Հայաստանի նորագույն պատմության մեջ /երրորդ հանրապետության շրջան/, երեք անձ հնարավորություն ունեին դառնալու մեր պատմության խոշորագույն դեմքը, դասվելու համաշխարհային առաջնորդների շարքին: Այդ անունները քաջածանոթ են. Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Սակայն նրանք նախընտրեցին լինել ապաշնորհ ղեկավարներ, խամաճիկներ մի խումբ օլիգարխների ձեռքին, հակաժողովրդավարներ: Հայաստանին անհրաժեշտ է անհապաղ ազատվել այս երեքից ու նրանց շուրջ ձևավորված էլիտաներից /այս բառը ես այնքան էլ չեմ սիրում/:
Սկսենք առաջին նախագահից: Լ. Տեր-Պետրոսյանը և նրա թիմը իշխանության եկան համաժողովրդական ալիքի վրա, նրանց քարոզչական հնարքները կրկնվում են նաև այսօր. համատարած շանտաժ /մեզ հետ չես դավաճան ես, տականք ես/, զանգվածների զոմբիացում, սուտ փաստերի վրա կառուցված վերլուծությունների առատություն, նվիրական զգացմունքների շահարկում, հասարակության մեջ ատելության սերմանում և այլն: Ժամանակի կոմունիստական ղեկավարությունը բավականին թույլ գտնվեց հակազդելու այս ամենին և համարյա դիմադրություն ցույց չտվեց: Արդյունքում իշխանության եկավ առաջին նախագահն իր թիմով, ի դեպ ՀՀ պատմության մեջ միակ լեգիտիմ /ժողովրդի և ընդդիմության կողմից ընդունելի/ ընտրությունների /1990թ. մայիսի խորհրդարանական և 1991թ. հոկտեմբերի նախագահական/ միջոցով: Թվում էր, թե կատարվել է հայոց իղձը և ժամանակն է կերտել նորանկախ հանրապետությունը, ի մի բերել բոլոր հայկական էլիտաների /նախկին կոմունիստական իշխանությունների, տեխնոկրատ մտավորականության, սփյուռքի/ ջանքերը, վերականգնել երկրաշարժից ամայացած երկիրը և հաղթել պատերազմում: Ժողովրդի ոգին այդժամ բավական բարձր էր այս ամենը շատ արդյունավետ կազմակերպելու համար: Սակայն պարոն Տեր-Պետրոսյանի թիմը արհամարհեց մյուս էլիտաներին, քաղքենիական ինքնավստահությամբ միանձնյա ստանձնեց երկրի կառավարումը և շատ կարճ ժամանակում Հայաստանը գլորվեց աշխարհի ամենաաղքատ պետությունների շարքը: Կարծում եմ դրա պատճառը շոկային թերապիան էր, որ օգտագործվեց մեր տնտեսության մեջ, ապաշնորհ սեփականաշնորհումը, մասնավորապես կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների ոչնչացումը և հողի հապճեպ սեփականաշնորհումը, արդյունքում տեղի ունեցավ գյուղտեխնիկայի թալան և օտարում հանրապետությունից, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների արտադրության աննախադեպ անկում: Լևոն Տեր-Պետրոսյանն իր 2007թ. նախընտրական ելույթներից մեկում նշում է. « Եթե ժամանակին չիրականացվեր հողի սեփականաշնորհումը, ապա գյուղական նոմենկլատուրան թալանած կլիներ կոլխոզների ու սովխոզների սեփականությունը (ինչպես տեղի ունեցավ այլ հանրապետություններում), եւ Հայաստանը ցրտից ու մթից բացի անխուսափելիորեն կմատնվեր նաեւ սովի։ Այդ պարագայում, ինքնըստինքյան հասկանալի է, ոչ միայն կվտանգվեր մեր երկրի գոյությունը, այլեւ անհնար կդառնար թե՛ պատերազմի հաղթական ավարտը, թե՛ Արցախի ազատագրումը։ Ուստի, եթե այսօր Հայաստանը կանգուն է, եթե այսօր Արցախն ազատ է, ապա դրա համար մենք առաջին հերթին պարտական ենք սեփականատեր հայ գյուղացու առայժմ չգնահատված սխրանքին» /Ազատության հրապարակում 2007 թվականի դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից/: Այս բացատրությունն ուղղակի քմծիծաղ է առաջացնում. կոլխոզների ու սովխոզների գույքը թալանվեց դրանց սեփականաշնորհումից հետո, երբ հսկայական տեխնիկան և այլ միջոցները հայտնվեցին անհատների ձեռքին /հիմնականում կոլխոզ-սովխոզների նախագահների/ ու շատ դեպքերում վաճառվեցին Իրան ու Թուրքիա, հաճախ որպես մետաղի ջարդոն: Գյուղացին մնալով մենակ, ի վիճակի չեղավ կազմակերպել արդյունավետ արտադրություն, ինչի հետևանքով էլ 1990-ականների սկզբին Հայաստանը չկարողացավ ապահովել սննդային անվտանգությունն ու երկիրը կանգնեց սովի եզրին: Այս թեման ինձ շատ հոգեհարազատ է, քանզի իմ հայրենի գյուղի օրինակով տեսել եմ գյուղատնտեսության քայքայումն ու աստիճանաբար վերացումը, ինչի արդյունքում հետագայում շատ գյուղացիներ սկսեցին հրաժարվել իրենց հողակտորներից: Սակայն ես զերծ եմ մնում տնտեսագիտական այլ վերլուծություններից հոդվածս հրապարակախոսական ժանրի մեջ պահելու համար:
1995-1996 թվականների ընտրությունները ճակատագրական եղան Հայաստանի համար: Զանգվածային ընտրակեղծիքների միջոցով իշխանության վերարտադրությունը հետայսու դարձավ կենսակերպ հայաստանյան վարչակարգերի համար: Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին թույլ գտնվեց այդ ամենը բացառելու, Հայաստանի ժողովրդավարական կերպարը պահպանելու համար: Հայաստանում վերջնականապես ձևավորվեց «ավազակապետական» կառավարումը, որի պարագլուխը դարձավ առաջին նախագահը:
Ավազապետական վարչախումբը իր ընդիմախոսներին վերացնելու համար դեռևս 1990-ականների սկզբից օգտագործեց ահաբեկչությունը` ընդդիմադիր գործիչների և նրանց հարազատների սպանությունների, բանտարկությունների, հանրապետությունից արտաքսելու և այլ ձևերով:
Ձևավորվեց օլիգարխիա` իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարարների դաս: Սրանք կամ իշխանական կառույցների մեջ էին, կամ էլ խնամիական ու քավոր-սանիկական կապեր ունեին երկրի առաջին դեմքերի հետ: Վառ օրինակը` Սուքիասյանների ընտանիքը: Տեղի ունեցավ մի շարք խիստ եկամտաբեր ոլորտների բաշխում յուրայինների միջև, այդ ոլորտների մոնոպոլիզացիա /դրանք հիմնականում բենզինի, ծխախոտի, դեղորայքի, հացահատիկի ներկրումներն էին, 90-ականների ամենասկզբին Իրանի հետ առևտրի, երկրաշարժի կապակցությամբ Հայաստանին տրվող հումանիտար օգնության թալանի հետ կապված մենաշնորհները և այլն/: Իշխող վերնախավը զերծ չէր մնում նաև քաղքենիական հաճույքներից. հսկայական միջոցներ էին ծախսվում, օրինակ, մեքսիկական սերիալի հերոսուհուն Հայաստան հրավիրելու համար և այն էլ երկրի թշվառության ֆոնի վրա:
Արդյունքում ձևավորվեց օլիգարխակլանային, ոչ ժողովրդավար մի պետություն, որն արդեն խիստ խոցելի մի կառույց էր: Սրան կարելի է ավելացնել երկրի առաջին որոշ դեմքերի և հատկապես առաջին նախագահի ժողովրդից հեռանալու, պարտվողական և նիհիլիստական կեցվածք ընդունելու փաստը /տես թեկուզ Լ. Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե խաղաղություն» հոդվածը/:
Պետք չէ մոռանալ նաև ձեռքբերումները. առաջին հերթին բանակի կազմավորումը: Իշխանություններին հաջողվեց Հայաստան բերել խորհրդային բանակի հայազգի սպայակազմի զգալի մասին, որոնց մեջ հայտնի գեներալներ, տարբեր բանակների, բանակային կորպուսների, օկրուգների և ավելի փոքր ստորաբաժանումների օպերատիվ հրամանատարական պաշտոններում աչքի ընկած զինծառայողներ:
Հաղթանակը պատերազմում և միևնույն ժամանակ արտաքին աշխարհի ճնշումներին դիմանալը նույնպես մեծ ձեռքբերում է: Սա պայմանավորված էր նաև երկու հայկական հանրապետությունների ղեկավարության մեջ առկա լուրջ տարաձայնություններով, որը ակամայից մանևրելու մեծ դաշտ էր բացում: Միջազգային հանրությունը մի կողմից տեսնում էր Հայաստանի ղեկավարության իրական ջանքերը, որը ցանկանում էր հետևել դրսից եկող ազդակներին, հաճախ նաև հրահանգներին /ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերը հայկական զորաբաժանումները դուրս բերելու վերաբերյալ/ և սրան հակադրվում էր արցախյան ղեկավարության համառությունը, հաճախ նաև լրիվ հակառակ քայլերը, ինչի շնորհիվ այսօր ունենք ԼՂՀ` 13 հազար քառ. կմ-ով:
Որպես ամփոփում նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չօգտվեց պատմության իրեն տված հնարավորությունից և չեղավ հայոց ժողովրդավարության ճարտարապետը: /Ժողովրդավարություն ասելով հասկանանք իրավական պետություն, որտեղ կա խաղի հստակ կանոններ և օրենքի առաջ հավասարություն` անկախ զբաղեցրած պաշտոնից կամ սոցիալական դիրքից/: Ավելին, նա եղավ այդ ժողովրդավարության սպանողը և ավազակապետական համակարգի հիմնադիրը:
Երկրորդ նախագահ: Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ այն ժամանակ, երբ կանխատեսվում էր, որ Հայաստանն առանց Արցախի հարցը լուծելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ի վիճակի չէ այլևս ունենալու տնտեսական աճ: Սակայն Քոչարյանի իշխանության 10 տարիներից 7-ի ընթացքում ՀՀ տնտեսությունն արձանագրեց երկնիշ տնտեսական աճ, ինչի արդյունքում երկրի ՀՆԱ-ն անցավ 1989թ. մակարդակից: Ռոբերտ Քոչարյանն ուներ ամենալայն հնարավորությունները Հայաստանը դարձնելու տնտեսապես զարգացած, հարուստ և սոցիալական պետություն: Սակայն 2-րդ նախագահն էլ, առաջինի նման, զարկ տվեց օլիգարխիկ տնտեսության զարգացմանը: Աճեց օլիգարխների թիվը, սրանց ձեռքում էին տարբեր մենաշնորհները, ակտիվացավ սրանց դերը քաղաքականության մեջ /հիշենք միայն Գագիկ Ծառուկյանին և Սամվել Ալեքսանյանին, որպես Քոչարյանի իշխանության խորհրդանիշներ/: Այս ամենը հաճախ ուղեկցվում էր ամենաթողությամբ, արյունոտ բախումներով, վենդետայով, օրենքը բանի տեղ չդնելով: Ստվերային տնտեսությունը դարձավ լուրջ մարտահրավեր ազգային անվտանգությանը, վարչախումբն ու հասարակությունն ամբողջովին կոռումպացված են: Այս նախագահը ևս շարունակեց նախորդի նման արհամարհել մարդու իրավունքները, խոսքի ազատությունը:
Արտաքին քաղաքականության մեջ տարվում էր հետևյալ գիծը. գերտերությունները երբեք համաձայնության չեն գալու ԼՂՀ խնդրի շուրջ, հետևաբար հարկավոր է հավանության տալ բոլոր առաջարկներին, հստակ իմանալով, որ դրանք մերժվելու են Բաքվում: Այսպես փորձ էր արվում կառուցողական կողմի կերպար ձեռք բերել: Արդյունքում` ԼՂՀ-ն դադարեց լինել բանակցությունների կողմ, Հայաստանը հրաժարվեց պաշտպանել իր գույքից ու իրավունքներից զրկված ադրբեջանահայության շահերը, Հայաստանը պատրաստակամություն հայտնեց խոսել տարածքների վերադարձի մասին:
Բոլոր հույսերը, կապված Ռոբերտ Քոչարյանի հետ, ի չիք դարձան: Չնայած իր բավականին ուժեղ բնավորությանը, սկզբունքայնությանը նա ևս չկարողացավ արմատախիլ անել Հայաստանի զարգացումը խոչընդոտող երևույթները, ավելին, նրա օրոք և նրա օրհնանքով այդ երևույթները ծաղկեցին: Պարոն Քոչարյանը ևս բաց թողեց երևելի պատմական դեմք լինելու պատեհությունը:
Սերժ Սարգսյան: Սա բավականին ապաշնորհ ու թույլ դուրս եկավ, քան կարելի էր սպասել: Այն փոքր հույսերը, որ նոր նախագահը կարող է արմատախիլ անել ստվերային տնտեսությունը, վերացնել ոմանց մենաշնորհային դիրքերը, իզուր են: Նոր նախագահը ևս խամաճիկ է օլիգարխների ձեռքին, ի դեպ երրորդ նախագահի դիրքերն ավելի թույլ են, քան իր նախորդներինը: Սա ևս, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ի ընտրություններից հետո, լեգիտիմության կենսական պակասություն ունի: Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակի օլիգարխիայի խորհրդանիշ կարելի է ընդունել Ռուբեն Հայրապետյանին, որը նույնիսկ հեռուստաէկրաններից չի թաքցնում, որ նախագահը յուրային է: Սերժ Սարգսյանն այսօր բավականին թույլ է իրեն ձայն ապահոված օլիգարխների շահերին դիպչելու համար: Այս նախագահի օրոք հատկապես ակտիվացել է ուժային կառույցների կողմից քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը:
Արտաքին քաղաքական նոր աշխուժացումը, որը նախաձեռնեց 3-րդ նախագահը, հնարավորինս արդյունավետ օգտագործեց Թուրքիան, իսկ հայկական կողմը կրախի մատնվեց: Այսօր իսկ կարելի է ասել, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ դիրքորոշում չի փոխել: /Աշխարհաքաղաքականության տերմինով ասած Թուրքիան ՀՀ-ի նկատմամբ որդեգրել է անակոնդայի քաղաքականություն: Փակել սահմաները, դժվարացնել մուտքը դեպի նավահանգիստներ և այլ տրանսպորտային հանգրվաններ, նպատակը` աստիճանաբար խեղդել հակառակորդին: Որ ՀՀ-ն այսօր դիտվում է հակառակորդ, կասկած չկա, բոլոր թուրքական կուսակցություններն այս հարցում կոնսեսուսի մեջ են/:
Ի տարբերություն 1-ին և 2-րդ նախագահների, Սերժ Սարգսյանը դեռ լիարժեքորեն չի կորցրել իր հնարավորությունը դառնալու պատմական խոշոր դեմք /դեռ 4 տարի կա նախագահական առաջին ժամկետի ավարտին/, բայց կարծում եմ միայն տեսականորեն… Ցավոք սրտի…
Հայաստանին հարկավոր է անհապաղ ազատվել այս երեքի և նրանց շուրջը ձևավորված էլիտաների իշխանությունից: Մեզ նոր էլիտա է պետք, որը կարող է երկիրը դուրս բերել զարգացման որակական նոր փուլ: Ով պետք է լինի այդ էլիտան, որոնք պետք է լինեն նրա խնդիրները:
Շատ դժվար է անուններ տալը: Այս էլիտայի մեջ կարող են լինել նախորդ երեք վարչակազմերում տեխնոկրատական պաշտոններ զբաղեցրածները, որոնք արատավորված չեն, կոռումպացված չեն և պատրաստ են ազնիվ աշխատանքի /մի քիչ իդեալական է հնչում/: Մեր քաղաքական և քաղաքագիտական դաշտում այնուամենայնիվ կարելի է այդպիսի անունների հանդիպել: Արման Մելիքյան, որն այդքան էլ ծանոթ չէ մեր հասարակությանը /նույնիսկ նախագահական ընտրություններում առաջադրվելը չլուծեց այդ հարցը/, սակայն բավականին հետաքրքիր դեմք է իր կենսագրությամբ, վերլուծություններով /տես շահագործման տեսության և աշխարհաքաղաքական կանխագուշակման մասին պարոն Մելիքյանի աշխատությունը/ և ազնիվ կերպարով:
Սահմանափակվեմ միայն այս մի անունով և անցնեմ խնդիրների թվարկմանը.
- Խաղի հստակ կանոնների սահմանում: Այդ կանոնները պետք է լիեն ՀՀ օրենքները, իրավահավասարությունը առաջին նախապայմանն է նորմալ երկիր կառուցելու համար:
- Բիզնեսի և քաղաքականության անհամատեղելիություն. արդյունքում ազատվել ստվերային տնտեսությունից, մենաշնորհներից, ազատ մրցակցությանը խանգարող այլ արատներից:
- Քաղաքական դաշտի դերակատարների միջև հստակ խաղի կանոնների սահմանում: Ընտրությունների արդարության երաշխավորում, անարդար եղանակներով իշխանության վերարտադրության բացառում:
- Պետության կողմից հայաստանյան և հայկական բիզնեսին աջակցություն: Եվ Խաչատուր Սուքիասյանը, և Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, և Ռուբեն Հայրապետյանը պետք է հարստանան, զարգացնեն իրենց բիզնեսը, դուրս գան այլ շուկաներ /այլ ոչ թե դառնան բոմժ, ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի մասին/, և այդ ամենում նրանց, և ոչ միայն նրանց, պետությունը պետք է ցույց տա լիարժեք աջակցություն: Սրանց հարկավոր է ամբողջովին բերել հարկային դաշտ և թույլ չտալ, որ համատեղեն բիզնեսը քաղաքականության հետ /օրենքը չի թույլ տալիս/:
- Ղարաբաղյան հարցում պնդել ադրբեջանահայության իրավունքների վրա, 7 շրջանները դիտել որպես նրանց կրած կորուստների փոխհատուցման միջոց:
- Բիզնեսի գործերում պետության ոչ միայն կարգավորիչ այլև օժանդակող դիրքի ամրապնդում: Հայկական բիզնեսի «ագրեսիա» երկրներ, որտեղ մենք ունենք կենսական շահեր, հատկապես Վրաստան և Ռուսաստան: Այս երկրներում փորձել հակազդել Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական ներխուժումներին, սրա համար կենտրոնացնելով տեղի հայկական ուժերը /տարբեր հիմնադրամների միջոցով վարկավորելով տեղի հայերին բիզնես ծավալելու համար/, օգտագործելով պետական կառույցները և վերլուծական կենտրոնները նշյալ երկրներում տնտեսական հետախուզության և համապատասխան վերլուծությունների համար: Հատկապես կարևոր նշանակություն ունեն Վրաստանի Քվեմո-Քարթլի, Սամցխե-Ջավախեթի, Գուրիա և Աջարիա նահանգները, Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետությունները, Ստավրապոլի և Կրասնոդարի երկրամասերը, Ռոստովի մարզը: /Կարելի է օրինակ հետևել ՌԴ ԳԱ անդամ Աբել Աղանբեկյանցի խորհրդին` ծախսել պետական միջոցներ խոշոր հայակական շինարարական կազմակերպություն ստեղծելու համար, ՌԴ-ում թուրքական շին.կազմ.-երի հետ մրցակցելու և ՀՀ-ից աշխատուժի արտահանումը կազմակերպված ձևով անելու համար/:
Այստեղ ես կախման կետեր կդնեմ, թողնելով հոդվածս կիսատ և սպասելու իմ ընկերների արձագանքներին, մեկնաբանություններին, մտքերին այն շարունակելու համար…
Ստրասբուրգ
20.05.2009
Հայկ Խանումյան