«Պատգամ»… Եղիշե Չարենց
Երեկվա գրական գեղեցիկ երեկոն ֆ5-ում միտք առաջացրեց Չարենցին նվիրված թեմա բացել: Այս թեման էլ նվիրենք հայ մեծանուն գրողին ու նրա ստեղծագործություններին:
Շա՜տ եմ սիրում Չարենցի ահա այս ստեղծագործությունը… Խիստ արդիական է:
ՊԱՏԳԱՄ
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արեւը բերեց:–
Ահա ոսկյա մի արեւ`
Ճառագումով իր հրե`
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց`
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն:
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույս այս արթուն,
Օ՜, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ
Հրակարմիր հրավարս,
Ադամանդյա լույսը այս:–
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարչտին
Ուր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ`
Լուրթ հոսելով դարից դար`
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հու՜ր այգաբացն այս հեռու`
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա՛ն այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ`
Ո՜գի անկոր, հու՜ր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արեւ է՛լ.
Նա է միայն, որ դարեր
Անմար`պիտի արևե՛…
Լույսով վառված սակայն այդ`
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այս արար.–
Մեր անցյալի խորամիտ
Է՛ջն այն արդար ու ռամիկ`
Մեծահանճար ու վարար…
09.05.1933թ Ե. ՉԱՐԵՆՑ