ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախօրեին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին:

Աժ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում կատարվել են քայլեր, որոնք լիովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Նշվել է նաև, որ արդեն արտակարգ իրավիճակի սահմանափակումները մեղմացվել են` նախագահը փոփոխություններ է կատարել երեք կետերում: «Սահմանափակումները մեկ նպատակ ունեն միայն` կայունացնել իրավիճակը և բացառել հասարակության մեջ նման բացասական երևույթների կրկնությունը»,- նշել է ԱԺ ղեկավարը:

Անդրադառնալով այս օրերին հնչած տարբեր օտարերկրյա հայտարարություններին` Տ. Թորոսյանը դրանք ոչ համարժեք է գնահատել. մասնավորապես երբ ասվում է, որ պետք է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ` նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանին և իր համախոհներին, քանի որ նախ պետք է ձերբակալել նրանց, ովքեր հանցագործություն են կատարել` անկախ կուսակցական պատկանելությունից:

«Լ. Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները միակ ընդդիմադիր ուժը չեն, Հայաստանում մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժեր կան, որոնց հետ արդեն կայացվել են քաղաքական պայմանավորվածություններ: Իսկ նրանց հետ, ովքեր չեն ընդունում ոչ միջազգային դիտորդների կարծիքը, ոչ Սահմանադրական դատարանի վճիռը, ովքեր մերժում են ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, երկխոսության կոչը ձևական է դառնում»,-նկատել է ԱԺ նախագահը:

Աղբյուր

Հ.Գ. «Մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժեր» ասելով, ըստ երեւույթին, պարոն Թորոսյանը նկատի ունի իշխանությունների հետ քաղաքական կոալիցիա կազմած ՕԵԿ-ը եւ այդ կոալիցիային ձգտող ՀՅԴ-ն, «Արտաշի կուսակցությունը» եւ այս օրերին իրենց ընդդիմադիր հայացքները բազմիցս արտահայտած Վազգեն Մանուկյանի «ծաղկեփունջ»-կուսակցությունը: Մոռացա նշել սեւ դրոշակները ձեռքից շպրտած Արամ Հարությունյանին: Թող զարմանալի չհնչի, սակայն ԱԼՄ-ի Կարապետիչն իր ՍԴ ելույթով ավելի ընդդիմադիր է, քան Վազգեն Մանուկյանն իր խորը քաղաքական վերլուծություններով:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward