Չգիտեմ, երևի ավելի մեծահասակները դպրոցում պարտադիր ռուսական գրականության դասաժամերին անցած կլինեն ռուս գրող Մաքսիմ Գորկու ստեղծագործությունները: Ինքս, ինչ մեղքս թաքցնեմ, երբևէ չեմ կարդացել նրա գործերը:
Եվ ահա` երեկ “Միր” հեռուստատեսությամբ նրա մասին հաղորդում էր, որտեղ հանգամանալից անդրադարձ կար նրա կյանքին, գործունեությանը: Ի սկզբանե, ասեմ, որ հաղորդմանը, չնայած այն բանին, որ նրա ստեղծագործությունների մասին մանրամասն չխոսվեց, նրա մեծ գրող լինելու հանճարը որևիցե մեկը կասկածի տակ չդրեց: Հիմա բացատրեմ, թե ինչու միտք առաջացավ` այս ամենին անդրադառնալու
Գաղտնիք չէ, որ բոլորս էլ ունենք թերություններ, կյանքում սխալներ ենք գործում և այլն: Բացառություն չեն նաև հանճարեղ մարդիկ: Նրանցից շատերն ունենում են բազմաթիվ արատներ, թուլություններ, հաճախ հարբեցողներ են, թմրամոլներ, ամուսնական կյանքում ունենում են անհաջողություններ և այլն:
Լավ, անցնենք առաջ: Մաքսիմ Գորկին ծնվել է 1868 թ-ին: Այն ժամանակ և այժմ Նիժնի Նովգորոդ քաղաքում: 11 տարեկանում որբացել է: 16 տարեկանում մեկնել է Կազան` ուսանելու նպատակով, սակայն չի հաջողվել ընդունվել համալսարան: Այնուհետև սկսել ճանապարհորդել ողջ Ռուսաստանով մեկ, գրել, հրապարակել է բազմաթիվ ստեղծագործություններ, դարձել հանրահայտ: 1905 թ-ի չստացված հեղափոխությանը Գորկին մասնակցել է, որի անհաջողությունից հետո բանտարկվել է: Սակայն ազատ է արձակվել և 1906-ին մեկնել է ԱՄՆ:
Հետո վերադարձել է Ռուսաստան: Սերտորեն համագործակցել է բոլշևիկների հետ: 17 թ-ի դեպքերից հետո նրա ժողովրդականությունն ավելի ու ավելի սկսել ավելանալ: Գորկին դարձել է սովետական պրոպագանդայի հայրը, ծավալել է լայն հասարակական գործունեություն, մեծ մասնակցություն է ունեցել “մեծատառով սովետական քաղաքացիներ արտադրելու” պրոցեսին: Ստալինյան ռեպրեսիաների տարիներին մեծապես օգնել է Իոսիվ Վիսարիոնովիչին: Մտերմացել է նրա հետ: Եղել է այդ տարիների հիմնական պրոպագանդիստը: Գրել, հրապարակել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, որոնցում քիչ թե շատ ունևոր գյուղացիներին հեռակա դատապարտել է մահվան, ողջունել է ստալինյան ռեժիմի կողմից կատարվող բազմաթիվ թեկուզ այն ժամանակների համար բանականության մեջ չտեղավորվող գործողությունները, համագործակցել է “ՉեԿա”-ի հետ:
Միգուցե իր իսկ անվտագության համար` ունեցած հնարավորությունները խուսափել է օգտագործել` իր բազմաթիվ դատապարտված ընկեր-գրողներին, մտավորականներին օգնելու համար: Ինչևիցե, այդ տարիներին կատարված քաղաքականության մասին որևիցե բացասական խոսք չի ասել, ընդհակառակը` բազմաթիվ փաստեր, իրողություններ ներկայացրել է խեղաթյուրված, այնպես, ինչպես ձեռնտու է եղել ռեժիմին: Ձայն չի հանել անգամ այդ տարիներին հեղափոխության հաղթանակի համար ոչինչ չխնայած բոլշևիկյան բարձրաստիճան գործիչների սպանությունների, շինծու դատ ու դատաստանների ժամանակ:
Եղել է այն եզակիներից, ովքեր այդ տարիներին վարել են շքեղ կյանք: Ունեցել է առանձնատներ, ավտոմեքենաներ: Մեկ ամսվա նրա ու նրա ընտանիքի ծախսերի համար բյուջեից հատկացվել է 130000 ռուբլի, այն դեպքում, երբ բժշկի աշխատավարձը եղել է 300 ռուբլի: Իր կենդանության օրոք գրեթե “աստվածացվել” է, կանգնեցվել են բազմաթիվ արձաններ, մասնակցել է բոլոր զանգվածային միջոցառումներին, տրիբունայում կանգնել է սովետական վոժդերի հետ կողք կողքի:
Մահացել է 1936-ին թոքերի խիստ կասկածելի ախտահարման հետևանքով: Նրա ծննդավայրը` Ն. Նովգորոդը, նրա պատվին անվանվել է Գորկի:
Նա իրոք եղել է մեծ մտածող, մեծ գրող, ժողովրդի նիստուկացին, մտածելակերպին քաջատեղյակ, ժողովրդական մարդ:
Համեմատության համար հիշեցնեմ, որ հայ հանճարեղ գրող Եղիշե Չարենցը, որը հեղափոխության կողմնակից է եղել և այդ ամենն արտացոլել է իր ստեղծագործություններում, ստալինյան տարիներին տեղի ունեցածը չի հանդուրժել, սուր քննադատության է ենթարկել և դարձել այդ ողբերգական տարիների նահատակներից մեկը:
Այստեղ հարց է առաջանում: Ինչու՞ են նրանք` Գորկիի նմանները, ստեղծագործում: Ստեղծագործում են, որ սերունդները նրանց հիշե՞ն, թե՞ որ լավ կյանք վարեն` մոռանալով, որ այդ պահին միլիոնավոր համերկրացիներ շինծու մեղադրանքներով գնդակահարվում են, միլիոնավոր մարդիկ իրենց կանանց ու երեխաների հետ միասին աքսորվում են ցրտաշունչ երկրամասեր, որտեղ անգամ գոյատևելու համար տարրական պայմաններ չկան: Չգիտե՞ն, որ սերունդների կողմից ոչնչացվելու են:
Ինչևէ, ԽՍՀՄ փլուզումից հետո Գորկի քաղաքը կրկին վերանվանվեց Նիժնի Նովգորոդ, իսկ մեր Չարենցավանի անվանումը մնաց ՉԱՐԵՆՑավան:
Կներեք, որ երկար ստացվեց: