ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Armenian Reporter թերթին տված հարցազրույցում նշել է, որ «նախագահ Ռոբերտ Քոչարյանին ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել Իլհամ Ալիեվին ՀՀ արտգործնախարարի պաշտոնում առաջադրելու հարցով»: «Դա հստակ շեղում է մինչև այժմ ունեցած վարչակազմերի քաղաքականությունից, և այդ դիրքորոշումը անընդունելի է մեզ համար»,- նշել է պրն. Մանոյանը, և տեղեկացրել, որ ՀՅԴ Բյուրոն կքննարկի կոալիցիոն կառավարությունում երկու դաշնակցական համայնքապետերի հետագա աշխատանքի նպատակահարմարությունը:
Կենտրոն համայնքի դատարանը ևս երկու ամսով երկարացրել է «Մ1» գործով կասկածյալներ Հ.Հ.-ի, Մ.Մ.-ի, Ա.Ա.-ի և Ճ.Ճ.-ի կալանքի ժամկետները: ԱԱԾ-ն դիմել էր դատարանին երկարացման պահանջով, քանի որ «դեռևս ամբողջովին պարզված չեն անկարգությունների հիմնական հրահրողները, և հետաքննության մարմիններըին դեռևս ժամանակ է հարկավոր՝ անհրաժեշտ թվով վկաների հարցաքննման և հանցագործության իրական պատկերի վերականգնման համար»:
ԼՂՀ ներկայացուցչության տնտեսական բաժնի նորանշանակ ավագ խորհրդական Արթուր Բաղդասարյանը «Կեչուտի ձայն» շաբաթաթերթին տված բացառիկ հարցազրույցում նշել է իր նորաստեղծ գերատեսչության առանցքային դերակատարությունը նոր ձևավորված կոալիցիոն կառավարությունում, և տեղեկացրել, որ իրենք այսուհետ ևս բարձրաձայնելու են երկրում առկա խնդիրները:
Լեզվի պետական կոմիտեի նախագահ Սամվել Ալեքսանյանը կառավարություն է ներկայացրել օրենքի նախագիծ: Կառավարության հրավիրած լեզվագետների խումբը պահանջել է գերհզոր համակարգիչներով սարքավորված լաբորատորիա և առնվազն մեկ տարի ժամանակ՝ նախագծի տեքստը վերծանելու համար: