Այսօր, ժամը 3-ին կմեկնարկվի ՀԱԿ-ի մայիսմեկյան հանրահավաքը: Հետաքրքիր է, թե ինչքան մասնակից կլինի, եւ ինչպես այն կընդունվի մարդկանց, հատկապես քաղաքական իմաստով պասիվացած ժողովրդի կողմից:
Շատ բան կախված է նրանից, թե ինչ ելույթ կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, որպեսզի ելույթը լինի համոզիչ, նաեւ համապատասխան լսարան է պետք՝ խելքով ու քանակով:
Ես շատ լավ եմ հասկանում, որ Լեւոնի ուզածն այնքան իշխանափոխությունը չէ, որքան հասարակության փոփոխությունը: Եվ նա չի սխալվում: Նախ պետք է մենք մեր վերաբերմունքը փոխենք մեր ներկայի ու ապագայի հանդեպ, զգանք, որ մենք ենք վերջապես այս երկրի տերը:
Եթե սա հաջողվեց, ու մարդիկ իրենց մեջ խեղդեցին ոչխարի սինդրոմը՝ գառան անմեղ աչքերով հանդերձ, ուրեմն, որեւէ նշանակություն չի ունենա, թե ով է նախագահը եւ ով է իշխանավորը: Այս դեպքում է միայն, որ ընտրությունը կդառնա ընտրություն, ընտրվածն էլ կհասկանա, որ իրեն ընտրել են մի քանի հազար կամ տասնյակ հազար կամ հարյուր հազար հոգի, եւ ոչ թե մի քանի ախպեր-տղերք:
Սպասենք եւ հուսանք: Սպասենք՝ ակտիվ, հուսանք՝ լավատեսորեն:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…