Թող ինձ ներեն բոլոր հովիվները, սակայն հենց վերնագրի տողն է իմ կարծիքով շատ դիպում նկարագրում ներկա վիճակը, այն, ինչ տիրում է այժմ Հայաստանում սկսած Երեվանից ու վերջացրած ամենախուլ գյուղերով:

Համաձայն չե՞ք ինձ հետ, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ գործում են չոբանությունը, տգիտությունը ու զոռբայությունը:

Ապա մի տեսեք, թե ի՞նչ չոբաններ են ժողովրդի «հոտը» «չո՛շ» անելով ուղեկցում դեպի հրապարակ, որտեղ թարմ խոտի կամ սիլոսի փոխարեն հրամցնում են մեկ այլ չոբանի, կարելի է ասել՝ հանրապետական մասշտաբի չոբանի փիլիսոփայական մեծ արժեք ներկայացնող բառերը: Էն էլ ի՜նչ բառեր.

Դե ուրեմն առաջ Հայաստան, առաջ դեպի բարեկեցիկ Հայաստան, առաջ դեպի բարգավաճ Հայաստան:

Ու «հոտի» բոլոր անդամները, ովքեր իրենց կամքից դուրս են եկել այդ հրապարակը (այլապես կստանային մի հատ «բըռռ» ու մի հատ էլ ճիպոտի դաղոց) ոչ թե մտածում են, թե «մթոմ ինչ ասեց, որ հիմա էլ ավարտում է խոսքը «դե ուրմեն»-ով», այլ մոտենում են իրենց հոտի «չոբաններին» բարեվում (մթոմ՝ եկել ենք, բարեւ ձեզ, մեզ ներկա դրեք), հետո մնում-մնում ասում՝ «ես երեխեքը սառան, մեղք են, թողեք, թող գնան տուն» (բայց ճար ունենային, իրենք չէին գա):

Բա սա չոբանի երկիր չի՞:

Ահավորն այն է, որ այս նույն «ներկա ստացող» արու ոչխարը կարող է մտնել տուն ու մի հատ էլ գոռալ իր կնոջ վրա. «ախչի՛, ինչ-որ էրգար խոսեցիր հեռախոսով» կամ էլ բառաչի երեխեքի վրա «արա ասի ձեններդ հլը կդրեք»:

Մեր ոչխարներն ուրիշ են, մեկ-մեկ կարող են խոսել: Խոսել ոչ թե երեխեքի վրա, այլ պարզապես բառեր արտաբերել. «ախպեր, վոոբշեմ չեմ ջոկում, էս մեր երգիրը էս ի՞նչ սարքին»: Սակայն ոչ թե այս դժգոհությունը հայտնում է «Հայլուրը» լսելիս (մոռացա ասեմ, որ իրենք շա՜տ լսող են, կարող են, օրինակ, ժամերով լսել էլիտար տների «Tonus Construction»-ի առաջարկած գները, թեեւ ջրի վարձը չեն կարողանում մուծել), այլ սերիալները գովազդով ընդհատվելիս:

Հիմա հնարավորություն է ստեղծվել այս ոչխարների համար, որպեսզի ստանան քաղաքացու ստատուս: Գնան ու ընտրեն՝ իրենց չոբաններից թաքուն: Չեն ուզում: Ասում են՝ «դե ի՞նչ իմանանք, ո՞նց լավ կլինի… պատերազմ է, բան է (իբր թե տեղյակ են, թե երբ ու որտեղ են ընթացել կռիվները), եսի՞մ»: Քանի դեռ նրանց խոսքն ավարտվում է «եսիմ»-ով, ուրեմն այդ ոչխարները չեն կարող դուրս գալ իրենց բրդից այն կողմ:

Վիրավորակա՞ն է խոսքս: Վիրավորում եմ մի ամբողջ ժողովրդի՞:

Իսկ կարո՞ղ եք ասել, վիրավորական չէ՞ արդյոք այն իրողությունը, որ մարդիկ իրենց պահում են այնպես, ինչպես Աբարանի լեռների ոչխարները: Իսկ կարո՞ղ եք ասել, թե մարդն ինչով է տարբերվում ոչխարից: Եթե ինչ-որ մեկն օժտված է բանականությամբ ու այդ բանականությունից օգտվելու հմտություններից, ապա իմ գրածներից հաստատ չի վիրավորվի, որովհետեւ ինքը չի տեսնի իրեն վերեւի հոտում:

Ես իրավունք ունեմ ու չեմ հայտնելու ոչ մեկին, թե ո՞ւմ եմ ընտրելու անձամբ ես: Սակայն, այն, ինչ տեսնում եմ, ինձ հուշում է, որ մենք… դեռեւս մնացել ենք Չոբանի Երկիր (կամ Չոբանանց երկիր, ոնց հարմար եք գտնում):

Երեւան, փետ 12, 2008

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…


forward