Ճի՞շտ է արդյոք Միխայիլը
Նոր ընթերցում էի Վրաստանի անհավասարակշիռ նախագահի կարծիքը մեր հանրապետության տնտեսության վերաբերյալ:
«Հայաստանի տնտեսությունը ողբալի վիճակում է, քանի որ կախման մեջ է գտնվում Ռուսաստանից»:
Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք՝ ինքներդ: Հետաքրքիր է պարզապես: Բացահայտեք Ձեր տնտեսագիտական գիտելիքները:
Սկսեմ ինձնից: Այն, որ մեր տնտեսությունը կախման մեջ է գտնվում Ռուսաստանից, քիչ վերապահումով համաձայն եմ: Բայց որ դա է մեր «ողբալի» վիճակի պատճառը, չեմ կարող համաձայնվել:
Նախ, չեմ կարծում, որ մեր տնտեսությունն ավելի վատթար վիճակում է, քան հենց Վրաստանինը:
Երկրորդը, սա ավելի շուտ համարում եմ Միխայիլի կողմից ինչ-որ ռեւերանս: Եթե նրա պես մտածենք, ապա Վրաստանի տնտեսությունն էլ խորը կախման մեջ է գտնվում Ադրբեջանից: Թող մի հատ նավթ-գազի ծորակը մի թեթեւ սեղմեն մեր դրկիցները, ու կերեւա, թե ինչ չափով է վրացական տնտեսությունն անկախ: Առավել եւս, որ, ուզեն թե չուզեն, իրենք՝ վրացիները մեծ կախում ունեն հենց Ռուսաստանից՝ միջնորդավորված կերպով: Նկատի ունեմ, պատկերացնո՞ւմ եք Վրաստանի վիճակը, եթե ռուսները եվրոպացիների կամ ԱՄՆ-ի դեմ դնեն Վրաստանի վրայից վերջիններիս ձեռքը քաշելու պայմանը՝ որպես փոխհատուցում ռուսների մեկ այլ հարցում զիջման:
Եվ երրորդը, Հայաստանի տնտեսության հիմնական բացը մոնոպոլիան ու ոչ հավասար մրցակցային դաշտն է, քան թե Ռուսաստանից կախված լինելը: Մեր թուլությունը հենց մենք ենք՝ մեր բարքերն ու մեր վերաբերմունքը մեր իսկ պետության հանդեպ: Մեր վերաբերմունքը մեր հարեւաններին ու անծանոթներին: Ու մեր կռացած դիրքը՝ բոլոր փողատերերի ու հաբռգածների դիմաց: Մեր անգրագիտությունն է մեր թուլությունը, որը խորանում է օրեցօր ու ավելի ու ավելի շատ դեռահասների ու երիտասարդների մղում դեպի վերացական արժեքներ: Այ, այս ամենը որ չլիներ, մոնոպոլիստներ ու օլիգոպոլիստներ էլ չէին լինի: Մենք ենք թույլ տալիս, որ իրենք ասեն՝ լավ ենք անում ու, գործնականում՝ լավ էլ անեն:
Առայժմ այսքանը:
Հ.Գ. Ի միջի այլոց, նոր նկատեցի, որ Սահակաշվիլու ու Քոչարյանի դիմագծերի մեջ ինչ-որ նմանություն կա:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!