Մեթյու Բրայզա. «Հայաստանում տեղի ունեցածը լուրջ հարված է ժողովրդավարությանը»

Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մաթյու Բրայզան «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տրված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրեց իբրեւ «ողբերգություն», եւս մեկ անգամ կոչ անելով Հայաստանի կառավարությանը վերացնել արտակարգ իրադրությունը եւ վերականգնել ազատությունը մամուլը:

Թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանում տեղի է ունեցել «գունավոր հեղափոխության» փորձ, ինչպես որոշ վերլուծաբաններ են պնդում եւ ինչպես ինքը վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց վերջերս, բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան պատասխանել է. - «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ողբերգություն է, քանի որ զոհվել են մարդիկ: Դա լուրջ հարված էր ժողովրդավարությանը: Դա կարելի է դիտարկել որպես հեղափոխություն կամ որպես լուրջ հասարակական ընդհարում», - ասել է Մաթյու Բրայզան:

Ըստ ամերիկացի դիվանագետի, «ընտրությունները դուրս են եկել բնականոն գործընթացի սահմաններից եւ կարեւոր չէ, թե ինչպես են դրանք անվանվում»:

«Մեծ հաշվով նշանակություն չունի, թե ինչպես մենք կանվանենք այն: Գլխավորը այն է, որ Հայաստանն ու Ամերիկան պետք է աշխատեն համատեղ, որպեսզի վերականգնեն ժողովրդավարության զարգացումը: Կարծում եմ, դա իրատեսական է», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը:

Մեկնաբանելով ամերիկայի ձայնի թղթակցի այն ենթադրությունը, որ Հայաստանի նոր նախագահը շարունակելու է ռուսամետ քաղաքականություն վարել, Մաթյու Բրայզան նշել է, որ Հայաստանը միշտ սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Սակայն, ըստ ամերիկացի դիվանագետի, դա այնքան էլ կարեւոր չէ Միացյալ Նահանգների համար: «Մեզ համար կարեւորը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հավատարմությունն է ընդհանուր ռազմավարական շահերին եւ արժեքներին, որոնցից կարեւորագույնը ժողովրդավարությունն է: Հայաստանը բավական հաջողակ էր ժողովրդավարության առաջխաղացման բնագավառում, այդ պատճառով էլ իրավունք է ստացել մասնակցելու «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան ծրագրին: Սակայն վերջին իրադարձությունները ստվեր են նետել հայկական ժողովրդավարության ամրության վրա: Մենք կոչ ենք անում կառավարությանը` վերականգնել մամուլի ազատությունը, վերացնել արտակարգ իրադրությունը եւ սկսել լայնածավալ երկխոսություն հասարակության հետ», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մաթյու Բրայզան:

Ամեիրիկացի բարձրաստիճան դիվանագետը, ով նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահն է ասել է, թե մեծ տարբերություն կա Լեռնային Ղարաբաղի կարգավորման Մինսկի խմբի ներկայիս ծրագրի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ներկայացված ծրագրի միջեւ: Ըստ նրա, որեւէ հիմք չկա համեմատելու Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի ժամանակներում ներկայացված ծրագրերը:

«Մենք շատ հեռուն ենք գնացել այդ պահից սկսած: Օրակարգում դրված է սկզբունքային աաջարկների մի համալիր, որ կարելի է քննարկել: Այդ առաջարկները կբերեն տարածքների վերադարձ Ադրբեջանցիներին, փախստականների վերադարձ: Դա ներառում է Հայաստանը եւ Ղարաբաղը միացնող միջանցք եւ միջազգային խաղապահների ներկայություն: Այսինքն, այդ առաջարկները հիմք կհանդիսանան խաղաղ պայմանագրի համար, որը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը: Այնպես որ, օրակարգում դրված են բացառիկ եւ հիմնարար սկզբունքներ, որոնք անհրաժեշտ են կենսագործել», - եզրափակել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, Մինսկի խմբի համանախագահ Մաթյու Բրայզան:

azatutyun.net

Հ.Գ. Տեքստի որոշ արտահայտությունների եւ նախադասությունների հաստ տառաձեւերով (bold) ներկայացումը կատարվել է իմ իսկ կողմից: 

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward