Բաց նամակ՝ տխմար հեռուստալրագրողներին Երևանի յոթ հրաշալիքները
Հուն 08

Մեծարգո պարոն Վարչապետ,

Ըստ ԶԼՄ-ների, ՀՀ վարչապետ նշանակվելուց ի վեր, մեր երկրի տնտեսության կառավարման համակարգումը թողած՝ առավոտից-երեկո զբաղված եք մանկավարժական-լուսավորչական աշխատանքներով՝ ինչպես Ձեր անմիջական ենթակաների, այնպես էլ նրանց տեղակալների ու վարչության պետերի շրջանում: Նրանց սովորեցնում եք, թե ի՞նչ է համակարգիչը եւ ի՞նչ է ինտերնետը, թե՝ ինչո՞ւ է պետք է լրագրողներին տեղեկատվություն տրամադրել, թե ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի այս կամ այն կառույցների ղեկավարը եւ ինչ չպետք է անի, եւ այլն...: Ասում եք՝ կաշառք չվերցնե՛ք, սովորե՛ք նորմալ (մարդավարի) աշխատել եւ այլն…

Տպավորությունս այնպիսին է, որ դուք Ձեր նախարարների հետ վերաբերվում եք որպես Ձեր ուսանողների, որոնց մի քանի անգամ քննությունից կտրել են ու հիմա «ռեպետիտորի» կարիք ունեն՝ իրենց անբավարար գնահատականները շտկելու:

Հարց. իսկ չէր կարելի՞ այդ պաշտոններին նշանակել մարդկանց, ովքեր հմուտ են իրենց գործում եւ լավ կազմակերպիչներ են, որոնք վաղուց եւ տարբեր ԲՈՒՀ-երում ստացել են համարժեք կրթություն եւ չեն բավարարվել այդ կրթությամբ, ովքեր առաջնորդներ են իրենց բնագավոռում եւ գիտակներ, ում պետք չէ դասախոսել, այլ՝ վերահսկել եւ համակարգել նրանց միջեւ ընթացող աշխատանքները: Մարդիկ, ովքեր կախված չեն իրենց կուսակցապետերից եւ ուղղակիորեն կախված են միայն Ձեզնից:

Դրանով դուք կլուծեիք մի քանի խնդիր.

1. Ավելի շատ ժամանակ կհատկացնեիք Ձեր՝ որպես վարչապետի բուն գործունեության վրա, եւ ոչ թե կզբաղվեիք տառաճանաչություն սովորեցնելով (խոսքս ղեկավար բարձր պաշտոնում աշխատելու այբուբենի մասին է):

2. Մեր երկրի ապագայով խիստ մտահոգված կուսակցություններին եւ կուսակցապետերին կհասկացնեիք, որ իրենց հնարավորություն եք տալիս ժողովրդին ապացուցելու, որ այդ կուսակցությունների մտահոգությունն իրականում Հայաստանի ապագան էր, այլ ոչ թե պաշտոն ստանալ-չստանալը: Չէ՞ որ կոալիցիոն կողմերը հոգնեցին հայտարարելով, որ իրենց համաձայնագրում պաշտոնների բաժանման մասին խոսք չկար: Ինչո՞ւ եք գնում նրանց կամքին հակառակ:

3. Մեծապես կօգնեիք Ձեր Նախագահին՝ մեկ օր շուտ մեղմացնելու տնտեսական խնդիրները: Ներկա պարագայում, նախարարները պարզապես մեկ օր շուտ կհարստացնեն իրենց կուսակցության «բյուջեները»:

4. Մեծապես կօգնեիք ընդդիմադիր կուսակցություններին՝ հավատալու, որ իրականում Ձեր թիմի նպատակը հանրապետության զարգացումն է, այլ ոչ թե մի քանի կուսակցությունների «բերանները փակելը»:

Ինքս հավատում եմ, որ Ձեզնով լիներ՝ այդպես էլ կանեիք, սակայն, ավելի լավ է հնարավորինս շուտ այս հարցերը բարձրացնել Նախագահի առաջ, քան թե դառնալ իշխանամետ կուսակցությունների ախորժակի համար «ֆիշկա»:

Չգիտեմ, կհասնի այս գրառումը ձեզ, թե ոչ, այնուամենայնիվ, շնորհակալություն ուշադրության համար:

Հ.Գ. հոդվածի հղումը ուղարկել եմ http://www.gov.am/armversion/feed_back.htm էջից:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org