Հեքիաթ շարքից Նա գիտեր Կապույտ ճնճղուկների արահետի տեղն այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ինչպես բոլորս` նա մտածում էր, որ մի օր կգնա այնտեղ, երբ բոլոր գործերն ավարտի:
Մարդը գտնվում էր ճանապարհի կեսին: Ու, թեպետ, ենթադրաբար, ոչ ոք չգիտեր, թե նա ոնց էր մտածում, սակայն հավանականությունների տեսության համաձայն` նա հենց այդպես էլ մտածում էր:
Նման մարդիկ, սովորաբար նիհար ու բարձրահասակ են լինում` դեմքի անհետաքրքիր դիմագծերով ու անհասկանալի արժեհամակարգով: Նման մարդկանց մտահայելուց, սովորաբար, որևէ հետաքրքիր կերպար կամ միտք չեմ կարողանում երկնել:
Նրան առաջին հայացքից բարետես չէիր անվանի: Ավելին: Առաջին հայացքից պարզ էր դառնում ճշմարտությունը, որ Մարդը չափազանց անհետաքրքիր ու ամենակարևորը` անհրապույր անձ է: Բայց դա միայն առաջին հայացքից:
Մարդը մտածում էր բոլորի ու ամենքի մասին: Աշխարհն առանց նրա կդադարեցներ իր պտույտը, և այդ պարզ ճշմարտությունը չափազանց լավ հայտնի էր Մարդուն: Ամեն առավոտ նա աշխարհին բարի լույս էր ասում` նրա զարգացման ընթացքում հսկայական ներդրում ունենալու գիտակցությամբ:
Մարդը չափազանց զբաղված էր: Նրա ձեռքին էին նայում իր ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները, մի խումբ այլ մարդիկ, ու, ընդհանրապես, աշխարհը: