
Օրերս Հայաստանում իրականացվեց իր յուրահատկությամբ հատուկ միջազգային երիտասարդական փորձի փոխանակման նախագիծ՝ 6 երկրներից ժամանած երիտասարդների մասնակցությամբ (Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ռուսաստան, Հայաստան)։ Եվրամիության աջակցությամբ և հովանավորչությամբ այս լայնամասշտաբ միջազգային երիտասարդական նախագիծը անց է կացվել «BRIGHT FUTURE» /ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ/ հոլանդական հ/կ-ի և 5 գործընկերների նախաձեռնությամբ և մեծ արձագանք ստացել հայաստանյան և արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների կողմից:
7 երիտասարդ’ վերոնշյալ 6 երկրներից, 7 օր անց են կացրել Հայաստանում՝ Աղվերանի Կրիստալ Ռեզորթ բարձրակարգ և հարմարավետ հյուրանոցային համալիրում, ծանոթացել միմյանց մշակույթներին, ավանդույթներին, միմյանց լեզվական առանձնահատկություններին, տարբեր երկրներում առկա ուսման հնարավորություններին և այլն, ինչպես նաև՝ ներկայացրել իրենց խոհանոցը, երգն ու պարը։ Ծրագրի գլխավոր նպատակն էր մեկ գաղափարի շուրջ համախմբել տարբեր ազգություն ունեցող երիտասարդների (միջմշակութային հաղորդակցություն), ոչ-ֆորմալ (ոչ-ավանդական ուսուցում) շփման պայմաններ ստեղծելով, նպաստել տարբեր ազգերի ծանոթությանը, միջմշակութային շփմանը, ընկերությանն ու հետգա հնարավոր համագործակցությանը ։