Ավարտվեց հուլիսի 4-ից 10-ը Հայաստանում մեկնարկած «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրը
Օրերս Հայաստանում իրականացվեց իր յուրահատկությամբ հատուկ միջազգային երիտասարդական փորձի փոխանակման նախագիծ՝ 6 երկրներից ժամանած երիտասարդների մասնակցությամբ (Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ռուսաստան, Հայաստան)։ Եվրամիության աջակցությամբ և հովանավորչությամբ այս լայնամասշտաբ միջազգային երիտասարդական նախագիծը անց է կացվել «BRIGHT FUTURE» /ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ/ հոլանդական հ/կ-ի և 5 գործընկերների նախաձեռնությամբ և մեծ արձագանք ստացել հայաստանյան և արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների կողմից:
7 երիտասարդ’ վերոնշյալ 6 երկրներից, 7 օր անց են կացրել Հայաստանում՝ Աղվերանի Կրիստալ Ռեզորթ բարձրակարգ և հարմարավետ հյուրանոցային համալիրում, ծանոթացել միմյանց մշակույթներին, ավանդույթներին, միմյանց լեզվական առանձնահատկություններին, տարբեր երկրներում առկա ուսման հնարավորություններին և այլն, ինչպես նաև՝ ներկայացրել իրենց խոհանոցը, երգն ու պարը։ Ծրագրի գլխավոր նպատակն էր մեկ գաղափարի շուրջ համախմբել տարբեր ազգություն ունեցող երիտասարդների (միջմշակութային հաղորդակցություն), ոչ-ֆորմալ (ոչ-ավանդական ուսուցում) շփման պայմաններ ստեղծելով, նպաստել տարբեր ազգերի ծանոթությանը, միջմշակութային շփմանը, ընկերությանն ու հետգա հնարավոր համագործակցությանը ։
Նախագծի մասնակիցները օտարազգի երիտասարդներ էին, սակայն կազմակերպիչները ներգրավել էին նաև Սփյուռքում երկար տարիներ բնակվող, հայկական մշակույթից օտարացած, հայերեն լեզուն կորցրած հայ երիտասարդների ևս. ոմանք նույնիսկ նախկինում երբևէ չէին էլ եղել իրենց հայրենիքում։ Կազմակերպիչների հավաստմամբ, նախագծի մասնակիցներն ընտրվել են շատ զգուշորեն, անցել են ընտրության 3 փուլեր։ Հայաստանի կողմը ակտիվ համագործակցել է Հայ-Ռուսական (Սլավոնական) և Գլաձոր հալսարանների հետ։ Գործընկեր-պետությունների ներկայացուցիչները կատարել են նախնական ընտրություն՝ հիմնվելով թեքնածու-մասնակիցների մոտիվացիոն նամակների վրա։ Այնուհետև ամեն երկրի խմբի ղեկվար՝ գլխավոր կազմակերպիչ հոլանդական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանի հետ համատեղ անց են կացրել հարցաազրույցներ, 20/2 հարաբերակցությամբ ընտրել պոտենցիալ մասնակիցների։ Վերջնական ընտրությունները հաստատվել են մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների համաձայնությունը ստանալուց հետո։ Նախապատվությունը տրվել է կոմունիկացիոն, ֆիզիկական, սոցիալական խնդիրներ ունեցող, ինչպես նաև անգլերենի լեզվական խոսակցական դժվարություններ ունեցող երիտասարդներին։
«ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ հիմնադիր-տնօրեն Մարիամ Կիրակոսյանը խոստովանեց, որ թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ նախագիծն իրականացնելու ընթացքում հաճախ բախվել են միջմշակութային անհամաձայնությունների.
- Ըստ մեր ծրագրի ձևաչափի, մասնակիցներին պետք է տեղավորեինք «միջազգային սենյակներում», ինչի հետևանքով ունեցել ենք քննարկումներ հայկական կողմի մասնակիցների հետ։ Նրանք, իհարկե, դեմ չէին գաղափարին, սակայն ունեին մտավախություն, որ հնարավոր է «իրենց մաստի» մարդ չլինի սենյակային հարևանը։ Սակայն մենք բացատրեցինք, որ նման կերպ մասնակիցներին տեղավորելու հիմնական նպատակը հենց այն է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ծանոթանան, հարմարվեն միմյանց առօրյային, փորձեն ընդհանուր հայտարարի գալ, եթե կլինեն անհամաձայնություններ։ Սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ ոչ մի խնդիր չի ունեցել ոչ մի սենյակի բնակիչ. Չգիտեմ՝ մե՞նք էինք ճիշտ սենյակային բաշխում կարարել՝ հիմնվելով մասնակիցների մոտիվացիոն նամակների վրա, թե՞ մասնակիցները հաղթահարեցին նմանօրինակ հետաքրքիր միջմշակութային «փորձությունը»։
- Ես այնքան ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռվեց մասնակցել այս նախագծին, - մեզ հետ զրույցում ասաց հայկական խմբի մասնակից Կարենը։ - Ես ապրում էի Աթիլլայի (Գերմանիա), Էդինի (Ավստրիա), Արմենի (Հոլանդիա) հետ։ Այս օրերի ընթացքում ես համոզվեցի, որ իրոք լավ տիրապետում եմ անգլերեն լեզվին, քանի որ մենք կարող էինք երկար քննարկումներ ունենալ ամենատարբեր թեմաների շուրջ։ Կարծում եմ, շատ տեղին է նշել, որ Էդինը հավատքով մուսուլման է, սակայն մենք ոչ մի անգամ չենք ունեցել որևէ քննարկում կամ, առավել ևս, անհամաձայնություն՝ կրոնական թեմայով։ Ասեմ ավելին՝ շատ զարմանալի և, միևնույն ժամանակ, հաճելի էր մեր՝ հայերիս համար, երբ Էդինը հավաքեց օտարազգի երիտասարդների մի մեծ խումբ, և ուղևորվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Չնայած՝ ծրագրի շրջանակներում նման այց չէր նախատեսվում (նախագիծը մշակութային էր, և ցանկացած քաղաքական ակնարկ դուրս պետք է մնար ծրագրից), այնուամենայնիվ, կազմակերպիչները, կարծում եմ, իրավասու էլ չէին խոչընդոտել նմանօրինակ նախաձեռնությանը, նամանավանդ, երբ այդ երիտասարդներին ոչ մեկ չի պատմել Մեծ Եղեռնի մասին. իրենք գիտեին, իմացել էին, տեղեկացված էին… Նախագծի ավարտին բոլորս շատ էինք մտերմացել. Անկախ նրանից, թե ով ում սենյակից էր, ով ում երկրից էր։ Մեր նոր ընկեր Արմենը, ով ժամանել էր Հոլանդիայից, մեզ հետ բաժանվելուց ասաց, որ նախագծի սկզբում մենք ուղղակի սենյակային հարևաններ էինք, իսկ վերջում՝ մտերիմ եղբայրներ։ Յուրաքանչյուր երիտասարդի կմաղթեի, որ իրենց կյանքի որևէ հատվածում ունենային ծրագրի շրջանակներում ապրած օրերի նման օրեր՝ լի նորանոր բացահայտումներով, անծանոթ ու հաճելի զգացողություններով, խինդ ու ծիխաղով…
