Հոկտեմբերի 6-ին «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Տրանսվերսալ թատրոնը (ԱՄՆ/ Հոլանդիա) Տիկնիկայինի բեմում հանդես եկավ «Blue shade» («Երկնագույն ստվեր») դրամատիկ կատակերգությամբ, որ բեմադրել է դրամատուրգ Բրայան Ռեյնոլդսը: Ներկայացումը, որի պրեմիերան կայացել է այս տարվա սեպտեմբերին՝ Ամստերդամում, «բացեցին» մինետ ձեւացնող դերասանն ու դերասանուհին… այնուհետեւ սեքս, կրակոցներ, հայհոյանք, համբուրվող տղամարդիկ, մի քիչ անհամ հումոր, մյուզիքլային որոշ տարրեր ... Դերասանները ամեն խաղացվող կտորից հետո ծափեր էին ակնկալում, որոնք այդպես էլ չհնչեցին: Ավելի ճիշտ հնչեցին՝ վերջում… քաղաքավարությունից ու հյուրընկալության կանոններից դրդված:
Հա, չմոռանամ նշել, որ այս ամենը Ջո Մաձոնիի կյանքի պատմությամբ եւ իտալա-ամերիկյան մաֆիայի «ֆոնի» վրա… Բայց թե ի՞նչ կարող էր տալ հանդիսատեսին, օրինակ, կրքոտ սեքսի իմիտացիան, ձեռնաշարժությունը կամ տպավորիչ սպանություն ձեւացնելը, դահլիճի մեծամասնության համար «մութ» մնաց: Մի հայ ռեժիսորի՝ դերասանների խաղը դուր էր եկել. ասաց, որ պարտադիր չէ խորը փիլիսոփայական բաներ բեմադրել, օրինակ՝ եվրոպացիների ու ամերիկացիների համար էլ մեր ավանդականն ընդունելի չէ: Կոլեգաներիցս մեկն էլ դժգոհեց, թե տպավորություն ուներ, որ դռան անցքից ինչ-որ մեկի ինտիմ կյանքին է հետեւել: Դահլիճում քրթմնջոցներ էլ հնչեցին, թե էս ինչ հետամնաց հանդիսատես ունենք: Իմ համոզմամբ, ամեն ինչ այլ կլիներ, եթե արվեստով ներկայացվեր, եւ բռնություն ու սեքս ցուցադրելը գերնպատակ չդառնար:
Ներկայացումն այնպես էր կառուցված, որ ձայնագրված ծափերը գոնե ինչ-որ չափով փոխհատուցում էին չհնչածը:
«Դրսում», ասում են, Բրայան Ռեյնոլդսի բեմադրությունները պահանջված են: Ու դա հիմնավորվում է նրանով, որ այս ռեժիսորը համատեղում է բոլոր ոճերն ու ժանրերը՝ սկսած աբստրակտ էքսպրեսիոնիզմից, վերջացրած սյուրռեալիստականով: Հայաստանցիներին «Blue shade»-ն դուր չեկավ եւ պատճառն ամենեւին էլ այն չէր, որ հանդիսատեսն այստեղ հետամնաց է, նորարարությունից վախեցող, հագին ազգային գորգի զարդանախշերով տարազ է, գլխին էլ՝ արծաթե դրամներով գլազարդ: Խնդիրն այն է, որ ցանկացած նորարարություն, հավանաբար, դասականի հիմքի վրա պետք է կառուցված լինի:
Տրանսվերսալ թատրոնը հոլանդացի եւ ամերիկացի արվեստագետների միավորում է, որի հիմնադիր Բրայան Ռեյնոլդսը Կալիֆոռնիայի համալսարաններից մեկի պրոֆեսոր է: Նա նաեւ մշակութային, տնտեսական ու քաղաքական թեմաներով մի շարք աշխատությունների ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:
Հ. Գ. «Հայֆեստը» միշտ սկանդալային անակնկալներ է մատուցում: Մի քանի տարի առաջ էլ, ֆրանսիացի դերասանները այս փառատոնի շրջանակներում միզեցին «Առնո Բաբաջանյանի» արձանի վրա:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
http://new.aravot.am/am/articles/culture/70563/view
P.s. Քանի որ «առավոտն» վերջին օրերս անընդհատ կախված վիճակում է, որոշեցի արտատպել ամբողջովին ...
Մեկնաբանություններից առայժմ զերծ կմնամ, ընդամենը մի քանի Bold-եր իմ կողմից