Պուճուր պապան գնաց բանակ, հետը տարավ... Al Jarreau-ն Երեւանում է
Հոկ 17

Այսօր ներկա էի ՀԱԿ-ի հերթական հանրահավաքին: Այն ավելի մարդաշատ էր, քան նախորդ անգամ, իմ կարծիքով Մատենադարանի դիմաց եւ հարակից տարածքներում հավաքվել էին մոտ 40 հազար միտինգավոր:

Եկել էին մարդիկ տարբեր ակնկալիքներով: Ես՝ նույնպես: Ու Լեւոնը դարձյալ անակնկալի բերեց բոլորին: Նա հայտարարեց, որ ելնելով Հայաստանի՝ արտաքին քաղաքական շատ ծանր իրավիճակից, ու նաեւ այն իրողությունից, որ ընդդիմության ակտիվացումը մի լրացուցիչ բեռ կարող է դառնալ առանց այդ էլ արտաքին ուժերի տակ ճկված Սերժի համար, որոշվում է մի քանի ամիս դադարեցնել հանրահավաքները եւ Սերժին ժամանակ տալ՝ լավագույնս դուրս գալու ստեղծված իրավիճակից: Հատուկ նշվեց, որ սա բնավ չի նշանակում պայքարի ավարտ, այլ՝ ժամանակավոր դադար:

Սկզբում հավաքված ժողովուրդը շոկի մեջ էր: Հետո աստիճանաբար հասկացավ ե՛ւ պահի լրջությունը, ե՛ւ առաջին նախագահի իմաստությունը: Չեմ թաքցնի՝ ես նույնպես: Իսկ այն, որ հասկացանք, երեւաց երթից եւ այն մթնոլորտից, որը տիրում էր երթի մասնակիցների շուրջը:

Ահա՛ ելույթի ամբողջական տեքստը:

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս, ընդգծելով նաեւ, որ անկախության տասնյոթ տարիների ընթացքում մեր երկիրը երբեք այնքան ենթակա չի եղել արտաքին ճնշումների, որքան հիմա։ Եւ այս վտանգավոր իրավիճակում Սերժ Սարգսյանը, պետական շահի կամ ժողովրդի բարօրության գիտակցությամբ առաջնորդվելու փոխարեն, մտահոգված է բացառապես իր լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման խնդիրներով։ Ընդ որում, վերջին շրջանում նրա կատարած քայլերը ցույց են տալիս, որ հանուն այդ նպատակների նա պատրաստ է վերանայել անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փոխարեն, աստիճանաբար թեքվել վերջինիս կողմը։

Ինչո՞վ բացատրել Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը դեպի Արեւմուտք։ Չէ՞ որ մինչ այժմ նա հայտնի էր որպես Հայաստանի ամենառուսամետ պետական գործիչը։ Չմոռանանք, որ նա է «Գույք պարտքի դիմաց» գործարքի գլխավոր ճարտարապետը՝ գործարք, որի շնորհիվ Հայաստանի համարյա ողջ էներգետիկ համակարգը հանձնվեց Ռուսաստանին։ Չմոռանանք նաեւ նրա նշանակալի դերակատարությունը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» շրջանակներում, ինչպես նաեւ ռուսական հատուկ ծառայությունների ու հանցագործ աշխարհի հետ նրա սերտ համագործակցության մասին շրջանառվող համառ խոսակցությունները։

Արդ, ի՞նչն է ստիպել Սերժ Սարգսյանին հրաժարվելու ռուսական կողմնորոշումից եւ շրջվելու Արեւմուտքի կողմը։ Պատճառն, ակնհայտորեն, Հայաստանի պետական շահը կամ ռազմավարական նկատառումները չեն, այլ իր լեգիտիմության խնդիրը լուծելու պարզ շահագրգռությունը։

Ռուսաստանը Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ չի դրել։ Նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից մեկն էր, որ դեռեւս ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից առաջ շնորհավորեց նրան։ Իսկ Սարգսյանն, իր հերթին, խախտելով դիվանագիտական վարվելակերպի կանոնները, մի այնպիսի չափազանցված երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին, որն անհարմար դրություն ստեղծեց վերջինիս դիվանագիտության համար։

Սերժ Սարգսյանն իր լեգիտիմության ճանաչման խնդիր ունի Արեւմուտքում։ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այդպես էլ մինչ օրս չի շնորհավորել նրան։ Իսկ Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պահպանել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը, ինչի իրագործումը լուրջ կասկածի տակ կարող է դնել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը։

Այսինքն՝ Սարգսյանն այս հարցում Ռուսաստանից սպասելիք չունի, եւ նրա միակ հույսը Արեւմուտքի բարեհաճությունն ստանալու ակնկալիքն է, ինչի համար նա պատրաստ է ցանկացած զիջման։ Իսկ քանի որ Հայաստանը, հանքային ռեսուրսների, տարանցիկ ճանապարհների եւ գրավիչ շուկայի բացակայության պատճառով, Արեւմուտքին առաջարկելու այլ բան չունի, քան իր պետական շահը, Սարգսյանը հետեւաբար ընտրել է այդ շահը զոհաբերելու ճանապարհը։ Այս պնդումը հաստատվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում նրա դրսեւորած զիջողական կեցվածքով, այլեւ, որ ավելի էական է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը «կողմնորոշման» հուն տեղափոխելու նրա մտադրությամբ։

Անկախության ողջ շրջանում Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ձգտել է առաջնորդվել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հավասարաչափ հարաբերությունների հաստատման սկզբունքով։ Որդեգրելով հանդերձ ժողովրդավարության, ազատականության, շուկայական տնտեսության արեւմտյան արժեքները, Հայաստանը չի ենթարկվել Արեւմուտքի միակողմանի քաղաքական ազդեցությանը։ Մյուս կողմից, սերտ տնտեսական եւ ռազմական հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, Հայաստանն այնուամենայնիվ չի դարձել վերջինիս քաղաքական արբանյակը։ Այսինքն, Հայաստանը փորձել է լինել ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ արեւմտամետ, այլ առաջնորդվել է բացառապես սեփական ազգային շահերով։

Իմ նախագահության օրոք նման դիրքորոշումը կոչվում էր «բալանսավորման» կամ հավասարակշռման քաղաքականություն, Քոչարյանի օրոք՝ «կոմպլեմենտարիզմի» կամ փոխլրացման քաղաքականություն, որոնց տարբերությունը սոսկ տերմինաբանական է։

Սերժ Սարգսյանն, արդ, կտրուկ կերպով խախտում է իրերի այս դրվածքը, եւ առաջնորդվելով բացառապես սեփական շահերով, փորձում է սիրաբանել Արեւմուտքի հետ։ Ես ավելորդ եմ համարում գնահատել ռուսական կամ արեւմտյան կողմնորոշման առավելությունները կամ թերությունները, որովհետեւ վտանգավոր եմ համարում ցանկացած քաղաքական կողմնորոշում։ Դրանում ինձ նախեւառաջ համոզում է հայ ավանդական քաղաքական մտքի փորձը, որը աղետալի հետեւանքներ է ունեցել Հայաստանի համար։ Վերջին հաշվով, կողմնորոշման արատավոր քաղաքականության արդյունքն են թե՛ հայ ժողովրդին բաժին ընկած ցեղասպանությունը, թե՛ Հայաստանի առաջին հանրապետության կրած տարածքային կորուստները։ Դրանում ինձ համոզում է նաեւ այսօրվա իրականությունը։ Մեր աչքի առջեւ Վրաստանի որդեգրած արեւմտյան կողմնորոշումը այդ երկիրը կանգնեցրեց ազգային աղետի առջեւ, ինչից նա կարող էր խուսափել Ռուսաստանի հետ հավասարակշիռ հարաբերություններ ունենալու պարագայում։ Արեւմուտքը, համերաշխության դատարկ ցույցերից ու հոխորտալից հակառուսական հայտարարություններից բացի, ոչնչով չկարողացավ օգնել իր հավատարիմ կրտսեր դաշնակցին։

Կողմնորոշման քաղաքականությունն այսօր մեզ համար ունի ոչ թե տեսական կամ վերացական նշանակություն, այլ չափազանց կոնկրետ եւ գործնական բովանդակություն։ Երես թեքելով Ռուսաստանից եւ լիովին ապավինելով Արեւմուտքին՝ հանձինս ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից Թուրքիայի, Սերժ Սարգսյանը փաստորեն վերջիններիս է վստահում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենահանգուցային խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորումը։ Նման եզրակացության հիմք է տալիս այն իրողությունը, որ Արեւմուտքն, ակնհայտորեն, ջանում է Ռուսաստանը դուրս մղել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Դրա ամենավառ արտահայտությունն են ինչպես արեւմտյան դիվանագետների թափանցիկ ակնարկները, այնպես էլ Ղարաբաղի հարցով հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ բանակցությունների անցկացման փաստը, եւ մանավանդ՝ Թուրքիայի կողմից Մինսկի խմբի համանախագահությունն ստանձնելու հնարավորությունների վերաբերյալ խոսակցությունները։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը տվյալ պահին այնպիսի կախյալ վիճակի մեջ է Արեւմուտքից, որ եթե նրա առջեւ պահանջ դրվի Մինսկի խմբի համանախագահությունում Ռուսաստանը փոխարինել Թուրքիայով, ապա նա հազիվ թե կարողանա ընդդիմանալ դրան։

Ըստ այդմ, այսօր վտանգի տակ է Մինսկի խմբի գոյությունը, որը տասնվեց տարի շարունակ եղել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ միջազգային մեխանիզմը։ Իր բոլոր թերություններով հանդերձ, Մինսկի խումբը, Արեւմուտքի եւ Ռուսաստանի հավասարաչափ ներկայացվածության եւ մասամբ նաեւ նրանց միջեւ գոյություն ունեցող մրցակցության շնորհիվ, մեզ համար եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարմարագույն կամ օպտիմալ ձեւաչափը։ Պատահական չէ, որ Ադրբեջանը ջանք չի խնայել Մինսկի խմբի գործունեությունը վարկաբեկելու եւ Ղարաբաղի հարցը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու ուղղությամբ։

Դժբախտաբար, այդ ձեւաչափի խախտման եւ դրանից Ռուսաստանի դուրսմղման վտանգը միանգամայն իրական է, քանի որ վերջինս, ամբողջապես զբաղված լինելով Վրաստանի իրադարձությունների առթիվ ծագած միջազգային ճգնաժամի հաղթահարմամբ, հազիվ-թե կարողանա ինչ որ կերպ դիմակայել Ղարաբաղի հարցում Արեւմուտքի դրսեւորած ակտիվությանը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Արեւմուտքի ջանքերով Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորման պարագայում Ռուսաստանը դուրս է մնալու նաեւ տարածաշրջանում տեղակայվելիք խաղաղարար ուժերի կազմից։ Իսկ դա նշանակում է՝ Այսրկովկասում Ռուսաստանի ազդեցության եթե ոչ լիակատար վերացում, ապա զգալի թուլացում, ինչը հղի է աշխարհաքաղաքական անկանխատեսելի հետեւանքներով, ինչպես, օրինակ, Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության դադարեցումը ԱՊՀ-ին, ռուսական ռազմակայանի եւ սահմանապահ զորքերի դուրսբերումը Հայաստանից եւ այլն։

Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունն, այսպիսով, նշանակում է Ղարաբաղի հարցի միակողմանի լուծում Արեւմուտքի կողմից, այն էլ Թուրքիայի ամենագործոն մասնակցությամբ, ինչը Հայաստանի համար ամենեւին նպաստավոր չի կարող լինել։ Իմիջիայլոց, իրատեսությունը պահանջում է նշել, որ Հայաստանի համար ձեռնտու չէր լինի նաեւ Ղարաբաղի հարցի միակողմանի լուծումը Ռուսաստանի կողմից, քանի որ վերջինս բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ այդ լուծումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Սակայն սա ընդամենը վերացական դատողություն է, որովհետեւ գործնականում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի միակողմանի լուծում չի սպառնում, գլխավորապես այն պատճառով, որ Ադրբեջանը երբեւէ դրան չի համաձայնի։

Մինչդեռ հակառակը, այն է՝ այդ հարցի կարգավորումը բացառապես Արեւմուտքի, իսկ ավելի ճշգրիտ, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ջանքերով, ինչպես փորձեցինք հիմնավորել, միանգամայն իրական է։

Սերժ Սարգսյանը գիտակցո՞ւմ է, արդյոք, Արեւմուտքի գիրկը նետվելու եւ Ղարաբաղի հարցի լուծման մենաշնորհը նրան վերապահելու վտանգավորությունը, որը վերջիվերջո կարող է հանգեցնել ազգային աղետի։ Անտարակույս՝ ո՛չ։ Նա փորձում է Արեւմուտքի հետ խաղալ նույն խաղը, որ տասը տարի խաղացել է Ռոբերտ Քոչարյանը։ Այդ խաղի էությունը, որ ես հանգամանորեն բացահայտել եմ 2007 թ. հոկտեմբերի 26 ի իմ ելույթում, հետեւյալն է. ձեւացնել, թե Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ, սակայն իրականում հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է՝ ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը եւ պահպանել ստատուս քվոն։

Ու թեեւ ԵԱՀԿ-ի միջնորդներն, իրենց հերթին, ձեւացրել են, թե հավատում են հայկական կողմի անկեղծությանը, դա ամենեւին չի նշանակում, որ նրանք չեն հասկացել վերջինիս պարզունակ խաղը։ Այն, որ նրանք առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ, բացատրվում է նրանով, որ գերտերությունների առաջնահերթությունների շարքում Ղարաբաղի հարցն զբաղեցրել է չափազանց երկրորդական տեղ։ Միջազգային տեռորիզմը, Հյուսիսային Կորեան, Բալկանները, Աֆղանստանը, Իրաքը, Իրանը, արաբա-իսրայելյան հակամարտությունը եւ բազմաթիվ այլ խնդիրներ, մշտապես ստվերել են Ղարաբաղի հարցը։

Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե իրեն կհաջողվի շարունակել այս խաղը, նա չարաչար սխալվում է, որովհետեւ հաշվի չի առնում Այսրկովկասի աշխարհաքաղաքական իրավիճակում տեղի ունեցած հետեւյալ երեք էական փոփոխությունները.

1. Որքան էլ պարադոքսալ թվա, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում ոչ թե մեծանալու, այլ նվազելու միտումներ է դրսեւորում։

2. Ռուսաստանը դուրս է մղվում Մինսկի խմբի ձեւաչափից, հետեւաբար կորցնում իր դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։

3. Ի տարբերություն նախորդ տասը տարիների, այսօր Ղարաբաղի հարցն արդեն Արեւմուտքի համար դարձել է առաջնահերթություն։

Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքն առաջնորդվում է մոտավորապես հետեւյալ տրամաբանությամբ. «Շատ լավ, դու լուծեցիր Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցը, մենք էլ լուծելու ենք Լեռնային Ղարաբաղի հարցը»։ Իրականության ողջ դառնությունն այն է, որ ինչպես Արեւմուտքը չկարողացավ Ռուսաստանին խանգարել լուծելու Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունները, այնպես էլ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը չի կարողանալու Արեւմուտքին խանգարել լուծելու Ղարաբաղյան խնդիրը։ Միակ խանգարիչ հանգամանքը կարող է լինել միջազգային ֆինանսական ճգնաժամի խորացման եւ անկառավարելի դառնալու վտանգը, որը շեղելով Արեւմուտքի ուշադրությունը, թերեւս որոշ խոչընդոտներ առաջացնի Ղարաբաղյան կարգավորման նրա ծրագրի իրականացման համար։

Ռուսաստանին հակադրվելու գործոնը, սակայն, Արեւմուտքի վարքը կանխորոշող դրդապատճառներից միայն մեկն է, եւ ամենեւին ոչ գլխավորը։ Գլխավորը Սերժ Սարգսյանի թուլությունն է եւ դրանից օգտվելու աննախադեպ պատեհությունը։ Այնպիսի լծակների առկայությամբ, ինչպիսիք են լեգիտիմության բացակայությունը, կոռումպացվածության աստիճանը եւ բարոյական նկարագրի խոցելիությունը, Սերժ Սարգսյանն ուղղակի գտնված գանձ է Արեւմուտքի համար։ Հայաստանի ուրիշ որ մի ղեկավար կհամաձայներ անմնացորդ կերպով նետվել Արեւմուտքի գիրկը, խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, մեջքով շրջվել դեպի Ռուսաստանը, նպաստել Մինսկի խմբից նրա դուրսմղմանը, ընդառաջել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մոռացված առաջարկին, դրանով կասկածի տակ դնելով ցեղասպանության իրողությունն ու վիժեցնելով նրա միջազգային ճանաչման գործընթացը, համաձայնել հայ–թուրք–ադրբեջանական եռակողմ բանակցությունների անցկացմանը, եւ վերջապես, բառիս բուն իմաստով, վաճառքի հանել Լեռնային Ղարաբաղը։

Այս ամենի դիմաց Արեւմուտքը, բնականաբար, պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի վերը թվարկված բոլոր արատների վրա, մոռանալ փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններն ու մարտի 1-ի ոճրագործությունը, չտեսնելու տալ նրա վարած բռնապետական ներքին քաղաքականությունը, հանդուրժել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների սահմանափակման ու մարդու իրավունքների ոտնահարման համատարած երեւույթները եւ հաշտվել քաղբանտարկյալների գոյության փաստի հետ։ Սերժ Սարգսյանն, ըստ էության, կանաչ լույս է ստացել Արեւմուտքից՝ ներքին քաղաքականության բնագավառում գործելու սեփական հայեցողությամբ, ինչի վկայությունն են, մասնավորապես, ժողովրդի դեմ վերջերս սաստկացած ոստիկանական բռնությունները։ Սեփական արժեքները մանրադրամի վերածելու Արեւմուտքի այս վարքագիծը, անբարոյական լինելուց առավել, Հայաստանի ու Ղարաբաղի դեմ նյութվող դավադրության տարր է պարունակում։

Սերժ Սարգսյանը կամ չի զգում այս վտանգը, կա՛մ էլ իր իշխանությունը պահպանելու այլ միջոց չի պատկերացնում։ Նա ներքաշվել է աշխարհաքաղաքական մի այնպիսի խաղի հորձանուտ, որի ելքը Հայաստանի ու Ղարաբաղի համար եթե ոչ կործանարար, ապա առնվազն անբարենպաստ է լինելու։ Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո Արեւմուտքը եւ Թուրքիան ուժեղացնելու են իրենց ճնշումը Հայաստանի վրա եւ արագացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, միաժամանակ, ինչպես արդեն ասվեց, ձգտելով դրանից դուրս մղել Ռուսաստանը։

Ռուսաստանը կփորձի, անշուշտ, ինչ որ կերպ հակազդել իր համար անցանկալի այդ զարգացումներին, սակայն որքան արդյունավետ ու Հայաստանի համար օգտակար կլինի այդ հակազդեցությունը, պարզ չէ։ Չպետք է անտեսել նաեւ Իրանի գործոնը։ Թեեւ այն միակ պետությունն է, որ մինչ օրս հավասարակշռված քաղաքականություն է վարել Այսրկովկասում, ձգտելով նորմալ հարաբերություններ պահպանել թե Վրաստանի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ, սակայն Արեւմուտքի եւ Թուրքիայի ակտիվությունն այս տարածաշրջանում չի կարող չառաջացնել նաեւ նրա որոշակի անհանգստությունը։ Եւ արդեն իսկ առաջացրել է, ինչի վկայությունն է, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարի հապշտապ կայացած այցն այդ երկիր։

Թե ինչպես է իր հաշիվների մեջ խճճված Սերժ Սարգսյանը գլուխ հանելու աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակից, միայն Աստծուն է հայտնի։ Եթե նրան թվում է, թե Արեւմուտքին հաճոյանալով եւ լուրջ զիջումների գնալու պատրաստակամության ցուցադրությամբ, կարող է ժամանակ շահել եւ այս անգամ էլ խուսափել Ղարաբաղի հարցի կարգավորումից, իսկ հետագայում նաեւ ինչ որ կերպ լեզու գտնել Ռուսաստանի հետ, ուրեմն նա քաղաքականությունից ոչինչ չի հասկանում։ Իսկ եթե Սարգսյանը հույսը դրել է այն բանի վրա, որ Ամերիկան, զբաղված լինելով նախագահական ընտրություններով եւ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման խնդրով, մեծ ջանքեր չի գործադրի Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ, ապա այստեղ էլ նրան հուսախաբություն է սպասում, որովհետեւ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեծ ջանքեր չեն պահանջվում։ Չի կարելի նկատի չունենալ նաեւ այն յուրահատուկ հանգամանքը, որ իշխանությունը լքող ԱՄՆ-ի ներկա վարչակազմը կփափագեր իր ժամկետի ավարտը պսակել արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրած մի այնպիսի հաջողությամբ, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն է։

Այսպիսով, միանգամայն ակնհայտ է, որ մենք կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման շեմին։ Կարգավորման հիմքում, անկասկած, ընկած է լինելու 2007 թ. դեկտեմբերին Մինսկի խմբի համանախագահության անունից հակամարտող կողմերին ներկայացված Մադրիդյան առաջարկը, որի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է։ Ինչ վերաբերում է կարգավորման էությանը կամ կոնկրետ ծրագրին, ապա այն բաղկացած է լինելու մոտավորապես հետեւյալ կետերից.

1. Հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջաններից.

2. Այդ շրջանների վերաբնակեցում ադրբեջանցի փախստականների կողմից.

3. Ադրբեջանցի փախստականների վերադարձ բուն Լեռնային Ղարաբաղի տարածք.

4. Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի ապահովում.

5. Լեռնային Ղարաբաղի սահմանների շրջագծով միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում.

6. Ադրբեջանին վերադարձված տարածքների ապառազմականացում (դեմիլիտարիզացիա).

7. Ղարաբաղի եւ Հայաստանի արտաքին հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակում եւ հայ–թուրքական սահմանի վերաբացում.

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջանկյալ կարգավիճակի սահմանում.

9. Անորոշ ապագայում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի կամ ժողովրդական հարցման՝ պլեբիսցիտի անցկացում.

10. Հակամարտության գոտու վերականգնման համար միջազգային ֆինանսական օգնության հատկացում։

Նկատի ունենալով, որ ակնհայտորեն խնդիր է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կնճիռը լուծել փաթեթով, չպետք է բացառել, որ փորձ արվի այդ փաթեթում ընդգրկել նաեւ ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման հարցը։ Քանի որ, ինչպես ասում են, Սերժ Սարգսյանը այդ խայծը կուլ է տվել, նրա օձիքը բաց չեն թողնելու։

Կարելի է, իհարկե, քննել այն հարցը, թե վերը նշված կետերից որոնք են ձեռնտու Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ որոնք՝ հայկական կողմին, բայց սա անիմաստ զբաղմունք է, որովհետեւ դրանք արժեւորվում են փոխկապակցվածության եւ ամբողջականության մեջ։ Ավելի էական է պարզել, թե որ կետերն են բանակցություններում առանձնապես լուրջ բարդություններ հարուցելու։

Ամենադժվարալույծը, բնականաբար, լինելու են 3-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերը, որոնք համապատասխանաբար վերաբերում են՝ բուն Ղարաբաղում ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման, Լաչինի միջանցքի իրավական կարգավիճակի սահմանման եւ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման խնդիրներին։ Սակայն նկատի ունենալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, կարծում եմ, դրանք միջնորդների համար անհաղթահարելի խոչընդոտներ չեն լինելու։

Խնդիրն այն է, որ եթե Մինսկի խմբի համանախագահությունը մինչ այժմ առաջնորդվում էր հակամարտող կողմերի միջեւ համաձայնություն կայացնելու սկզբունքով, ապա այժմ Արեւմուտքը հնարավորություն ունի պարտադրել իր սեփական լուծումը, այսինքն՝ կիրառել Դեյտոնյան տարբերակը։ Ցավալին այն է, որ նույն Դեյտոնյան տրամաբանությամբ՝ Լեռնային Ղարաբաղը մասնակցություն չի ունենալու կարգավորման գործընթացին, եւ նրա շահերն առաջիկա բախտորոշ բանակցություններում ներկայացնելու է Հայաստանը, ինչպես բոսնիական սերբերի շահերը ներկայացնում էր Հարավսլավիան։ Շուտով մենք, ամենայն հավանականությամբ, ականատեսն ենք լինելու ԱՄՆ ի ու Թուրքիայի նախաձեռնությամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ գումարվելիք Դեյտոնյան տիպի մի կոնֆերանսի, որին Ռուսաստանը եւ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահներ, լավագույն դեպքում, ներկա են գտնվելու դիտորդի կարգավիճակով։ Այս կապակցությամբ, կարծում եմ, պատահական չի սահմանված նաեւ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանին վերաբերող վերջնական բանաձեւի ընդունման ժամկետը, այն է՝ 2009 թ. հունվարը։ Սերժ Սարգսյանին այդքան ժամանակ է տրված կատարելու Ղարաբաղյան կարգավորման հարցում իր տված խոստումները, հակառակ դեպքում վերջապես գործի դնելով նախատեսված պատժամիջոցները։

Իրավիճակի պատասխանատվությունն, իհարկե, չի կարելի բարդել միայն Սերժ Սարգսյանի վրա։ Մեծ հաշվով, սա Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում այն խայտառակ քաղաքականության արդյունքն է, որ վերջին ութ տարիներին վարել է քոչարյանական վարչակազմը, եւ որի համար հավասարապես պատասխանատու են իրար փոխարինած բոլոր կոալիցիոն կառավարությունները, քրեականացած Ազգային Ժողովը, պաշտոնական մամուլը, իշխանության կերակրատաշտից օգտվող մտավորականները եւ գրպանային կուսակցությունները։ Այսօր մենք քաղում ենք, ահա, այդ քաղաքականության, ինչպես նաեւ ընդհանրապես Քոչարյանի օրոք ձեւավորված ավազակապետական համակարգի ու նրան սատարող ուժերի հանցավոր գործունեության դառը պտուղները։

Կասկածից վեր է, որ Արեւմուտքը ձեռքից բաց չի թողնելու Ղարաբաղի հարցի լուծման իր համար հարմարագույն այս առիթը, ինչը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնեցնում Հայաստանի իշխանություններին։ Վերջիններիս գործողություններից ու հայտարարություններից առայժմ չի երեւում՝ նրանք զգո՞ւմ են, արդյոք, պահի լրջությունը, եւ եթե այո՛, ինչ միջոցներ են ձեռնարկում այդ վտանգավոր մարտահրավերը դիմագրավելու համար։ Այնինչ անզեն աչքով իսկ տեսանելի է, որ գոյություն ունեն մի շարք արդյունավետ քայլեր, որոնք ի վիճակի են թուլացնել արտաքին ճնշումները եւ ուժեղացնել Հայաստանի իշխանությունների դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։ Քայլեր ասելով, ես նկատի չունեմ հայ ժողովրդի միասնականության մասին հնչեցված դատարկ կոչերը, որոնցով Սերժ Սարգսյանը վերջերս հանդես է եկել ԱՄՆ ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, այլ միանգամայն կոնկրետ քաղաքական նախաձեռնություններ, այն է.

1. Մեղմացնել Հայաստանում տիրող քաղաքական եւ հասարակական լարվածությունը, ապահովել օրենքի գերակայությունը, դադարեցնել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներն ու մարդու իրավունքների սանձարձակ ոտնահարումները, արմատախիլ անել համատարած կոռուպցիան եւ վերացնել երկրի հարստության անպատիժ կողոպուտը, ազատվել անբարեխիղճ եւ քրեականացած պաշտոնյաներից, վերականգնել օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը, կառուցողական երկխոսություն սկսել հասարակության հետ, այսինքն՝ չեզոքացնել այն բոլոր պատճառները, որոնք արտաքին աշխարհի ձեռքում լծակ են ծառայում Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար։

2. Բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հարթել այդ հարաբերություններում վերջերս նկատվող մտահոգիչ տարաձայնությունները։ Անել ամեն ինչ Մինսկի խմբի ձեւաչափից Ռուսաստանի դուրսմղումը կանխելու համար, գիտակցելով այն պարզ ճշմարտությունը, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Արեւմուտքի եւ Ռուսաստանի հավասարակշռության խախտումը մեզ որեւէ լավ բան չի խոստանում։

3. Ջանքեր գործադրել Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հանրաքվեի խնդրի հստակեցման ուղղությամբ՝ մասնավորապես կոնկրետացնելով հետեւյալ պահերը.

• ով է կազմակերպելու հանրաքվեն՝ ՄԱ՞Կ ը, ԵԱ՞ՀԿ ը, Ադրբեջա՞նը, թե՞ Ղարաբաղը.

• երբ է տեղի ունենալու հանրաքվեն.

• որ տարածքում է անցկացվելու հանրաքվեն.

• ովքեր են մասնակցելու հանրաքվեին.

• ինչպես է ձեւակերպվելու հանրաքվեի դրված հարցը.

• ինչպիսի իրավական հետեւանքներ է ունենալու հանրաքվեն։

4. Հայաստանը պետք է հրաժարվի կարգավորման գործընթացում Ղարաբաղի անունից խոսելու իրեն չարդարացրած պրակտիկայից, պահանջելով վերականգնել այդ գործընթացի նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ ի 1994 թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը ներկայացված էր հակամարտող կողմի լիիրավ կարգավիճակով։ Չպետք է թույլ տալ, որ Ղարաբաղի ճակատագիրը վճռվի առանց իր մասնակցության, քանի որ ինքնորոշման իրավունքի ոտնահարման դրանից ավելի աղաղակող դրսեւորում անհնար է պատկերացնել։

5. Նկատի ունենալով այն մտահոգիչ հանգամանքը, որ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ղարաբաղի հարցը, որոշակի առումով, դուրս է մնում սառեցված հակամարտությունների լուծման ընդհանուր գործընթացից, թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ։ Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից՝ առկախ թողնելով նրա վավերացումը, նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում։ Իրադրությունը, ոչ սովորական լինելով, ոչ սովորական քայլեր, դիվանագիտական հրաշագործություններ ու երեւակայության թռիչքներ է պահանջում։

Լինելով Հայաստանի քաղաքական կյանքում ծանրակշիռ դերակատարություն ունեցող ուժերից մեկը, իր դիրքորոշումն այս իրադրության մեջ պարտավոր է ճշտել նաեւ Համաժողովրդական շարժումը կամ Հայ Ազգային Կոնգրեսը։ Եթե հիշում եք, իմ նախորդ ելույթներից մեկում, իշխանության համար մղվող քաղաքական պայքարում ամեն ինչից վեր դասելով ազգային եւ պետական շահը, ես հայտարարել էի, որ Ղարաբաղի դեմ ռազմական սպառնալիքի առաջացման դեպքում կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց գործողությունները եւ լծվել համազգային պայքարի նվիրական գործին։ Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծումը, իր պարունակած վտանգներով հավասարազոր լինելով ռազմական սպառնալիքի, կարծում եմ, հրատապ է դարձնում այդ կոչի իրականացումը։
Խոսքը չի վերաբերում, անշուշտ, Շարժման գործունեության լիակատար սառեցմանը, այլ միայնումիայն զանգվածային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւ երթերի ժամանակավոր դադարեցմանը։ Նամանավանդ, որ դադարը երկար չի տեւելու, քանի որ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը ընդամենը երկու-երեք ամիսների հարց է։ Իսկ եթե այդ ժամկետը, նոր հանգամանքների ներգործությամբ, մասնավորապես, միջազգային ֆինանսական ճգնաժամի խորացման պատճառով, որոշ չափով ձգձգվի, մենք միշտ էլ հնարավորություն կունենանք ճշգրտել մեր ռազմավարությունը եւ անհրաժեշտ պահին վերսկսել զանգվածային միջոցառումները։

Խոստովանում եմ, սա չափազանց պատասխանատու եւ, առաջին հայացքից, բավականին դժվարամարսելի որոշում է, որն արժանանալու է ոչ միանշանակ գնահատականի։ Ուստի առավել եւս հասկանալի պիտի լինի, թե որքան լուրջ ու հիմնավոր պետք է լինեին այն պատճառները, որոնք պայմանավորել են այդպիսի որոշում կայացնելու անհրաժեշտությունը։

Այդ անհրաժեշտությունն ըմբռնելու համար պետք է նկատի ունենալ հետեւյալը։ Ռուս–վրացական հակամարտության հետեւանքով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի ունեցած շրջադարձից հետո, Շարժման ակտիվությունն, ինքնաբերաբար, թուլացնում է Սերժ Սարգսյանի դիրքերը ու դրանով մեծացնում նրա վրա արտաքին ճնշումներ բանեցնելու եւ նրանից զիջումներ կորզելու հնարավորությունը։ Այսինքն՝ վտանգ է առաջանում, որ ընդդիմությունն, իր կամքից անկախ, կարող է գործիք դառնալ արտաքին ուժերի ձեռքին։ Այդ ուժերը, հետեւաբար, կրկնակի անբարոյականություն են գործում. մի կողմից հանդուրժում եւ, կարծես թե, նույնիսկ խրախուսում են ընդդիմության նկատմամբ Հայաստանի իշխանությունների սանձազերծած հրեշավոր հալածանքները, մյուս կողմից՝ նույն ընդդիմության գոյությունը փորձում ծառայեցնել իրենց հետին նպատակներին։

Ընկնել այս ծուղակը՝ մեր կողմից աններելի մոլորություն ու քաղաքական կարճատեսություն կլիներ։ Ավելին, դա հիմնովին կհակասեր Համաժողովրդական շարժման հավատամքին, որը հիմնված է պետական շահի գերակայության սկզբունքի վրա։ Հետեւաբար, անկեղծորեն կողմ լինելով թե՛ Ղարաբաղյան հակամարտության, թե՛ հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը, մենք չենք ուզում Հայաստանի իշխանություններին խանգարել լուծելու այդ խնդիրները։ Դադարեցնելով մեր ակտիվությունը, մենք ընդամենը նպատակ ենք հետապնդում նրանց զերծ պահել արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից։ Կան նաեւ այդ քայլին դիմելու որոշ տակտիկական նկատառումներ, սակայն ես առայժմ հարկ չեմ համարում բացահայտել դրանք, քանի որ, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, եթե տակտիկան բացահայտվում է, այն դադարում է տակտիկա լինելուց։

Ես քաջ գիտակցում եմ, թե զանգվածային միջոցառումները թեկուզ ժամանակավորապես դադարեցնելու մասին մեր կայացրած որոշումը ինչպիսի չարախնդությամբ է ընդունվելու իշխանական ճամբարում եւ ինչպիսի տրտունջներ ու տարակուսանքներ է առաջացնելու Համաժողովրդական շարժման շարքերում։ Սակայն ուզում եմ հուսախաբ անել չարախնդացողներին եւ հանգստացնել տարակուսողներին. մեր հանձնառության մեջ գործարքի կամ նահանջի տարր փնտրելն անլուրջ է։ Մի քանի ամիս անց բոլորը համոզվելու են, թե որքան հիմնավորված ու արդարացի էր այս որոշումը։

Համահանրապետական հանրահավաքների ու երթերի ժամանակավոր դադարեցումը չի նշանակում, որ Շարժումը հրաժարվում է հետագա քաղաքական պայքարից եւ իր առաջ քաշած պահանջներից, որոնք են՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, երկրում իրական ժողովրդավարության ու օրինականության հաստատումը, արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը։ Ընդհակառակը, համոզված ենք, որ այդ քայլը ոչ թե դանդաղեցնելու, այլ արագացնելու է նշված նպատակների իրականացումը։

Առաջիկա ամիսներին Շարժումն իր գործունեությունը կենտրոնացնելու է գլխավորապես կազմակերպական աշխատանքների եւ Հայ Ազգային Կոնգրեսի կառույցների ձեւավորման վրա՝ նախապատրաստելու համար Կոնգրեսի հիմնադիր համաժողովի գումարումը, որը նշանակալի իրադարձություն է դառնալու Հայաստանի քաղաքական կյանքում, միաժամանակ հիմք ստեղծելով, անհրաժեշտության դեպքում, ավելի լայնածավալ միջոցառումներ անցկացնելու համար։ Դրան զուգընթաց, այս հանգրվանում մենք շարունակելու ենք ոչ զանգվածային միջոցառումների անցկացումը, ակտիվ մասնակցությունը ընթացող քաղաքական դատավարություններին, սեփական թեկնածուների պաշտպանությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, լայնածավալ քարոզչության ծավալումը տեսասկավառակների եւ տպագիր մամուլի միջոցներով, մարտի 1-ի ոճրագործության ինքնուրույն հետաքննությունը եւ նրա իրական պատասխանատուների բացահայտումը։

Իրավիճակը լրջություն է պահանջում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերից։ Զանգվածային միջոցառումներից միառժամանակ հրաժարվելու համարձակ եւ պատասխանատու քայլով Համաժողովրդական շարժումն ապացուցում է իր լրջությունը։ Նույնը մնում է ապացուցել Հայաստանի իշխանություններին ու նրանց սպասարկուներին։

Հատկանշական է, որ այդ քայլին մենք դիմում ենք ոչ թե Շարժման մարման, այլ վերելքի պահին, այն է՝ մարտի 1-ից հետո անցկացված ամենաբազմամարդ հանրահավաքում, ինչը Հայ Ազգային Կոնգրեսի հզորության եւ միաժամանակ նրա զսպվածության ամենացայտուն արտահայտությունն է։

Այսպիսով, մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները։ Մենք ուշի-ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու Ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները։ Նույն սրտացավությունը մենք ակնկալում ենք ազգի եւ պետության բախտով մտահոգված բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական ուժերից։

Իսկ վերջում, կխնդրեի շտապ եզրակացություններ չանել իմ ելույթից, այլ նրա մասին վերջնական կարծիք կազմել վաղվա թերթերում այն ուշադիր ընթերցելուց հետո։ Հուսով եմ, որ այս ելույթով վերջապես սկիզբ կդրվի Ղարաբաղի հարցի վերաբերյալ վաղուց սպասված լուրջ հասարակական բանավեճի, որի ընթացքում շատ բան ձեզ համար ավելի հասկանալի կդառնա։

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org