Ինտերակտիվ և հագեցած 7-օրյա այս նախագիծն, իրոք, շատ հագեցած էր։ Մասնակիցներն ունեցան փորձի փոխանակում տարբեր թեմաների շուրջ. քննարկեցին և ցուցադրեցին իրենց ազգերին բնորոշ ժեստերի լեզուն, ոչ-վերբալ հաղորդակցության փորձի փոխանակում իրականացրեցին՝ համագործակցելով այդ ասպարեզում մասնագիտացած Դանիել Ջհանգիրյանի հետ։ Երիտասարդները միմյանց հետ սիրով կիսվեցին հետաքրքիր փաստերով ՝ իրենց երկրների, ազգային տոների և փառատոների մասին, իսկ միմյանց հանդեպ վստահությունն ընթացիկ հաստատում էին տարբեր ինտերակտիվ թիմային միջոցառումների և խաղերի միջոցով։- Մասնակիցներից յուրաքանչյուրը չէր զլացել և իր հետ Հայաստան էր բերել իր երկրի տարազը։ Հոլանդական խմբի տարազը մոտ 20կգ էր։ Մենք կազմակերպեցինք ուրախ մի երեկույթ, որի ընթացքում բոլորս մեր տարազներն էինք կրում. հա՛մ ուրախացանք, հա՛մ պարեցինք, հա՛մ ծանոթացանք միմյանց տարազների պատմությանը, - ասում է Ռուսաստանի մասնակից Ալեքսեյը։
Նախագծի մասնակիցները զարմացած էին հայերի հյուրասիրությամբ և միմյանց ձեռք մեկնելու պատրաստակամությամբ։ Օրինակ, տարազները հայկական խմբին սիրով տրամադրել էր «Տերյան» մշակութային կենտրոնը, հայկական արծաթյա բարձրորակ զարդերը՝ «Լունար Սիլվեր»-ը, իսկ երեկոյի ընկերական միջավայրն իր գեղեցիկ երգեցողությամբ «համեմել էր» էթնիկ վոկալիստ Անուշ Հարությունյանը։
- Մասնակիցները մտահոգված էին, որ գիրանում էին Հայաստանում, քանի որ ամեն օր իրենց հյուրասիրում էին. Օրինակ, «Արաքս» թռչնաֆաբրիկան երեք անգամ մսամթերքի հյուրասիրություն է կազմակերպել մեր մասնակիցների համար, տրամադրել ավելի քան 50կգ. բարձր որակի մսամթերք ՝ խորոված պատրաստելու փորձի փոխանակման միջոցառման համար։ Նախագծի մասնակիցները հաճելիորեն զարմացել էին նաև, որ իրենց հանգստյան ժամերը «համեղ» և ուրախ դարձնելու համար «Կուռ» գինիները, «Լաքի տորթերը», «Դարման» թեյերը հյուրասիրություն էինր կազմակերպել, - մեզ հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։
Նախագծի ձևաչափն, իրոք, հետաքրքիր էր. մասնակիցները հենց իրենք էին որոշում նախագծի ընթացքը՝ անոնիմ և գրավոր տարբերակով արտահայտելով իրենց կարծիքներն ամեն օրվա ավարտին՝ տվյալ օրվա վերաբերյալ։ Նախագծի կազմակերպիչները համոզված են, որ ինտերակտիվ միջոցառումների շնորհիվ երիտասարդներն ավելի շատ բան կարող են սովորել. չէ՞ որ հենց պրակտիկ գործունեությունն է նոր բացահայտումների սկիզբը։ Հետևելով այս համոզմունքին՝ 6 երկրներ ներկայացնող խոստումնալից երիտասարդները տարբեր խաղային մեթոդներով միմյանց իրենց երկրների պարերը սովորեցրեցին, պարեցին նաև շուրջպար. Գագիկ Կարապետյանի անվան պարի դպրոցի սաները սիրով մասնակցեցին այս յուրօրինակ միջազգային պարային փորձի փոխանակմանը։ Իսկ տարբեր երկրներում կինոինդուստրիայի նմանություններն ու տարբերությունները մասնակիցները քննարկեցին՝ հյուրընկալելով հայկական հայտնի դերասանուհի Ելենա Բորիսենկոյին։
Հետաքրքիր ձևաչափ էր ընտրված նաև խոհանոցային օրվա համար. ամեն երկրից ժամանած երիտասարդների խմբին նախապես հատկացվել էր գրպանի փոքրիկ գումար և առաջադրվել ինքնուրույն գնել իրենց ավանդական ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Գումարի չափը հատուկ որոշվել էր այնպես, որ մի խմբի մոտ ավելցուկ լիներ, մյուսի մոտ՝ չբավարարեր գումարը։ Հիմնական նպատակն էր ստեղծել այնպիսի միջավայր, որը կհանգեցներ տարբեր ազգերի մասնակիցների համագործակցությանը։ Գումարը չբավարարելու պարագայում մասնակիցները պետք է համոզեին միմյանց, գումար խնդրեին և ընդհանուր հայտարարի գային՝ արդյունքում ունենալով բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ ուտեստի օրվա շրջանակներում տվյալ երկրի կողմից նախատեսված ճաշատեսակը պատրաստելու համար։
- Խոհանոցային օրը մենք ամեն երկրից մեկ շեֆ-խոհարար ընտրեցինք, նրանց կցեցինք տարբեր երկրներից մասնակիցներ, այնպես, որ արդյունքում ամեն երկրի ուտեստ պատրաստող խմբում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին ներգրավված։ Ամենաուրախ միջոցառումներից մեկն էր։ Արդյունքում մենք սովորեցինք տարբեր ազգերի ավնադական ուտեստներ պատրաստել, համտեսեցինք և նույնիսկ գնահատեցինք միմյանց։ Հաղթեց գերմանական «Spätzle» ուտեստը /կարդացվում է «Շպեցլե»՝ կարտոֆիլով աղցան ու տապակած նրբերշիկներ/։ «Կրիստալ»հյուրանոցի ղեկավարությունն այս ուտեստը պատրաստած տարբեր ազգերի յոթ մասնակիցներին երկու օր անվճար մնալու նվեր-քարտեր տվեց՝ նրանք կարող են օգտագործել Հայաստան իրենց հետագա հնարավոր այցերի ժամանակ։
Ծրագրի մասնակիցները ծանոթացան միմյանց երկրների ուսումնական և աշխատանքային հնարավորությունների հետ, Հայ Կրթական Հիմնարկություն կազմակերպության երիտասարդները՝ ի դեմս տնօրեն Արմինե Հարոյանի, միջազգային փորձի փոխանակում կազմակերպեցին և միմյանց տեղեկացրեցին աշխարհի տարբեր երկրների ուսումնական համակարգերի տարբերություններին և նմանություններին։ Այցելեցին «Մեգերիան Կարպետ» ընկերություն, տեղեկացան գորգագործության հմտություններին, մասնակցեցին գորգագործության գործընթացին։ Մասնակիցներն այցելեցին Աբովյանի սրբ.Հովհաննես եկեղեցի, Էջմիածնի Մայր Տաճար։ Էջմիածնում գործող «ՄԵՐ ՏՈՒՆ» բարեգործական հ/կ մանկատան շրջանավարտ-սաների կողմից նախաձեռնված գաթայի պատրաստման արարողությունը մեծ տպավորություն էր գործել բոլոր մասնակցների վրա. նրանք ծանոթացան և ընկերացան սաների հետ, պարեցին և երգեցին։ Մասնակիցներն ունեցան էքսկուրսիայի օր’ Երևան քաղաքում. հայկական խմբի պատասխանատվությունը մեծ էր այս հարցում, քանի որ հենց իրենք պետք է ներկայացնեին Երևան քաղաքը հյուրերին, ինչն էլ պատվով արեցին։
- Հայկական խբին՝ ծրագրին պատրաստելու հարցում իր մեծ ներդրում է ունեցել մեր նախագծի ակտիվ մասնակից, թրեյներ Լիլիթ Սահակյանն, ով ուղղակի ոսկերչական աշխատանք է տարել ծրագրի բոլոր փուլերում, ինչի համար բոլորս նրան անչափ շնորհակալ ենք, - նշում է Մարիամ Կիրակոսյանը։Հարկ է նշել էքսկուրսիոն օրվա ընթացքում մասնակիցների հիացմունքը՝ Երևանի Նոյ կոնյակի-գինու գործարան այցելության արդյունքում։ Գինեգործության հմտություններին և պատմությանը ծանոթանալուց բացի նրանք համտեսեցին 3000 եվրո արժողությամբ բարձրակարգ գինի, իսկ հետո մասնակիցներին ողջունեց գործարանի սեփականատեր Պրն.Գագիկ Ծառուկյանը, ով սիրով բոլոր մասնակիցներին նվիրեց հայկական գինիներ, հրավիրեց այցելել Օլիմպիական ավան, իսկ առաջիկա օրերին՝ իրենց ազատ ժամանակն անց կացնել Մուլտի առողջարարակական կենտրոնում ՝ բոլորովին անվճար, ինչպես նաև հրավիրեց ընթրել «Փարավոն» ռեստորանային համալիրում՝ հոգալով մասնակիցների տեղափոխության բոլոր խնդիրները։
Հրաժեշտի երեկոն «Խոստումնալից երիտասարդներ» միջազգային նախագծի մասնակիցներն անց կացրեցին «Արարատ Վյու Գարդեն» նորաբաց ռեստորանում։ Ռեստորանի տնօրինության կողմից տրամադրվել էր լավաշ թխելու հնարավորություն, ինչն էլ մասնակիցները սիրով օգտագործեցին և լավաշի թխելու արարողության անմիջական մասնակիցը դարձան։ Երեկոյի միջազգային երաժշտությունը ապահովեց DJ LEO-ն, մասնակիցներին ողջունեց «Նուբար» հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը, իսկ խնջույքի ավարտին բոլոր մասնակիցները միմյանց շնորհակալություն հայտնեցին նման հրաշալի միջոցառման մասնիկը դառնալու համար, իսկ հյուրասեր «ԾիրանԷ» հայկական օճառներ և յուղեր արտադրող ընկերությունը, «Դարման» թեյերը, «Լունար-Սիլվեր», Յուքոմ, «Ժնինել» աքսեսուարները, «Թալիանի» իտալական ակնոցներ արտադրող ընկերություններն իրենց կողմից մասնակիցներին գեղեցիկ հուշանվերներ փոխանցեցին։
Նմանօրինակ երիտասարդական նախագծերը խրախուսելի են, քանի որ դրանք ոչ միայն ուսուցողական են, այլ նաև հնարավորություն են տալիս մտածել և ստեղծել նորանոր նմանատիպ ծրագրեր՝ երիտասարդների հուզող խնդիրներին և հետաքրքրություններին ուղղված։ Այս նախագխի մասնակիցները, ոգևորվելով ծրագրի ընթացքից և արդյունքից, հանդես եկան նոր գաղափարներով և առաջարկներով՝ առաջիկա ծրագրերի համար։
Չնայած միջմշակութային և մտածելակերպային տարբերությունների, ազգային առանձնահատկությունների, երիտասարդական այս միջազգային փորձի փոխանակման նախագծի բոլոր մասնակիցներն անխտիր մեկ ընտանիք էին դարձել և շատերը (թե’ տղա, թե’ աղջիկ)՝ արցունքներով բաժանվեցին՝ խոստանալով կազմակերպել տարբեր հավաքներ և միջոցառումներ՝ միմյանց հերթական անգամ հանդիպելու նպատակով։
Ուրախալի է այն փաստը, որ այս նախագիծը բուռն արձագանք գտավ հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներով, չէ՞ որ այսօր երիտասարդների հաջողության գրավականը միմիայն բարձրագույն կրթությամբ չէ պայմանավորված. մեր օրերում, ինտերնետից զատ, չափազանց կարևոր է ունենալ միջմշակութային անմիջական շփման հմտություններ, ինչն էլ, իր հերթին, ձևավորում է տարբեր մշակույթների և ազգերի հանդեպ հանդուրժողականության դրսևորում՝ նպաստելով ազգերի բարեկամությոանը, ընկերությանը, զարգացմանն ու տարբեր ասպարեզներում համագործակցությանը։
(մեր թղթակից)
Երևան. 4-10-ը հունիսի
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: