Ընտրապայքարն անտանելի է դարձել. իրար՝ է՛լ դավաճան, է՛լ ծախված, է՛լ ծախած, էլ ի՛նչ ասես որ չեն անվանում: Սկսվեց մեր ներկայիս նախագահից, որը սպառնաց հիշեցնել «մութ ու ցուրտ» տարիների մասին, հետո զգաց, որ իր ասելու բաներ չեն դրանք, միացրեց դհոլը, Կարապետիչին: Հետո միացավ Վազգենը, Վահանը, միացավ ի վերջո Արթուրը: Իսկ ինչո՞ւ… Պատասխան` նրանց «բախչեն քար էր գցվել»: Իսկ ո՞վ էր գցել:

Ազատագրական շարժում գլխավորած Լևոն Տեր-Պետրոսյանը շատ արագ հասկացավ, որ ժողովրդի մի հսկայական զանգված` հիմնականում երիտասարդությունը, իրեն տեսնում է փրկչի դերում: Միգուցե տարվել էր PR աշխատանք դրանից առաջ, բայց էականը աշխատանքը չէ. դա Սերժի համար էլ է արվում, բայց արդյունք չկա: Լևոնը սկսեց շատ խիստ, խարազանող քննադատությամբ միմիայն իշխող երկյակի ու նրանց սատարող հանցագործ ընտանիքների ուղղությամբ:

Առաջին մի երկու հանրահավաքի ընթացքում շարադրեց իր պատկերացումները հանցագործ բուրգի մասին. դա տարածեց իրեն լոյալ «Հայկական Ժամանակով» ու «Չորրորդ Իշխանությամբ»: Ես որպես հայաստանասեր մարդ, սպասում էի հանդարտման՝ շատ հստակ պատկերացնելով, որ հակառակ կողմից հրաձգությունը սաստկանալու է ցանկացած պարագայում: Բայց իմ սպասումները չիրականացան:

Լևոնը գնաց անիմաստ, ինքնավարկաբեկող ու զառանցանքի նմանող քննադատության, Արթուր Բաղդասարյանին անվանելով «պոտենցիալ դավաճան»: Ես չեմ հերքում, որ նա ունի իր հիմքերը, բայց այդ հիմքերը պիտի ներկայացվեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին «մոտ կանգնած աղբյուրներով», այլ միտինգային հարթակից: Կարդացե՛ք «Հայկական ժամանակի» օնլայն տարբերակի ցանկացած համար` վերջին շաբաթվա ընթացքում: Նիկոլը իր վստահելի աղբյուրերին է վկայակոչում` հաստատելու Մեդվեդևի հետ Լևոնի հանդիպման փաստը: Իսկ ո՞վ է Նիկոլը, և ի՞նչ հավաստի աղբյուրներ կարող է նա ունենալ Կրեմլում: Պատասխանը ակնկալում եմ բլոգերներից:

Արթուրին քննադատելով` Լևոնը կարծես ուզում է զգուշացնել նրան՝ «ջահել ջան, դու դեռ ունես շանս, տաս օր հետո նոր դեմքով ներկայանալու հայաստանյան ընտրազանգվածին, ու հենց այսօրվանից սկսելու հաջորդ ԱԺ ընտրությունների քո պայքարը. թռի՛ր Սերժի գլխից, ինչպես ժամանակին նա ու նրա ընկերները թռան իմ գլխից, արի իրար հետ կիսվենք»: Գլխից թռնելու տեխնոլոգիան կա, օրինակներ կան, ու դա իրականանալի է: Բայց ինքը Լևոնն էլ վստահ չէ, որ Արթուրը Սերժի խաղն է խաղում: Լրատվամիջոցները որոշ բան մատնում են իհարկե, բայց դա Լևոնին չի համոզում, դա կարող է լինել հետևյալի արդյունք. Արթուրը Սերժի հսկողությունից դուրս է պրծել, և վերջինս փորձում է երկու խոշոր ընդդիմադիրների միջև կռիվ ստեղծել` նրանցից մեկին ներկայացնելով որպես իշխանամետ: Ու այս սցենարը ես չեմ բացառում. ավելին, կարելի է պնդել, որ հենց դա՛ է ունեցել իր որոշիչ դերը Լևոնի այս կոշտ դիրքի հարցում:

Սակայն ավելի հավանական է թվում երկրորդ տարբերակը. Արթուրը իրոք խաղում է Սերժի դաշտում: Այս դեպքում Լևոնի գոռում-գոչյունները բացարձակապես անիմաստ էր, ու ազդում են հենց իր անձնական իմիջի վրա: Եթե դու գիտես, որ ջահելը վաճառվել է ու աշխատում է Սերժի համար, ու նրանք ունեն հստակ սցենար, իրար հետ երկրորդ փուլ դուրս գալու, դու ոչ թե պիտի խարազանես Արթուրին, այլ փորձես պարզապես ավելի մեծ գին վճարել, քան Սերժը: Նրա դիմակը «Հայկական Ժամանակի» էջերում պատռելով ու հետո միտինգում դավաճան անվանելով դու այրում ես կամուրջները: Իսկ դա քաղաքական գայլին չի սազում, դա իմաստուն չէ: Դա ստվեր է գցում քո վրա: Արթուրը իր դերասանական խաղով կարողացել է ստեղծել Սասունցի Դավթի կերպար, համենայն դեպս ժողովրդի խեղճ ու քաղաքականապես «չկրթված» մասսայի մոտ: Ու քո քննադատությամբ դու ջուր ես լցնում հենց նրա` Արթուրի ջրաղացին:

Ի՞նչն եմ ես անձամբ համարում ճիշտ: Լևոնը պիտի կենտրոնանա իր գործի վրա, ու գալիք հանրահավաքում, այսինքն այսօր, բացարձակ չխոսի Արթուրի մասին: Դա իր գործի մեջ չի՛ մտնում: Այսպես թե այնպես, սարքվելու կամ լինելու է երկրորդ փուլ: Ու Արթուրից կա «մեսիջ»՝ միավորումը երկրորդ փուլում: Նա առաջարկում է սակարկել, ուղղակի, ըստ իս, ժամանակ է շահում, տեսնելու, թե ի՞նչ գին պահանջի: Նա ցանկացած դեպքում չի անցնելու երկրորդ փուլ, ուրիշ հարց է, եթե «թվեր նկարեն», բայց այս դեպքում էլ ոտքի է կանգնում Լևոնի ընտրազանգվածը:  Ու երկրորդ փուլ անցածներից նա պաշտպանելու է կամ չի պաշտպանելու Լևոնին: Կպաշտպանի, եթե Լևոնը հետ կանգնի նրա քննադատությոնից, չի պաշտպանի, եթե քննադատություն շարունակվի. սա կարող էք ընդունել որպես աքսիոմ: Սերժին նա չի համարձակվի պաշտպանել, որովհետև կկորցնի իր ընտրազանգածը հավիտյան, իսկ իր ընտրազանգվածը Սերժին չի ընտրի:

Լևոնը ունի իր արդեն իսկ հսկա բանակը` 23 կուսակցություն, մի այդքան էլ ՀԿ: Լևոնին պե՛տք չի լաչառություն անել մի թեկնածուի հասցեին, որը նույնիսկ երկրորդ տեղի համար չի պայքարում: Լևոնին պետք չի աղմկել` դրա համար կան Կարապետիչն ու դհոլը:


forward