Այսօր (փետրվարի 27) ժամը 22.15 -ի սահմաններում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ահազանգ են ստացել, որ երեք երիտասարդներ Ազատության հրապարակից բռնությամբ տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնի բաժին:
Խմբակցության պատգամավորները` Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, շտապել են ոստիկանության բաժին, պարզելու երիտասարդներին բերման ենթարկելու հիմքերը: Սկզբում նրանց ներս են թողել, նրանք զրուցել են երիտասարդների հետ, սակայն երբ հարցրել են, թե ինչ է պատրաստվում անել ոստիկանությունը, պատգամավորներին պատասխանել են, որ «Մեհրաբյանը կգա` հետո կորոշենք»: Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի բաժին ժամանելուց հետո մոտ 20 հոգանոց խումբ` քաղաքացիական հագուստներով, հարձակվել են պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների վրա, բռնությամբ, ծեծի ենթարկելով նրանց վռնդել են ոստիկանության շենքից:
Ըստ Ստեփան Սաֆարյանի` Մեհրաբյանն այդպես էլ չի հետաքրքրվել` ովքեր են այդ երիտասարդները եւ ինչ գործ ունեն ոստիկանության շենքում` ակնհայտորեն ցույց տալով, որ գիտի նրանց ով լինելը:
Ոստիկանության երկրորդ հարկից դուրս են շպրտել «Ազատություն» ռադիոկայանի միկրոֆոնը` խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը: Դեպքի վայր են հրավիրվել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ԵԱՀԿ դիտորդներ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների ներկայությամբ Կենտրոնի ոստիկանությունը հրաժարվել է հայտարարություն վերցնել Ստեփան Սաֆարյանից:
Պագամավոր Զարուհի Փոստանջյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ տեղի է ունեցել երեք հանցագործություն, ծեծել են երիտասարդներին եւ առեւանգել նրանց Ազատության հրապարակից, տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում եւ բռնություն պատգամավորի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ընդամենը 4 ժամ առաջ ԱԺ-ում Սերժ Սարգսյանը խորհրդարանում վստահեցնում էր, թե տեղյակ չի պատգամավորների նկատմամբ արդեն պարբերաբար իրականացվող բռնությունների մասին: Ի դեպ, երիտասարդներին թեեւ ազատ են ազատել, բայց արձանագրություն են կազմել եւ վարչական տույժի ենթարկել` կրկին օրենքի խախտմամբ:
Ի դեպ, երբ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ոստիկանության բակից հայտարարություն է ր տալիս կատարված հանցագործության մասին 1-02-ին, բացվեց դուռը եւ պատգամավորներին ծեծի ենթարկածները դուրս վազեցին եւ նստեցին մեքենաները եւ փախան: Ներկաները հասցրեցին գրանցել նրանց մեքենաների համարներից մի քանիսը, օրինակ` մուգ գույնի ԲՄՎ մակնիշի մեքենան` 68LL271 համարանիշով:
Այս հոդվածը կարդացել եմ Ա1+ում: