Death

Մի քանի օր առաջ Միչիգան նահանգի (ԱՄՆ) բանտից ազատվեց մեր հայրենակից Ջեք Կեւորկյանը՝ բժիշկ-գիտնական, որն աշխարհին ավելի շուտ հայտնի է որպես «դոկտոր Մահ»: Թող զարմանալի չթվա Ձեզ սույն բժշկի նման տարօրինակ եւ նույնիսկ սարսափազդու գնահատականին «արժանանալը». նա ակտիվ կերպով «օգնել է» 130 անբուժելի հիվանդների կյանքից հեռանալուն: Հենց այս գաղափարի կյանքի կոչելու պատճառով էլ (ավելի ճիշտ՝ վերոնշյալ դեպքերից մեկի բողոքարկման պատրվակով) դոկտոր Կեւորկյանը ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման: Եվ այժմ, բանտարկվելուց մոտ 8 տարի անց, դոկտոր Կեւորկյանն ազատ է արձակվել՝ առողջական պատճառներից ելնելով (նա տառապում է հեպատիտ C-ով) , ինչպես նաեւ ազատազրկման տարիներին բավարար վարք դրսեւորելու շնորհիվ:

79-ամյա դոկտոր Կեւորկյանը ազատվելուց հետո անգամ չի նահանջել իր գաղափարներից եւ արդեն իսկ հասցրել է հայտարարել, որ պայքարելու է ԱՄՆ-ում էվթանազիայի օրինականացման համար:

ԷՎԹԱՆԱԶԻԱՆ իրենից ներկայացնում է մեծ տարակարծություններ առաջացնող մի միջոցառում, երբ բուժաշխատողն արագացնում եւ հնարավորինս «մեղմացնում» է անբուժելի եւ կյանքի վերջին օրերին հոգեկան եւ մարմնական տառապանքների ենթարկվող հիվանդների մահանալու պրոցեսը, բնականաբար, այդ իսկ հիվանդների նախնական գրավոր համաձայնությամբ:

Այն լինում է երկու տեսակի՝ ակտիվ եւ պասիվ: Ակտիվ էվթանազիայի դեպքում հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով հիվանդը սեղմում է կոճակը, որին հետեւում է թմրամիջոցների մեծ քանակների ներերակային ավտոմատ նեմուծումը, որը հիվանդի կյանքի վերջին րոպեները պարուրում է երանելիության եւ հոգեկան բարօրության զգացողություններով: Թմրամիջոցի ներարկմանը հետեւում է մահաբեր երկրորդ նյութի հիվանդի օրգանիզմ ավտոմատ ներմուծումը, որն էլ առաջ է բերում նրա սրտի կանգ եւ մահ: Այլ կերպ ասած, ակտիվ էվթանազին իրենից ներկայացնում հիվանդի համաձայնեցված ինքնասպանություն: Պասիվ էվթանազիայի դեպքում, ի տարբերություն առաջինի, բժիշկն ակտիվ կերպով չի «օգնում» հիվանդի «ինքնասպանությունը», այլ պարզապես դադարեցվելով բոլոր տեսակի բուժական միջամտությունները, արագացնում է նրա մոտալուտ մահը:

Մարդկանց մեծ մասի մոտ (հատկապես բժշկական կրթություն չունեցողների) սարսափ առաջացնող նման մոտեցումն առաջին հայացքից կարող է թվալ որպես անմարդկային եւ հանցավոր վերաբերմունք հիվանդի նկատմամբ, կամ, ավելի պատկերավոր ասած, որպես մարդասպանություն: Սակայն, ավելի սառը դատող մարդիկ կարող են պատճառաբանել, որ պակաս անմարդկային չէ նաեւ այն երեւույթը, երբ անբուժելի հիվանդն օրեցօր սաստկացող տառապանքների մեջ պետք է դիմավորի իր կյանքի վերջին վայրկյանները (չմոռանանք, որ բազմաթիվ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են քաղցկեղի եւ այլ հիվանդությունների անբուժելի տարբերակները, նման վիճակը կարող է ձգվել շաբաթներ եւ ամիսներ):

Էվթանազիայի հակառակորդներն ունեն հզոր հակափաստարկ. ոչ մեկը, այդ թվում՝ բժշկը, իրավունք չունի, որ ակտիվ կերպով նախապատրաստի այլ մարդու ինքնասպանությունը: Մյուս կողմից, էվթանազիայի կողմնակիցները կարող են իրավացիորեն պնդել, որ առանձին դեպքերում (մտովի պատկերացրեք՝ գերծանր, անդառնալի հիվանդություններ, երբ ե՛ւ հիվանդի հարազատները, ե՛ւ բժիշկները պարզապես «հաշվում են» տվյալ հիվանդի կյանքի մնացած օրերը), հատկապես, երբ հիվանդն ինքն է արդեն սպառվել մահվան դեմ անզոր պայքարից, անիմաստ է դառնում նրա կյանքի արհեստական երկարացումը մի քանի օրով կամ մի քանի շաբաթով, որը պարզապես կնշանակի ավելացնել հիվանդ մարդու երկրային տանջանքի օրերը:

Էվթանազիայի հակառակորդները կարող են փաստել, որ նման վարմունքը բժշկին եւ, ընդհանրապես, մարդ արարածին վայել չէ: Կարելի է նման հիվանդների նշանակել հզոր ցավազրկողներ եւ պալիատիվ (ամոքիչ) խնամքի այլ միջոցառումներ: Իսկ այս տեսության հակառակորդները կարող են հակափաստել, որ հիվանդի եւ նրա հարազատների հոգեկան եւ ֆիզիկական տառապանքների երկարաձգելը, երբ վախճանը միակն է, իրենից ներկայացնում է հիվանդի եւ նրա ընտանիքի հանդեպ «աչքակապություն» կամ սեփական անզորության «տեղափոխում» դիմացի կողմի վրա. «մենք չենք կարող բուժել, ուստի դուք բոլորդ ստիպված եք շաբաթներ եւ ամիսներ դիմանալ»:

Միջազգային հանրությունը նույնպես երկընտրանքի մեջ է: Կարծես թե չի երեւում միակ լուծումը, որը պատասխան կտար բոլոր հարցերին: Արդյո՞ք ինքնասպանության իրավունքը պետք է դասվի մարդու այլ իրավունքների շարքին: Թե՞ բժիշկը պետք է մնա անկոտրում՝ մինչեւ հիվանդի վերջին շունչը:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward