Ողջույն բոլորիդ ու կներեք, որ վերջերս «կորել էի»: Գործուղման եմ արտասահմանում (Բրեմեն, Գերմանիա) եւ խիստ զբաղված էի, դա էր պատճառը:
Մի քանի խոսքով ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել այն տպավորություններով, որը հենց այս տողերը գրելու պահին պատել է ինձ:
Դե, երեւի սկսեմ: Իհարկե, Ժոժոբային նման չեմ կարողանա «ճոխ» ներկայացնել, բայց կփորձեմ:
Նախապես ասեմ, որ այլ երկրներում «ուիքենդ» տեսել էի ու ինքս մասնակցել եմ ուրբաթ երեկոյան ժամերին սկսվող ու կիրակի կեսօրից հետո ավարտվող ժողովրդի շաբաթամուտի «народное гульяние»-ին, սակայն առաջին անգամ եմ ներկա գտնվում մի միջոցառման, որին մասնակցում է երեւի Բրեմեն քաղաքի ողջ բնակչությունը՝ ահել-ջահել, մանուկ-դպրոցական… բոլորը, էլ չեմ ասում՝ քաղաքի հյուրերը եւ տուրիստները:
Ամբողջ քաղաքը մարդաշատ է (տողերս գրելու պահին արդեն քաղաքի կենտրոնի բոլոր փողոցներում քայլելն արդեն գրեթե անհնար է): Սակայն զանգվածային տոնակատարությունը… դեռ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ: Դեռ մարդիկ են գալիս՝ բոլորն ուրախ, զվարթ, աշխույժ եւ, բնականաբար, գինովցած:
Կհարցնեք՝ ի՞նչ են նշում: Ճիշտը որ ասեմ, ես էլ դեռ գլխի չեմ ընկել: Համ էլ կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԵՍ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ դուրս գալու փողոց եւ ըմբոշխելու իրենց գինին-գարեջուրը եւ իրենց հողերը բնորոշող նրբերշիկեղենը եւ այլ ուտեստներ (մտքներովդ ինչ կանցնի, թեեւ հետաքրքրվեցի՝ սուջուխ ու բաստուրմա սեղաններին չեն դրել):
Քաղաքի կենտրոնում, մոտ մի 20-30 կետերում հնչում է կենդանի երաժշտություն՝ մի տեղ գերմանական ազգային երգ ու մեղեդի (որը ուղեկցվում է մարդկանց պարով), մեկ այլ վայում՝ ռոք կամ այլ ոճեր (ես ինքս ներկա եղա նման 4 կամ 5 համերգի, մի տեղ՝ Ռոբի Ուիլյամս, մեկ այլ տեղ՝ Ֆրենկ Սինատրա, Բիթլզ, Քուին… ինչ ուզեք): Կատարումներն էլ՝ մակարդակով, առանց ֆոնոգրամայի…