Հեռագիր թուրքական կառավարությանը և "ռուսական ցարին" Երկար սպասված խաղը կայացավ
Սեպ 05

Գյուլը գալիս է…

Ի՞նչ ենք ասելու, ի՞նչ սեղան ենք գցելու, ո՞նց անենք, որ չնեղվի, ոնց անենք, որ ցեղասպանության մասին հետը խոսենք:

Տարբեր կազմակերպություններ իրենց այսօրինակ հարցեր են տվել, ոմանք պատասխանել են, ոմանք դեռ ոչ: Օրինակ, չնեղացնելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «թաթարի» փոխեց (այլ բառ չկա կատարվածը նկարագրելու) Արարատ լեռան պատկերով իր զինանշանը: Սերժը իրեն հարց է տվել, թե ի՞նչ դնի սեղանին, ու երևի արդեն որոշած կլինի, ՀՅԴ-ն էլ պիտի Գյուլին հասցնի իր պահանջատիրությունը… վայ, կներեք՝ մեր պահանջատիրությունը: Մի քիչ դրա մասին…

Արդեն տասնամյակներ շարունակ հայ սերունդները դաստիարակվում են որպես պահանջատեր: Ինքս, լինելով հայրենադարձի թոռ, «առաջին ձեռքից» գիտեմ, ինչ կերպով է մեզ ներարկվել այդ գաղափարախոսությունը. երգեր, որոնք տատս արցունքն աչքերին երգում էր, սև-սպիտակ լուսանկարներ՝ մեծ ֆորմատով, ամբողջ գերդաստանի պատկերով, 1914 թվականի Աստվածաշունչ և այլն… Ինչ խոսք, դառն է հիշել, ու հիմա էլ զգում եմ իմ մեջ բորբոքվող պահանջատիրոջը՝ թուրքերը ապրում են մեր հողերում:

Իսկ ինչպե՞ս կարելի է վերականգնել արդարությունը: Դրա համար կան մի շարք քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ ուղիներ:

Ոչ քաղաքակիրթ. հարձակվում ենք Թուրքիայի վրա, ոչնչացնում ենք այնտեղ ապրող 1,5 միլիոն մարդ, մնացածին քշում ենք «к чертовой матери»: Արդյունքում՝ պատմական արդարությունը վերականգնված է:  «Բըմփ»՝ պայթեց փուչիկը. դա հնարավոր չէ: Թուրքիան մեզ մի քանի օրում հողին կհավասարեցնի՝ սփյուռքի ռազմական օգնությունը դեռ ճանապարհի կեսին:

Քաղաքակիրթ ձև. աշխարհի բոլոր երկրները, ներառյալ՝ Թուրքիան, ընդունում ու դատապարտում են ցեղասպանության փաստը, և Թուրքիան ասում է՝ «վերցրու, ի՛մ հայ ախպեր, քո Կարսն ու Կարինը, Իգդիրն ու Վանը, Ուիլսոնի խաթեր՝ Տրապիզոնն ու Ադանան, վերջը, ինչը քոնն է՝ վերցրու» (գիտեմ, որ դարձյալ ֆանտաստիկ ժանրից է, բայց հենց այստե՛ղ է իմ բուն միտքը): Հայաստանը կամ հայությունը ի՞նչ է անում. գնում են Կարսն ու Կարինը վերցնելու, տեսնում են այնտեղ վիզները ծռած 1,5 միլիոն թուրք ու քուրդ մարդ է նստած՝ սպասում են իրենց ճակատագրին: Գնում է Տրապիզոն՝ մի կես միլիոն էլ էնտեղ է, մի էդքան էլ Վանում:

- Վեր կացեք գնացե՛ք ստեղից,- բարկացած ասում է Հայաստանը/հայությունը:
- Ու՞ր գնանք, մենք այստեղ ծնվել-մեծացել ենք, մեր տներն այստեղ են:
- Բայց հիմա «այստեղը» Հայաստան է, Հայաստանում հո չե՞ք ապրելու:
- Բա ի՞նչ անենք:
- Գնացե՛ք…
- Չե՛նք գնում:
- Չեք գնում՝ կքշե՛նք:
- Բա դուք Թալեաթից ինչո՞վ եք լավը:
- Ուզում եք մնա՞ք:
- Հա:
- Բայց որ մնաք, պիտի մեր ընտրություններին մասնակցե՞ք:
- Հա:
- Բայց հայ դեպուտատ եք ընտրելու:
- Ում կուզենք, նրան էլ կընտրենք:
- Չեղավ, գնացեք:
- էնա դուք գնացեք, 100 տարի է այս հողում ենք ապրում…

Հ.Գ. Գիտեմ, բլոգերները այս հոդվածին բացասական կամ առնվազն անլուրջ մեկնաբանություններ են անելու, կամ մեկնաբանություն չեն անելու, բայց եթե մենք չպարզենք մեր պահանջատիրությունը ինչ է տալու մեզ, գալու է ժամանակը, որ մեր երեխաները մեզ հարցնեն՝ «էդ որ պահանջում էիք, ո՞ւմ ով էիք պահանջում ու ո՞նց էիք անելու, եթե ստանայիք»:

Ավելի լավ է հիմա այդ հարցին պատասխանենք:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org