Levon

Այսօր ես իմ երեք ընկերների հետ միասին մասնակցեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 20-ի 1-ին հանրահավաքին (Մատենադարանի մերձակայքում), աննախադեպ բազմամարդ երթին (ըստ իս՝ գրեթե 200 հազար մասնակիցներով) եւ 2-րդ հանրահավաքին՝ Ազատության հրապարակում:

Մինչեւ Մատենադարան ժամանելը՝ խիստ վրդովված էի: Ահավոր վրդովված ու վիրավորված: Այն, որ ընտրությունները կեղծվել են, դա ինձ մոտ որեւէ նույնիսկ փոքր կասկած չի հարուցում, որքան էլ փորձեն փիլիսոփայել հանրապետականները: Նրանց փիլիսոփայությունն այնքան խորն է, որքան բազմաթիվ են Լֆիկի, Դոդի ու նմանների ուղեղի ծալքերը: Ընտրությունները պետք է նման արդյունք ունենային. ես համամիտ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ով հանգստացնում էր հազարավոր ինձ պես վրդովվածներին, թե՝ «ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Հերթական անգամ տեղի են ունեցել նորմալ խայտառակ ընտրություններ»: Իրոք, նախանձելի սառնասրտություն:

Եղանակը սառն էր, սակայն մարդկանց սիրտը լցված էր եւ նրանց «արյունը եռում էր»: Ընկերս՝ Նաիրին, համոզված է, որ «սեպը սեպով են հանում»: Նա խորհուրդ է տալիս. «Սերժենք ասում են՝ մեր դեմ խաղ չկա: Ու երեկ ապացուցեցին դա եւս մեկ անգամ: Էլ ի՞նչ է մնում դրանից հետո: Մնում է մի բան՝ հերթով այցելել այս բազմամարդ զանգվածով բոլոր -ի տղերքի ամրոցները եւ իրենց իսկ դքսություններում հողին հավաասարեցնել այդ «տավարների» եղած-չեղածը: Ծեծել այնպես, որ իր առաջին բջջի առաջանալը հիշի ու քարշ-տալ բերել Ազատության հրապարակ: Հավատա, որ էսօր մի 2 հոգու որ այս սենց՝ մասսայական պատժեն, վաղը Մատենադարանի մոտ 2 անգամ ավելի շատ մարդ կհավաքվի»:

Ես մասամբ եմ համաձայն ընկերոջս մտքին. այն, որ հապաղելով Լեւոնը պարզապես օր-օրի կնոսրացնի իր համակիրների շարքերը, ես չեմ էլ կասկածում: Նույն մարտավարությամբ աստիճանաբար մարեցին Ստեփան Դեմիրճյանի ոչ նվազ բազմամարդ միտինգները: Սակայն Լեւոնը շատ հետաքրքիր է ձեւակերպում իր միտքը՝ «վաղը (իմ կողմից՝ փետրվարի 21-ին) ժամը 15:00-ին դուք ականատես եք լինելու չափազանց կարեւոր իրադարձության»: Ներքուստ կանխազգում եմ, որ Լեւոնը նկատի ունի հենց նույն օրվա ԵԱՀԿ ԽՎ զեկույցը: Սակայն չեմ կարծում, որ այդ զեկույցը այս կամ այն կերպ ազդելու է Սերժի ու Ռոբերտի՝ իրենց իշխանությունից հրաժարվելու մտքի վրա (եթե այդպիսին կա):

Խառնվել է ամեն ինչ: Ուսանողներին դասից արձակել են, քաղաքի կենտրոնում հայտնվել է ոստիկանական «պատժիչ» տեխնիկա (ջրցան մեքենաներ եւ այլն, ես եմ տեսել), ասում են՝ Մանվելը երկրապահների հավաք է անցկացրել (տե՛ս lragir.am), Սարկոզին, Պուտինը եւ Սահակաշվիլին էլ շնորհավորել են արդեն (ոնց որ շատերն են մտածում՝ դրանով հայտնել իրենց «դոբրոն», ու եթե, ասենք, Արամ Հարությունյանն ընտրվեր, ապա վերոնշյալ նախագահները պետք է ուղարկեին իրենց ցավակցությունը): Արտաշես Գեղամյանը, «իր թուրը փառքով դրել է պատյան» ու վերահաշվարկում է վերջերս կտրուկ աճած բյուջեն: Դաշնակները մտել են խորը դեպրեսիայի մեջ, թեեւ չեմ կարծում, որ առաջին շնորհավորողների մեջ Վահանը չի եղել: Կարապետիչն էլ հեռուստացույցից ալերգիա ունի: Վազգեն Մանուկյանից ու Արթուրից էլ ընդհանրապես խաբար չկա: Դե Արթուրը, ինձ թվում է, հայտվել է հիմար դրության մեջ. իրեն ի՞նչ էին խոստացել, ինչ դուրս եկավ: Կամ էլ, ինչպես Դավիթ ընկերս է համոզված, ամենաշատն է շահել այս ընտրություններից (իհարկե՝ Սերժից հետո):

Այնպիսի տպավորություն է, որ ընտրության արդյունքներից միայն Լեւոնն ու իր համակիրներն են դժգոհ: Մյուս 6 թեկնածուները բավարարված են արդյունքներից: Եւ այսպես, Լեւոը դեռ չի բացում իր գաղտնի քայլերը եւ ժողովրդին հավաստիացնում, որ իրենք ունեն հստակ գործողությունների ծրագիր, որ թող «… ոչ ոք թող չկասկածի, որ մենք ձեզ հետ միասին անպայման հասնելու ենք մեր նպատակին` ամենախելոք, ամենաճշգրիտ, ամենավճռական քայլերով» , որ «նահանջելու տեղ չկա», եւ որ «ես կանգնելու եմ մինչեւ վերջ, եթե անգամ իմ կողքին ոչ ոք չմնա»: Սրանք լուրջ հայտարարություններ են:

Մնում է սպասել եւ հուսալ, որ գոնե այս անգամ հրապարակ շտապող մարդիկ կլսեն կոնկրետ քայլերի առաջարկություններ: Կոնկրետ քայլեր՝ կոնկրետ արդյունքներով: Ես ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր էլ «ուժ չունեն» սպասելու: Հատկապես փետրվարյան այս սառը եղանակներին: Հատկապես այն բանից հետո, երբ Ազատության հրապարակից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հանրապետականների գրասենյակում, Սերժն իր թիմով տոնում է իր հաղթանակը եւ այդ առիթով շքեղ հրավառություն է կազմակերպում:

Պայքար, պայքար մինչեւ… ե՞րբ

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward