Ճանչցեք ինքն զինք... Ի՞նչ է քաղաքացիական հասարակությունը
Մայ 08

Հայաստանում մարդկանց մեծամասնությունը ապրում է ախպերության օրենքներով. մեր ախպերներին չնեղացնենք՝ մնացածի հերն էլ անիծած:Մի անօրինական բան տեսնելիս ոստիկան կանչենք՝ մարդ ծախող ենք: Մեր ունեցած խնդիրները բարձրաձայնենք՝ խայտառակչի ենք: Էս մարդը կարողացել է հասնել մաքսայինի պետի պաշտոնին՝ հալալ է իրեն, կարո՞ղ ես՝ դու էլ դարձիր: Սույն օրենքները չգրված են, սակայն տասնամյակներով, միգուցե հարյուրամյակներով նստած են մեր արյան մեջ, ու վստահորեն պիտի փոխանցվեն մեր սերունդներին: Քանի որ այդպես հասարակությունը մեզ նորմալ կընդունի: Իսկ ինչիսի՞ն է հայաստանյան հասարակությունը, և ու՞մ է նա իր այդ ձևով ձեռնտու:

Մեծ հաշվով Հայաստանում հասարակությունը լրիվ ձևավորված չէ: Հենց այդ երևույթը նկարագրող բառը ինքնին ինձ որպես հայ մարդու ասում է, որ մեր մեջ общество, society, Gesellschaft, չկա: Օտարալեզու այս բառերի հիմքում ցանկացած գրագետ մարդ գտնում է «ընդհանրության»՝ սոցիումի գաղափարը, իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հասարակ՝ ոչինչ չասող մի ածական: Չխորանամ, սակայն, ծագումնաբանության մեջ. դա թեման հեռու չի տանի: Դա միայն սկիզբն է:

Անկախ Հայաստանի հասարակության կիսակայացվածությունը, իմ դիտարկմամբ, վառ արտահայտվեց 1998-ի նախագահական ընտրություններից առաջ, երբ մենք չկարողացանք «տան կեղտը դուրս բերողի» բարդույթը հաղթահարել ու ասել՝ Ռոբերտ Քոչարյան, դու ՀՀ քաղաքացի չես ու վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես չես բնակվել, ուրեմն՝ դու իրավունք չունես լինել ՀՀ նախագահ: Հիշում եմ, ընկերներիցս շատերն են ասել՝ Վազգեն ասեց, որ Ռոբերտը իր ընկերն է, ունեմն այդպես է պետք: Սակայն օրենքին նայող չեղավ, ընտրված Կարեն Դեմիրճյանն էլ մարդկանց փողոց չհանեց. իմաստուն մարդ էր, գիտեր, որ չկա հասարակություն, որը մի ահռելի բռունցք կխփի սեղանին, ու կասի՝ սա՛ է մեր ընտրածը: Ու դա ձեռնտու էր Քոչարյանին. տաս տարի իներցիայի հաշվին այդ պահին թափ առնող տնտեսությունը գլորելը ու զարգացման ահռելի տեմպերի մասին թվեր նկարելը մեծ ջանք չէին պահանջելու: Քոչարյանին ձեռնտու էր Հայաստանի բնակչությունը տեսնել ռաբիս, ախպերական ելևէջներով: Միևնույն ժամանակ, նա ամենափոքր գաղափարն անգամ չուներ, թե ի՞նչ բան է քաղաքացիական հասարակություն. աշխատել էր կոմունիստական համակարգում, հետո ղեկավարել էր պատերազմող երկիր, ուր հասարակությունը տեղ չունի, տեղ ունեն հրամաններն ու նրանց անվերապահ կատարումը:

Այսպիսով, հասարակությունը Հայաստանում փառքով թաղվեց: Սակայն, կարող է հարց առաջանալ. իսկ մի՞թե Ստեփանակերտի կարշոլկի ֆաբրիկայի կոմսոմոլը մտքի այդքան մեծ տիտան էր, որ կարողացավ արմատախիլ անել 1988-ին ծիլ տված միասնությունը, որը անպայման դառնալու էր քաղաքացիական հասարակության հիմք: Վստահ եմ, որ ոչ: Հայաստանյան հասարակությունը 90-ականների սկզբում պետք էր փայփայել, պետք էր շնորհել նրան անհրաժեշտ ազատությունը, ինչը սակայն չարվեց: Ու ոչ միայն չարվեց, այլ նաև ծեծվեց ինչքան հնարավոր է՝ ոչ թե նպատակաուղղված, այլ անգրագիտորեն ծեծվեց: 1990-ի ազատ ընտրված խորհրդարանից հետո 1995-ին արդեն կային խախտումներ, իսկ 1996-ին դրանք ունեցան որոշիչ դերակատարություն: Ու ձևավորվեց «ախպերական Հայաստանը», որտեղ դիրք ունեին Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները, գեներալ Մանվելի ընտանիքի անդամները, Ճաճոյի ու Գռզոյի մոտիկ հարազատները, Արզաքանցյան տիկոները, լեդի հակոբները ու այլոք: Նույնիսկ եթե նրանք տառաճանաչ չէին եւ տարվա 10 ամիսը Հայաստանում չէին, նրանց կարելի էր լինել տնօրեն, արտոնյալ ձեռնարկատեր, պատգամավոր ու կերտել այն օրենքները, գրվող ու չգրվող, որոնցով պիտի առաջնորդվեինք մենք: Եվ Արա Սահակյանը կարող էր իրեն թույլ տալ խորհրդարանի փոխխոսնակի աթոռից Պ. Հայրիկյանին ձեռ առնել, թե՝ քո կուսակցությունը Գևորգյանների ընտանիքի չափ ձայն է հավաքել՝ ընդամենը 3 հոգի: Ու Վանոն կարող էր ժողովրդական ըմբոստությունը բանի տեղ չդնել՝ 15.000 մարդ էին, մի 1000-ն էին կատաղած, ջուր կանեինք, կգնային տուն չորանալու:

Ահա այսպիսի զարգացումների արդյունքում, տողերիս հեղինակի կարծիքով, Հայաստանում աստիճանաբար վառվեց այն հողը, որի մեջ պիտի աճեր ու զարգանար քաղաքացիական հասարակությունը: Սակայն սերունդները փոխվում են, իսկ նոր սերնդի հետ առաջանում է նոր պահանջարկ: 2008-ին Հայաստանի հենց նոր սերունդն էր, որ ըմբոստացավ «ախպերության» դեմ: Երիտասարդներին այլևս հնարավոր չէ համոզել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել Ալեքսանյանը հալալ է արել, որ միլիարդների հասնող կարողություն է կուտակել, ու, որ նորմալ է, երբ նրանց քրոջ տղաները մարդ են վիրավորում, ծեծում: Հնարավոր չէ նրանց խաբել, թե Ռուբեն Հայրապետյանն ու իրենք Հայաստան երկրում ունեն նույն հնարավորությունները. բոլորը տեսնում են, որ Նեմեցի մտավոր հնարավորությունները սահմանափակ են, իսկ նյութականը՝ անսահմանափակ, իսկ երիտասարդության մեծամասնության մոտ ճիշտ հակառակն է: Այսպիսի Հայաստանը մերօրյա երիտասարդությանը միանշանակ ձեռնտու չէ:

Իսկ ինչպե՞ս զարգացնել քաղաքացիական մտածելակերպը Հայաստանում: Այս հարցի պատասխանը հնարավոր չէ սահմանել մեկ նախադասությամբ, մեկ հոդվածով կամ նույնիսկ մեկ ժողովածուով: Պատասխանը պիտի տրվի քննարկման մեջ, լսելով բոլորին, ու քաղելով այն, ինչը ձեռնտու է բոլորի համար. հավատացնում եմ, որ կա դրա հնարավորությունը. օրինակը տասնամյակներ շարունակ սավառնում է Հին աշխարհամասի վրա, կատարելագործելով քաղաքացիներին, այլ ոչ թե միայն իշխանությանը, ձեռնտու կենսակերպը:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org