Սերժիկենք Երեւանում (իմա՝ վերվարածները մայրաքաղաքում) Կոչ Հայաստանի Ազատ Քաղաքացիներին
Փետ 25

Հայրենակիցնե՜ր

2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական եւ ամրացած, ինչը հնարավորություն կտար լիարժեքորեն դիմագրավել ե՜ւ ներքաղաքական, ե՜ւ սոցիալ-տնտեսական, ե՜ւ արտաքին մարտահրավերները: Այդպես չեղավ մի շարք պատճառներով. ընտրարշավի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները:

Հասարակությունը արհեստականորեն երկփեղկվեց ու բեւեռացվեց: Մի կողմից ցանկացած եղանակով իշխանափոխություն իրականացնելու` նախկինների մոլեռանդությունն էր, մյուս կողմից` ամեն գնով սեփական դիրքերը պահպանելու` ներկաների ձգտումը:

ՀՅ Դաշնակցության թեկնածուն հնարավոր ամեն բան արեց մրցակցությունը ծրագրային, գաղափարական հունի մեջ պահելու, երկրի զարգացումը առողջ մթնոլորտում շարունակելու համար, սակայն այս մոտեցումը, ցավոք, լայն արձագանք չգտավ: Մեր թեկնածու Վահան Հովհաննեսյանը ընտրարշավի ողջ ընթացքում ցուցաբերեց սկզբունքային վարքագիծ ու դիրքորոշումներ եւ հարազատորեն ներկայացրեց ՀՅ Դաշնակցությունը:

Բուն ընտրությունները եւս ուղեկցվեցին տարաբնույթ խախտումներով: Համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքով զբաղվեցին առաջատար թեկնածուների կողմնակիցները, որոշ տեղամասերում կոպիտ բռնության, լցոնումների դեպքեր արձանագրվեցին, խախտումներով ընթացավ նաեւ քվեների հաշվարկման փուլը: Արդյունքում` ընտրությունների վերաբերյալ մեր քաղաքացիների գնահատականը միանշանակ չէ, եւ այսօր էլ առկա է հասարակական լարվածություն, երկիրը կանգնած է ետընտրական բեւեռացումը կանխելու եւ համերաշխության մթնոլորտը վերականգնելու հրամայականի առաջ: Ներկա իրավիճակում մենք պատրաստ ենք կամրջողի դեր ստանձնել:

Կատարելով այս հաստատումները, ամփոփելով բոլոր մարզերից ու տեղամասերից ստացված զեկույցները, նկատի ունենալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները եւ միջազգային հանրության` հիմնականում դրական արձագանքը` ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի վիճարկում ընտրությունների վերջնական արդյունքները եւ հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին:

Միաժամանակ, հավատարիմ մնալով 2007թ. ստորագրած համագործակցության համաձայնագրին, մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ եւ դիմում ենք քաղաքական Կոալիցիային համագործակցությունը դադարեցնելու առաջարկով: Սիրելի՜ հայրենակիցներ, առաջնորդվելով երկրի կայունության եւ առաջընթացի հրամայականներով` մենք նաեւ առաջարկում եւ պահանջում ենք.

ա. անաչառ ու ամբողջական քննության ենթարկել ընտրակեղծիքների բոլոր փաստերը եւ պատժել մեղավորներին,

բ. դատապարտել իշխանությունը բռնի ուժով փոխելու, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքներից դժգոհողների հանդեպ բռնություն կիրառելու մտայնությունը,

գ. շուտափույթ քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակությունն ամրապնդելու, ներքին լարվածությունը մեղմելու ուղղությամբ,

դ. ձեւավորել ընտրական բոլոր գործընթացներում ընտրակաշառքը, ոչ քաղաքական, կիսաքրեական տարրերի մասնակցությունը, իշխանական ռեսուրսի կիրառումը բացառող ընտրական համակարգ,

ե. երկրում ապահովել իրական բազմակարծություն եւ խոսքի ազատություն,

զ. քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության համար ապահովել լիարժեք հնարավորություններ,

է. քաղաքական երկխոսության եւ ազգային համաձայնության արդյունքում այնպիսի կառավարություն ձեւավորել, որն իր մասնագիտական, մարդկային-բարոյական որակներով ի վիճակի կլինի երկիրը դուրս բերել ժողովրդավարության եւ սոցիալ-տնտեսական արագընթաց զարգացման մայրուղի:

Սիրելի՜ հայրենակիցներ, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհակալություն է հայտնում Ձեզ նախագահական ընտրություններին աննախադեպ ակտիվությամբ մասնակցելու համար:

Մենք Ձեզ վստահեցնում ենք, որ շարունակելու ենք մնալ մեր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ եւ հետեւողականորեն աշխատելու ու պայքարելու ենք հանուն մեր ժողովրդի, մեր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանուն մեր պետականության հզորացման:

25 փետրվարի 2008թ.

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org