Ոստիկաններն ու խուլիգանները՝ ընդդեմ պատգամավորների ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵՑ ՈՒԺԻ
Փետ 28

Ազատության հրապարակի նստացույցը արդեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը չի ընդունվելու Հայաստանի երիտասարդության կողմից որպես նախագահ: Եվ գուցե հասարակության մյուս շերտերում էլ նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Ու, միգուցե, արդեն փաստ է, որ ժողովրդական շարժումը արդեն հաղթել է: Կեցցե՛ ժողովրդական շարժումը:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը և իր վարչախումը ամեն ինչ արեցին իշխանությունը պահելու ու ամրապնդելու համար: Ժողովուրդը դա տեսավ ու հիսաթափվեց, սակայն դրանից Սերժը չընկճվեց: Ու մի կարճ վայրկյան մտնելով նրա դրության մեջ` հասկանում եմ, որ նա ետ գնալու տարբերակ չունի: Սերժն ու իր հանցախումբը կանգնած են Հայաստանում իրականացվող տնտեսական ու քրեական ամենածանր հանցագործությունների թիկունքում, ու զիջել դիրքերը` կնշանակի դատապարտվել ցմահ բանտարկության: Պայծառ հեռանկար չէ անշուշտ: Ու մի հավելյալ խթան է` գնալու ամեն քայլի իր իշխանությունը պահելու համար:

Ստացվում է մի հակասական պատկեր. ժողովուրդը հաղթել է Լևոնի գլխավորությամբ, Սերժը հաղթել է հանցախմբի գլխավորությամբ: Ռոմանտիզմը ստիպում է վստահորեն գրանցել ժողովրդի հաղթանակը մի երկու շաբաթից կամ ամսից, իսկ դառը իրողության գիտակցումը ստիպում է ընդունել Սերժի ու իր շրջապատի բռնի հաղթանակը:

Այստեղ, սակայն, գտնում եմ մի հաղթաթուղթ, որն, ավաղ, Սերժի ձեռքում է: Սա տնտեսական, ավելի մանրամասնելով՝ ներկրումային գործոնն է:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սերժն է վերահսկում հանրապետություն ներկրվող վառելիքը: Նույնը կարելի է ասել նաև սննդամթերքի որոշ կարևոր տեսակների մասին` միս, բուսական ու կենդանական յուղ, կաթնամթերքի հումք (կաթի փոշի): Այս ապրանքները ներմուծող կազմակերպությունները, ունենալով ուղղակի կախում Սերժից, անվերապահորեն ենթարկվում են նրա կամքին (աշխատանքի բերումով մի քանի տարի շփվել եմ բավականին խոշոր ներկրողների հետ, որոնք Սերժի «տակ» էին աշխատում դեռևս նրա պաշտպանության նախարար եղած տարիներին): Դրա հիմքերից մեկն էլ, իհարկե, չվճարված հարկերն են, որոնց մասին հստակ տեղեկատվություն ունի Սերժը, ու դա կարող է գործիք հանդիսանալ այդ գործարարներից յուրաքանչյուրի վրաч ժամերի ընթացքում գործ սարքելու ու «փակի տակ դնելու» համար: Այս վախից ելնելով, Սերժը կարող է մի քանի ամիս «պայմանական» ժամկետով Լևոնին զիջել նախագահական աթոռը, հետո վերջնականապես վարկաբեկել նրան ու տիրանալ այդ աթոռին առնվազն 10 տարով: Դրա համար նրան անհրաժեշտ է անել հետևյալ քայլերը.

• Սահմանադրական Դատարանը որոշում է կայացնում անցկացնել նոր ընտրություններ կամ ԿԸՀ-ին համոզում են վերանայել որոշումը և անցկացնել երկրորդ փուլ: Ձայների չնչին մեծամասնությամբ հաղթանակը «գրվում է» Լևոն Տեր-Պետրոսյանի անվան դիմաց,
• Սերժը մնում է վարչապետ, քանի որ նորընտիր նախագահը նրան հեռացնելու իրավունք չունի: Խորհրդարանական մեծամասնությունը պահպանվում է: Առաջանում է քաղաքական կոնֆլիկտ: Բայց քաղաքականությունը սույն հոդվածի թեման չէ:
• Սերժի հրամանով վերը նշված ռազմավարական ներկրողները կտրուկ կրճատում են ներմուծման ծավալները: Դա վերաբերում է առաջին հերթին վառելիքին ու սննդամթերքի հիմնական բաղադրիչներին` մսամթերք, հացամթերք ու կաթնամթերք: Այս քայլին կարելի է նաև քաղաքական աստառ տալ` գործարարները զգուշանում են ստեղծված «անկայուն» քաղաքական իրավիճակում ակտիվ գործունեությամբ զբաղվել: Ստեղծված դեֆիցիտի պայմաններում ապրանքների գներն աճում են. վարչապետը դա գնահատում է որպես նորմալ շուկայական հարաբերությունների արդյունք` միաժամանակ սուր քննադատությամբ հանդես գալով «թույլ ու անկարող» նախագահի հասցեին: Նախագահը, կռահելով իր ու ժողովրդի գլխին գալիքը, իրեն սատարող մի քանի հզոր տնտեսվարողների տալիս է հնարավորություն` նման ապրանքներ ներմուծելու: Սերժին ենթարկվող հարկայինն ու մաքսայինը նրանց գլխին գործեր են սարքում: Նախագահը բարձրաձայնում է ստեղծված իրավիճակում վարչապետի ու նրա շրջապատի հանցավոր դերի մասին: Ժողովրդի մեջ կտրուկ ընկնում է նախագահի հեղինակությունը, քանի որ նա չի կարողանում կառավարել իրադրությունը: Փոխադարձ մեղադրանքներ` վարչապետի ու նախագահի միջև: Նախագահը փորձում է ցրել վարչապետին սատարող խորհրդարանը: Ներկրումային քաղաքականությունը մտնում է իր վերջնական փուլը` զրոյացվում են ներկրումները: Ժողովուրդը մնում է փաստացի սոված, ու Սերժին հաջողվում է ոտքի հանել սոված մասսային:

Ընթերցողի մոտ կծագի մի բնական հարց. իսկ ինչո՞ւ պիտի ներկրողն այդքան հեշտ զրկվի իր եկամտից: Պատասխան. քանի որ նրան տրվելու են երաշխիքներ, ու մեկ-երկու ամիս հետո ներկրումները վերսկսելու պայմաններում նրան տրվելու է գնագոյացման ազատություն իր գործունեության ամբողջ ընթացքում:

Այսքանից հետո, թե ի՞նչ կարող է կատարվել, թողնում եմ ընթերցողի մեկնաբանությանը:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org