Հաղթարշավը շարունակվում է Ի՞նչ հոդվածներ են խախտվել եւ խախտվելու են 19-ին
Հուն 31

Ինչո՞ւ պետք է հավատամ, որ ընտրություններն այս անգամ կանցնեն նորմալ: Չէ՞ որ մինչեւ հիմա ինչ տեսնում եմ, փաստում են հակառակը: Խնդրում եմ նախօրոք կարդալ իմ վերջին երկու գրառումները՝ ժողովրդավարության եւ լեգիտիմության վերաբերյալ:

1. Ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում գործող վարչապետը «լարել է» իշխանական բոլոր լծակները:

Հավաքվում են անձնագրեր, պետական հիմնարկների մարդկանց հետ կատարվում են «անհատական եւ խմբային աշխատանքներ»՝ զգուշացումների, հավաստիացումներ ստանալու, նաեւ՝ բռնի կերպով հանրահավաքներ տանելու, այնտեղ ներկա-բացակա անելու իմաստով: Ըստ որում, աշխատողները պետք է «պատասխան տան» ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց ընտանիքի անդամների կատարած ընտրությունների համար: Խոսքս հիմնականում հետեւյալ հիմնարկների մասին է՝ մանկապարտեզներ, դպրոցներ, թաղապետարանի ենթակայությամբ գործող այլ հիմնարկներ, ինչպես նաեւ՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ եւ այլն: Մի խոսքով՝ ինչքան պետական հիմնարկ կա, բոլորը աշխատում են հանուն «Առաջ Հայաստանի»: Փաստորեն, մեզ անհրաժեշտ է ոչ թե ժողովրդի, այլ վախեցած կամ պարտադրանքի ուժով նվաստացած մարդկանց ամբոխի «պտիչկաները»: Այս մասին փաստում են թե ընդդիմության ներկայացուցիչները, թե իշանության ներկայացուցիչները (ի դեմս Վահան Հովհաննիսյանի եւ իշխանամետ ՀՅԴ կուսակցության, եւ թե եվրոպացի դիտորդները):

2. Հեռուստատեսությունը աշխատում է միմիայն ի օգուտ գործող վարչապետի:

Ցուցադրում են Ս.Սարգսյանի հետ ժողովրդի հանդիպման ընթացքը՝ շեշտը դնելով «օրգազմի» մեջ ընկած եւ «Առաջ Հայաստան» ղժժացող ամբոխի բազմաքանակությանը (թեեւ նման ամբոխին ժողովուրդ անվանելը մի քիչ շատ կլիներ), իսկ մյուս թեկնածուների դեպքում՝ ինչ-որ կտրտված հատվածներ, ոչ ամբողջական նախադասություններ, մի քանի ծերունիների զարմացած աչքեր: Բոլոր ալիքներն՝ անխտիր, կամ վախեցած են, կամ կաշառված, կամ էլ ստրկացած:

3. Գործող նախագահը եւ իր իմացությամբ՝ Ռուսաստանի պաշտոնյաները կոպտորեն միջամտում են նախընտրական ընթացքին:

Քոչարյանը պաշտպանել կարող է թեկնածուներից յուրաքանչյուրին, սակայն ոչ նման անմակարդակ ձեւով: Նախագահ է վերջապես, երկրի առաջին դեմքը, եւ ոչ թե ինչ-որ մեկը: Բանը հասել է նրան, որ հեռուստատեսությամբ հայտարարում է, որ թեկնածուներից Տեր-Պետրոսյանը պարտության դեպքում չի հետապնդվի եւ կարող է Դուբայ չփախչել: Նախ՝ փախչող լիներ, կփախներ: Ներկայիս վարչակազմն էլ բռնող լիներ՝ Վանոյին կբռներ: Եվ երկրորդը, ինքն ո՞վ է, որ որոշի, թե ում եւ երբ պիտի հետապնդվի: Դատախա՞զ է, ոստիկանապե՞տ, թե՞ նախագահ: Ռուսները չգիտեմ ինչու որոշում են հենց հիմա «ռեւերանսներ անել» ու ակնհայտորեն ասել, թե ում կնախընտրեին նախագահի պաշտոնում: Իրենց թողնենք, ավելի լավ կլիներ, որ Մեդվեդեւը լիներ ՀՀ նախագահ:

4. Ժողովուրդը խորը անվստահությամբ է վերաբերվում այս ընտրություններին:

Մարդկանց մեծ մասը համոզված է, որ իրականում ընթանալու է ոչ թե ընտրություն, այլ նկարչություն՝ իրենց իսկ մասնակցությամբ եւ իրենց իսկ հերթական անգամ «ոչխարի տեղ» դնելով: Ասեմ անկեղծ՝ ես ինքս չեմ հավատում, որ սկսած ընտրատեղամասերից, վերջացրած՝ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից ոչ թե ընտրության արդյունքների անաչառ ու ազնիվ արձանագրողներին են լինելու (որի համար կոչված են), այլ՝ այդ իսկ արդյունքները կեղծողները: Թող փորձեն՝ չկեղծեն, գլուխները կջարդվի:

5. Հայոց բանակը, որի 16-ամյակի տոնակատարությունը վերածվեց «Առաջ Հայաստանի», լրջորեն պատրաստվում է ընտրակեղծիքների:

Նախ՝ բանակի տոնը նշվում էր առանց այդ բանակի հիմնադրողների (Լեւոնի, Վազգեն Մանուկյանի եւ մյուսների), որն առանձին թեմա է: Այնուհետեւ՝ մտեք ցանկացած զորամաս, որտեղ բարեկամ կամ ընկեր ունեք ծառայող, հարցրեք բարեկամաբար այդ տղային, թե ինչ է կատարվում այս օրերին եւ ինչ է պլանավորվում, ու մի հատ էլ, նեղություն քաշեք, փետրվարի 20-ին հարցրեք, եւ նոր կզգաք, թե ինչ պիտի իրականում լինի փետրվարի 19-ին:

Շարունակելի… (իմ կամ Ձեր կողմից)

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org