Հայրենակիցնե՜ր
2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական եւ ամրացած, ինչը հնարավորություն կտար լիարժեքորեն դիմագրավել ե՜ւ ներքաղաքական, ե՜ւ սոցիալ-տնտեսական, ե՜ւ արտաքին մարտահրավերները: Այդպես չեղավ մի շարք պատճառներով. ընտրարշավի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները:
Հասարակությունը արհեստականորեն երկփեղկվեց ու բեւեռացվեց: Մի կողմից ցանկացած եղանակով իշխանափոխություն իրականացնելու` նախկինների մոլեռանդությունն էր, մյուս կողմից` ամեն գնով սեփական դիրքերը պահպանելու` ներկաների ձգտումը:
ՀՅ Դաշնակցության թեկնածուն հնարավոր ամեն բան արեց մրցակցությունը ծրագրային, գաղափարական հունի մեջ պահելու, երկրի զարգացումը առողջ մթնոլորտում շարունակելու համար, սակայն այս մոտեցումը, ցավոք, լայն արձագանք չգտավ: Մեր թեկնածու Վահան Հովհաննեսյանը ընտրարշավի ողջ ընթացքում ցուցաբերեց սկզբունքային վարքագիծ ու դիրքորոշումներ եւ հարազատորեն ներկայացրեց ՀՅ Դաշնակցությունը:
Բուն ընտրությունները եւս ուղեկցվեցին տարաբնույթ խախտումներով: Համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքով զբաղվեցին առաջատար թեկնածուների կողմնակիցները, որոշ տեղամասերում կոպիտ բռնության, լցոնումների դեպքեր արձանագրվեցին, խախտումներով ընթացավ նաեւ քվեների հաշվարկման փուլը: Արդյունքում` ընտրությունների վերաբերյալ մեր քաղաքացիների գնահատականը միանշանակ չէ, եւ այսօր էլ առկա է հասարակական լարվածություն, երկիրը կանգնած է ետընտրական բեւեռացումը կանխելու եւ համերաշխության մթնոլորտը վերականգնելու հրամայականի առաջ: Ներկա իրավիճակում մենք պատրաստ ենք կամրջողի դեր ստանձնել:
Կատարելով այս հաստատումները, ամփոփելով բոլոր մարզերից ու տեղամասերից ստացված զեկույցները, նկատի ունենալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները եւ միջազգային հանրության` հիմնականում դրական արձագանքը` ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի վիճարկում ընտրությունների վերջնական արդյունքները եւ հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին:
Միաժամանակ, հավատարիմ մնալով 2007թ. ստորագրած համագործակցության համաձայնագրին, մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ եւ դիմում ենք քաղաքական Կոալիցիային համագործակցությունը դադարեցնելու առաջարկով: Սիրելի՜ հայրենակիցներ, առաջնորդվելով երկրի կայունության եւ առաջընթացի հրամայականներով` մենք նաեւ առաջարկում եւ պահանջում ենք.
ա. անաչառ ու ամբողջական քննության ենթարկել ընտրակեղծիքների բոլոր փաստերը եւ պատժել մեղավորներին,
բ. դատապարտել իշխանությունը բռնի ուժով փոխելու, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքներից դժգոհողների հանդեպ բռնություն կիրառելու մտայնությունը,
գ. շուտափույթ քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակությունն ամրապնդելու, ներքին լարվածությունը մեղմելու ուղղությամբ,
դ. ձեւավորել ընտրական բոլոր գործընթացներում ընտրակաշառքը, ոչ քաղաքական, կիսաքրեական տարրերի մասնակցությունը, իշխանական ռեսուրսի կիրառումը բացառող ընտրական համակարգ,
ե. երկրում ապահովել իրական բազմակարծություն եւ խոսքի ազատություն,
զ. քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության համար ապահովել լիարժեք հնարավորություններ,
է. քաղաքական երկխոսության եւ ազգային համաձայնության արդյունքում այնպիսի կառավարություն ձեւավորել, որն իր մասնագիտական, մարդկային-բարոյական որակներով ի վիճակի կլինի երկիրը դուրս բերել ժողովրդավարության եւ սոցիալ-տնտեսական արագընթաց զարգացման մայրուղի:
Սիրելի՜ հայրենակիցներ, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհակալություն է հայտնում Ձեզ նախագահական ընտրություններին աննախադեպ ակտիվությամբ մասնակցելու համար:
Մենք Ձեզ վստահեցնում ենք, որ շարունակելու ենք մնալ մեր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ եւ հետեւողականորեն աշխատելու ու պայքարելու ենք հանուն մեր ժողովրդի, մեր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանուն մեր պետականության հզորացման:
25 փետրվարի 2008թ.
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
6 մեկնաբանություն
Jojoba
26-02-08 • 00:32 AM
1Բա որ ասում էի՝ քուա՞նշ, լավ է գոնե ՍՐԱԾ չէր…
Իսկ հիմա՝ առա՛նց կատակի
ՎԱՂԸ, ԺԱՄԸ 15:00-ԻՆ ԵՍ, ԻՄ ԿՆՈՋ ԵՎ 2 ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ Բակալեայի հայաթում ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ-ԵՐԹ ի պաշպանություն Արմանի (ազգանանունը չեմ հիշում, դե էն Ղարաբաղցու մասին է խոսքը):
Բոլոր շահաԳՐԳԻՌ կողմերի մասնակցությունը պարտադիր է:
Լեւոնի երթի մասնակիցներին խնդրվում է շրջանցել մեր բակը:
Կանխավ շնորհակալ եմ
Հ.Գ. Հավաքին միջամտելու դեպքում, խոստանում եմ հաջորդ օրվանից նստադուլ, հացադուլ այլ «-դուլ«-եր հայտարարել:
sbevink
26-02-08 • 00:44 AM
2Շատ եմ ցավում, որ այսպիսի քաղաքական ապտակից հետո հարյուրամյա կուսակցության վերնախավը, որը մինչ ընտրությունները հայտնում էր, որ խախտումների դեպքում փողոց է դուրս գալու, այսօր թուլակամություն է դրեւորում եւ հեռանում իր խոստումներից, հետեւաբար՝ նաեւ իր ժողովրդից:
Ամոթ չէ՞, պարոնայք:
F5 ադմինի կողմից
Հարգելի sbevink,
նախ, բարով եք եկել:
Ծանոթանալով մեր բլոգի գրառումներին, ինքներդ եք տեսնում, որ մեզ մոտ բոլորը գրում են հայերեն: F5-բլոգը ՀԱՅԱԼԵԶՈՒ Է, խնդրում եմ դուք էլ գրեք հայերեն:
Շնորհակալություն:
Jojoba
26-02-08 • 01:02 AM
3Ցավալի ոչինչ չկա. ի սկզբանե ամեն ինչ կանխորոշված էր ԻՄՀՕ եվ իրենք էլ նկատի ունեին նման վերջաբան, ուղղակի մի քանի րոպե շարքային դաշնակցականները իրոք հավատացին, որ իրենք ինքնակամ են եվ սկսեցին հույսեր փայփայել՚: Վահանն էր փորձեց մի հատ ռեվերանս անել (հրաժարականով), չգիտես` ո՞ւմ եւ ի՞նչ էր ուզում ապացուցել:
Հավատս չի գալիս, որ կրթության նախարարը պետք է հերթական անգամ հրաժարական տա, որ մի որոշ ժամանակ հետո նորից փառքով վերադառնա իր պաշտոնին:
Ամեն ինչ վերածվել է թեթեւաբարո ֆարսի:
Jojoba
26-02-08 • 01:34 AM
4Մեկ թեթեվաբարո անառակի պատմություն.
Հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց ինչպե՞ս սրանց բացատրել, որ 1000 հոգով մեկի քամակը մտնել չի կարելի, ախր էդ անտերը «բեզռազմեր« չի:
Դրա համար էլ արդեն մեկը մյուսի միս է կրծում
F5-admin
26-02-08 • 03:38 AM
5Հարգելի A.S., եթե նախկինում դուք մի միտք եք արտահայտել, որն այնուհետեւ չի իրականացել, դեռ հիմք չի տալիս, որ Ձեր այդ գրառումը հեռացվի:
Նախ, այդ գրառումը ստացել է մեկնաբանությունների ու անդրադարձների մի շարք, եւ գրառման հեռացումը կնշանակի հեռացնել այլ անդամների (այդ թվում՝ իմ) մենկաբանությունները: Ես դեռ ոչինչ, բայց թե Jojoba-ն կարող է բողոքարկել ուր որ պետքն է (մարդու իրավունքների պաշտպանության գործակալություն, իր թեկնածու Արմանի նման՝ Սահմանադրական Դատարան եւ այլն)
Երկրորդը, մենք հո այս բլոգում «կանխագուշակումների մրցավազք» չե՞նք հայտարարել, եւ դուք էլ «միավոր հո չե՞ք կորցրել». մենք պարզապես կիսվում ենք մեր խորհերուվ՝ լինեն այդ պահին ճիշտ կամ սխալ:
Երրորդը, սա թող Ձեզ համար «դաս լինի», որ «ժամանակից շուտ չոգեւորվեք» Ձեր հետագա երկար տարիների ընթացքում (ընկերական կատակ՝ միայն նախադասության առաջին մասի համար):
Իրականում, դուք այդ գրառման մեջ արտահայտել եք Ձեր անկեղծ մտքերը, որի հեռացնելու որեւէ բարոյական իրավունք ես չունեմ:
Կներեք, սակայն… Ձեր գրառումը թող մնա, ո՞ւմ է խանգարում որ…
Phenomen
26-02-08 • 14:47 PM
6Հարգելիներս, իմ խորին համոզմամբ ՀՅԴ-ն ոչ միս է, ոչ ձուկ, ոչ կուսակցություն, ոչ հետևողականություն: Իմ կարծիքով, ՀՅԴ-ն Մեծ եղեռնից հետո հայ ազգի գլխին երկրորդ մեծագույն չարիքն է: Ես չեմ նայում հետ` տեսնելու նախորդ դարասկզբին նրանց արած “վաճառականությունը”: Ես տեսնում եմ նրանց այսօր, և դա բավական է:
Քիչ է ունենալ 120 տարվա պատմություն, քիչ է ունենալ ինչ-որ գաղափարախոսություն` “Հայ Դատ”, նաև շատ քիչ է ունենալ ինչ-որ վճռականություն: Հայ Դատից ավելի անհարմար արտաքին քաղաքականություն այսօր Հայաստանի Հանրապետության համար պատկերացնել դժվարանում եմ, իսկ ՀՅԴ-ի վճռականությունը միշտ վերածվում է ընդհատակյա զինված խմբերի ստեղծման: 120 տարվա պատմությունից կարելի է մի 60-հանգիստ դեն նետել, քանի որ դրանք աշխատել են միայն սփյուռքի շահերի օգտին, իսկ ես խոսում եմ ՀՀ մասին:
Ընդհանրացնեմ. ՀՅԴ-ն պիտի փոխի իր գործելաոճը: Եթե իհարկե փետրվարյան դավադրությունից հետո Վահանի ու Հրանտի կողքին դեռ մնացել է մի երկու հոգի:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)