Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից Մհեր Մանուկյանը, ով Ազատության հրապարակում այսօր առավոտյան իրավապահների բռնություններից տուժածներից է, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե քանի մարդ է տուժել, ասաց, որ ծեծուջարդը «զանգվածային էր»:
«Ով որ կոնտակտի գծում էր, բոլորը տուժել են», - շարունակեց նա: - «Ընդ որում` չխնայելով ընկածներին… Այդպես խփելով, ջարդելով քշեցին ներքեւ: Հետապնդեցին մինչեւ Հանրապետության հրապարակ, հրապարակից էլ անց, նույնիսկ մինչեւ Ձկան խանութ»:
«Ոստիկանները տարբեր կողմերից մահակներով, վահաններով եկան», - առավոտյան գրոհի մասին պատմեց նա: - «Լեւոն Տեր-Պետրոսյանը հատուկ հայտարարեց` ժողովուրդ ոչ մի կոնտակտի չգնաք, հանգիստ կանգնեք, տեսնենք ինչ են ուզում այս մարդիկ: Ու հատուկ հայտարարեց, որ այստեղ կանայք կան, երեխաներ կան, եւ խնդրեց ոստիկանությանը որեւէ այդպիսի բանի չգնալ: Չկանգնեցին, եկան ժողովրդի վրա եւ սկսեցին երկու կողմից ջարդել»:
«Օղակը սեղմեցին, քանի որ ժողովուրդը փորձում էր Լեւոնից պաշտպանել: Ինչ-որ սարքերով ջուր էին լցնում ժողովրդի վրա, քշեցին Հյուսիսային պողոտա ու անընդհատ հետապնդելով, մահակներով խփելով հետ մնացածներին, ընկածներին խփելով… Ով ընկնում էր, շրջապատում էին, սկսում էին ոտքերով խփել»:
Նա ասաց, որ մահակով հարվածել են իր գլխին. - «Մեծ բացվածք է: Բժշկի չենք դիմել: Մտածեցինք, այս պահին ավելի լավ է վստահելի մարդու դիմենք… Ես մայիսի 9-ին եղել եմ այդ դեպքերի մեջ, ու այդ վիճակով բժիշկները ուղղակի հրաժարվեցին ինձ սպասարկել»:
Նրա տեղեկություններով, տուժել են նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով առաջին գծում էր, եւ Հրանտ Մաթեւոսյանի որդին` Դավիթ Մաթեւոսյանը:
0 մեկնաբանություն
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)