Տե՛ր կանգենք մեր ձայներին Կարդաբալետը ընթացքի մեջ է
Մայ 28

Այս կիրակի` մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրության օրն է: Կարիք չկա մանրանալու այն հարցի շուրջ, թե ինչու էր այս ընտրությունը ավելի ավելի պակաս էմոցիոնալ եւ աշխույժ, քան նախագահականը: Երևի ՀԱԿ-ն էլ որ չմասնակցեր, ԲՀԿ-ն էլ այսքան ակտիվություն չէր ցուցաբերի, ու Երևանի ավագանու ընտրությունը իր ակտիվությամբ չէր գերազանցի սովորական տեղային ինքնակառավարման մեկ այլ ընտրության: Այնինչ, այս անգամ ընտրվում է միլիոնից ավելի բնակիչ ունեցող Երևանի իշխանությունը:

Ընտրական գործընթացը` սկսած մայիսմեկյան տոնից մինչև այս` մայիսի 28-ի տոնը մի տեսակ սվաղված էր ու զարմանալի: Ես ինքս ահագին զարմացա:

Նախ` զարմացա ու, եթե չթաքցնեմ, զայրացա նաև, երբ հեռուստաեթերից տեսնում էի ՕԵԿ-ի բազմամարդ միտինգները: ՕԵԿ-ի վրա չէի զայրանում, այլ այն մարդկանց, ովքեր «Արթուր» ասելով զարթնում են, այս անունը բերաններին` քնում, ու այսքանից հետո մի հատ էլ վեր կենում գնում հանդիպման: ՍԹԱՓՎԵ’Ք, եթե ձեր նպատակը «շեֆի հլու հնազանդ վասալներից մեկին» ընտրելը չէ: Ես, իրոք, զարմանում եմ ՕԵԿ-ի դեռևս մնացած համակիրների վրա: Բեգլարյանի պարագայում լրիվ հասկանալի է` դե, թաղապետարան է, ժեկ է, դպրոց-մանկապարտեզ… դե, պիտի գան, եթե փող են տվել ու նշանակվել տնօրեն: Պետք է գան, որովհետև, հակառակ դեպքում, կարող է զրկվեն իրեն «մի քանի կոպեկ տանելուց»: Հատկապես, որ շուտով ավարտական քննություններ են, դրամահավաքի մի նոր` աննախադեպ ալիք կա: Պետք է գան, քանի որ բոլոր մյուս դեպքում վտանգվում է նրանց ապագա առաջընթացը: Պետք է գան, որովհետև փող մսխելու օր կա` մայիսի 31-ը, գումարած որոշ խոստումներ` դե, հող է, գարաժ է, ու էլի նման բաներ: Վերջապես, պաշտոն բարձրացնելու կամ ՀՀԿ-ում հարմար դիրք գրավելու խնդիր կա: Լավ, բա ՕԵԿ-ից ինչ են ակնկալում, սա է զարմանալի: Ինչ են ակնկալում այն ուսանողները, ովքեր «դաստեքով» հանդիսավոր կերպով իրենց ականջը ծակեցին ու ՕԵԿ-ի օղ կախեցին…

Իմ կարծիքով, հենց ՕԵԿ-ի հավաքած ձայներից պարզ կդառնա, թե ինչքանով է ընտրությունը ու ձայների հաշվարկը մոտ իրականությանը: Եթե ՕԵԿ-ը անցավ ավագանի, ապա երկու պատճառ կա` կամ, մեր ժողովուրդն իսկապես ընկղմվել է ընկճող թմբիրի մեջ, կամ էլ ամեն ինչ կեղծված է: Աստված տա, որ իմ ենթադրություններից երկրորդը ճիշտ դուրս գա. ժողովուրդը մեղք է…

Հանրապետականները շատ գրագետ կերպով ներկայացրեցին քաղաքապետի պարտականությունները` որպես իրենց կուսակցության գերագույն առավելություն: Այսինքն, եթե քաղաքապետը «ավելը ձեռքը վերցրած փողոցներն է մաքրում» ու «ինդիկատորն էլ ձեռքը բռնած լապտերներ քաշում», ուրեմն` ապրի հանրապետականը: Ու դժվար թե երևանցի մեծ մասը մտածի այսպես` «եղբայր, բայց քաղաքապետն անում է իր ամենօրյա գործը… դա չանի` ի՞նչ անի...»: Ասում են՝ նամակներին է պատասխանում: Բա ահռելի մեծության շքեղ շենքում նստած են լիքը աշխատակիցներ: Բա ի՞նչ անեն, ընդմիջմանը իջնեն բուֆետ, հաց ուտեն, հետո բարձրանան իրենց աշխատասենյակները ու Lines-95 խաղա՞ն:

Մի բան էլ. համարյա բոլոր թեկնածուներին թվում է, թե ընտրվելու են երկրի վարչապետ: Ի՜նչ ասես, որ խոսք չեն տա: Եթե ինձ հեքիաթ են պատմում, շատ-շատ քունս է տանում: Բայց կան մարդիկ, ովքեր հեքիաթ են լսում ու ծափ տալիս…

ԲՀԿ-ն ամեն ինչ արեց նորմալ՝ բացի ելույթներից: «Հավատացեք մեզ, հավատացեք մեր թիմին, հավատացեք մեր կուսակցությանը, հավատացեք մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին...»: Դե, կուսակցապետի խոսքին չեմ էլ անդրադառնում: Երևի շուտով նրա ելույթների հատընտիրը կտպագրվի՝ ինքներդ կկարդաք ու կլցվեք իմաստությամբ: Մի մերժողական դեմք ընդունեք՝ այդ օրն էլ կգա: Ավտոբուսներով Աբովյանից ու թագավորական մյուս ավաններից բերված, ոչինչ չարտահայտող, սակայն ժպտացող դեմքեր (դա էլ դուք գլխի ընկեք, թե ինչու պետք է իր գործից կտրված մարդը ժպտա) ովքեր սպիտակ դրոշակները ձեռքները ծածանում են այնպիսի աշխուժությամբ, կարծես իրենց վճարումը կատարվելու է՝ կախված տատանման արագությունից ու թվից: Հոծ բազմություն, մարդիկ ու տարեցներ, ովքեր ողջագուրվում են Ծառուկյանին այնպես, ինչպես Քրիստոսին ձեռքն էին բռնում առաջին քրիստոնեաները: Սոցիոլոգիական ցուցանիշների կուրսերից լավ տեղյակ «թմբլ» ուսանողներ, ուսանողական կյանքը կուսակցության հետ փոխարինած մարիոնետներ… Իրոք, ցնդելու աստիճան պրիմիտիվ երիտասարդներ…

Դաշնակցության մասին համարյա բան չունեմ ասելու: Նրանց սխալվել են, ու այս ընտրությունից հետ կհասկանան իրենց սխալի ողջ ազդեցությունը: Սխալվել են ոչ թե ընտրարշավի ընթացքում, այլ՝ մեկ տարի ու երեք ամիս առաջ: Կունենա ընտրողներ, բայց՝ ոչ այն տոկոսով, ինչ ունեին նախագահական ընտրության ժամանակ: Ոչ էլ կկարողանան որևէ կերպ հսկել ընտրության ընթացքը, քանի որ ՀՀԿ-ի հետ կամ ԲՀԿ-ի հետ «քյալլա տալը» նույն բանը չէ բնավ: Ու դժվար թե Գառնու նման հակազդեցություն ցույց տան ընտրատեղամասերում: Ու ոչ էլ կփորձեն ոմանց «մռութը ջարդել»:

Կարապետիչից… բան չունեմ ասելու: Ուղղակի կուզենայի (երևի իրենից ոչ պակաս), որ ՕԵԿ-ից շատ ձայն հավաքեր smile

Եկանք-հասանք Լևոն Տեր-Պետրոսյանին: Չգիտեմ, թե արդյոք երևանցիներն ունակ են ճիշտ հասկանալու նրան ու նրա խոսքը: Նկատի չունեմ, թե երևանցիները «եսիմ ինչ են», բայց ախր «եսիմ ինչ էլ չեն»: Կրթվածության ցածր աստիճանը՝ ահա Լևոնի հիմնական թշնամին: Գավառամտությունը ու վախը պատել է մարդկանց մեծ մասին: Այդքան գոռում-գոչում են՝ գնացեք և մասնակցեք ընտրությանը, գնացեք և գաղտնի ընտրեք՝ չէ՛, պետք է անպայման կամ մնան տները՝ «թթու վարունգի» կերպարը երեսներին, կամ էլ պետք է գնան ու հանձնաժողովականներից մի քանիսին ժպտան անկեղծ՝ «բա ես ձեզ «պադվադիտ» կանե՞մ...»:

Ամեն դեպքում՝ անկախ արդյունքներից, Լևոնն իր խոսքով մի քանի հազար մարդու էլ կրթեց, և սրա մեջ եմ տեսնում այս գործչի ամենամեծ առաքելությունը:

Մնացածը՝ կապրենք-կտեսնենք… Բան չմնաց: Ու աստված տա, որ երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի մեկը, հարամ չլինի…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org