարևանների պատմածով:
Հոր խոսքերով` միշտ քննադատում էր վերջին իրադարձությունները, դեմ էր լարվածությանը, «քանի որ լավ գիտեր` ինչ բան ա կռիվն ու հարազատ կորցնելը, բայց չէր մտածում, որ էդ կռիվը պատահական իրան կտանի»:
Զաքարը մորը կորցրել է 2 տարեկանում, նրան, եղբորն ու քրոջը պահել են հայրն ու հորաքույրը: Դժվարությունների միջով անցած Զաքարը նախորդ հինգ տարին էլ խնամում էր անկողնային հիվանդ տատին, որի մահից հետո որոշել էր ամուսնանալ:
«Խեղճ երեխես հազիվ շունչ քաշեց, էն էլ ես հիվանդացա, ամբողջ օրը կողքիս էր, իբր ուզում էր տունը վերանորոգել, ամուսնանալ, ապրել, վերջապես: Գնդակը կույր ա, չգիտի` ում ա դիպչում ու ինչի»,- մղկտում է երկու որդի կորցրած հայրը, որի միակ մխիթարությունը աղջիկն է, թոռն ու Զաքարի թողած ծաղիկները:
Հին, խունացած տան սենյակի մի կեսը գրավել են մեծ որդու` Բենիամինի` ազատամարտիկի համազգեստով մարտական նկարները, մյուս կեսը` Զաքարի սենյակային բույսերն ու ծաղիկները, որոնք նրա ամենասիրած զբաղմունքն էին, ու հիմա քույրը դրանք շարել է նրա նկարի առաջ:
«Չեք հավատա, բայց էս բույսերը բոլորը ցուրտը տարած էին, ինքը կենդանացրեց դրանք, բույսերի խնամքի մասին տարբեր գրքեր ու ամսագրեր էր ուսումնասիրում, ամեն օր մաքրում էր,- ասում է քույրը` Մարինե Հովհաննիսյանը` ջրելով սիրելի եղբոր ծաղիկները: - Նա մարդկանց էլ էր էդպես սիրում, ընկերներին: Չգիտեմ` ինչի՞ ա բախտը էսքան դաժան մեր հանդեպ»:
Քույրը պատմում է, որ այդ օրը Զաքարը պետք է զարմիկի ծննդյան խնջույքին գնար, բայց քրոջն ասել է, թե չի ուզում մենակ թողնել հորը:
«Ես համոզում էի, ասեցի` կմնամ պապայի մոտ մինչև գաս, չթողեց, լվացք էի արել, չթողեց փռեմ, ասեց` ուշ ա, գնա տուն, ես ինքս կփռեմ,- պատմում է քույրը: - Որ դուրս է եկել բակ լվացքը փռելու, տեսել է, որ դրկից հարևանի կինը, 11-ամյա որդու հետ դուրս է գնում, հարցրել է, թե ուր են գնում: Դավիթի կինն ասել է` գնամ ամուսնուս բերեմ, հանրահավաքի է գնացել: Նա էլ չի թողել, որ մթով գնան, ասել է, ես կգնամ, դուք գնացեք տուն»:
«Ու ոչ Դավիթը վերադարձավ, ոչ էլ ինքը, երկուսն էլ էդ վայրագության զոհը դարձան, չգիտեմ` հանուն ինչի»:
Գայանե Աբրահամյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 21, Մարտ, 2008
==================
Ժառանգորդը. Սարգսյանը ստանձնում է նախագահի պաշտոնը արտակարգ պայմաններում, ի՞նչ դերակատարում կունենա Քոչարյանը
Ապրիլի 9-ը, երբ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, նոր զարգացում կնշանավորի հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ գործող նախագահը կփոխանցի իշխանությունն իր ընտրած ժառանգորդին:
Եթե բուն կատարվածն արդեն իսկ որոշ ժամանակ առաջ միանգամայն կանխատեսելի էր և ոմանց կողմից համարվում էր ձևականություն, դրա կարևորությունը, անշուշտ, այլ երանգ կստանա այն զարգացումների տեսանկյունից, որոնք տեղի ունեցան Հայաստանում վերջին վեց ամսվա ընթացքում և մի պահ գրեթե քաղաքացիական ընդվզման անդունդ հասցրին երկիրը:
Ռոբերտ Քոչարյանը, որին շատ վերլուծաբաններ հաճախ համարում են այսպես կոչված «կաղ բադ» ոչ միայն այն պատճառով, որ ավարտին է մետոնեւմ նրա երկրորդ և վերջին (անընդմեջ) պաշտոնավարումը, այլ, նախևառաջ, նրա նվազող քաղաքական ազդեցության պատճառով, անսպասելիորեն վերականգնեց իր երբեմնի քաղաքական ազդեցությունն ու հզորությունը փետրվարի 19-ի նախագահական վիճարկվող ընտրությունների նախօրեին և, հատկապես, հետընտրական շրջանում` որպես երկրի անհողդողդ գերագույն հրամանատար փրկօղակ նետելով իր հաջորդին:
Ընտրությունների օրը` փետրվարի 19-ին, Քոչարյանը, հնարավոր է, ակնարկեց իր հնարավոր վարչապետության մասին, երբ պատասխանում էր իր քաղաքական ապագայի մասին ռուսական մի հեռուսատընկերության լրագրողի հարցին. «Դա այսօր Հայաստանի ամենամեծ գաղտնիքն է»,- կատակով ասաց նա:
Իսկ հետո անվտանգության ուժերի կողմից Օպերայի հրապարակում պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հիասթափված կողմնակիցների բողոքի ցույցը ցրելուց և հետագայում ցուցարարների հետ արյունալի բախումներից մեկ օր առաջ` պատասխանելով Երևանի պետական համալսարանի ուսանողների հարցերին, պաշտոնավարումն ավարտող նախագահ Քոչարյանը մի քիչ բարձրացրեց գաղտնիության շղարշը մոտ ապագայի իր ծրագրերից:
Կատակելով ու նույնիսկ փորձելով զսպել ծիծաղը` նա հիշատակեց իր զրույցը Ռուսաստանի պաշտոնավարումն ավարտող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անկախ Պետությունների Համագործակցության (նախկին խորհրդային 12 հանրապետություններ միավորող կազմակերպություն) վերջին ոչ պաշտոնական գագաթնաժողովում: Քոչարյանի հավաստմամբ` մասնավոր զրույցի ընթացքում նրանք մի քիչ կատակել են միմյանց քաղաքական ապագայի մասին: Հայաստանի նախագահը, մասնավորապես, հայտնեց ուսանողներին, որ կարող է այնպես լինել, որ պաշտոնավարումն ավարտելուց հետո մի օր կարոտի իր ներկա գործը, կամ էլ հակառակը` ափսոսանք ապրի, որ տասը երկար տարիների ընթացքում զրկել է իրեն «կյանքի հաճույքներից»:
Սակայն հաջորդ օրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Քոչարյանը դժվար թե հեռանա քաղաքական ասպարեզից և, ըստ երևույթին, առնվազն վարչապետի հավանական թեկնածուն է:
Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը կարող է հիշեցնել «սահուն» անցում Ազգային հերոս Պուտինից ընտրված նախագահ Մեդվեդևին, այդուհանդերձ, այն էական տարբերություններ ունի:
Եթե Պուտինն ընտրեց Մեդվեդևին հավանական ժառանգորդների մի ամբողջ փնջից, ապա Քոչարյանը զրկված էր այդ հնարավորությունից պաշտպանության զորեղ նախարար, իսկ վերջերս նաև վարչապետ Սերժ Սարգսյանի աճող ազդեցության պատճառով: Ի տարբերություն Պուտինի` իրեն ժառանգորդ «նշանակելու» Քոչարյանի իրավունքը նախագահության վերջին երկու տարիների ընթացքում կասկածի տակ էր դրվում:
(Հինգշաբթի պատասխանելով քաղաքացիների հարցերին` ընտրված նախագահ Սարգսյանը ժխտեց, որ ինքն ու Քոչարյանը Ռուսաստանի նման պաշտոնների փոխատեղման սցենար ունեն: «Ե´վ Քոչարյանը, և´ ես այնքան ազնվություն ունենք, որ եթե այդպիսի սցենար լիներ, այդ մասին կասեինք ընտրություններից առաջ, այնպես, ինչպես հայտարարեցին Պուտինն ու Մեդվեդևը»,- ասել է Սարգսյանը: Միաժամանակ նա ասել է, որ այդ պաշտոնի համար քննում է մի քանի թեկնածուների և առայժմ որոշում չի կայացրել: Մինչ շատ վերլուծաբաններ դա համարում են այն բանի նշան, որ Քոչարյանը վարչապետ չի դառնա, Սարգսյանի ասածը, իրականում, նշանակում է, որ նա պարզապես ժխտում է նման սցենարի ի սկզբանե գոյությունը, ինչը, սակայն, չի բացառում դրա հնարավորությունն ապագայում
Սարգսյանի նախագահությունը 2008-ին կանխորոշված էր այն ժամանակից, երբ 2006- ամռանը երկար տարիներ տարբեր նախարարական պաշտոններ զբաղեցրած Քոչարյանի մերձավոր գործընկերը փաստացիորեն ստանձնեց խորհրդարանում մեծամասնություն կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարությունը, իսկ 2007-ի մարտին` ՀՀԿ նախագահ և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, որպես նրա լիարժեք առաջնորդ տարավ կուսակցությունը մեծ առավելությամբ հաղթանակի 2007-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում:
Ջախջախիչ պարտության մատնելով ընդդիմությանը, որը չկարողացավ մեծ թվով տեղեր ստանալ օրենսդիր մարմնում, Սարգսյանը նաև մեծ առավելության հասավ Քոչարյանի նկատմամբ, քանի որ խորհրդարանում որպես նախագահի հիմնական քաղաքական հենարան ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկրորդն էր շատ համեստ արդյունքով: Այն ժամանակ քչերն էին կասկածում, որ մի քանի ամսից Սարգսյանը հեշտությամբ նախագահ կդառնա:
Թեև խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնությունը հնարավորություն էր տալիս Սարգսյանին միայնակ կառավարություն կազմել, նա գերադասեց կոալիցիա կազմել խորհրդարանի երկրորդ խմբակցության և համագործակցության պայմանագիր ստորագրել երրորդ խմբակցության` Հայ հեղափոխական դաշնակցության հետ: Եվ նույնիսկ թեև վերջինս հայտարարեց, որ 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրելու է սեփական թեկնածուին, դա, կարծես, առանձնապես չանհանգստացրեց նախագահական մեծ հավակնություններ ունեցող ամենազոր վարչապետին:
Սակայն Սարգսյանի հեշտ թվացող հաղթանակը 2008-ի փետրվարին լուրջ փորձության ենթարկվեց, երբ անցյալ աշնանը տասնամյա մեկուսացումից հետո քաղաքական դաշտ վերադարձավ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Եվ չնայած Սարգսյանի կուսակցության հավաստիացումներին, որ բոլոր հաշվարկներով հաղթելու է իրենց թեկնածուն, և առաջին նախագահը չափազանց փոքր ժողովրդականություն է վայելում` որևէ լուրջ վտանգ ներկայացնելու համար, նրա քարոզարշավը ակնհայտորեն լրացուցիչ խթանի կարիք ուներ` Տեր-Պետրոսյանի օր օրի հզորացող մարտահրավերին դիմակայելու համար:
Փաստորեն, Տեր-Պետրոսյանի խոստումը` վերջ տալու, ինչպես ինքն է բազմիցս անվանել, «իշխանության վերարտադրությունը», մանևրելու դաշտ բացեց Քոչարյանի համար, որն ակնհայտորեն ձգտում էր խուսափել Հայաստանի «ամենաերիտասարդ թոշակառուն» դառնալու ճակատագրից: Իզուր չէր, որ Քոչարյանը մի քանի առիթով թունոտ քննադատության ենթարկեց Տեր-Պետրոսյանի քարոզարշավն ու զայրալից հակադարձեց վերջինիս ծանր մեղադրանքներին:
Թեև ավելի բնական կլիներ, եթե պաշտոնավարումն ավարտող նախագահը պարզապես բանի տեղ չդներ քննադատությունը և պատասխանելու պարտականությունը դներ իր ժառանգորդի վրա, Քոչարյանը հաճախ շատ ավելի ակտիվ էր քարոզչություն վարում, քան ինքը` Սարգսյանը:
Իսկ նախագահի պաշտոնում նրա վերջին քայլերը` անհանգստությունները ճնշելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելն ու զորքը Երևան մտցնելը, ընտրված նախագահը, հավանաբար, դեռ երկար տարիներ մեծ լավություն կհամարի:
Այժմ, երբ հետընտրական լարվածությունը, կարծես, վերաճում է երկարատև իրավական գործընթացի, մնում են հարցեր, թե ինչ է նոր վարչախումբն անելու բնակչության մի ստվար հատվածի հետ, ում համար իշխանությունների բացահայտ քննադատ Տեր-Պետրոսյանը փոփոխության մարմնավորում է, և հասարակության նույնիսկ ավելի մեծ հատվածի հետ, որը կորցրել է հավատը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ:
Ամեն դեպքում, նոր նախագահն ու վարչախումբը, որը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի Հայաստանի առայժմ ամենաերկար պաշտոնավարած նախագահի փորձը և կարող է օգտվել քաղաքական ուժերի ավելի լայն սպեկտրի ծառայություններից, պետք է աշխատի մի խորհրդարանի հետ, որը միայն մասամբ է ներկայացնում երկրի քաղաքական ուժերի իրական բալանսը` դուրս թողնելով բողոքավոր ընտրազանգվածի մի զգալի մասը, և մի կառավարության հետ, որը եթե ոչ անվանականորեն, ապա առնվազն ֆունկցիոնալ առումով դժվար թե ենթարկվի զգալի փոփոխությունների:
Դեռևս պարզ չէ` կհանգեցնե՞ն, արդյոք, կառավարության կազմում կատարվելիք փոփոխությունները Հայաստանի հասարակության երկար սպասված բարեփոխումների:
Սակայն առնվազն մեկ բան այս պահին պարզ է.
Երկրի ներսում ընտրողների ու հասարակության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում` վերջին բուռն իրադարձությունների պատճառով խարխլված վստահության վերականգնումը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին կլինի նոր վարչախմբի օրակարգի կարևորագույն հարցերից:
=============
«Դավաճանից»` քարտուղար. Արթուր Բաղդասարյանի զարմանահրաշ վերուվարները
Փետրվարի 29-ին Երևանում ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր երեք կուսակցությունների`վարչապետ ու նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) միջև:
Այսպիսով, 2008 թ. փետրվարի վերջին օրը ՕԵԿ-ը դադարեց ընդդիմություն լինելուց, ինչպիսին էր 2006 թ. մայիսից, երբ կուսակցության քաղխորհուրդը որոշեց դուրս գալ կոալիցիայի կազմից` պայմանավորելով այդ քայլը հակասություններով ներքին ու արտաքին քաղաքականության, ինչպես նաև ժողովրդավարության խորացման մոտեցումների հարցերում:
Հենց այդ ժամանակ էլ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց խորհրդարանի խոսնակի պաշտոնից: Դեռ ավելին, այս տարվա փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ այդ քաղաքական գործիչը կստանձնի Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին կից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Նման կոալիցիոն կառավարության պայմանագրի ստորագրման ու, հատկապես, նման առանցքային պաշտոնում Արթուր Բաղդասարյանի նշանակման փաստը դուրս է նոր դաշինքին անմիջականորեն նախորդած շրջանում նրա ու բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների միջև հարաբերությունների տրամաբանությունից: Հատկանշական է, որ անցյալ տարվա ապրիլին նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի նախկին խոսնակին անվանեց «դավաճան»` ձայնագրությունների հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո:
«Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակը կարող էր այդքան ցածր ընկնել»,- այն ժամանակ հայտարարեց նախագահը` մեկնաբանելով Բաղդասարյանի հանդիպումը Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի հետ, որի ընթացքում Բաղդասարյանը համոզում էր եվրոպացի դիվանագետին գալիք խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների կոշտ բացասական գնահատական տալու անհրաժեշտության մեջ ու նաև նշում, որ դիտորդների գնահատականը մեծապես կախված կլինի խորհրդարանական ընտրություններից հետո ՕԵԿ-ի բարձրաձայնած գնահատականից:
«Ես դա համարում եմ դավաճանության արտահայտություն, և այդ հանդիպումն ավելի այլանդակ է դարձնում այն հանգամանքը, որ այն նախաձեռնել է Արթուր Բաղդասարյանը,- ընդգծել է Հայաստանի նախագահը: - Շատերը դիմում են իշխանություններին` առաջարկելով թույլ չտալ նրան մասնակցել ընտրություններին: Սակայն ես ճիշտ չեմ համարում իշխանությունների կոշտ վերաբերմունքը: Թող Բաղդասարյանը մասնակցի ընտրություններին: Եթե երկրում չկան հայրենասերներ, թող քվեարկեն նրա օգտին: Նա, ով դավաճանում է մեկ անգամ, կարող է դավաճանել և երկրորդ, և երրորդ անգամ: Այդ գործողությունները բնութագրում են նրա էությունը»:
Արդեն այս մեկ օրինակը բավական է նոր դաշինքի արհեստական բնույթի մասին խոսելու համար: Բայց եղել են նաև այլ օրինակներ: 2006-ի մայիսին գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» թերթին տված հարցազրույցում Բաղդասարյանը, մասնավորապես, հայտարարել է, որ «Հայաստանի ապագան Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն են» և որ «Ռուսաստանը չպետք է փակի Եվրոպա տանող ճանապարհը»: Այդ պնդումն առաջ բերեց Քոչարյանի կտրուկ արձագանքը, որը հիշեցնելով, որ «երկրի արտաքին քաղաքականությունը Սահմանադրությամբ որոշում է Հայաստանի նախագահը»` հայտարարեց. «Խոսնակի ասածը, հավանաբար, արտացոլում է նրա փոփոխված տեսակետը»: Հենց 2006 թ. մայիսին էլ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց:
Այսպիսով, կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը պետք է այնպիսի ծանրակշիռ հիմքեր ունենար, որ հետին պլան մղեր լարված հարաբերությունները Հայաստանի ղեկավարի ու խորհրդարանի նախկին խոսնակի միջև:
«Արևմուտքի որոշ ուժեր իրոք խաղադրույք էին կատարել Արթուր Բաղդասարյանի` որպես Հայաստանի գործող նախագահի հնարավոր իրավահաջորդի վրա, ինչով էլ պայմանավորված էր նրա արևմտամետ հայտարարությունների անխուսափելիությունը խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ,- ասում է քաղաքագետ Լևոն Ղազարյանը: - Արթուր Բաղդասարյանը հանդես էր գալիս ոչ միայն որպես ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության կողմնակից, այլև ուրիշ արևմտյան ծրագրերի ջատագով` Հարավկովկասյան խորհրդարանի ձևավորման, Թուրքիային ներկայացվող տարածքային պահանջների բացակայության և այլն: Հենց այդ պատճառով էլ, ի վերջո, նա դարձավ արմատական ընդդիմություն»:
Փորձագետի կարծիքով` «ծիրանագույն հեղափոխությամբ» շահագրգռված ուժերի երկրորդ խաղադրույքը հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված էր որոշակի լարվածությունն այդ երկու քաղաքական գործիչների միջև, որը հետագայում վերաճեց հակամարտության: Կողմերից յուրաքանչյուրը պնդում էր միասնական թեկնածու առաջադրելու իր մոտեցումը, և այդ փառասիրական նկրտումների պայքարն էլ, ի վերջո, կանխորոշեց պառակտումը: Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում նրանք երկուսով ստացան քվեարկած ընտրողների 623.649 ձայն (39.2 տոկոս), ինչը զգալիորեն ցածր էր իշխանական ներկայացուցիչ Սերժ Սարգսյանի ցուցանիշից և համեմատելի է 1998-ին Կարեն Դեմիրճյանի ցույց տված արդյունքի հետ:
«Տեսականորեն ուժերի միավորման ու բողոքող ընտրողների միասնական թեկնածուի հնարավորությունը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման ընթացքում պահպանվում էր նույնիսկ ընտրություններից հետո,- նշում է Ղազարյանը: - Ինտրիգը պահպանվում էր ընդհուպ մինչև փետրվարի վերջին օրը: Ավելին, դա չէր բացառում ինքը` Արթուր Բաղդասարյանը»:
Իրոք, փետրվարի 26-ին Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ բանակցություններ է վարում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` նշելով, որ խոսք կարող է լինել «ընդհանուր գաղափարի շուրջը միավորման և ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին միանալու մասին»: Մեկնաբանելով ընտրությունները` Բաղդասարյանը հայտարարեց, որ դրանց լեգիտիմությունը մեծ հարցականի տակ է, սակայն ընդգծեց, որ «կուսակցությունը դեռ չի որոշել` դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ»:
Հենց այդ ժամանակ էլ նորընտիր նախագահը միավորման կոչով դիմեց բոլոր քաղաքական ուժերին և Բաղդասարյանին առաջարկեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առանցքային պաշտոնը:
«Բաղդասարյանն ընդունեց այդ առաջարկը, հավանաբար, ելնելով մի քանի նկատառումներից,- ասում է փորձագետը: - Նախ` նա հասկացավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ինչ-որ հեռանկար կապելը դառնում է անհնար, քանի որ վերջինս գնում է բացահայտ առճակատման` հաշվի չնստելով ոչ մի բանի ու ոչ մեկի հետ: Երկրորդ` միանգամայն կանխատեսելի պարտության պարագայում նրան սպասում էր ընդամենը ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդի հեռանկարը, մինչդեռ խորհրդականի բարձր պաշտոնը նրան հնարավորություն կտար ոչ միայն մասնակցելու պետական կյանքին, այլև տեղյակ լինելու գործնականում բոլոր կարևոր հարցերին: Իսկ անհրաժեշտ տեղեկացվածությունը, անշուշտ, հարմար ոստնակ է սեփական կարիերայի հեռանկարներն ուրվագծելու առումով»:
Իշխանություններն էլ միջազգային հանրությանը ցույց տվեցին բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը, այդ թվում` այնպիսի ուժի հետ, որի առաջնորդին դեռ անցյալ տարի «դավաճան» էին անվանում: Փորձագետի կարծիքով` դա բավական գրագետ քայլ էր, թեև չի բացառվում, որ հենց այդ քայլն էլ բորբոքեց ժողովրդին ջարդի առաջնորդած` առաջին նախագահի ցասումը:
Արիս Ղազինյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 21, Մարտ, 2008
=================
Տեսակետ. խոսում են բախումների մյուս կողմի ներկայացուցիչ իրավապահները
«Մեր զինվորներն ու ոստիկանները, ազնիվ խոսք, պատրաստ չէին նման գրոհի՝ զինված, հարբած, անկառավարելի ամբոխի կողմից: Իհարկե, մեզ հանձնարարված էր դիմակայել, բայց զորքն այնպես պատրաստված չի եղել, ինչպես էդ խուժանը, որը, իրականում, ժողովրդից առանձին էր գործում»,- Երևանում մարտի 1-ին կատարված իրադարձություններն է նկարագրում ՀՀ զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ Արմենը, ով, ինչպես և մյուս զինվորականներն ու ոստիկանները, խնդրեց չհրապարակել իր անունը:
Արմենի խոսքերով` միգուցե ժողովրդի համար ծանր են եղել Ազատության հրապարակում առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները, սակայն ավելի դաժան իրավիճակ է ստեղծվել զինվորականների համար Երևանի քաղաքապետարանի մերձակա տարածքում: Նա հավաստում է, որ կրկին նախահարձակ են եղել ցուցարարները` այս անգամ արդեն հրահրելով ամենաթողության վերածված պայքար:
«Ախր, որ զինվորն իմանար, թե թուրքի դեմ ա դուրս եկել, կկոտորեր, բայց սեփական ժողովրդի վրա ո՞նց կրակեր: Էդ խեղճ զինվորները չէին կողմնորոշվում՝ ինչ անել, նույնիսկ մի որոշ ժամանակ նահանջել են, ոմանք՝ փախել, ոնց որ հենց իրենք էին թուրքի ձեռն ընկել»,- շարունակում է Արմենը:
Նա նաև փորձեց ներկայացնել, թե ինչ էր տեղի ունեցել մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում. «Ճիշտ է, ցուցարարներին ցրելու ժամ ընտրվեց լուսադեմը, բայց ոչ այն պատճառով, որ ժողովուրդը քնած լինի, ու հանգիստ ջարդ անեն,- պատմում է նա: - Պարզապես հարկավոր էր ամեն ինչ անել, որ քաղաքի կյանքը չխաթարվեր, անկապ մարդիկ մեջ չընկնեին»:
Արմենի խոսքերով՝ հրապարակում այդ ժամին կին ու երեխա չի եղել, նախապես ստուգել են:
«Ոստիկանները իրոք նախապես մի քանի անգամ զգուշացրել են ժողովրդին, որ ցրվեն, բայց հերիք չի` չեն ցրվել, դեռ մի բան էլ արդեն պատրաստի մահակներով, շշերով հարձակվել են ոստիկանների վրա: Ես չեմ ասում, թե ոստիկանները անմեղ են լրիվ, հակահարված չեն տվել ժողովրդին: Բայց ստիպված են եղել, ուրիշ հնար չի եղել,- պատմում է նա ու ավելացնում: - Թող ժողովուրդը չկարծի, թե մենք գոհ ու երջանիկ ենք էսօրվա իշխանությունների համար, մենք էլ ենք քննադատում, մենք էլ չենք ընդունում նրանց: Բայց այն, ինչ անում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ուղղակի խայտառակություն էր, ու մենք հարկադրված էինք կանխել դա»:
Ակամայից կամ թե նախապես պլանավորված` մարտի 1-ի խժդժություններին ու ծեծուջարդին մասնակցած զինվորներն ու ոստիկանները, ինչպես հենց իրենք են ասում, եղել են երկու քարի արանքում՝ մի կողմից պետության պարտադրած շահերը, մյուս կողմից՝ հարազատ ժողովուրդը:
Ներքին զորքերի ծառայող Հայկը` մոտ 35 տարեկան, ով մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակից է եղել, պատմում է, թե ինչպես իր ցասումը բարձրակետին հասավ, երբ ժողովուրդը սկսեց իրենց թուրք ու թշնամի անվանել:
«Ախր, իմ հարազատներն էլ այս ժողովրդի մեջ են ու, գուցե, նրանց էլ, չիմանալով խփենք: Դուք գոնե էդքանը հասկանում եք, մենք ընդամենը պաշտպանվում ենք ու փորձում կանխել էս ամենը,- բղավում էր Հայկը: - Ի՞նչ ա, ձեր կարծիքով` ես շա՞տ եմ ուզում իմ ժողովրդի դեմ դուրս գալ, սա էլ իմ գործն ա»:
Հրապարակում ներկա ցուցարարներից 53-ամյա Միքայելը, սակայն, հակասելով ոստիկաններին` պատմում է, թե «ցուցարարներին անտարբեր, ոնց որ ձմերուկ, ջարդում, խփում, գցում էին»:
«Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց էին ոստիկաններն աջ ու ձախ խփում մարդկանց, հետո էլ վերցնում, գցում մեքենաները»,- պատմում է Միքայելը:
Զինվորներն էլ իրենց հերթին են պատմում, որ այն, ինչին ականատես ու մասնակից են եղել մարտի 1-ին, նախևառաջ, վարկաբեկում է ցուցարարներին և ոչ թե զինված ուժերին:
Արմենի խոսքերով՝ իրենց լուրեր են հասել, որ այդ ավազակախումբը նախապես ձևավորված է եղել: «Ասում են՝ հիմնականում եղել են գաղութներից հավաքած ջահել տղաներ, որոնց նախապես լավ զինել էին ու ցուցումներ տվել: Ու էդ նույն ցուցումների արդյունքում էր, երևի, որ մեր տղերքին անխնա ծեծում-ջարդում էին. մեկին որ մենակ, անպաշտպան տեսնում էին, մեռնելու աստիճան ծեծում էին»,- ասում է նա:
Միջին տարիքի ոստիկան Կարենը ևս նկարագրում է, որ ժողովուրդն իրոք անկառավարելի է եղել:
«Ինչ ասես շպրտում էին մեզ վրա, ժողովուրդը նույնիսկ մի զինվորի է գողացել, ու հետո դանակահարված, սպանված գտել են նրան»,- վրդովված ասում է Կարենը` ավելացնելով, որ իրենց նշանառուները շուրջբոլորը կանգնած են եղել, բայց չեն կրակել և ոչ մի անգամ: (Այդ օրվա իրադարձությունների մասին ասեկոսեները հաճախ հակասում են պաշտոնական հաղորդագրություններին, ուստի պարզ չէ, թե որքանով են հավաստի Կարենի ասածները
Օգտագործել են հիմնականում գազով զենքեր, որոնք չէին կարող սպանել մարդկանց, մինչդեռ ժողովուրդը ամեն ինչ գործի էր դնում, գազազած ամբոխը ոտի տակ էր տալիս ոստիկաններին ու զինվորներին»,- ասում է նա:
Զինվորականներից մեկի դասընկերուհին էլ պատմում է, թե ինչպես է հրամանատարը մի խումբ զինվորների` այդ թվում և իր ընկերոջը, արագ փախցրել ու տեղավորել Սբ. Սարգիս եկեղեցում, որ ժողովուրդը ոտնատակ չանի:
Իսկ երկու դուստրերի հայր ոստիկան Գարիկը, ով արդեն 10 օրից ավելի է` տուն չի գնում, միայն հեռախոսով է հաղորդել հարազատներին, որ «այն, ինչ մենք տեսանք, աննկարագրելի էր ու դաժան, ահավոր էր»:
Արփի Հարությունյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 21, Մարտ, 2008
============
Հիշողություններ Ստեփանակերտից. ղարաբաղցի լրագրողը համեմատում է կատարվածը ԼՂՀ մայրաքաղաքի գիշերների հետ
Մարտի 2-ին ընդդիմադիր օրաթերթի լրագրող Քրիստինե Խանումյանի հոդվածը սկսվում էր այսպես. «Գարնան առաջին օրը իշխանությունները մարդկանց շնորհավորեցին մահակներով ու էլեկտրաշոկերով: Ինձ համար այլևս մարտի 1-ը մահակների ու էլեկտրաշոկերի օրն է: Մարդիկ սա չեն մոռանա»:
Ծնունդով ղարաբաղցի 24-ամյա լրագրողը պատմում է, որ առաջին կրակոցները իրեն հիշեցրին ռմբակոծվող Ստեփանակերտի գիշերային երկինքը:
«Ինձ համար այդ ամենը երևի դեժավյու էր: Այդ տեսիլքը ես, ախր, վերապրել էի, բայց չէի պատկերացնում, որ տարիներ անց իմ հայրենի երկրում կարող եմ նման ճակատագրի արժանանալ, որ իմ երկրի սեփական զորքը կամ ոստիկանությունը կարող են կրակել մեզ վրա»,- պատմում է Քրիստինեն:
Մյասնիկյանի հրապարակ լրագրողը գնացել է առավոտյան: Խոստովանում է, որ եթե անգամ մասնագիտությամբ լրագրող չլիներ, դարձյալ լինելու էր ցուցարարների շարքերում: Նա խոստովանում է, որ գուցե ինքն էր շատ միամիտ, երբ կարծում էր, որ առավոտվա դեպքերից հետո ժողովրդի նկատմամբ ուժ չի գործադրվի:
«Տեսնում էի մարդկանց, որոնք գալիս էին խմբերով: Մարդիկ հավաքվում էին տարբեր կողմերից, ու հրապարակն ասես ճաք էր տալիս այդ հավաքված բազմությունից: Մարդկանց մեջ մի նոր ուժ էր արթնացել, նրանք կոտրված չէին առավոտվա ծեծ ու ջարդից հետո»,- ասում է լրագրողը:
Քրիստինեն ասում է, որ հիշում է հատկապես Անահիտ Բախշյանի կարմրած դեմքը բազմության մեջ: Նրան քաշքշել էին: Ոստիկանությունը տրոլեյբուսներով ու ավտոբուսներով փակել էր Գրիգոր Լուսավորչի փողոցը` այն բաժանելով երկու մասի: (Այս տեղեկությունը հակասում է ընդդիմադիրների ասածներին, որոնք պնդում են, որ իրենք են ավտոբուսներով փակել փողոցը
Քրիստինեն պատմում է, թե ինչպես էին հավաքվածները բարիկադներ սարքում: «Ամեն դեպքում ես էլ նույնը կանեի: Ինչո՞ւ են նրանց մեղադրում խուլիգանության համար, չէ՞ որ այդ իրավիճակումշրջապատող զորքն ու կրակոցները, մարդկանց դրդում էին ինքնապաշտպանության: Բարիկադները սարքում էին քարերից, փայտի կտորներից»,- ասում է նա:
Նա նկարագրում է մարդկանց արձագանքն առաջին կրակոցներին:
«Կանացի ճիչեր, բղավոցներ, սուլոցներ… Առաջին տասը րոպեն ես ուշքի չէի գալիս: Չէի վախենում, չէին վախենում նաև հավաքվածները: Այդ իրավիճակում, երբ կրակում էին իրենց վրա (ինչը իշխանությունները հերքում են), մարդիկ պարզապես մտածում էին, որ պետք է պաշտպանվել ու ոչ թե փախչել»,- ասում է նա:
Քրիստինեն ասես մարտաֆիլմից կադրեր է ներկայացնում ու ասում, որ մարդիկ չէին եկել վրեժխնդիր լինելու, եկել էին արդարության ու ազատության հետևից:
«Ես վստահ էի, որ իշխանությունները հրաման կտան, բայց կարծում էի, որ նրանք [իրավապահները] դա չեն անի: Որովհետև ոստիկանների ու զինվորների աչքերում այդ չարությունը չէի տեսնում»:
Նա ասում է, որ շոկի մեջ էր ընկել այդքան զորք տեսնելուց: Ապշած է մնացել, երբ տեսել է, թե ինչպես է ոստիկանական վիլիսը մխրճվում ամբոխի մեջ ու վրաերթի ենթարկում մի կնոջ ու մի տղամարդու (այս տեղեկությունը ևս ոստիկանությունը հերքում է): Հետո նույն վիլիսի վարորդը, դուրս գալով մեքենայից, փորձում է փախչել, բայց ցուցարարները բռնում ու ծեծում են նրան: Լսվում է վիլիսի պայթյունի ձայնը:
«Մի քիչ հուսահատություն կար մեջս, մի քիչ էլ ցասում, երբ լսում էի ժողովրդի կողմից ղարաբաղցիների հասցեին ուղղված անպարկեշտ խոսքերը: Բայց ոչ այդ մարդկանց հանդեպ, ովքեր ասում էին: Այդ ամենը մեր իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն էր: Ես հասկանում էի, ասում էի, որ ես ղարաբաղցի եմ, նրանք ինձ տեսնում էին իրենց շարքերում: Ու ես շատ ղարաբաղցիներ գիտեմ, որոնք եթե գալիս էին գործով Երևան, ապա մասնակցում էին միտինգներին: Ես միակը չեմ»,- ասում է նա:
Քրիստինեն մտաբերում է բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյայի` իրեն ուղղված խոսքերը. «Գնացեք ավելի անվտանգ տեղ»:
«Ես նրան ուղղակի ասացի, որ մանկությունս անցկացրել եմ ռմբակոծվող Ստեփանակերտի նկուղներում, և ինձ ոչ ոք չէր ասում` գնա անվտանգ տեղ: Ու հիմա ինձ ասում ես գնա` այստեղ վտանգավոր է, այստեղ` իմ երկրում,- պատմում է նա ու ավելացնում: - Երկինքը լուսավորվում էր կրակոցներից»:
Գայանե Մկրտչյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 21, Մարտ, 2008
=========
1 մեկնաբանություն
Jojoba
21-03-08 • 05:22 AM
1մոռացա տալի հղումը՝ http://armenianow.com
Կանդրադառնա արդյո՞ք Հայաստանի ընտրական ճգնաժամը Վաշինգտոնում իրականացվող լոբբինգի վրա
Կարճ պատասխանն է` այո: Մարտի 1-ի բռնությունները և ընտրակեղծիքների լուրջ մեղադրանքները անհարմարություններ են ստեղծում Կոնգրեսի մեր բարեկամների շրջանում և շահարկվում են թուրքական ու ադրբեջանական լոբբիի կողմից: Բողոքի ցույցերին ու բռնություններին նվիրված հոդվածներն ու լուսանկարները լայնորեն ներկայացվել են ամերիկյան գլխավոր լրատվամիջոցներում: Համեմատություններ են անցկացվել Վրաստանի ու Ուկրաինայի գունավոր հեղափոխությունների հետ, իսկ ամերիկահայ համայնքի որոշ քննադատներ Հայաստանի ընտրությունների որոշ մարտավարական ու ռազմավարական մեթոդներ համեմատել են Ռուսաստանում Պուտինի կիրառած մեթոդների հետ, երբ նա ընտրեց իր հաջորդին և թուլացրեց լուրջ ընդդիմությունը: Բռնություններն ու արտակարգ դրության հաստատումը շատերը համարում են քաղաքական հետընթաց:
Այս գործոնները լուրջ խնդիր են ԱՀՀ-ի և ԱՄՆ-ում գործունեություն ծավալած այլ քաղաքական կազմակերպություների համար: Մեր խնդիրն է պահպանել ներդաշնակ հարաբերություններ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև: Այժմ օրակարգում կարևոր հարցեր են դրված: Մի կողմից` կարևոր է պահպանել Հայաստանի գյուղական համայնքներին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով իրականացվող օգնությունը և նկատելիորեն բարձրացնել հաջորդ տարի նախատեսված պատմության մեջ ամենացածր` 24 միլիոն դոլար օգնությունը: Բացի այդ, Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն ուղղված ջանքերը կպահանջեն համայնքների շարքային անդամների ուժեղ աջակցությունը, որի մակարդակը կարող է վտանգվել ընտրական վեճերից համայնքի դժգոհությամբ:
Հասկանալի է, որ ամերիկյան իշխանական շրջանները լրջորեն մտահոգված են, որ այս խնդիրները կարող են ապակայունացնել Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանը: Այս մտահոգությունն իրական է: Ազատության հրապարակում տասնմեկ օր տևած բողոքի ցույցերը ցրելուց ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանի ուժերը գոհել են Ղարաբաղի զինադադարի գծի հյուսիսային դիրքերը: Դա առաջ է բերել ամերիկացի ու եվրոպացի պաշտոնատար անձանց կտրուկ քննադատությունը և ցույց տվել ղարաբաղյան հակամարտության փխրունությունը: Իսկ դիվանագիտական ճակատում Բաքուն առաջ է քաշել նոր թշնամական բանաձև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները` ԱՀՀ-ը սատարել է ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի պաշտոնյաների առաջարկները, որոնք կոչ են անում Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ դրությունը, ռազմական պարեկությունը մայրաքաղաքում և ամբողջ ծավալով վերականգնել հասարակության քաղաքացիական ազատությունները: Մենք այն կարծիքին ենք, որ ընդդիմության ներկայացուցիչների շարունակվող ձերբակալություններն ու հետապնդումները հակասում են խաղաղության ու ներքին անդորրի վերահաստատմանը: Մենք հորդորում ենք իշխանություններին ու ընդդիմությանը` զսպել իրենց զայրալից կոչերը: Հույս ենք հայտնում, որ Հայաստանում զանգվածային լրատվամիջոցները կկարողանան առանց խոչընդոտների ու հետապնդումների վախի լուսաբանել իրադարձություններն ու արտահայտել իրենց կարծիքը: Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը [նախագահի պաշտոնում] օրինական է: Բարձրագույն դատական ատյանի այդ վճիռը պետք է հարգվի, սակայն քաղաքական հաշտության համար դա բավական չէ: Անհրաժեշտ է ազնիվ ու լուրջ երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի միջև` Հայաստանում ներքաղաքական կայունությունը վերականգնելու նպատակով: Անհրաժեշտ է նաև երկարաժամկետ համաձայնություն` ուղղված քաղաքացիների խոսքի ու հավաքների ազատության իրավունքների երաշխավորմանը, արդար ընտրությունների անցկացմանը, որոնք կապահովեն այնպիսի առաջնորդների ընտրություն, ովքեր կամրապնդեն Հայաստանի առաջընթացը դեպի ժողովրդավարական հասարակություն:
Հայաստանն ունի խելացի ու գրագետ բնակչություն: Այն նաև վայելում է ուժեղ սփյուռքի աջակցությունը, որը մտահոգված ու պատրաստակամ է նպաստելու հայրենիքի սոցիալական, տնտեսական ու քաղաքական զարգացմանը: Այդ աջակցությունը չպետք է վատնվի ներքին խռովության պատճառով: Հայկական հավասարման խնդրահարույց կողմը անպարենպաստ աշխարհագրական դիրքն է, որն ուղեկցել է Հայաստանին նրա ողջ պատմության ընթացքում: Դրանից օգտվում են թշնամի հարևանները, որոնց խողովակաշարերն ու նորակառույց երկաթգիծը դիտավորյալ շրջանցում են Հայաստանը: Բացի այդ, Հայաստանը տարածաշրջանում քրիստոնեության արևելյան սահմանն է, և այս իրողությունը կարող է նոր խնդիրների տեղիք տալ` մահմեդական ֆունդամենտալիզմի ընթացիկ հզորացման պարագայում:
Այս խնդիրները մշտական են, սակայն դրանք սրվում են, երբ Հայաստանում տեղի են ունենում ներքին անհանգստություններ ու քաղաքական հետընթաց: ԱՀՀ-ը և այլ կազմակերպություններ հարկադրված են լինում բախվել նման իրողությանը` հայանպաստ ամերիկյան քաղաքականություն ձևավորելուն ուղղված իրենց գործունեության մեջ:
Հայաստանի ընտրությունների պարագայում կա մեկ բարենապաստ զուգադիպություն: ԱՄՆ-ում ընթանում է սեփական նախագահական ընտրությունների քարոզարշավը: Դա հնարավորություն է տալիս ուշադրությունը կենտրոնացնել հայկական հարցերի վրա, քանի որ նախագահի թեկնածուները ձգտում են ստանալ ամերիկահայ համայնքի աջակցությունը: Սակայն ամերիկյան քաղաքական դաշտում են նաև հզորացող թուրքական ու ադրբեջանական համայնքները, որոնց ձայնն աստիճանաբար ավելի բարձր է հնչում և որոնք ավելի լուրջ ախոյան են դառնում Վաշինգտոնում: Ադրբեջանի գազի ու նավթի պաշարներն ու Թուրքիայի աշխարհագրական դիրքի առավելությունները լուրջ կռվաններ են հօգուտ Անկարայի ու Բաքվի հակազդեցություն տարածելու պարագայում:
Ուստի ԱՀՀ-ը կոչ է անում քաղաքական ու սոցիալական համաձայնությանն ուղղված անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Երևանում: Մենք հուսով ենք, որ, ի վերջո, կհաղթանակի բոլոր քաղաքական ուժերի սթափ մոտեցումը: Հայաստանի քաղաքացիներն արժանի են դրան: Արժանի ենք և մենք, որ ձգտում ենք աջակցել ազատ, բարգավաճ ու ժողովրդավարական Հայաստանի ձևավորմանը:
13 մարտի, 2008 թ.
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)