Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի դատարանի առջև կանգնեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը ‘ այսպես կոչված Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը :
Ավելի վաղ (2014թ) հայտնել էինք, որ հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը’ հոլանդական դատարանին գանգատ էին ներկայացրել Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դիմաց, երեք տարի առաջ, թուրք-ադրբեջանցիների կազմակերպած երեքհազարանոց հանրահավաքում հնչած վիրավորական արտահայտությունների կապակցությամբ:
Առաջադրված մեղադրանքն ընթերցվելուց հետո, դեկտեմբերի 6-ի նիստը Ալմելոյի դատարանը հետաձգեց : Այն շարունակվելու է 2017թ. մարտի 3-ին, երբ պատրաստ կլինեն փորձագիտական եզրակացությունները’ տեսաերիզը ուսումնասիրելու, պարզելու համար թե ինչ համատեքստում է արվել նման հայտարարությունը:
Դատավարության մանրամասների մասին մամլո հաղորդագրություն է տարածել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON):
Նիդերլանդական օրագիրը ևս հետամուտ է լինելու դատավարության ընթացքին և իր ընթերցողներին է տրամադրելու հանգամանալի մանրամասը տեղեկություններ: