Ո՞ւմ է ձեռնտու «ախպերական» Հայաստանը Ի՞նչ անել, եւ ո՞րն է ելքը...
Մայ 10

Որպես նախորդ թեմայի տրամաբանական շարունակություն, առաջարկում եմ նախ լիարժեքորեն պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում քաղաքացիական հասարակություն: Այսքան ձգտում ենք մեր հանրապետությունում ունենալ նման հասարակություն, ուրեմն եկեք մեկ անգամ եւս վերհիշենք վերջինիս բնորոշումները եւ չափորոշիչները:

Ասեմ, որ ինքս սոցիոլոգ կամ քաղաքագետ չեմ, ուստի եւ հղումներ եմ արել տարբեր էլեկտրոնային աղբյուրների:

Սկսենք նույն Վիքիպեդիայից, որտեղ գրված է (իմ իսկ թարգմանությամբ).

Քաղաքացիական հասարակությունը կազմված է կամավոր քաղաքացիական ու հասարակական կազմակերպությունների եւ կառուցվածքների միասնությունից, որոնք ձեւավորում են հանրության գործունեության հիմքը՝ ի հակադրություն որեւէ պետության ուժային կառույցների (անկախ այդ պետության քաղաքական համակարգից) եւ առեւտրային կառուցվածքների:

Գոյություն ունեն քաղաքացիական հասարակության բազմաթիվ սահմանումներ, որոնցից մի քանիսը կներկայացնեմ ստորեւ:

Լոնդոնի քաղաքացիական հասարակության տնտեսագիտական կենտրոնի դպրոցը տալիս է այսպիսի նկարագրական սահմանում (իմ իսկ թարգմանությամբ).

Քաղաքացիական հասարակությունը (ՔՀ) վերաբերում է կամավոր խմբային գործառույթների ոլորտին՝ համատեղ հետաքրքրությունների, նպատակների եւ արժեքների շուրջ: Թեորիապես, ՔՀ ինստիտուցիոնալ կառուցվածքները տարբերվում են պետության, ընտանիքի եւ շուկայի նույն կառուցվածքներից, թեեւ, գործնականում, պետության, քաղաքացիական հասարակության, ընտանիքի եւ շուկայի միջեւ սահմանները հաճախ բարդ են, աղավաղված եւ պայմանական… ՔՀ հաճախ ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են բարեգործական միությունները, ոչ պետական կազմակերպությունները, համայնքային խմբերը, կանանց կազմակերպությունները, հավատքի վրա հիմնված կազմակերպությունները, մասնագիտական ասոցիացիաները, արհեստակցական միությունները, ինքնօգնության խմբերը, քաղաքացիական շարժումները, առեւտրային ասոցիացիաները, միավորումնեը եւ ադվոկացիոն խմբերը:

Տարբեր հեղինակների կողմից նկարագրվել եւ ապացուցվել է քաղաքացիական հասարակության հսկայական դերը՝ ժողովրդավարական հասարակարգ ձեւավորելու մեջ (քաղաքացիների տեղակացվածության բարձրացում, ընտրական իրավունքների պահպանման հսկողություն, քաղաքացիների լայն մասնակցությունը քաղաքական գործընթացների մեջ, իշխանությունների կառավարման համակարգի հանրային վերահսկողություն եւ այլն): Օրինակ, Robert D. Putnam-ը պնդում է, որ քաղաքացիական հասարակության կազմում առկա միայն հասարակական կազմակերպություններն արդեն իսկ որոշիչ նշանակություն ունեն ժողովրդավարության հաստատման մեջ:

Քաղաքացիական հասարակության ինքնատիպ բնորոշում հանդիպեցի հետեւյալ կայքէջում (իմ իսկ թարգմանությամբ).

Քաղաքացիական հասարակությունը իրենից ներկայացնում է հանրային տարածություն պետության, շուկայի եւ սովորական բնակիչների միջեւ, որտեղ մարդիկ կարող են ծավալել քննարկումներ եւ ձեռնարկել միջոցառումներ: Այլ կերպ ասած, ՔՀ-ը կամավոր խմբային գործառույթ է, որի շուրջ համախմբվում են մարդիկ՝ փոփոխելու որեւէ մասնավոր գործընթաց:

Ինտրենետում ես հանդիպեցի նաեւ առաջին հայացքից մի քիչ զարմանալի, սակայն խորքային իմաստ ունեցող սահմանումներ, օրինակ (իմ իսկ թարգմանությամբ).

Քաղաքացիական հասարակությունը նշանակում է քաղաքականության՝ հասարակության վրա ունեցած ազդեցության նվազեցում՝ ազատ շուկայի ընդլայնման եւ անհատական ազատությունների կատարելագործման միջոցով: (Cato )

Կարծում եմ, Ձեզ հետաքրքիր կլինի ծանոթանալ նաեւ Michael Edwards-ի դիտարկումները:

Առայժմ այսքանը, երեւի կավելացնեմ… (կամ՝ կավելացնեք):

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org